Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
23.12.2011 | 00:00

Երեկ հայկական դիվանագիտությունը տարեվերջյան նվաճումն արձանագրեց։ Ֆրանսիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն։ Օրենքը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում։
Օրենքի ընդունմանն անմիջապես հետևել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը և մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին։ Այս առիթով կցանկանայի ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին և ողջ ֆրանսիացի ժողովրդին։ Դեռևս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` ֆրանսիացի ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ այսօր ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ և դրանց ժխտումը միանշանակ ենթակա է դատապարտման»։
Ի դեպ, նախքան քվեարկությունը Թուրքիան սպառնացել էր Ֆրանսիային, որ ընդունման դեպքում հետ կկանչի այդ երկրում իր դեսպանին և կխզի առևտրային հարաբերությունները։ Երեկ արդեն առաջին սպառնալիքը Թուրքիան կատարեց` հետ կանչելով իր դեսպանին։ Ի հեճուկս Թուրքիայի ղեկավարության գործելաոճի, այդ երկրի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, գործարարներին ու հասարակական կազմակերպություններին Ֆրանսիայի դեմ արշավ սկսելու փոխարեն ջանքեր գործադրել, որ պետությունն ու հասարակությունը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։
Հավելենք, որ, ի նշան երախտագիտության, երեկ տասնյակ երիտասարդներ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն երթ էին կազմակերպել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ