«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԴԱՍԱԿԱՆ» ԻՐԱՎԻՃԱԿ

«ԴԱՍԱԿԱՆ» ԻՐԱՎԻՃԱԿ
08.11.2011 | 00:00

Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ներկայության և Ռուսաստանի նահանջի սկզբից ևեթ զգացվում էին այդ տարածաշրջանում երկու տերությունների անվստահությունն ու որոշ զգուշավորությունը։ Ամերիկացի փորձագետներն ու քաղնախագծողներն արդեն 90-ականների կեսերին նախազգուշացնում էին, որ ԱՄՆ-ի ուշացող գործողությունների պարագայում տարածաշրջանը կարող է դուրս մղվել նրա ազդեցության գոտուց։ Ընդ որում, առաջարկվում էին Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ներկայության ընդլայնման մի շարք ծրագրեր, այդ թվում նաև տնտեսական նախագծեր։ 2000-ականների սկզբներին Վաշինգտոնի Ջոն Հոփքինսի անվան համալսարանին առընթեր Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի ղեկավարներ Ֆրեդերիկ Սթարը և Չառլզ Ֆարբենքսը լուրջ երկյուղներ էին հայտնում այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի պասիվության առթիվ։ Ջ. Բուշի վարչակազմի Սպիտակ տուն գալուց հետո, որտեղ առաջնային դերակատարություն ունեին նեոպահպանողականները, այդ ինստիտուտում մեծացան ԱՄՆ-ի դիրքորոշման հնարավորինս արագ փոփոխման հույսերը, ինչը, թերևս, պայմանավորված էր ոչ թե վարչակազմից ստացվող իրական ազդանշաններով, այլ նեոպահպանողականների, նախ և առաջ, Փոլ Վուլֆովիցի հետ Չ. Ֆարբենքսի դիրքորոշման գաղափարախոսական զուգադիպություններով։ Իրականում հանրապետական վարչակազմը ոչ մի նախաձեռնություն հանդես չբերեց «սեպտեմբերի 11-ի» իրադարձությունների առնչությամբ և տարածաշրջանում ռազմական հենակետերի ստեղծմանը ձեռնամուխ եղավ Աֆղանստանի խնդիրների ծագման կապակցությամբ միայն։ Դրա հետ մեկտեղ, կենտրոնասիական հաղորդուղիների հարցում ԱՄՆ-ի շահագրգռության և այստեղ նրա ռազմական ներկայության առկայության պարագայում տարածաշրջանում ամերիկյան քաղաքական, առավել ևս տնտեսական ներկայությունն այնքան էլ նշանակալի չէր։ Պարզվեց, որ գործ ունենք աշխարհաքաղաքական «դասական» իրավիճակի հետ, երբ օվկիանոսային տերությունների համար ծայրաստիճան անհարմար է գործունեություն ծավալել օվկիանոսի առափնյա գծից մեծ հեռավորության վրա։ Ինչ վերաբերում է տնտեսական շահերին, ապա ԱՄՆ-ը, փաստորեն, բացահայտ հայտարարել էր, որ այդպիսիք ինքը Կենտրոնական Ասիայում չունի։ Ապա ծնվեց Ջ. Բուշի «դոկտրինը» Կենտրոնական և Հարավային Ասիայի միակցության, ավելի ստույգ, դեպի Հնդկաստան Կենտրոնական Ասիայի էներգետիկ և հումքային պաշարների վերակողմնորոշման առնչությամբ (Եվրասիայի և այլ ուղղություններով Չինաստանի նվաճողամտության առկայության պայմաններում Հնդկաստանը դարձել է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը)։ Դրա հետ մեկտեղ, այդ ծրագրերն էլ սնանկ դուրս եկան այդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նման իրավիճակում։ ԱՄՆ-ը, փաստորեն, արդեն չի վախենում ռուսական ազդեցության ուժեղացումից և հնարավոր է, որ որոշ չափով գոհ կլիներ ռուսական նվաճողական ձգտումների հնարավոր իրականացումից, քանի որ «գլխավոր» հակառակորդ է համարում միայն Չինաստանը։ Ռուսաստանն այդպես էլ դեռևս չի նշել իր գերակայությունները ո՛չ էներգետիկ, ո՛չ հումքային ոլորտում և իր ստորագրությունն է դրել կապիտուլյացիայի տակ, ընդ որում, ոչ թե ԱՄՆ-ի, այլ նույն Չինաստանի առջև, նրան զիջելով Կենտրոնական Ասիան, գուցե դա ընկալելով ԱՄՆ-ի ներկայության ուժեղացման համեմատ փոքր-ինչ ավելի տանելի տարբերակով։ Ամերիկացի և ռուս փորձագետների հետ շփումները հնարավորություն կտային հանգելու այն հետևությանը, որ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի համար Կենտրոնական Ասիան սեփական ուժերից վեր տարածաշրջան է։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը զբաղված էին կենսականորեն կարևոր այլ խնդիրներով, որոնք հսկայական ծախսեր էին պահանջում։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամն է՛լ ավելի նվազեցրեց այդ տարածաշրջանում խարիսխ գցելու նրանց ցանկությունը։ Մեծ հաշվով, Ռուսաստանին և ԱՄՆ-ին Կենտրոնական Ասիայի բնական պաշարները պետք չեն, իսկ դրանք աշխարհաքաղաքական շահերի համար օգտագործելը, զանազան հակաշահերի առկայության պայմաններում, ավելի քան բարդ խնդիր է անգամ Եվրասիայում առանձնահատուկ դերի հավակնող խոշոր տերությունների համար։ Տարածաշրջանի բնական պաշարներն ավելի շատ պետք են Չինաստանին, և այդ գործոնը շատ բան է վճռել ուժերի ու շահերի ներկա հարաբերակցության պայմաններում։
ԱՄՆ-ի առաջատար «մտավոր կենտրոնի»` «Council On Foreign Relakions»-ի կայքում հրապարակվել է կենտրոնի առաջատար մասնագետ Էվան Ֆեյդենբաումի բազմանշանակ հոդվածը` Կենտրոնական Ասիայի խնդիրներով չզբաղվող «Project 2049 Institute»-ի ոչ կառավարական վերլուծական կենտրոնի նախապատրաստած վերլուծական լուրջ նյութի շարադրանքով։ Հեղինակը պարզաբանում է, որ այդ մշակումը կատարված է մեծ մասամբ իր մասնակցությամբ, նախագահ Ջ. Բուշի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեջի ղեկավարությամբ։ Մասնակից են եղել նաև մի շարք նախկին դիվանագետներ, զինվորական մասնագետներ։ Այդ աշխատանքում շարադրվում են Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության հնարքներն ու մոտեցումները։ Հրապարակված տեքստին ծանոթանալով համոզվում ես, որ ԱՄՆ-ն ամենևին ընդունակ չէ գործուն քաղաքականություն վարելու այդ տարածաշրջանում և ոչ էլ քողարկելու իր անգործությունն ու անկարողությունը։ Որքան էլ բազմապիսի լինեն նյութի պարունակած առաջարկները, ամեն ինչ հանգեցվում է մի շատ հնամաշ ու իր նշանակությամբ միանգամայն ոչ գործնական գաղափարի, այն է` ԱՄՆ-ը պետք է Կենտրոնական Ասիայի առնչությամբ շեշտը դնի ոչ այնքան Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Թուրքիայի ու Եվրամիության հետ հարաբերությունների, որքան այդ տարածաշրջանի պետությունների վրա։ Բացի այդ մտքից, հոդվածում արծարծվում է նաև մեկ ուրիշը` Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության ուժեղացումը։ Այսինքն, անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը շահագրգիռ արտաքին գործընկերների` Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ (Ռուսաստանը, ասես, դուրս է մնում այդ գործընկերների ցանկից, սակայն ակնարկվում է, որ նրա համար էլ տեղ կճարվի Չինաստանին լայն դիմակայության ճակատում)։
Ըստ էության, այդ վերլուծության մեջ ոչ մի նոր բան, ասես, չկա, սակայն, անկասկած, ամերիկացի մտավորականները ջանում են վարչակազմի ուշադրությունը հրավիրել տարածաշրջանային այդ խնդրի վրա, որը, ժամանակի ընթացքում, ԱՄՆ-ի համար շատ ցավագին կարող է դառնալ։ Իրականում հազիվ թե որևէ լուրջ փորձագիտական խումբ ավելի նպաստավոր ակնկալիք կանխատեսեր` Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ներկայության մեծացման առումով։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ ներկայումս ԱՄՆ-ը բավական մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և ընդունվող որոշումների վրա` լինելով ռազմական ներկայության առաջատար։ Բայց եթե այդ վիճակը կարող էր բավարար լինել այլ պետությունների պարագայում, օրինակ, Ռուսաստանի և Չինաստանի, ապա ԱՄՆ-ի համար ներգործության ներկա մակարդակը անթույլատրելիորեն ցածր է։ Արևմուտքի երկրներում աշխատող չինական ծագմամբ փորձագետների հետ շփումն օգնում է հասկանալու որոշ հանգամանքներ` վերջին քսանամյակում այդ տարածաշրջանում ունեցած ԱՄՆ-ի նկատառումների առնչությամբ։ Միանգամայն հնարավոր է ենթադրել, որ ԱՄՆ-ը հուսով էր, թե կկարողանա տարածաշրջանի պետություններին շահագրգռել արևմտյան ուղղությամբ էներգետիկ հաղորդուղիների զարգացմամբ, քանի որ այդ պետությունները պատրաստ չեն այդքան արագ տեմպերով զարգացնելու չինամետ աշխարհատնտեսական ուղղությունը։ Կան այլ ենթադրություններ ևս։ Թերևս, ԱՄՆ-ն ակնկալել է այլ սցենարների խաղարկում, երբ տարածաշրջանում կխորանան միջպետական և ազգային քաղաքական հակամարտությունները։ Բայց այդ բանը տեղի չունեցավ, և ազգային քաղաքական հավակնություններից շատ հեռու տեղական վերնախավերը նախընտրեցին ավելի շուտ չհամաձայնեցված գործողությունները, քան շահերի ու ձգտումների քննադատական դրսևորումը։ Այդ պետություններն անընդունակ են տևական և կոշտ առճակատման քաղաքականություն վարելու միմյանց նկատմամբ, և, չնայած արտաքին առաջարկներին, շտապեցին էական եկամուտներ ստանալ։ Հարկ է նշել նաև, որ գործընկերների հետ հարաբերությունների առնչությամբ ԱՄՆ-ի պատկերացումներին հակառակ, հենց տարածաշրջանում Եվրոպայի և Հեռավոր Արևելքի զարգացած պետությունների, ինչպես նաև որոշ արաբական երկրների տնտեսական շահերի առկայությունն է այդ երկրների վերնախավերին հնարավորություն ընձեռել ընտրություն կատարելու զարգացման առաջարկվող ծրագրերի միջև։ Թուրքիան և Իրանը, չնայած տարածաշրջանում նրանց ներկայության նշանակալիությանը, այդուամենայնիվ, չկարողացան ստեղծել տնտեսական և քաղաքական շահերի զուգորդման փոքրիշատե արդյունավետ համակարգ։
Ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ Կենտրոնական Ասիայում ձևավորվում է աշխարհատնտեսական զարգացման ինչ-որ մոդել, որը գերիշխող դեր է ենթադրում Չինաստանի համար, ընդ որում, բոլոր առաջատար ճյուղերում, էներգետիկայի, հաղորդուղիների ասպարեզում, հանքային հումքատեսակների մշակման, ջրային տնտեսության, գյուղատնտեսական հատվածում։ Նկատելի է Գերմանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, հնարավոր է Ռուսաստանի դերը, բայց նրանց ներկայությունը կտարածվի ոչ թե ունիվերսալ կարգով, այլ նշանակություն կունենա առանձին ճյուղերում ու ոլորտներում, ԱՄՆ-ի տնտեսական դերը կիջեցվի նվազագույնի, եթե Վաշինգտոնը փորձի միջամտել աշխարհատնտեսական գործերին ու որոշումների կայացմանը, և դա հույսով ու մեծ բավականությամբ կընդունվի տարածաշրջանի պետությունների կողմից։ Կառավարող վերնախավերը, ինչպես ներկայումս, բոլոր վտանգների շարքում ամենամեծը կհամարեն Չինաստանի նվաճողական նկրտումները և կփորձեն խույս տալ այդ երկրի ազդեցությունից` օգտագործելով նրա հետ հարաբերությունների զարգացումը նախ և առաջ նավթի-գազի և հումքի ոլորտներում, որպեսզի Արևմտյան ընկերակցությանը ցույց տան իրենց առավելությունները։ Դրա հետ մեկտեղ, հազիվ թե Արևմուտքի և Հեռավոր Արևելքի մասնակցությունն այնքան վճռորոշ լինի, որ տարածաշրջանի պետություններին զգալի հնարավորություն ընձեռի դիմակայելու Չինաստանի նվաճողամտությանը։ Չինաստանի ծառայություններն ու նախաձեռնություններն այնքան արդյունավետ են, շահավետ ու ընկալելի, որ իրենց նպատակին են հասնում շատ ավելի սեղմ ժամկետներում։ Այս ամենը կարելի է անվանել տնտեսական նոր ոճ։ Առայժմ Չինաստանը շատ կոռեկտ քաղաքականություն է վարում և, անկասկած, ապագայում էլ նման քաղաքականություն կվարի։ Բացի այդ, Չինաստանն ամենևին էլ որևէ պահանջ չի առաջադրում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես վարվում են Արևմուտքի պետությունները, ինչը լրջորեն նյարդայնացնում է տեղի վերնախավերին։
Ըստ էության, Կենտրոնական Ասիան դառնում է Չինաստանի կենսապահովման կարևորագույն գոտիներից մեկը, և անտարակույս, չինական պետական փաստաթղթերում դիտարկվում որպես ազգային շահերի գոտի։ Ամերիկյան օրենսդիրներն ու հասարակական վերնախավը չեն կարող այդ խնդիրն անընդհատ թողնել հրապարակային կամ պրոֆեսիոնալ բանավեճի կուլիսներում, երբ ԱՄՆ-ի ցանկացած վարչակազմ ստիպված կլինի վերստին իմաստավորել տարածաշրջանում իր քաղաքականության խնդիրը։
Այն բանից հետո, երբ «Միջին Ասիա» տերմինը մի տեսակ աննկատ դուրս մղվեց ժամանակակից քաղաքական բառապաշարից և ասպարեզ եկավ նոր` «Կենտրոնական Ասիա» տերմինը, փորձեցին այդ աշխարհաձևաչափի մեջ տեղավորել ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլև Կովկասը։ Ըստ երևույթին, մտադրություն է եղել «ընդհանրացնելու» և ընդհանուր հայտարարի բերելու երկու տարածաշրջանների զարգացման օրինաչափությունները։ Այնուհետև պարզվեց, որ դա անիմաստ է, քանզի այդ տարածաշրջանները միանգամայն տարբեր են իրենց էական հատկանիշներով։ Դրանք միջազգային քաղաքականության մեջ դիտարկվում են իրարից խիստ անջատ, Հարավային Կովկասը համարվում է Եվրոպա` որպես լուսանցքային գոտի, մինչդեռ Կենտրոնական Ասիան քաղաքակրթական և աշխարհաքաղաքական միանգամայն այլ հատկանիշներով է գնահատվում։ Այդ աշխարհագրական հասկացության մեջ ընդգրկվեց նաև Աֆղանստանը, և տարածաշրջանը, աշխարհաքաղաքական իմաստով, նոր բնութագիր ստացավ։ Դրա հետ մեկտեղ, Հարավային Կովկասի քաղաքական և աշխարհաքաղաքական ճակատագիրը մեծապես շարունակում է կախման մեջ մնալ Կենտրոնական Ասիայից։ Միանգամայն ակնհայտ է, որ Հարավային Կովկասի միջազգային նշանակությունը, նախ և առաջ աշխարհառազմավարական իմաստով, լիովին կապակցված է Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող գործընթացների և իրադարձությունների հետ։ Զուգահեռաբար տեղի են ունենում տարբեր գործընթացներ, որոնք ներգործում են տվյալ իրադրության վրա։ Նախ, նվազել է, ըստ էության, հենց Հարավային Կովկասի նավթի ու գազի համալիրի նշանակությունը, ապաքաղաքականացել է էներգահաղորդուղիների համակարգը։ Ներկայումս, տևական քննարկումներից հետո, Թուրքմենստանը ձեռնամուխ է եղել անդրկասպյան գազամուղի կառուցմանը (ծրագրվում է անցկացնել Կասպից ծովով, Ադրբեջանով և Վրաստանով դեպի Թուրքիա), որպես «Նաբուկո» նախագծի համար գազի ապահովման կարևոր երակի, որն իրականացվում է ԱՄՆ-ի և Եվրամիության եռանդուն մասնակցությամբ։ Դա ինչ-որ չափով կբարձրացնի Հարավային Կովկասի դերը, բայց չի հանգեցնի տարածաշրջանի արմատական փոփոխությանը։ Բացի այդ, բնական գազի պաշարները Թուրքմենստանում և ՈՒզբեկստանում այնքան մեծ են, որ Չինաստանը չի կարող սահմանափակվել Կենտրոնական Ասիայից ներկայումս ստացվող գազի ներկա ծավալներով և կմեծացնի ներմուծումը։ Թուրքմենստանը, մասամբ և ՈՒզբեկստանը, շատ շահեկան դիրք ձեռք բերեց, երբ կարողացավ ռազմավարական բնույթի այլընտրանքային լուծման հնարավորություն ստանալ գազի արտահանության ձևով։ Բացի այդ, պետք է նշել, որ «Նաբուկո» գազամուղը, իր ամբողջ կարևորությամբ հանդերձ, այնքան էլ խոշոր նախագիծ չէ, իսկ Ռուսաստանի առաջարկած այլընտրանքային գազամուղները կրկնապատիկ հզոր են և ռեսուրսով ապահովված։ Միաժամանակ, ԱՄՆ-ը դարձյալ ձգտում է էներգետիկայի ոլորտում Կենտրոնական Ասիան միացնել Հնդկաստանի, հիմա նաև` Աֆղանստանի հետ։ Թուրքմենստանը, ուր իշխանության գլուխ կանգնած են բավականին կրթված ու տաղանդավոր մարդիկ, վարում է բազմավեկտոր գործուն քաղաքականություն, և դա դեռևս չի հակասում Չինաստանի շահերին, որի համար շարունակում են նոր հեռանկարներ բացվել տարածաշրջանի տնտեսական յուրացման առումով։ Այս Էներգահաղորդման նախագծերը դեռևս չեն վկայում ամերիկացիների ինչ-որ վճռական հաղթանակի մասին, բայց, այսպես թե այնպես, արդեն անհնար է խոսել նաև ԱՄՆ-ի լիակատար ռազմավարական պարտության մասին։
Նախկինում, ասենք 1990-ական կամ 2000-ական թվականներին, բազմավեկտորությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ առավել կողմնորոշում դեպի ԱՄՆ Արևելյան Եվրոպայի, Ասիայի փոքր ու միջին պետությունների, որոնք պատշաճն են մատուցում մյուս «ուժի կենտրոններին» և առաջատար տերություններին։ Ինչ իրավիճակ կլինի տեսանելի ապագայում, դժվար է գուշակել, և իմաստ էլ չունի, քանի որ համաշխարհային միտումներն ակնհայտ են։ Կենտրոնական Ասիայի պետությունների արտաքին քաղաքականության հրամայականը մնում է չինական լայնածավալ սպառնալիքի գոյությունը, և ոչ պակաս լուրջ սպառնալիքը Պակիստանի և Աֆղանստանի կողմից։ Ընդ որում, կան նաև ներքին սպառնալիքներ։ Այսպիսով, տարածաշրջանի անվտագությունը կարող են ապահովել միայն ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Երկուսն էլ և՛ ուժեղ, և՛ շատ խոցելի դիրքեր ունեն Կենտրոնական Ասիայում։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականության մեջ շատ խնդիրներ կլուծվեն, եթե նրանք կարողանան համաձայնության գալ տարածաշրջանային քաղաքականության որոշ հարցերի շուրջ, բայց առայժմ երկուսն էլ, իրարից անկախ, ձգտում են հասնել գերիշխող դիրքերի։ Ավելի շուտ, տարածաշրջանային այդ խաղը կշարունակվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի մերձեցման միտումների, չինական և Պակիստանի իսլամական սպառնալիքների առկայության պայմաններում։ Միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի որոշակի զիջումների պայմաններում Իրանը կարող էր միանալ Կենտրոնական Ասիայի առնչությամբ մասնակի պայմանավորվածությունների։ Բոլոր դեպքերում, Հարավային Կովկասի պետությունները պետք է ծանրութեթև անեն իրենց հեռանկարները` նկատի ունենալով Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող իրադարձությունների կարևորությունը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ