Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԱԼԻԵՎ՞Ն Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԱԼԻԵՎ՞Ն Է
12.04.2011 | 00:00

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալեքսանդր Բուրտինն ու Ալեքսանդր Սինեգիբսկին մտահղացան Թուրքիայում տուրիստական գործակալություն հիմնելու գաղափարը:
1990-ականների սկզբին, Անթալիայում գնելով ծովափնյա մի հողատարածք ու համագործակցելով զբոսաշրջության ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող, ազգությամբ թուրք Լևենտ Այդինի հետ, նրանք հիմնում են «Թեզ Տուր» կոչվող տուրիստական ընկերությունը: (Նկատենք, որ «Թեզ Տուր» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Արագ Տուր»): Կարճ ժամանակ անց թուրք-ռուսական «համագործակցության» ծնունդ համարվող ընկերությունն այնքան է հզորանում, որ իր մասնաճյուղերն է հիմնում Ռուսաստանի տարբեր մարզերում: «Թեզ-տուր»-ի աշխարհագրական շրջանակը, սակայն, Ռուսաստանով չսահմանափակվեց: Եվ տարիներ անց` 2008-ին, թուրքական տուրիստական գործակալությունը հայտնվեց Հայաստանում։

ԳՈՂ` ՍԻՐՏԸ ԴՈՂ
Ընկերության մուտքը Հայաստան նկատելիորեն զգուշավոր էր, ակնհայտ է, որ այն միտված էր թուրքական հետքը հնարավորինս թաքցնելուն: Դա են փաստում այդ ուղղությամբ հիմնադիրների գործադրած ջանքերը: Թուրքական ընկերությունը Հայաստանում ներկայացավ որպես ռուս-հայկական բիզնես ծրագիր: 2008 թ. Ալեքսանդր Սինեգիբսկու փեսան` Իգոր Անդրեևը, Հայաստանում իբրև «ընկեր» «հայտնաբերելով» ոմն Կարեն Թոսունյանի, նրա հետ նախաձեռնում է «Տեզ Տուր ԱՐ» ՍՊԸ-ի հիմնադրումը: Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն է նշանակվում Կարեն Թոսունյանի ազգական Վադիմ Վարդազարյանի կինը` Նարինե Դավթյանը, իսկ Վարդազարյանը համեստորեն բավարարվում է փոխտնօրենի պաշտոնով:
Առանց դժվարությունների ու մեզանում ավանդույթ դարձած թղթարարական քաշքշուկի, թուրքական ընկերությունը հեշտությամբ գրանցվում է Հայաստանում: Ընկերության մուտքը հայկական զբոսաշրջային շուկա նշանավորվեց գովազդային հզոր ալիքով: Թիկունքին ունենալով ֆինանսական լուրջ աջակցություն, «Տեզ Տուր ԱՐ» ՍՊԸ-ն, շնորհիվ սպասարկման մատչելի գների, կարճ ժամանակում ձեռք է բերում մեծ թվով հաճախորդներ:
Ի դեպ, թուրքական հետքը թաքցնելու մեկ այլ հնարք էր նաև Հայաստանում թուրքական լոգոյի հայկականացումը. կիսալուսինը փոխարինվեց Մասիսներով: Անվան հարցում ևս` թուրքերեն «Թեզ»-ը Հայաստանում գրանցվեց ռուսական հնչողությամբ` «Տեզ»:
Եվ այսպես, ռուս-հայկական համագործակցությամբ քողարկված թուրքական «Թեզ Տուր»-ը հայտնվում է Հայաստանում ու սկսում ակտիվ գործունեություն ծավալել:
ՕԺԱՆԴԱԿԵԼ Է ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Մեզ հասած տեղեկությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ զբոսաշրջության անվան տակ Հայաստան ներթափանցած թուրքական գործակալությունը զբաղվել է երկրի ազգային անվտանգությունը վտանգող գործողություններով: Մասնավորապես, հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանի հայաթափմանն օժանդակելը եղել է հատուկ մշակված ծրագրերից մեկը: Այսպես. կազմակերպությունը, օգտվելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական լարված իրավիճակից, զբոսաշրջիկների անվան տակ կազմակերպել է բազմաթիվ հայ ընտանիքների հայրենիքից անարգել հեռացումը. նրանց հասցրել Ստամբուլ, ապա դեպի Եվրոպա, մասնավորապես, Ֆրանսիա: Ականատեսներից մեկի վկայությամբ, ընկերության ավտոբուսները Թուրքիա են մեկնում ուղևորներով ծանրաբեռնված, վերադառնում գրեթե դատարկ: «Տեզ Տուր ԱՐ»-ը Թուրքիայում իրականացնում է նաև ճամբարային հանգստի կազմակերպում` հատուկ երեխաների համար: Սա էլ օգտագործվել է հայրենիքից հայ երեխաների հեռացումը հեշտացնելու նպատակով:
Մտահոգություններն ամբողջանում են, երբ եղած տեղեկությանն ավելանում է և այն, որ մեր երկրում հաստատված «Թեզ Տուր»-ի թիկունքում ոչ միայն թուրքական հովանավորչությունն է, այլև ադրբեջանական: Ավելին, մամուլում շրջանառվել է նաև այն, որ թուրքական ընկերության թաքնված բաժնետերերից է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ` ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈ՞Վ
Աշխարհի տարբեր երկրներում տուրիստական գործակալությունները գտնվում են ազգային անվտանգության մարմինների անմիջական վերահսկողության տակ: Եվ դա պատահական չէ, այլ պայմանավորված է դրանց գործունեության յուրահատկությամբ` անմիջական կապեր օտարերկրյա պետությունների, օտարազգի քաղաքացիների հետ: Իսկ մեր երկրում, արդյոք, ոլորտը գտնվո՞ւմ է համարժեք վերահսկողության ներքո: Պարզվում է` ոչ: Ավելին, իրողությունն առավել քան մտահոգիչ է, քանզի «վերևները» ազգային անվտանգությանն առնչվող հարցերին վերաբերվում են, մեղմ ասած, մատների արանքով:
Այսպես. հայրենի կառավարությունը, որ երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացման մասին մոռացած, զբաղված է զբոսաշրջությունը «խթանելով», սկզբից ևեթ ոլորտի լիցենզավորումը հայտարարեց «ավելորդ պարտականություն» ու բիզնեսի այդ ձևին չվնասելու անհանգստությամբ` մերժեց լիցենզիայի կիրառումը: Մինչդեռ, մասնագետների համոզմամբ, զբոսաշրջային ընկերությունների լիցենզավորումը կարող էր ոլորտում վերահսկելիության հստակ մեխանիզմներ ապահովել:
Անհասկանալի են հնչող այն մեկնաբանությունները, թե լիցենզավորման առկայությունը կսահմանափակի ոլորտի տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը, իսկ դրա բացակայությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը (՞):
Տեսնենք, թե այս տարիներին «Տեզ Տուր ԱՐ »-ն ինչպիսի՞ «օգտակար» գործեր է արել ի շահ հայկական զբոսաշրջության «զարգացման»: Այսպես. 2008-2010 թվականներին համագործակցելով ՀՀ-ում գործող 307 տուրգործակալությունների հետ, ընկերությունն իրացրել է տասնյակ միլիոնների հասնող ԱՄՆ դոլարի արժողությամբ ուղեգրեր: Սակայն, վերահսկողական մեխանիզմների բացակայությունից օգտվելով, խուսափել է պետական հարկերի վճարումից: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Մալխասյանի փոխանցմամբ, 2010 թ. դեկտեմբերի 28-ին ընկերության նկատմամբ հարուցվել է քրեական գործ, քր. օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 205, 214 հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով: Ընթանում է նախաքննություն:
Շարունակենք. Հայաստանում տուրիստական այս ընկերությունը զբաղվում է բացառապես արտագնա զբոսաշրջության կազմակերպմամբ, այսինքն, իրականացնում է այցեր Հայաստանից դուրս, իրացնում ուղեգրային փաթեթներ հիմնականում դեպի Թուրքիա: Ասել է` ապահովում է հայ զբոսաշրջիկների հոսքը դեպի թուրքական հանգստավայրեր: Հետաքրքիր է իմանալ ոլորտի զարգացմամբ մտահոգների կարծիքը. սրանից շահում է Հայաստանի Հանրապետությա՞ն զբոսաշրջության ոլորտը, թե՞ հարևան Թուրքիայի։
Եզրակացությունները թողնում ենք «մտահոգներին»:
Ինչ վերաբերում է «Տեզ Տուր ԱՐ»-ի թուրքական «պոչերին», ապա դրանով պետք է լրջորեն հետաքրքրված լինեին երկրի ազգային անվտանգության հարցերով զբաղվող մարմինները` ԱԱԽ-ն ու ԱԱԾ-ն: Բայց միայն այն, որ թուրքական կազմակերպությունը, տարիներ շարունակ գործելով մեր քթի տակ, դեռ մի բան էլ այնքան է աշխուժացել, որ հավակնել է հայաստանյան տուրիստական ընկերությունների մեջ առաջինը լինելու պատվին, խոստովանենք, լավ բան չի հուշում ազգային անվտանգությամբ «մտահոգ» վերոնշյալ կառույցների գործունեության մասին։
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ.- «Իրատես de facto»-ն, առայժմ ձեռնպահ մնալով գնահատականներից, փաստերի առնչությամբ ակնկալում է ԱԱԾ-ի և ԱԱԽ-ի համարժեք արձագանքները:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ