Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իշխանության մարտավարական հաղթանակների և ընդդիմության կիսաքայլերի շրջագծում

Իշխանության մարտավարական հաղթանակների և ընդդիմության կիսաքայլերի շրջագծում
27.02.2009 | 00:00

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հայաստանի հասարակական կյանքն օբյեկտիվ դիտարկելու դեպքում, առնվազն վերջին տարիների կտրվածքով, կարելի է արձանագրել, որ հանրության շահերը ներկայացնելու կոչում ունեցող կազմակերպությունները, որոնք միաժամանակ կարծես պետք է պատասխանատու լինեին քաղաքական դաշտի նորմալ կենսագործունեության համար, այլևս դադարել են բնակչության շահերն արտահայտելուց։ Եվ եթե զուտ հասարակական կազմակերպությունները Հայաստանում միշտ եղել են թույլ, սահմանափակ հնարավորություններով և մտահոգված հիմնականում արտասահմանյան դրամաշնորհների միջոցով գոյատևելու խնդիրներով, ապա կուսակցական համակարգը, գոնե մինչև վերջին տարիները, քիչ թե շատ համապատասխանում էր հիմնական պահանջներին։ Այն է՝ արտահայտել ժողովրդական տրամադրությունները և փորձել իրագործել հասարակության տարբեր խավերի ձգտումները։
Այսօր, սակայն, հարկադրված ենք արձանագրել, որ կուսակցությունները՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, գնալով վերածվեցին մասնավոր շահերի «փակ ակումբների», որոնք գործում են իրենց առաջնորդների և վերնախավի հետաքրքրությունների ուղեծրում միայն։ Նրանք այլևս կտրված են բնակչությունից ու ապագաղափարականացված։ Այդ գործընթացը սկիզբ առավ դեռ Տեր-Պետրոսյանի կառավարումից, ծաղկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք և «հաջողությամբ» շարունակվում է ներկա վարչակազմի ու ընդդիմության գոյության պայմաններում։ Այն փաստը, որ տարբեր գաղափարախոսություններ ունեցող, սակայն իշխանության բարիքներից համատեղ օգտվելու ցանկությամբ մղված կուսակցությունները կարող են կազմել կառավարող կոալիցիա, չափազանց խոսուն է։ Ինչպես նաև ոչ պակաս խոսուն է ընդդիմադիր գործունեության ձևավորումը բացառապես ռևանշիստական ձգտումների շուրջ, ինչի արդյունքում վերջին երկու տասնամյակի հիմնական ձեռքբերումը՝ բազմակուսակցական համակարգը, փաստորեն, դադարում է գոյություն ունենալուց։ Ընդ որում, չարժե իշխանությանը մեղադրել քաղաքական ուժերի մտահորիզոնի հարկադրական սահմանափակման մեջ։ Իշխանությունը, որպես կանոն, մտածում է, որ կառույցների միակամությունը միայն կարող է ապահովել կառավարման արդյունավետությունը։ Այլ բան է, որ կուսակցություններն իրենք են համակերպվում անդեմ ստատիստների դերակատարմանը։
«Վարչական իրավունքը» Հայաստանում դարձել է գերակա, իսկ բիզնեսի շահերը՝ առաջնահերթ։ Համենայն դեպս, դա մի անգամ ևս ապացուցվեց ԲՀԿ-ի վերջին համագումարով, թեպետ մինչև վերջին րոպեն թվում էր, թե այդ կուսակցության «հոգևոր հայր» Ռոբերտ Քոչարյանը չի հրաժարվի հատուկ ելույթով այդ կազմակերպության առաջնորդությունը ստանձնելու մտադրությունից, ինչը, ի դեպ, միակ հնարավորությունն էր վերադառնալու հրապարակային քաղաքականություն։ Սակայն իշխանության կողմից, ամենայն հավանականությամբ, կոմպրոմատների տեսքով նախապատրաստված փաստարկները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմ, ստիպեցին քաղաքականության գործարարներին բավարարվել եղածով։ ԲՀԿ-ի համագումարում Սերժ Սարգսյանի և ԲՀԿ-ականների գլխավոր մրցակից վարչապետի հաղթական ելույթները ոչ միայն ցույց տվեցին, թե ով է տան տերը, այլև այս փուլում վերջնականապես խեղդեցին կառավարող կոալիցիայի ներսի բոլոր «օպորտունիստական» միտումները։
Այլ բան է, որ հասարակությունը հազիվ թե կարող է գոհ լինել նման հանգուցալուծումից։ Այդպիսի մարտավարական հաղթանակները, որոնք ուղղված են ժամանակավոր առումով իշխանության դիրքերի ամրապնդմանը, չեն կարող գոհացնել հասարակությանը, որն սպասում է լուրջ և առարկայական պայքարի ընդդեմ կոռուպցիայի և կրիմինալի։ Մանավանդ որ դա բոլորովին չի նշանակում, թե «ամենաերիտասարդ թոշակառու» Քոչարյանն այլևս մի կողմ է դնելու իր հավակնությունները և դրանց բավարարմանն ուղղված համապատասխան գործողությունները։ Այսինքն, կոալիցիայի այսօրվա «մոնոլիտության» պատրանքը կարող է և շատ ժամանակավոր լինել։ Նախորդ իշխանության կլանային համակարգի և այդ համակարգի արտաքին քաղաքական հովանավորների շահերն իրենց դրսևորումը կարող են ունենալ ցանկացած պահի և ստեղծել հակադրության բոլորովին այլ մակարդակ։ Սա նշանակում է, որ կոալիցիան սկզբունքորեն սպառել է իրեն իբրև քաղաքական կառույց և իբրև կադրային բանկ կառավարության համար։ Այն գնալով ավելի է վերածվում խոստացված ռեֆորմները խոչընդոտող բալաստի, կոալիցիոն կուսակցությունները գնալով ավելի ու ավելի քիչ են արտահայտում բնակչության իրական պահանջները։ Այսպիսով, եթե իշխանությունը մտադիր է գործել ժամանակի պահանջներին, ընտրողների ցանկություններին ու արտաքին քաղաքական մարտահրավերներին համապատասխան, ստիպված է լինելու վաղ թե ուշ հրաժարվել իրեն այլևս սպառած այս կառավարման մեխանիզմից։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա երկար ժամանակ է, ինչ այն գործնականում ներկայացված է մեկ դեմքով՝ Լևոն Տեր-Պետրոսյան գումարած Հայ ազգային կոնգրես։ Սակայն ընդդիմության վերադարձը մեծ քաղաքականություն՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տարելիցի խորապատկերի վրա, բավականին կասկածելի է։ Դժվար է ենթադրել, որ մարտի 1-ին նախատեսվող ընդդիմության միջոցառումները կլինեն ավելին, քան մեկանգամյա ակցիան է։ Հայաստանում նոր «մայդան» կազմակերպելու համար համապատասխան իրավիճակ ստեղծելը բավականին բարդ է։ Ամենից առաջ՝ տեխնիկական պատճառներով։ Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ հենց այս փուլում սկսեցին Ազատության հրապարակը հիմնովին վերակառուցել, դրանով իսկ զրկելով ընդդիմությանը գործունեության նպաստավոր հարթակից։ Դժվար է պատկերացնել, որ Մատենադարանի կամ որևէ այլ հրապարակում հնարավոր կլինի վրաններ խփել, քանի որ դա համախմբող նշանակություն չի ունենա հանրային գիտակցության մեջ, ուստի և արդյունավետ չի լինի։
«Հայք» թերթի հրատարակման կասեցումը՝ տպարանին ունեցած պարտքերի պատճառով, նույնպես վկայում է այն մասին, որ ընդդիմության ֆինանսական ռեսուրսները, այնուհանդերձ, սահմանափակ են։ Եվ թեկուզ որոշ ՀՀՇ գործիչներ այդ հանգամանքը փորձում են հիմնավորել Արարատ Զուրաբյանի «անփութությամբ», այնուհանդերձ փաստ է, որ գարնանային զարգացումների շեմին այդպիսի մի կարևոր խոսափողի կորուստն ավելի լուրջ պատճառներ ունի, քան ներկուսակցական անհամաձայնությունները կամ քաշքշուկը։ Բացի այդ, արմատական ընդդիմադիր շարժումը Հայաստանում այսօր գործնականում չունի արտաքին աջակցություն ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ Արևմուտքից։ Երկու ուժային կենտրոններն էլ գոնե առայժմ մտադիր չեն օժանդակել իշխանափոխության որևէ գործընթացի, քանզի Հայաստանի իշխանություններն առայժմ կարողանում են համարժեք հավասարակշռություն ապահովել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի դաշտում։ Արտաքին աջակցության առկայության մասին կոնգրեսի շրջանակներից հնչող հայտարարություններն այս փուլում կասկածելի են։ Լավագույն դեպքում, եթե անգամ դա կա, ապա ավելի շատ Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ ունի։
Եվ ամենակարևորը. հասարակության մեջ ակնհայտորեն նկատվում է հեղափոխական տրամադրությունների անկում, մասնավորապես, ընդդիմության առաջ քաշած կարգախոսների շուրջ։ Հանրությունն իր մեծամասնության մեջ ավելի շատ մտահոգ է գոյատևման խնդիրներով։ Եվ եթե իշխանությունը բավականաչափ խելացի գտնվի ու մարտի 1-ի միջոցառումներին չխոչընդոտելով նոր հակադրության ալիք չստեղծի, ապա դրանք կկրեն բավականին սահմանափակ բնույթ։ Հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է լուծումներ առաջարկի հասարակության համար ամենացավագին հարցերում. գների բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական ճգնաժամի իրական ելքեր։ Հասկանալի է, որ Հայ ազգային կոնգրեսի նման լիբերալ ուժի համար ինքնին դժվար է լինելու գլխավորել սոցիալական ընդվզումը։ Մինչդեռ բոլոր տնտեսական խնդիրներին զուգահեռ՝ կարևոր քաղաքական հարցի կարող էր վերածվել ռուսական գազի թանկացման փաստը, եթե ընդդիմությունը դրա ցանկությունն ունենար։ Որովհետև հասկանալի չէ, թե Մոսկվան, իր «ֆորպոստի» համար գազի գները բարձրացնելով, ինչպե՞ս է կարողանում 20 տոկոսով այն իջեցնել Թուրքիայի համար։ Եվ արդյոք արժե՞, որ Հայաստանը շարունակի գազ ձեռք բերել Ռուսաստանից, երբ կողքին կա Իրան՝ ահռելի և անհամեմատ էժան ռեսուրսներով։ Հասկանալի է, որ օրվա իշխանությունները, Կրեմլի հետ հարաբերություններից ելնելով, չեն կարող հանդես գալ նման հարցադրմամբ։ Բայց այս թեման սկզբունքորեն փակ էր նաև կոնգրեսի համար, ինչը լիովին համապատասխանում է նրա առաջնորդի հեղինակությանը։ Ընդդիմությունը չի ցանկանում ռիսկի դիմել և զարգացնել այս թեման՝ նախընտրելով Մոսկվայի կասկածելի դրական վերաբերմունքն ու լավագույն դեպքում քննադատության թիրախ կդարձնի միայն հայաստանյան իշխանություններին։ Իսկ կիսատ ճշմարտությունները, գործողություններն ու որոշումները որևէ քաղաքական ուժի երբևէ չեն հասցրել ցանկալի հանգրվանի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2999

Մեկնաբանություններ