Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ՃԳՆԱԺԱՄԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՅՆ ՉԱՐԻՔՆ Է, ՈՐԸ ԲԱՐԻՔ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

«ՃԳՆԱԺԱՄԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՅՆ ՉԱՐԻՔՆ Է, ՈՐԸ ԲԱՐԻՔ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
22.12.2009 | 00:00

Քաղաքակիրթ բիզնեսի օրինակ է «Ֆիլ» ընկերությունը, որը շուկայում նորարարությանը միտված գործում է 1992-ից։ Ընկերության նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՖԼՋՅԱՆԻ հետ մեր զրույցը ներառում է ինչպես «Ֆիլ»-ի նոր առաջարկը շուկայում, այնպես էլ հարակից այլ խնդիրներ։
-2009-ը համաշխարհային ճգնաժամի տեղատվությունների ու մակընթացությունների ժամանակափուլն էր։ Սկսենք այս խնդրից։
-Ընդհանուր առմամբ տնտեսական տարին հանրապետությունում կրում էր համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը, ինչը միանգամայն բնական է։ 2009-ը դիմակայության, առավելագույնս նվազ կորուստներով տարին փակելու խնդիրներ լուծեց։ Մեր ընկերության գործունեությունը, անշուշտ, չէր կարող այս կամ այն չափով չկրել ճգնաժամի ազդեցությունը։ Մասնավորապես վաճառքի ծավալները 30 տոկոսի չափով անկում ապրեցին։ Սակայն, ճշգրտելով ռազմավարական ծրագրերը, կարողացանք պահպանել շուկան։ Զգալիորեն իջեցրինք ապրանքատեսականու գները մեր շահույթի հաշվին։ Ճգնաժամը, ըստ էության, այն չարիքն է, որը բարիք է պարունակում։ Տակտիկական ճկուն համակարգ ձևավորվեց։ Մասնավորապես մեր գործում լայնորեն ներգրավեցինք միջնորդ կազմակերպություններին։ Այսինքն` նրանց ապրանք էինք բաց թողնում նվազագույն հավելավճարով, նրանք ապրանքը ճիշտ ժամանակին հասցնում էին սպառողին։ Միաժամանակ նպաստել ենք որոշակի աշխատատեղերի պահպանմանը միջնորդ կազմակերպությունների հաշվին։
Ներկրում ենք «Կնաուֆ» ֆիրմայի գիպսակարտոնե սալերը արդեն 14 տարի, բնականաբար, վայելում ենք գերմանական կողմի վստահությունը։ Այն առավել ամրապնդվեց, երբ պարզ դարձավ, որ ճգնաժամի համար կատարված կանխատեսումները` կապված վաճառքի ծավալների անկման հետ, սպասվածից ավելի նպաստավոր էին։ «Կնաուֆը» որոշակիորեն փոխհատուցեց մեր ծախսերը` նվազեցնելով գները։
-Ձեր գործունեությունը, որքան հայտնի է, չի սահմանափակվում գիպսակարտոնե սալերի ներկրմամբ։ Ա՛յդ մասին։
-Ժամանակի ընթացքում պահանջ առաջացավ գործունեությունն ընդլայնելու։ Ի հայտ եկավ «Արտֆիլիգրան» ընկերությունը, որն իր հերթին գերմանական «Կապարոլ» ֆիրմայի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ «Կապարոլը» համաշխարհային հեղինակավոր բրենդ է, մասնագիտացած ներկանյութերի արտադրությունում։ Այս ֆիրմայի հատկապես ֆասադային ներկերը հռչակված են ողջ աշխարհում։ Նաև ԱՊՀ երկրներում։ Ամենուր «Կապարոլի» արտադրանքն առավելություն ունի համանման ներկանյութերի շուկայում։ Արդեն երկրորդ տարին է, զբաղվում ենք այս ներկանյութերի ներկրմամբ։ Նոր Նորքի 4-րդ զանգվածի մեր ֆիրմային «Արտֆիլիգրան» վաճառատանը գերմանացիների հետ շնորհանդես ենք կազմակերպել։ Ի՞նչն է ուշագրավ։ Այս բնագավառն արտաքուստ է պահպանողական։ Այն իրականում մշտական շարժման, փոփոխությունների մեջ է։ Այսօր մեծ պահանջարկ են վայելում դեկորատիվ հարդարման ներկերը։ Դրանք որոշակի մոտեցում են պահանջում։ Առաջիկա ուրբաթ, ամսի 25-ին, «Մոսկվայի տանը» շնորհանդեսի ենք հրավիրում մեր ճարտարապետներին և դիզայներներին, ծանոթանալու այս հրաշք ներկանյութերին։
-Դրանց առանձնահատկությունները հատկանշեք։
-Հնարավոր ցանկացած գույնի և երանգի այս ներկանյութերը, իսկապես, զարմանալի հատկություններով են օժտված։ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում և այլ քաղաքներում բազմաթիվ շքեղ կառույցներ ներքին և արտաքին հարդարման են ենթարկվել այս ներկերով։ Արտաքին հարդարման ժամանակ ներկանյութը երկար ժամանակ պահպանում է իր արտաքին տեսքը, միանգամայն անվտանգ է բնապահպանական տեսանկյունից, միաժամանակ պաշտպանիչ նշանակություն ունի։ Դրանք երկու-երեք օպերացիայով են հարդարվում, այսինքն` վարպետից որոշակի պատրաստվածություն են պահանջում։ Մենք ուսուցանում ենք վարպետներին հատուկ դասընթացներում։ Համաձայն գերմանական կողմի հետ պայմանավորվածության, յուրաքանչյուր ամիս դասընթացներ են կազմակերպվելու նորություններին ծանոթանալու համար։
-«Կապարոլը» Եվրոպայում հայտնի է պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի և հուշարձանների վերանորոգման բնագավառում։
-Դեկորատիվ նյութը պարունակում է կվարցային մասնիկներ, ինչը թույլ չի տալիս քարերի աղակալումը։ Ի դեպ, երբ ֆիրմայի ներկայացուցիչները Մայր Աթոռ այցելեցին, անմիջապես նկատեցին եկեղեցու ցոկոլային շարվածքի քայքայումը աղակալման պատճառով։ Գերմանական կողմը ցանկություն հայտնեց զբաղվել տաճարի վնասված հատվածի վերականգնմամբ։ Ներկանյութն անգույն է, չի փոխում արտաքին տեսքը։
Կան դեկորատիվ ներկեր, որոնք եռաչափ տարածություն են թույլ տալիս ստանալ հարդարումից հետո։ Սա, ինչ խոսք, գյուտ է մեր դիզայներների և ճարտարապետների համար։ Այն ստեղծագործելու լիարժեք հնարավորություններ է ընձեռում։
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք 2010-ի համար։ Առա՞ջ ենք գնալու, դոփելո՞ւ ենք տեղում, թե՞ նահանջ ենք ապրելու։
-Եթե հայրենական շուկան նկատի ունեք, ապա որոշակի առաջընթաց հնարավոր է ակնկալել։ Սակայն ամեն բան կախված է տնտեսական քաղաքականությունից։ Չէի ասի, թե բարեփոխումները նկատելի չեն, սակայն հարկային, մաքսային քաղաքականությունը, այնուամենայնիվ, ավելի ճկուն պիտի լինի։ Այսօր գործարարության ողը կազմող միջին բիզնես-դասն ինչ-որ տեղ կաշկանդվում է, լիարժեք չի կարողանում իր գործը ծավալել։
-Դուք կաշկանդվո՞ւմ եք։
-Որոշ առումով` այո։ Ենթագիտակցության մեջ, այնուամենայնիվ, ամրագրված է բյուրոկրատ վերահսկիչի առկայությունը։ Ինչ-որ քաշքշուկ, նյարդերի ու ժամանակի անտեղի վատնում։ Խոսքը, հավատացնում եմ, մեր մասին չէ։ Ի վերջո, մեր ամենևին ոչ խոշոր ընկերությունը հանրապետության հազար խոշոր հարկատուների ցանկում 455-րդն է, Կենտրոն վարչական շրջանում` 10-րդը։ Երբևէ ոչինչ չենք թաքցրել։ Խոսքն ընդհանուր դաշտի մասին է։
-Դուք դասախոսում եք և ապագա գործարարների ուսուցանում։ Այս ճակատում ինչպե՞ս են գործերը։
-Բավականին դրական։ Արդեն 25 տարի դասավանդում եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, այժմ «Մարքեթինգի հիմունքներ» եմ կարդում։ Ավելի վաղ մի ուշագրավ առարկա եմ դասավանդել` «Լոգիստիկան», որը չափազանց կարևորվում է քաղաքակիրթ աշխարհում։ «Լոգիստիկա», ասել է թե` ապրանքաշարժ` հումքի աղբյուրից մինչև վերջնական սպառում։ Այն հինգ ձևաչափ է ենթադրում` գնման, արդյունաբերական, բաշխման, տրանսպորտային և տեղեկատվական։ Կարծում եմ, «Լոգիստիկան», այնուամենայնիվ, համալսարանական դասընթաց է։ Եվ տեղին է հիմնել «Լոգիստիկա» առարկայի առանձին ամբիոն։
-Հետագայում որտե՞ղ եք հանդիպում Ձեր նախկին ուսանողներին։
-Տարբեր բնագավառներում։ Ե՛վ հարկային ու մաքսային ծառայություններում են, և՛ տարբեր ֆիրմաներում են աշխատում։ Ոմանք սեփական գործ ունեն։ Եվ պատասխանեմ Ձեր չհնչեցրած հարցին. այո, տնտեսական գիտելիքները գործնականում լուրջ ծառայություն են մատուցում։ Դասավանդման ընթացքում, իհարկե, շատ է պետք գալիս կայացած գործարարի փորձս։ Խոսքս ավելի հեղինակավոր է հնչում։
-Անդրադարձ կատարենք Ձեր մուտքին գործարար աշխարհ։
-Ինձ համար հիանալի դպրոց էր աշխատանքը Հայաստանի նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում։ Խորհրդային տարիներն էին, սակայն մենք էլ որոշակիորեն բիզնեսով էինք զբաղվում` հանրապետությունն ապահովելով բոլոր տեսակի նյութական արժեքներով։ Անկախացումից հետո սկսեցինք սուրճ ներկրել և իրացնել, ձևավորել նախնական կապիտալը և անցնել ավելի լուրջ բնագավառ։ Ի սկզբանե աշխատել եմ խստապահանջ գերմանացիների հետ և երբևէ անվստահություն չեմ զգացել։ Առհասարակ, բիզնեսում չափազանց կարևոր է փոխվստահությունը։ Մի բան, որ մեր իրականությունում երբեմն անտեսվում է։
Զրույցը` Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ