«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵԿԵԼ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵԿԵԼ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
22.02.2011 | 00:00

Աստծո անցած յոթ օրում փետրվարը շարունակեց ավանդական ակնկալված անակնկալները:
Փետրվարի 17-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ստորագրեցին կոալիցիոն նոր հուշագիր` արձանագրելով, որ նախագահական ընտրություններում քաղաքական կոալիցիան հանդես կգա միասնական թեկնածուով ի դեմս գործող նախագահի` ստեղծելով երաշխիքներ հետագա փոփոխությունների և երկրի կայուն զարգացման համար առաջիկա հինգ տարիներին: Կուսակցությունները նշում են, որ միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց կշիռն ավելացնելու, միմյանց դեմ պայքարելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Քաղաքական կոալիցիան վերահաստատել է միասնության անհրաժեշտությունը` դիմակայելու հնարավոր արտաքին մարտահրավերներին, ապահովելու համակարգային փոփոխությունների շարունակականությունը երկրում` դրանց նոր ազդակ հաղորդելով և շոշափելի արդյունքներ երաշխավորելով: Քաղաքական կոալիցիան հայտարարել է իր վճռականությունն առավել համարձակ քայլեր ձեռնարկելու, որոնք ուղղված են Հայաստանի զարգացմանը և հասարակության բարեկեցության բարձրացմանը, գերակայություն տալով կոռուպցիայի դեմ պայքարին և ստվերային տնտեսության էական կրճատմանը:
Փետրվարի 18-ին ՀԱԿ-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը նախորդ հանրահավաքից հետո անցած երեք ամիսների իրադարձությունների գնահատականը տվեց, անդրադարձավ Ղարաբաղի հարցին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին, Հայաստանի ներկա վիճակը բնութագրող սոցիալական բողոքի և քաղաքացիական ակտիվության դրսևորումներին, համաժողովրդական խաղաղ ցույցերով բռնապետական ռեժիմներից ազատվող երկրներին: «Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի»,- եզրակացրեց ՀԱԿ-ի առաջնորդը:
Ճգնաժամից դուրս գալու համար Եվրամիությունը Հայաստանին 100 միլիոն եվրո ֆինանսական օգնություն է հատկացրել` 65 միլիոնը իբրև վարկ, 35 միլիոնը` դրամական օժանդակություն, որի դիմաց Հայաստանը պարտավորվել է կրճատել պետական պարտքը, բարեփոխել կենսաթոշակային ու հարկային համակարգերը, պետբյուջեի նկատմամբ ֆինանսական վերահսկողությունը:
«Լինսի» հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը և 200 միլիոն դոլար գնահատվող ակտիվները փոխանցում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին, որտեղ ձևավորվելու է «Երազանքի հիմնադրամ»:
ԱՄՆ-ում նորից դրսևորվեց հայկական ուժը դրամաշորթության, բանկային տվյալների հափշտակումների, առևանգման, թմրամիջոցների շրջանառության ասպարեզում: Armenian Power-ի մասին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության քրեական բաժնի գլխավոր դատախազ Լենի Բրոյերն ասել է. «Սա մի խումբ է, որը շահույթի համար պատրաստ էր դիմելու ցանկացած քայլի և օգտագործելու բռնության ու սպառնալիքի ցանկացած միջոց` իր նպատակին հասնելու համար»: Հանցավոր գործունեության մեջ ներգրավված 200 կասկածյալներից ձերբակալված են 79-ը: Հետաքննությունների դաշնային բյուրոն պնդում է, որ ստացված եկամուտների մի մասն ուղղվել է Հայաստան: Եթե առաջադրված մեղադրանքները ապացուցվեն, Armenian Power-ի այս ներկայացուցիչներին սպառնում է 10-20 տարվա ազատազրկում:
Երևանում էր Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում նա հայտարարել է. «Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել Հյուսիս-Հարավ գազամուղի վերահսկիչ փաթեթը: Կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնց կառավարումը ապագայում ևս իրականացնելու է Վրաստանի կառավարությունը»:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան ասել է, որ մարտի 5-ին Սոչիում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ՄԽ նախկին համանախագահը խոստացել է հնարավորինս նպաստել համանախագահների աշխատանքին, ովքեր «օգնում են հակամարտության փոխզիջումային, արդար և հարատև կարգավորում գտնել»: Նա ընդգծել է, որ պատերազմը չի կարող դիտվել կարգավորման տարբերակ` «Հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի Հելսինկյան համաձայնագրի երեք հիմնարար սկզբունքներին»:
«Al Jazira»-ի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ «տարածաշրջանում եկել է փոփոխությունների ժամանակը, որոնք պետք է իրականացվեն խաղաղության և անվտանգության պայմաններում»: «Հաղորդակցության նորագույն միջոցների և կապերի դարաշրջանում փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է զգան և ընդունեն բոլորը»,- կարծում է նախարարը: Նա նաև ասել է, որ Թուրքիան փորձում է լուծել իր խնդիրները Հայաստանի հետ. «Դա միջազգային քաղաքականությանը վերաբերող հարց է, և գործընթացը շարունակվում է»:
ՀՅԴ-ն անցյալ շաբաթ սկսեց ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում: Կուսակցությունը ծրագրում է ակտիվ հանդիպումներ հասարակության բոլոր շերտերի հետ` բացատրելու, որ իրենց ձայները վաճառելով կամ տանը նստելով և ընտրություններին չմասնակցելով, ընտրակեղծիքների դեմ չպայքարելով ընտրողները նպաստում են իշխանությունների վերարտադրությանը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ