«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՈՒՐԴ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԱՅԼ, ԻՆՉՊԵՍ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ Է, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԹՆՈՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՔՐԴԱԿԱՆ ԱԶԳԱՏԵՍԱԿ»

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՈՒՐԴ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԱՅԼ, ԻՆՉՊԵՍ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ Է, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԹՆՈՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՔՐԴԱԿԱՆ ԱԶԳԱՏԵՍԱԿ»
21.10.2011 | 00:00

1998-ի գարնանը «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (ՔԱԿ) և ամբողջ քուրդ ժողովուրդը բավականին ծանր վիճակի մեջ էին այն կապակցությամբ, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում քրդերի զինված ապստամբությունն արագորեն ճնշվեց Թուրքիայի կողմից, որն այդ նպատակով բանակային լուրջ ուժեր գործի դրեց։ Թուրքիայում քրդերի համապարփակ ապստամբություն բորբոքելու Օջալանի հույսերը չարդարացան։ Զինված պայքարին մասնակցեց 25 հազար քրդից ոչ ավելի, որոնք, չնայած կատաղի դիմադրությանը, չկարողացան երկար դիմակայել թուրքական կանոնավոր բանակին (որոշ տվյալներով, ապստամբությանը մասնակցել է ոչ թե 25 հազար, այլ շատ ավելի քիչ զինյալ քուրդ)։ Այդ շարժման ջախջախումը մեծ դեր խաղաց Օջալանի, նրա մերձավոր շրջապատի և ՔԱԿ-ի դիրքերի թուլացման գործում։ Միաժամանակ, մեծացավ ձգտումը վերաիմաստավորելու կուսակցության քաղաքական կուրսը, արտքաղաքական և գաղափարախոսական կողմնորոշումը։ Դրանում մեծ էր արտերկրում ապրող, Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդների ազդեցությունը, ովքեր սկսեցին լուրջ դեր խաղալ որպես միջազգային քաղաքականության ու տնտեսության մասնագետներ, արդիական մտածողություն ունեցող լրագրողներ ու քաղաքագետներ։ ՈՒ թեև այդ երիտասարդ կադրերից շատերը սերունդներն էին այն քուրդ գործիչների, ովքեր ավանդաբար եղել են ՔԱԿ-ի հենասյուները, Եվրոպայի մի շարք երկրներում (Շվեդիա, Ավստրիա, Գերմանիա, Հոլանդիա, Նորվեգիա) ՔԱԿ-ի շրջանակներում սկսեցին ստեղծվել առանձին բջիջներ, որոնք, ըստ էության, ինքնուրույն քաղաքականություն էին վարում։ Աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ քուրդ ակտիվիստներ կային (ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ավստրալիա) քրդական խնդրի լուծման նախագծեր էին մշակվում, որոնք վաղուց օգտագործվում են ԱՄՆ-ի կողմից։
Այդ նախագծերում, այդուամենայնիվ, ուշադրության կենտրոնում մնում էր ՔԱԿ-ը, որի բարեփոխման հիմքում ընկած էին եվրոպական տիպի ազատական-ժողովրդավարական կուսակցության ստեղծման իդեալները, մասամբ նաև ձախ գաղափարները։
ՔԱԿ-ի քաղաքականության փոփոխման գործում կարևոր դեր էին խաղում եվրոպական երկրների քրդական քաղաքական կազմակերպությունները, որոնք տարածում էին «չափավոր» գաղափարներ (Թուրքիայի հետ երկխոսություն ներառող)։ Եթե մյուս քրդական կազմակերպությունները, նախ և առաջ «Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը» (ՔԺԿ) և Իրաքում գործող «Քրդստանի հայրենասիրական միությունը» (ՔՀՄ), ըստ էության, կառավարող կուսակցություններ էին Իրաքի հյուսիսարևելյան շրջաններում և հաջողությամբ քրդական պետականություն էին կառուցում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, ապա ՔԱԿ-ը շարունակում էր կորցնել իր դիրքերը քուրդ հանրության շրջանում։
Այս պայմաններում 1998-ի գարնանը Օջալանը, հասկանալով ՔԱԿ-ի շարքերում խմորումների նշանակությունը, հույսը դրել էր Թուրքիայում զինված ապստամբության հաջողության վրա, որը պիտի նպաստեր քուրդ հանրության տրամադրության փոփոխմանը։ Դրա հետ մեկտեղ, դեռ մինչև ապստամբությունը, ՔԱԿ-ի շարքում նոր քաղաքական մտահղացումներ էին քննարկվում։ Ծրագրվում էր զուգահեռաբար փոփոխել գաղափարախոսությունը, քրդական պետականության ստեղծման և արտքաղաքական կողմնորոշման նախագծերը։ Քաղաքական գործունեության վերաիմաստավորման առանցքային պայմանը համարվում էր ՔԱԿ-ի գաղափարախոսության փոփոխումը, հրաժարումը ծայրահեղ ձախ, հեղափոխական գաղափարներից, ՔԱԿ-ի վերածումը մի ինչ-որ չափավոր ձախ, հնարավոր է եվրոպական տիպի սոցիալ-ժողովրդավարական կամ սոցիալիստական կուսակցության։ Դա անհրաժեշտ էր, նախ և առաջ, առաջատար արևմտյան պետությունների, գլխավորապես ԱՄՆ-ի հետ «ռազմավարական երկխոսության» մեջ մտնելու համար։ Միաժամանակ, ՔԱԿ-ը առաջ է քաշում «դաշնության», այսինքն` համապատասխանաբար թուրք-քրդական, իրանա-քրդական, իրաքա-քրդական և սիրիա-քրդական դաշնության ստեղծման գաղափարը։ Ինքնըստինքյան այդ գաղափարը բավականին արմատական է և անընդունելի այդ պետությունների համար, որոնց վերնախավերն ունիտար պետության մոդելի կողմնակից են։ Սակայն դաշնության գաղափարը հնարավորություն է ընձեռում համագործակցելու Արևմտյան ընկերակցության հետ, իսկ վերջինիս` միջամտելու Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի ներքին գործերին (տվյալ դեպքում ամենաօրախնդիրը Թուրքիայի հետ հարաբերություններն են)։ ԱՄՆ-ը և հատկապես Եվրամիությունը չեն կարող դաշնային կառուցվածքի գաղափարը համարել ապակառուցողական և ծայրահեղական։ Ելնելով տվյալ խնդրից, նպատակ է հետապնդվում գործընկերային հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի հետ որպես արևմտյան միակ տերության, որը շահագրգռված է Մերձավոր Արևելքում ակտիվ քաղաքական նախագծի իրագործմամբ։
Երևում է, Օջալանն ինքը (որը քաղաքական որոշումներ ընդունելիս մի առանձնակի ճկունությամբ աչքի չէր ընկնում) հասկանում էր քաղաքական կուրսի փոփոխման անհրաժեշտությունը և հետաքրքրվում էր ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների հաստատման հնարավոր հեռանկարներով։ Դրա հետ մեկտեղ, նա պարտավորություններով կապված էր Սիրիայի և կուսակցության գծով զինակիցների հետ, ուներ ծայրահեղականի վարկանիշ։ Բացի այդ, Թուրքիան երբեք չէր համաձայնի Օջալանի հետ հաստատելու պարտավորեցնող քաղաքական հարաբերություններ։ Օջալանը չուներ հստակորեն մշակված լուծումներ, չուներ ժամանակ ու հնարավորություն նոր կուրսի մշակման համար։ Ռուսաստանում կամ Եվրոպայում քրդական խոշոր քաղաքական կենտրոն ստեղծելու նրա հույսերն ի դերև ելան, և նա, փաստորեն, հանձնվեց Թուրքիային։ Ներկայումս, ՔԱԿ-ն առաջվա կուռ և միասնական կազմակերպությունը չէ։ ՔԱԿ-ի ներսում, ըստ էության, ձևավորվել է մի քաղաքական համադաշնություն, որը ներառում է տարբեր երկրներում գործող մի շարք քաղաքական կազմակերպություններ։ ՔԱԿ-ի նախկին ղեկավարի եղբայրը` Օսման Օջալանը, Ա. Օջալանի ձերբակալությունից հետո իր համախոհներով հաստատվեց Բրյուսելում ու, երևի, հասկանալով քաղաքական նոր կողմնորոշման և կուսակցական գաղափարախոսության փոփոխման անհրաժեշտությունը, որոշեց հրաժարվել կուսակցության ղեկավարումից ու առայժմ բնակվում է Իրաքյան Քրդստանում որպես շարքային քաղաքացի։ Երևի փոփոխությունները տեղի են ունեցել, բայց կուսակցության ներկա վիճակը, ճգնաժամային երևույթներն ու կենտրոնախույս ուժերի ուժեղացումը հնարավորություն չեն տալիս ընդունելու պաշտոնական որոշումներ և վարելու համապատասխան հետևողական քաղաքականություն։ Օրինակ, ներկայումս Լիբանանում Սիրիայի աջակցությամբ ստեղծվել է ՔԱԿ-ի ոչ մեծ, սակայն բավական ակտիվ կենտրոն, որն իրեն զգալիորեն հեռու է պահում կուսակցության պաշտոնական ղեկավարությունից, թերթ է հրատարակում և անգամ պահանջներ է ներկայացնում Լիբանանի կառավարությանը` խորհրդարանում և կառավարությունում տեղեր ստանալու վերաբերյալ։ Այդ խմբավորման պարագլուխները քննադատաբար են վերաբերվում Օսման Օջալանին և հանդես են գալիս ընդդեմ այն բանի, որ բանտում գտնվող Աբդուլա Օջալանից գան ղեկավար ցուցումները։ Ավանդական դիրքեր զբաղեցնող որոշ կուսակցական գործիչներ ձգտում են պահպանել կուսակցության «թեքումն» ու բնութագիրը և կցանկանային գտնել մի երկիր, որտեղ կարելի կլիներ հիմնել կուսակցության ղեկավարության հանգրվան և ենթակառուցվածքներ։ Փորձեր են արվել հանգրվան ստեղծելու հնարավորություն գտնել Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում և Կանադայում, բայց դա տեղի չի ունեցել։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, սկանդինավյան երկրների իշխանություններն ավելի կոշտ պահանջներ են ներկայացնում ՔԱԿ-ի գործունեության առնչությամբ, որոնց կատարումը կնշանակեր կուսակցությունը լիովին ենթակայեցնել ոչ այնքան այդ երկրների հատուկ ծառայություններին, որքան ԱՄՆ-ի ԿՀՎ-ին։ ՔԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանի ստեղծման իդեալական վայր կարող էր դառնալ Մոսկվան, բայց այդ բանը տեղի չունեցավ և երևի չէր էլ կարող տեղի ունենալ ներկա միջազգային պայմաններում։ ՔԱԿ-ը որոշ հույսեր էր կապում Հայաստանի հետ, ինչպես նաև կուսակցության հիմնական հրապարակային հիմնարկությունների` Քրդստանի վտարանդի խորհրդարանի, ՔԱԿ-ի կենտրոնակայանի, հրատարակչությունների, խոշոր ռադիոկայանի, ինչպես նաև կրթական հաստատությունների տեղակայման վայրերի հետ։ ՔԱԿ-ը քանիցս փորձել է հող նախապատրաստել` Հայաստանում այդ պլանների իրականացման համար, բայց դա էլ չհաջողվեց։ ՔԱԿ-ի ավանդականներն աշխատում են հասարակությանը համոզել, որ կուսակցության շարքերում տեղի ունեցող այդ փոփոխությունները հետևանք են, նախ և առաջ, արտաքին ուժերի գործունեության։ Բայց դա, իհարկե, այդպես չէ, իսկ քուրդ հասարակությունը գտնվում է քաղաքականության վարման նոր ուղիների որոնման մեջ։
Քուրդ քաղաքական առաջնորդների, արաբ քաղգործիչների և վերլուծաբանների, ինչպես նաև իրանցի պաշտոնատար անձանց խոստովանությամբ, ԱՄՆ-ը վերջին տարիներին, տարբեր ինտենսիվությամբ, ջանքեր է գործադրում քրդական հասարակական-քաղաքական միջավայրում ամերիկամետ կողմնորոշում սերմանելու համար։ ԱՄՆ-ի առջև ծառացել է մի շատ բարդ խնդիր, քանի որ սկզբից ևեթ քրդերը վստահություն չունեին ԱՄՆ-ի հանդեպ` որպես Թուրքիայի դաշնակցի։ Բացի այդ, ԱՄՆ-ը երկար ժամանակ` 50-70-ականներին, լինելով Իրանի և Իրաքի գործընկերը, ամեն կերպ անտեսում էր քրդական ազգային շարժումն ու քրդերի իրավունքները։ Ամերիկացիները հասկանում էին, որ քրդերի հետ սերտ հարաբերությունների հաստատման ճանապարհին լուրջ խոչընդոտ է քրդական հիմնական քաղաքական կազմակերպությունների, նախ և առաջ ՔԱԿ-ի, ձախ արմատական գաղափարախոսությունը։ ԱՄՆ-ը և առաջատար եվրոպական պետությունները հասկանում էին նաև, որ քրդական խնդիրը պետք է գոնե մասամբ լուծում ստանա, և Արևմտյան ընկերակցությանը չի հաջողվի դարձյալ անտեսել այդ խնդիրը, որն սպառնում է կասկածի տակ առնել արևմտյան ժողովրդավարական սկզբունքները։ Միաժամանակ, Արևմտյան ընկերակցությունը կարող էր տևական, գործընկերային հարաբերությունների մեջ մտնել միայն ազատական և ժողովրդավարական կարգի քաղաքական կազմակերպությունների հետ։ Առավելագույնը, որ կարող էին իրենց թույլ տալ եվրոպացիները, հարաբերություններն են չափավոր ձախ (սոցիալ-ժողովրդավարական) կարգի կազմակերպությունների հետ։ Թուրքիայի և Իրաքի դաշնայնացման գաղափարը ենթադրում էր դեպի Արևմտյան ընկերակցություն կողմնորոշված ժողովրդավար գործընկերների առկայություն։ Սակայն մի այնպիսի կուսակցության ազդեցությունը, ինչպիսին ՔԱԿ-ն էր, քրդական միջավայրում նոր տիպի կազմակերպության կամ մի շարք կազմակերպությունների ստեղծման հույսեր չէր ներշնչում։ Անհրաժեշտ էր կա՛մ իրենով անել ՔԱԿ-ը, կա՛մ վերացնել այն։ Ա. Օջալանի ձերբակալությունը հանգեցրեց ՔԱԿ-ի զգալի խարխլմանը և պայմաններ ստեղծեց` այդ կուսակցությունը քաղաքականապես ավելի չափավորի վերածելու։ Միաժամանակ, ԱՄՆ-ը և եվրոպացիները Թուրքիան կանգնեցնում են քուրդ ժողովրդի սոցիալ-մշակութային իրավունքների ճանաչման անհրաժեշտության առջև։ Փաստորեն, Թուրքիայի դաշնայնացման գործընթացն սկսվել է և խիստ հակասական բնույթ է կրում, և քրդական գործոնը, հայկականի հետ մեկտեղ, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու կարևոր լծակ է։ Ցավոք, ապացույցներ չկան «ՔԱԴԵԿ» կուսակցության ձևավորմանը (խոսքը ՔԱԿ-ի կեղծ-բարեփոխված վարկածի մասին է) ԱՄՆ-ի մասնակցության մասին, սակայն բավականին համոզիչ են ժամանակագրական ու տրամաբանական զուգադիպությունները, քանի որ «ՔԱԴԵԿ»-ը ծնունդ է առել իբրև ընդհանուր առմամբ քրդական շարժման, և առաջին հերթին ՔԱԿ-ի` որպես ԱՄՆ-ի ընդունելի գործընկերոջ, ազատական վարկանիշի ստեղծման ծրագրերի բնական շարունակություն։
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, փաստորեն, միանգամայն հաջող տևական գործողություն իրականացրին Իրաքի դաշնայնացման ուղղությամբ, երկրի հյուսիս-արևելքում ստեղծելով քրդական պետական կազմավորում, որի քաղաքական սուբյեկտներն են ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն, որոնք, փաստորեն, վարում են չափավոր, իրատեսական քաղաքականություն։ Սակայն հարկ է նշել, որ առաջ Իրաքի հյուսիս-արևելքի այդ երկու կազմակերպություններն արմատական զինված կազմակերպություններ էին։ Պահպանելով ազգային ազատագրական կազմակերպությունների ոչ պաշտոնական կարգավիճակը, ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն կատարում են պետական կառավարող կուսակցությունների գործառույթ։ Մինչ օրս այդ կուսակցություններում կան արմատականորեն տրամադրված առանձին խմբավորումներ, որոնք, ըստ էության, ինքնուրույն քաղաքական կազմակերպություններ են, ունեն իրենց դրամարկղը, իրենց զինված կազմավորումները, կապերը մի շարք պետությունների, այդ թվում` Իրանի հետ։ Այդ խմբավորումները հազվադեպ են դրսևորում իրենց դիրքորոշումները, նախընտրելով ՔԺԿ-ի և ՔՀՄ-ի առաջնորդներին պահել հետևողականության ու հայրենասիրության, ինչպես նաև քաղաքական գործունեության մեջ «ճիշտ վարքագծի» շրջանակներում։ ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն միջազգային ընկերակցությունում ճանաչված են որպես գործընկերության և ժողովրդավարական շինարարության համար միանգամայն ընդունելի քաղաքական կուսակցություններ, որոնք կարող են դառնալ ժողովրդավարական պետության ստեղծման կազմակերպական-քաղաքական հիմք։
ԱՄՆ-ը, երևի ոչ առանց սկանդինավյան երկրների հետ համագործակցության, աշխատում էր դեռ մինչև 2003 թ., այսինքն` մինչև Իրաքի պատերազմը, այդ կուսակցությունների ազդեցությունը տարածել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի քուրդ հասարակության վրա։ Բայց դա չհաջողվեց, քանի որ այդ կուսակցություններն իրենք մեծ ոգևորություն չէին զգում իրենց գործունեությունը տարածելու թուրքաքրդերի վրա, բացի այդ էլ Թուրքիայի քրդերն իրենք չէին վստահում իրաքաքրդերի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին։ Բայց այդ փորձը թուրքաքրդերին քաղաքական այլ գաղափարախոսություն մատուցելու ԱՄՆ-ի քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Թուրքաքրդերի վրա չափազանց տհաճ տպավորություն գործեց «Քրդստանի հայրենասիրական միության» առաջնորդ Ջալիլ Թալաբանիի Անկարա կատարած այցը, որը դրսևորեց Թուրքիայի քրդերի համար միանգամայն անընդունելի վարքագիծ` ձգտելով իրեն ներկայացնել որպես ավելի նախանձոտ ազատական, քան Արևմուտքի հայտնի «նմուշները»։ Թուրք պաշտոնական անձանց հետ Ջ. Թալաբանիի, ինչպես նաև ՔԺԿ ղեկավար Մ. Բարզանիի ներկայացուցիչների շփումները, բանակցությունները, ուրիշ շատ իրադարձություններ բացահայտորեն ցույց տվեցին, որ Իրաքի քրդական քաղաքական կուսակցությունները, նրանց առաջնորդները հավակնություններ չունեն իրենց ազդեցությունը տարածելու Թուրքիայի տարածքում։ ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն վաղուց են կողմնորոշվել. նրանց նպատակն է պետություն ստեղծել Իրաքի հյուսիսում և ոչ ավելին։ Համենայն դեպս, պատմական այս փուլում այդ կուսակցությունները ձգտում են քրդական պետականությունը սահմանափակել միայն Իրաքի հյուսիսով։ Դրա հետ մեկտեղ, ՔԺԿ-ն այդպես էլ չկարողացավ ամուր հիմք գտնել Իրաքյան Քրդստանում, ուր նրանց թույլատրում են միայն ինքնապաշտպանության գործողություններ իրականացնել Թուրքիայի հետ սահմանի շրջանում, բայց ոչ երբեք քաղաքական աշխատանք։ Հնարավոր է, առկա են ցեղային ուժեղ նախապատվություններ, որոնք ապացուցում են, որ միասնական քուրդ ժողովուրդ գոյություն չունի, այլ, ինչպես արաբական աշխարհում է, ընդհանուր էթնոսի շրջանակներում գոյություն ունի մի քանի քրդական ազգատեսակ։ Ժամանակ առ ժամանակ Իրաքի քրդաբնակ շրջաններում ծայր է առնում բավականին կատաղի պայքար, որ ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն մղում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև վահաբական և հակաամերիկյան ուղղության իսլամական քաղաքական ու զինված կազմակերպությունների դեմ։ Սակայն, Իրաքի քրդերի օրինակով, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ցույց տվեցին, որ քրդական շարժումները դեպի Արևմուտք վերակողմնորոշելու նախագիծը և դաշնայնության գաղափարը հնարավոր է իրագործել։ Միաժամանակ, Իրաքում քրդական պետական կազմավորման ստեղծումը հնարավոր դարձավ 1991-ի Իրաքի ռազմական պարտությունից և 2003-2004 թթ. նրա փաստական բաժանումից հետո միայն։ Դժվար է ենթադրել, որ համանման «դաշնայնացում» հնարավոր դառնա Իրանում, առավել ևս Թուրքիայում։ Առայժմ ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Եվրոպայում ոչ ոք լուրջ չի ընդունում Իրանի հնարավոր մասնատումը լայնածավալ պատերազմի պատճառով։ Գարետ Ստենդֆիլդի կարծիքով, «չնայած ազգային միասնության կառավարության անխուսափելի կազմավորմանը, Իրաքը տրոհվում է երեք պատմական մարզերի։ Տրոհումը կարելի է կառավարել, բայց նրանից խուսափել անհնար է։ Արևմտյան տերությունները և Իրաքի ազգայնականները հիմա պետք է ընդունեն, որ արմատական դաշնայնացումը քաղաքական պատերազմի միակ այլընտրանքն է»։
Ամերիկացի ժողովրդավար սենատոր, ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առաջարկել է Իրաքը բաժանել նույն սկզբունքով, որով 1995-ին բաժանվեց Բոսնիան։ Նրա մտահղացումն արդեն տարաբնույթ արձագանքներ է գտել բուն Իրաքում։ Սակայն 2010 թ. երկրորդ կեսը էվոլյուցիոն դարձավ քրդական ազգային շարժման համար, ինչը կանխորոշված էր ԱՄՆ-ի քաղաքականությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ