«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՃԵՆԱՑ ԱՇԽԱՐՀ, ՉԻՆՄԱՉԻՆ ԵՎ, ՎԵՐՋԱՊԵՍ, ՉԻՆԱՍՏԱՆ

ՃԵՆԱՑ ԱՇԽԱՐՀ, ՉԻՆՄԱՉԻՆ ԵՎ, ՎԵՐՋԱՊԵՍ, ՉԻՆԱՍՏԱՆ
28.10.2011 | 00:00

Եթե առհասարակ գոյություն ունի որևէ գերագույն ներդաշնակություն և փոխադարձ կապ, ապա Երկրի վրա այն երբեմն դրսևորվում է ամենաանսպասելի և անգամ աներևակայելի պատմական զուգադիպություններում։ Այսպես, ոչ այն է վերին կամքով, ոչ այն է մարդկային հանճարի շնորհիվ հազար տարի առաջ Չինաստանում Ցայ Լուն անունով մի մարդ հայտնաբերեց թթենու կեղևի ներքին թելավոր շերտից թուղթ ստանալու գաղտնիքը։ Իսկ պատմական չափանիշներով շատ չանցած, այդ կողմերից շատ հեռու մի վայրում` Հայաստան կոչվող աշխարհում, 12-րդ դարում ապրած Ստեփանոս անունով մի գրագիր, գրիչը մեկ անգամ թանաքի մեջ թաթախելով, կարողացավ 700 տառ գրել։ Այդ գրիչը բամբուկի մի ձողիկ է, որի մեջ տեղավորված էր թանաքով լի գնդիկ։ Այսպես էլ հայտնաբերվել է ինքնահոս գրիչը։
Ոչ այնքան հայտնի պատճառներով, այդ հայտնագործությունը, ինչպես, ի դեպ, հայերի հեղինակած բազմաթիվ հայտնագործություններ և գյուտեր, կորսվել է, և ինքնահոս գրիչը վերստին հայտնաբերել են արդեն 20-րդ դարում։ Իսկ վաճառականները, Չինաստանից ուղևորվելով հեռավոր Հյուսիս ու Արևմուտք, այդ ճանապարհին եղել են նաև Սամարղանդում, որտեղից էլ այդ գաղտնիքը հասել է Իսպանիա, այդտեղից էլ թուղթ ստանալու հմտությունը տարածվել է աշխարհով մեկ։ Ովքե՞ր են եղել այդ վաճառականները։ Լեգենդներն ու պատմությունն այս հարցում լռում են։ Բայց, ծանոթ լինելով հայ վաճառականների հնարամտությանը, կարելի է ենթադրել, որ հենց նրանց քարավաններն են չինական նորույթը ներմուծել Մետաքսի մեծ ճանապարհով։ Եվ ո՞վ գիտե, գուցե հենց չինական թղթի վրա են իրենց գյուտը փորձարկել հայ գրագիրները։ Չէ՞ որ պերճախոս է այն փաստը, որ Կիլիկյան դպրոցի մանրանկարներում կան չինական վիշապների, շնառյուծների պատկերներ, իսկ Վասպուրականի գեղանկարչությունում հանդիպում են չինական առարկաների պատկերներ։
Ամեն դեպքում պարզ է մեկ բան. երկու հնագույն ժողովուրդներ` հայերն ու չինացիները, միմյանց գոյության մասին իմացել են դեռ անհիշելի ժամանակներից։ «Հայաստան» անունը չինարեն հնչում է «Յա-մեյ-նի-յա»։ Իսկ հիերոգլիֆները, որոնցով գրվում է անվանումը, նաև «Ասիայի գեղուհի» արտահայտությունն են պատկերում։ Շատ հետաքրքիր է նաև, որ հնչողությամբ այն մոտ է բնագրին, թեև այլ երկրների չինարեն անվանումները ոչ մի նմանություն չունեն հանրահայտ անվանումներին։ Իսկ հայկական հեքիաթներում, լեգենդներում Չինաստանի անվանումը հիշատակվում է տարբեր կերպ` Ճենաց աշխարհ, Չինմաչին, Չինաստան, Չին և Մաչին, Ջինումաջին, իսկ չինացիները` ճենազն, ազգ ճենաց կամ ազգ սինեացվոց։ Հայերեն «չնաշխարհիկ» բառը տառացի նշանակում է «չինական աշխարհից»։ Ի դեպ, չինարեն «Չժունգո»-ն` չինացիների ինքնանվանումը, որ թարգմանվում է «Կենտրոնական պետություն» կամ «Կենտրոնական կայսրություն», միանգամայն համարժեք հնչողություն ունի հայկական աղբյուրներում։
Առանձին հետազոտողներ նշում են, որ հայ-չինական հարաբերությունները հաստատվել են դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում։ Հան դինաստիայի Վու Տի կայսեր (մ.թ.ա. 140-80 թթ.) օրոք հայ վաճառականներ են երևացել, որոնք զբաղվել են մետաքսի, կիսաթանկարժեք նեֆրիտ քարի առևտրով։ Վաղ միջնադարյան հայ-չինական տնտեսական կապերի մասին է վկայում հայկական Գառնի, Դվին, Անի քաղաքների և Ամբերդի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված չինական ճենապակին։ Մետաքսի ճանապարհով Հայաստան էին բերվում չինական զանազան ապրանքներ, այդ թվում` արծաթաթել և ոսկեթել գործվածք։ Հայկական «Սասնա ծռեր» էպոսում Սասունցի Դավթին սպանում է «չինացու աչքունքով աղջիկ»` նրա սեփական դուստրը` ծնված Չմշիկ Սուլթանից, որը, շատ հնարավոր է, չինուհի եղած լիներ։ Չինաստանի արքան գլխավոր հերոս Խանդութի թշնամին է։ Ի դեպ, Խանդութի աչքերը համեմատվում են չինական թասի հետ, ինչը վկայում է Հայաստանում չինական ապրանքների գոյության մասին։
Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ պատմում է «ճենաց աշխարհի» մասին. «Զարմանահրաշ է և բուն երկիրը, որ զարդարված է ամեն տեսակի պտուղների ու գեղեցիկ բույսերի առատությամբ, նա հարուստ է քրքումով և մետաքսով, լի է սիրամարգներով և առատ` վայրի այծերով ու բազմապիսի գազաններով, ինչպես նաև կենդանիներով, որ կոչվում են իշայծամ»։ Անանիա Շիրակացին իր «Աշխարհացույցում» շարադրում է Չինաստանի շատ հետաքրքրական նկարագրություն. «Ընդհանուր Ասիայի երեսունյոթերորդ երկիրը Չինաստանն է։ Գտնվում է Սկյութիայից արևելք, արևմուտքից սահմանակից է Սկյութիային, հյուսիս-արևելքից` անծանոթ մի աշխարհի, իսկ հարավից` Հնդկաստանին և Սինայաց աշխարհին։ Չինաստանը մի ցածրադիր տարածք է, ուր ապրում է քսանինն ազգություն...»։ Այնուհետև Շիրակացին նշում է, թե երկրում շատ է մետաքսը, որ լավագույնն է աշխարհում, ուստի և շատերն են ջուլհակի արհեստով զբաղվում։ Շատ մասնագետներ այն կարծիքին են, որ Շիրակացու «Աշխարհացույցում» բերված տվյալները հավաստի և արժեքավոր նշանակություն ունեն 6-7-րդ դարերում Չինաստանի հետ առևտրի պատմության ուսումնասիրման համար։ 13-14-րդ դարերի հայ պատմիչ Հեթումն իր «Տարեգրություն արևելյան երկրների պատմության» աշխատությունում գրել է, թե չինացիները շատ հնարամիտ են։ Այնքան մեծաթիվ, բազմապիսի և հրաշագեղ բաներ կան նրանց աշխարհում, և այնքան նրբագեղ, որ հազիվ թե որևէ բան համեմատվի նրանց հետ։ Նույն դարաշրջանի մեկ այլ հեղինակ` Անտոն Սուլթանիացին, ճամփորդել է Չինաստանում և արձանագրել, թե Չինաստանի կայսրությունը խիտ է բնակեցված, կան բազմաթիվ խոշոր քաղաքներ, ավելի խոշոր, քան Փարիզն ու Ֆլորենցիան, կան գեղեցիկ մարգագետիններ, թավ արոտավայրեր և բուրավետ խոտաբույսեր։ Ամբողջ կայսրությունում կան մեծ գետեր ու լճեր։ Անտոնը մանրամասն նկարագրել է Կամբալեկ (Պեկին) և Կաստայ (Խանչժոու) քաղաքները։ Ի դեպ, նա առաջինն էր, որ Մարկո Պոլոյի և Պորդենոնցի Օդերիկոյի հետ Չինաստանից բերեց մետաքսագործության, թնդանոթի արտադրության, մագնիսով ծովագնացության և գրահրատարակության գաղտնիքները։ Չինագիտության համար արժեքավոր աղբյուր է նրա «Գիրք Չինաստանի մեծ խանի մասին» լատիներեն գրված գիրքը։ 16-րդ դարում հայ-չինական հարաբերությունների մասին հետաքրքրական տեղեկություններ են պարունակում հայոց կաթողիկոս Գրիգորիս Աղթամարցու` միջնադարյան հայտնի բանաստեղծի ստեղծագործությունները։ Իր «Տաղ խատայցի Աստվածատուրի մասին» բանաստեղծություններում Գ. Աղթամարցին պատմում է վաճառական Մխիթար Բաղիշեցու Չինաստան կատարած ուղևորության մասին։ Այդ տաղում ամենաարժեքավորը ճանապարհի նկարագրությունն է, որով հայ վաճառականները 16-րդ դարի կեսերին մեկնում էին Չինաստան և վերադառնում։ Այդ ուղին անցնում էր Կասպից ծովի արևմտյան ափերով, ապա ծովի հյուսիսային ափերով, Միջին Ասիայով, Սամարղանդով ձգվում դեպի Հյուսիսային Հնդկաստան և անցնում «Չինմաչինի» աշխարհ։
Հայ-չինական հարաբերությունների հետաքրքիր դրվագներից է Մամիկոնյան և Օրբելյան հայ իշխանական տոհմերի չինական ծագման մասին լեգենդը, ինչի մասին վկայում են հայ պատմիչներ Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը և Ստեփանոս Օրբելյանը։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ գրում է, թե որտեղից և ինչպես է ի հայտ եկել Մամիկոնյանների տոհմը. «Շապուհի օրոք, ասում են, Մամիկոնյանների տոհմի նախնիներից մեկն էր Հայաստան եկել հյուսիս-արևելքից, ազնվաբարո և մեծ աշխարհից, հյուսիսային ժողովուրդների մեջ առաջինի, այսինքն` ճեների կողմից»։ Նա մեջբերում է մի ավանդազրույց այն մասին, թե ինչպես է ճենաց արքա Արբոկը հանձնարարել սպանել Մամգունին, որն իր բոլոր մարդկանցով և ունեցվածքով փախել էր պարսից Արտաշիր արքայի մոտ։ Վերջինս չի համաձայնել նրան հանձնել, և ճենաց արքան պատրաստվել է պատերազմով գնալու նրա վրա։ Հենց այդ ժամանակ էլ մեռնում է Արտաշիր արքան, և գահակալում է Շապուհը։ Թեև Շապուհը Մամգունին չի հանձնում Արբոկ արքային, սակայն իր մոտ էլ չի պահում։ Շապուհը նրան իր բոլոր մարդկանցով արտաքսում է Հայաստան և ճեների արքային լուր է ուղարկում, թե չի կարող հանձնել Մամգունին։ «Բանն այն է, որ իմ հայրն արևի լույսով է երդվել։ Բայց որպեսզի դու չանհանգստանաս, ես նրան իմ երկրից աքսորել եմ աշխարհի ծայրը, արևի մայրամուտի կողմերը, ինչը նրա համար հավասարազոր է մահվան»։ Եվ քանի որ ճեները, ինչպես գրում է Պատմահայրը, աշխարհիս երեսին ապրող ամենախաղաղասեր մարդիկ են, ապա նրանք համաձայնում են դաշն կնքելու. «Սա վկայում է, որ ճեն ժողովուրդը, իրոք, խաղաղասեր է և կենսասեր»։ Իսկ Փավստոս Բուզանդն իր «Պատմություն հայոց» գրքում գրում է, թե ինչ է Պապ թագավորն ասում Մուշեղ Մամիկոնյանի մասին. «Մուշեղը խիզախ ու պատկառելի այր է։ Նա մի մարդ է, որ ծագումով նույնքան ազնվազարմ է, որքան և մենք, և նրա նախնիները նույնքան ազնվաբարո են, որքան և մեր նախնիները։ Նրա նախնիները հեռացել են չեների աշխարհի թագավորությունից, եկել մեզ մոտ և ապրել ու մեռել հանուն մեր նախնիների»։ Րաֆֆու «Սամվել» վեպում գլխավոր հերոսը պատկերվում է չինացու արտաքինով, հետո նկարագրվում է Հայաստանում ապրող մի զարմանալի ժողովուրդ. «Արածանու ափերին մի ուրիշ ժողովուրդ էլ էր ապրում, որն այստեղ էր եկել Հոնագոյի ափերից, և դեղնամաշկ սինացին, ստանալով հայկական դիմագիծ, մշակում էր հայոց հողը»։
Խոսելով Օրբելյանների հայկական իշխանական տոհմի մասին, 12-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը չինական ծագման հետ է կապում Օրբելյանների տոհմի պատմությունը։ Նրա վարկածով, երբ Չինաստանում պայքար է ծավալվել իշխանության համար, և այդ պայքարում տանուլ տված խմբավորումը հարկադրաբար հեռացել է երկրից, երկար դեգերումներից հետո հասել է Վրաստան։ Այստեղ նրանց ընդունել են արժանավայել, և, դիմելով տեղի իշխանավորներին, նրանք ասել են. «Մենք Չինաստանի արքայական տոհմից ենք և, բաժանվելով մեր եղբայրներից, հասել ենք այստեղ ու նախընտրել ենք ձեր զորեղ երկիրը, որտեղ դուք մեզ մեծ օգնություն եք ցուցաբերել։ Հիմա կա՛մ մեզ թույլ տվեք ապրել ձեր երկրում, կա՛մ թույլ տվեք հեռանալ»։ Վրաց իշխանները թույլ են տալիս չինացիներին բնակություն հաստատել Ջավախքում, որտեղ էլ նրանք կառուցել են Օրբելք ամրոցը։ Այստեղից էլ Օրբելյանների իշխանական տոհմի անվանումը։
Սակայն, եթե Չինաստանի վրա հայերի ազդեցությունն այնքան էլ մեծ չի եղել, այն իր նշանակալիությունը, միևնույն է, չի կորցնում։ Ամենաականավոր «չինացի հայը» համարվում է Հովհաննես Ղազարյանը, որը հայտնի է Ջոն Լասար անունով։ Նա ծնվել է 1778-ին Մակաոյում, առևտրականի ընտանիքում և վաղ հասակից մեծ ընդունակություն ու հետաքրքրություն է ունեցել չինարենի նկատմամբ։ Երբ տղան տասը տարեկան էր, նրան ուղարկել են Կանտոն, որտեղ յոթ տարի սովորել է չինարեն և եվրոպական լեզուներ։ Ապա աշխատել է ուսուցիչ, թարգմանություններ է արել, գրագիր է աշխատել Պորտուգալիայի ներկայացուցչությունում։ 1805-ին, Սիրանպուրի միսիոներների խնդրանքով, Հովհաննես Ղազարյանը ձեռնամուխ է լինում «Աստվածաշնչի» թարգմանությանն անգլերենից չինարեն։ Չինագետները դա համարում են «Աստվածաշնչի» լավագույն չինարեն թարգմանությունը։ Բացի այդ, նա փառաբանվել է նաև լուսավորչական գործունեությամբ։
20-րդ դարի առաջին կեսին Չինաստանում ռուսական վտարանդիների միջավայրում ծնվել են հայ գործիչներ, որոնք փառաբանվել են աշխարհի տարբեր երկրներում. բալետի պարուհի Թամարա Թումանովան, երգչուհի Կարինե Պսակյան-Վուսը և նրա որդին` Վլադիմիր Վուսը, Սան Ֆրանցիսկոյի հայ-չինական ռեստորանի սեփականատեր Արմին Բալին և նրա որդին` գրող Արմեն Բալյանը, լեհաստանաբնակ բանաստեղծ Անջեյ Մանդալյանը։ Բացի այդ, Խարբինի հայ համայնքն էլ է նշանակալի ավանդ ներդրել քաղաքի մշակութային կյանքում։ Ինչպես արդեն նշել ենք, անցյալ դարի սկզբին Խարբինում ապրել է մինչև 400 հայ ընտանիք, գործել է հայկական եկեղեցի, «Արծիվ» միությունը, «Հայ տիկնանց միությունը», «Հայ երիտասարդական ակումբը», և անգամ 1921-ին տեղի թատրոնում դերասանուհի Վարվառա Մելիքյանը բեմադրել է Գ. Սունդուկյանի «Պեպոն»` հայերեն։ Այստեղ էլ լույս է ընծայվել «Երկիր» հայատառ լրագիրը, կառուցվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որը, որքան էլ ցավալի է, «կուլտուրական հեղափոխության» տարիներին ավերվեց այլ տաճարների հետ։
20-րդ դարի սկզբին «Հոնկոնգի ականավոր հայ» էր համարվում Քաջիկ Աստվածատրյանը` սըր Քաջիկ Փոլ Չատերը։ Նա Հոնկոնգի գեներալ-նահանգապետի խորհրդականն էր, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ, ֆրանկմասոնական խորհրդի նախագահ։ 1902-ին Անգլիայի Էդվարդ 7-րդ արքան նրան ասպետի տիտղոս շնորհեց։ Փոլ Չատերի միջոցներով է կառուցվել Հոնկոնգի նավահանգիստը` 11 պահեստով, այլ շենքեր։ Մինչ օրս էլ Կալկաթայի հնդկահայ համայնքը գոյություն ունի նրա կտակած միջոցների հաշվին։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկահայ միսիոներուհի Աննի Քարթոզյանը մեծ օգնություն է ցուցաբերել չին գյուղացիներին, հատկապես կանանց։
Անչափ հետաքրքիր է, որ ժամանակակից Չինաստանում էլ գոյություն ունի ոչ ստվարաթիվ, բայց շատ ակտիվ հայկական համայնք։ Շանհայում նրա ներկայացուցիչների` աշխարհի տարբեր ծագերից գաղթած հայերի հետ ես բախտ ունեցա ծանոթանալու Զատկի տոնին, երբ նրանք հավաքվել էին ոչ միայն նշելու տոնը, այլև մասնակցելու Ցեղասպանության զոհերի ոգեկոչման և այդ կապակցությամբ թուրք հյուպատոսություն բազմաթիվ բացիկներ ուղարկելու ձեռնարկին։ Բայց մեր հայրենակիցների մասին պատմելու առիթ դեռ կունենանք։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ-
Քանի որ սույն շարադրանքը չի հավակնում գիտական ճշգրտության, այլ տեղեկատվական նպատակ է հետապնդում, ուստի դրանում տեղ գտած մեջբերումները հեղինակի կողմից քաղված են ոչ թե բնագրերից, այլ թեմայի ուսումնասիրության ընթացքում ձեռքի տակ եղած (նաև այլալեզու) նյութերից։

Դիտվել է՝ 6559

Մեկնաբանություններ