«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԵԹԵ ՌՈՒՍՆԵՐԻ ՀՈԳՈՒՆ ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ, ՆՐԱՆՔ ՇԱՏ ՑԱՎՈՏ ԵՆ ԽՓՈՒՄ»

«ԵԹԵ ՌՈՒՍՆԵՐԻ ՀՈԳՈՒՆ ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ, ՆՐԱՆՔ ՇԱՏ ՑԱՎՈՏ ԵՆ ԽՓՈՒՄ»
23.09.2011 | 00:00

Դե ինչ, մի երկու տարի էլ չի անցել, սակայն ռուսական և ուկրաինական «սիրային մակույկը», ինչպես և կանխատեսվում էր, փշուր-փշուր եղավ առօրյա խնդիրների հարվածներից, ընդ որում, այս անգամ ահարկու խութերի դերում հանդես էին գալիս երկու ժողովուրդների հարաբերություններում չարագույժ դարձած գազի գները։ «Գազարդի» խիստ հայացքի ներքո, երևում է, մոռացվել են «մերձավոր ազգականությունն» էլ, շահերի ընդհանրությունն էլ, ռազմավարական գործընկերությունն էլ, և, իհարկե, այս ամենի պատճառը ռուսական հայտնի ասույթն է. «Ընկերությունը` ընկերություն, բայց թութունիս ձեռք չտաս»։
Իհարկե, Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալուց անմիջապես հետո սկսեցին կասկածի տակ առնել Յուլյա Տիմոշենկոյի և Վլադիմիր Պուտինի ստորագրած գազային պայմանագիրը, այն անվանելով անարդար ու երկրի համար ստրկական։ Հիշեցնենք, որ դեռ 2009-ի հունվարին` Վիկտոր Յուշչենկոյի կառավարման ավարտին և բառացիորեն նախագահական ընտրություններից առաջ, բռնկեց հերթական «գազային ճակատամարտը», և վարչապետ Տիմոշենկոն պոկվեց Մոսկվա։ Նրա շարժիչ ուժն իրադրությունը փոխելու ձգտումն էր, ու թեև գլխավոր նպատակն էր Ռուսաստանի վարչապետի աջակցությունն ստանալու փորձը, սակայն «գազի թագուհին» պայմանավորվել էր, որ Կիևը տարեկան պետք է գնի առնվազն 33 մլրդ խմ «ռուսական գազ» և վճարի դրա դիմաց` անկախ իրականում վերցրած ծավալից։
ՈՒկրաինայի նոր իշխանությունը սկզբից ևեթ պնդեց, որ անհրաժեշտ է ճշգրտել այդ դրույթները, և դրա շնորհիվ երևան եկավ Խարկովի պայմանավորվածությունը, համաձայն որի Սևաստոպոլում սևծովյան նավատորմի բազավորման հարցն ու ռուսական գազի գինը անխզելիորեն փոխկապակցված են։ Սակայն հետագայում Կիևն այդպես էլ չհամաձայնեց փոխելու տորմիղի նավակազմը (սա ռուսական վարկածն է), որը շարունակում է վերածվել մետաղի ջարդոնի կույտի։ Այնպես որ, հիմա պարզապես չի էլ խոսվում տաք ծովերում ռուսական նավատորմի որևէ լուրջ և ոչ թե դեկորատիվ ներկայության մասին։ Իսկ հետո արդեն ՈՒկրաինան հայտ ներկայացրեց «Գազարդից» 2012-ին 27 մլրդ խմ գազ գնելու վերաբերյալ` 2011-ի 40 մլրդ խմ-ի դիմաց, և հայտարարեց, որ հետագայում մտադիր է անցնել քարածխի և երեք անգամ կրճատել ռուսական գազի գնումները։ Մի շատ նրբին մանրամասն. հենց այդ ժամանակ էլ սկսվեց Տիմոշենկոյի դատը։ Նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը, իշխանությունների մտահղացմամբ, առիթ կտա առաջադրելու գազային բոլոր համաձայնագրերի չեղարկման հարցը։ Նկատենք, որ վերջին հաշվով, մատակարարումները կարգավորվել էին ոչ թե պետական պայմանագրով, այլ երկու անկախ տնտեսավարող սուբյեկտների` ուկրաինական «Նավթագազի» և ռուսական «Գազարդի» կողմից (այն, որ «Գազարդը» վաղուց արդեն «պետություն» է, սոսկ իրավաբանական հասկացություն չէ)։
Ռուսաստանը, ինչպես և պետք էր սպասել, ամեն տեսակի ճիշտ ու ստով նետվեց պաշտպանելու «ազգային հարստության» շահերը։ Մոսկվան սկսեց պնդել, թե «մտեք երեք երկրների Մաքսային միություն և որոշակի զեղչ կստանաք», կամ էլ` «Գազարդը» պատրաստ է վերանայելու համաձայնագրերը «բելառուսական տարբերակով», «Նավթագազի» հետ ստեղծելու համատեղ ձեռնարկություն, և այդ դեպքում ամբողջ մայր խողովակաշարը կանցնի «Գազարդին»։ Ընդ որում, Ռուսաստանին ամենևին չէր անհանգստացնում, որ Մաքսային միությանը երկրի անդամակցությանը խանգարում է նրա անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), և հարկ կլինի վերանայել ԱՀԿ-ի հետ կնքած բոլոր համաձայնագրերը։ Եվ էլի մեկ բան. եվրոպական երրորդ էներգածրարը չի հանդուրժում այնպիսի իրավիճակ, երբ մատակարարը տնօրինում է նաև փոխադրամիջոցները։ Այսինքն, Կիևը կարող էր «Գազարդին» խողովակաշարը տալ կամ միանալ Մաքսային միությանը` Եվրոպային և աշխարհին ձեռնոց նետելու գնով։ Իսկ դա, իհարկե, խելքին մոտ բան չէ։
Հետաքրքրական է, որ ՈՒկրաինայի վարչապետ Ազարովը սկզբում շատ խաղաղ ընդունեց դա։ Ասաց, որ իրենց ոչ մի զեղչ էլ պետք չէ, ուղղակի հարկավոր է կնքել «կարգին համաձայնագիր, ինչպիսին եվրոպական երկրների հետ է կնքվել»։ Սակայն նա նախազգուշացրեց, որ Կիևը չի համաձայնի, որ ռուսական գազը ՈՒկրաինայի համար ավելի թանկ լինի, քան Եվրոպայի, և եթե բանակցությունները ձախողվեն, ինքն արդեն «գիտի, թե ով է դրա մեղավորը»։ Բայց այստեղ մարտի մեջ մտավ «ծանր հրետանին»` Դմիտրի Մեդվեդևը։ Նա իրեն ոչ բնորոշ բառապաշարով հայտարարեց, թե զարմացած է ՈՒկրաինայի ղեկավարության բռնած դիրքից և մոտեցումն անվանեց խնամառություն. «Դարձյալ «ձուկը` գրոշներո՞վ»։ Զեղչ արեք, և վե՛րջ»։ Բացի այդ, հետխորհրդային մյուս երկրներում արդեն փորձարկված եղանակով Մոսկվան սկսեց «տեղեկատվական պատերազմը»։ Առաջին հեռուստաալիքը, իհարկե, «վերին օրհնությամբ», հաղորդեց այն ամենը, ինչ մտածում է ՈՒկրաինայի մասին։ Հիշեցրին, որ Կիևում մարդիկ իշխանության եկան Ռուսաստանի հետ բարեկամության և ռուսաց լեզվի պաշտպանության կարգախոսներով։ Սակայն ռուսերենն այդպես էլ պետական լեզու չդարձավ, իսկ երկու երկրների հարաբերություններն աչքի առաջ փչանում են։ Բացի այդ, Յանուկովիչը մտադիր է Եվրոպայի հետ ընդհանուր շուկա կառուցել, ինչը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու և Եվրամիությունում ըմբռնում չգտնելու հնարավոր վտանգներ է պարունակում նաև, իսկ ԵՄ-ում առանձնապես գրկաբաց չեն սպասում նրանց։ Այստեղ արդեն հիշատակվել է Տիմոշենկոյի գործը, որը, սյուժեի հեղինակների պնդմամբ, վերջնականապես դժվարացնելու է ՈՒկրաինայի մուտքը Եվրոպա։ Երկրին նույնն է սպասում քարածխի անցնելու դեպքում։ Իսկ ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բոլոր առաջարկությունները ձեռնտու են ՈՒկրաինայի տնտեսության համար, բայց ոչ այդ երկրի օլիգարխների, որոնք ստիպված պիտի լինեն, ինչպես ասում են, մի քիչ «նեղ անել` տեղ անել»։ Առայժմ այս համառոտ սյուժեում ուղղակի վիրավորանքներ, ինչպես նախկինում «Լուկաշենկոյի գործի» ժամանակ, չկային։ Բայց այն, որ Կիևում նորից իշխանությունը զավթել են «ազգայնականները»` մինչև վերջերս ռուսամետ նախագահ Յանուկովիչը և Ռուսաստանում ծնված ռուս Ազարովը, լրագրողների հիմնական հետևությունն է։ Սակայն հեղինակները, ինչպես և ինքը` Մեդվեդևը, ճակատագրորեն ուշացել են։
«Եվրոպայի համար խելքներս չի գնում» թեմայով սյուժեն ցուցադրվեց արդեն այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ավարտել ասոցացման համաձայնագրի կնքման բանակցությունները` մինչև ՈՒկրաինա-ԵՄ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը։ Իսկ մինչ այդ` արդեն սեպտեմբերին, կավարտվեն ազատ առևտրի գոտուն նվիրված բանակցությունները` որպես ասոցացման համաձայնագրի մի մաս։ Հնարավոր է, որ միանգամից նաև նոր այցեկարգ (վիզային ռեժիմ) մտցնեն։ Մեկ էլ, եվրոպացի զեկուցողի կարծիքով, Ռուսաստանը ոչ միայն ՈՒկրաինային քննադատում է ԵՄ-ի հետ բանակցություններ վարելու համար, այլև «շատ ավելի առաջ է գնում», և արդեն շատ հստակ սպառնալիքներ են լսվում։ Հետո էլ պետք է հետևություն անել` եթե ուկրաինական ժողովրդավարության պակասը համարենք հիվանդություն, ապա դրա լավագույն դեղն է «ասոցացման համաձայնագիրը կնքել որքան հնարավոր է շուտ, որովհետև այդ համաձայնագիրն ուկրաինական կողմին կստիպի հարմարվել եվրոպական ստանդարտներին ու օրենքներին, և հնարավոր չի լինի չկատարել դրանք»։ Այսինքն, Բրյուսելն առայժմ պաշտպանության տակ է առել Կիևին և կարծում է, որ ապագա համաձայնագիրը կվերացնի ամեն տեսակի խոսքուզրույց։ Իսկ ընդհանուր առմամբ, թվում է, որ տվյալ դեպքում անշահավետ է Ռուսաստանի դիրքորոշումը, քանի որ Եվրոպայում տեսնում են, որ նա «քմահաճ, անզիջում գործընկեր է», որն ի վիճակի չէ համաձայնության գալու ո՛չ Յուշչենկոյի, ո՛չ էլ Յանուկովիչի հետ։
Իսկ հետո՞։ Հետո էլ ավելի կոշտ իրադարձություններ տեղի ունեցան։ Վարչապետ Ազարովը հայտարարեց, որ «ՈՒկրաինայի նավթագազ» բաժնետիրական ընկերության նախատեսված վերակառուցումը կտանի ռուսական «Գազարդի» հետ ստորագրված գազային համաձայնագրի վերանայման, և բոլոր անհրաժեշտ ձևակերպումներից հետո շուկայում կգործեն միանգամայն այլ ընկերություններ։ «Նավթագազը» կմասնատեն բնական ճանապարհով, կլինեն գազարդյունահանման և գազատարանցման ընկերություններ (դա, ի դեպ, համապատասխանում է եվրոպական օրենքին)։ Յանուկովիչը հապշտապ ստորագրեց բարեփոխում սկսելու հանձնարարականը և մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակ տվեց։ Նա ընդգծեց, որ «Նավթագազի» բարեփոխման նախագիծը կապված է էներգետիկ համագործակցության հիմնադրման պայմանագրին ՈՒկրաինայի միավորման և էներգետիկայի ոլորտում ԵՄ օրենսդրությանն ՈՒկրաինայի օրենսդրության հարմարեցման անհրաժեշտության հետ։ Բացի այդ, չի բացառվում, որ գործը հանձնվի Ստոկհոլմի Առևտրի պալատի միջնորդական ինստիտուտ (Ստոկհոլմի արբիտրաժ)։ Իսկ «պատերազմի» բարձրակետը եղավ ԱՊՀ Դուշանբեի գագաթնաժողովը, որտեղ կողմերն ակնբախորեն ցույց տվեցին, որ Մոսկվայի ու Կիևի հարաբերությունները լիովին փչացել են գազի պատճառով։ Այնտեղ Յանուկովիչը, չկարողանալով առանձին աշխատանքային հանդիպում «պոկել» Մեդվեդևի հետ, չնայած տոնին, հայտարարեց. «Մեզ նախ անկյուն քշեցին, հետո սկսեցին պայմաններ թելադրել։ Դա այսօր նվաստացնում է ոչ թե ինձ անձամբ, այլ մեր պետությունը, և ես չեմ կարող նման բան թույլ տալ»։ Իսկ ռուսական կողմը, ընդ որում, Կրեմլի մամուլի ծառայության միջոցով միայն, նշեց, որ պետությունների ղեկավարները «կարծիքներ փոխանակեցին գագաթնաժողովում քննարկված հարցերի շուրջ», և Ռուսաստանի նախագահն ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ առաջարկությունները կոնկրետ չեն»։ Իր հերթին «Գազարդի» ղեկավար Միլլերը հայտարարեց, որ ՈՒկրաինայի «Նավթագազն» իր գոյությունը կդադարեցնի ռուսական ընկերության հետ միավորվելուց հետո միայն, որից հետո կվերանայվեն համագործակցության բոլոր առկա համաձայնագրերը։ Եվ վե՛րջ։
Հատկանշական է, որ ռուս փորձագետները դեռևս համարում են, որ Յանուկովիչը մոտ ժամանակներս չի համարձակվի դիմել արմատական քայլերի, և Բրյուսելն էլ, ատոմային էներգետիկայից զանգվածային հրաժարման պայմաններում, մտահոգված է էներգետիկ կայունության ապահովմամբ և «հազիվ թե օրհնի Կիևի կտրուկ քայլերը»։ Ասենք, ինչպես միշտ, կհետևեն հերթական «վերջին նախազգուշացումները», «անգամ եթե իրավաբանական առումով ուկրաինական վերակազմավորումը միանգամայն կոռեկտ տեսք էլ ունենա, ապա քաղաքական և աշխարհաքաղաքական տեսանկյունից դա մի շարք լուրջ խնդիրներ կառաջացնի ՈՒկրաինայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում», ուստի դա սոսկ լեզվական «հրետանային նախապատրաստություն» է, ուկրաինական կողմը «չափը չի անցնի»։ Իսկ եթե այդպես չստացվի, ապա, նրանց կարծիքով, Վրաստանը կարող է Ազարովի ականջին մի «ահավոր ռազմական գաղտնիք շշնջալ` եթե ռուսների հոգուն հասցնում են, նրանք շատ ցավոտ են խփում»։
Իհարկե, առայժմ դժվար է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա «գազային պատերազմը»։ Նկատենք միայն, որ վերջին ժամանակներս, ինչպես հայտնի է, Եվրոպայի գազային շատ ընկերություններ և անգամ կառավարություններ (առաջին հերթին Բուլղարիայի) «Գազարդից» պահանջում են վերանայել գազի պայմանագրային գինը։ Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանություններին լավատեսություն է ներշնչում նաև իտալական գազային ընկերության հաջողությունը, որը կարողացավ հասնել ռուսական գազի գնի նվազեցման։ Հիմա Կիևը շատ սևեռուն հետևում է «Գազարդի» ու գերմանացիների բանակցություններին, նույն հարցում թուրքերի պահանջներին։ Ռուսաստանի աշխարհագրական մյուս թևից գազի գնի համար պայքար է մղում Չինաստանը, որը հաղորդել է Կենտրոնական Ասիայի երկրներից գազի ներմուծումը հնգապատկելու, հետևաբար կա՛մ ռուսական գազն ավելի ցածր գնով վերցնելու, կա՛մ էլ առհասարակ դրանից հրաժարվելու պլանների մասին։ Մոսկվայի համար շատ տհաճ է նաև այն, որ «Գազարդի» մասնաճյուղը` «Գազարդնավթը», զրկվում է Իրանի տարածքում սև ոսկի արտահանելու հնարավորությունից։ Իսլամական Հանրապետությունը որոշել է «Ազար» հանքավայրի շահագործման հարցում հրաժարվել ռուսների հետ համագործակցելուց և այն հանձնել իրանական ընկերությունների կոնսորցիումին։ Այստեղ սկսում է ռուսների «ծոծրակին փչել» նաև Լեհաստանի և ՈՒկրաինայի թերթաքարային գազի հոտը։ Հաղորդվում է, որ «Shell» էներգետիկ հսկան վերսկսում է Դնեպր-Դոնեցկի նավթագազային ավազանի շահագործման նախապատրաստության աշխատանքները, մտադիր է սկսել թերթաքարային գազի արդյունահանումը և ծրագրում է նախագծում ներդնել 800-900 մլն դոլար։ Ռուսների վիճակը տխուր է նաև հեղուկ գազի հարցում. ցածր գնի պատճառով այն ռուսական խողովակային գազն ավելի ու ավելի անմրցունակ է դարձնում։ Լավատեսություն չի ներշնչում նաև այն, որ, փորձագետների կարծիքով, նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս քարածուխը դարձնելու «ապագայի վառելիք» (Ճապոնիայի Հոնսյու կղզու «Հեկինան» ջերմաէլեկտրակայանում, ուր քարածուխ է այրվում, տեղադրված են նոր հզոր զտիչներ,ս և ծուխ ամենևին չկա)։ Այնպես որ, պետք է ենթադրել, որ այդ ամենը զգալիորեն կբարդացնի «Գազարդի» կյանքը, իսկ Կրեմլի նրա հովանավորներին, ամենայն հավանականությամբ, այնքան էլ «ուրախ օրեր» չեն սպասում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթ.

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ