«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՆԸ ՎՃՌՈՐՈՇ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՆԸ ՎՃՌՈՐՈՇ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
09.12.2011 | 00:00

Ալբանական Կոսովոյի ինքնիշխանության ճանաչումից ի վեր տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններից հետո հասկանալի դարձավ, որ Ռուսաստանը շատ սխալ դիրք էր գրավել Բալկաններում։ Բանն անգամ այն չէ, որ Ռուսաստանը ո՛չ տասը տարի առաջ, ո՛չ էլ հիմա անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական ռեսուրսներ չունի այդ շրջանում ավելի վստահ քաղաքականություն վարելու համար։ Ռուսաստանի քաղաքականությունը ժամանակավրեպ է եղել և կարևորել է այն պետությունները, որոնք ավանդաբար նրա դաշնակիցներն են համարվել, ինչն արդի պայմաններում միանգամայն անհեթեթ ու անիմաստ է։
Ալբանական Կոսովոյի քաղաքական հեռանկարի առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումն անսպասելի չէր։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը պետք է արձագանքեր այն գործընթացին, որը կանխորոշված է աշխարհի հզորագույն ամերիկա-բրիտանական քաղաքական խմբավորման աշխարհաքաղաքական շահերով։ Բալկանյան համընդհանուր ճգնաժամի ծավալման հենց սկզբից, որում ներգրավված էին բոլոր առաջատար պետություններն ու ուժի կենտրոնները, պարզ դարձավ, որ Բալկանները դառնալու է Մեծ Բրիտանիայի (ԱՄՆ-ի աջակցությամբ) և ֆրանս-գերմանական բլոկի ու Վատիկանի տևական պայքարի ասպարեզ։ Այդ պայքարում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ իսլամական միջազգային կազմակերպությունները չկարողացան վճռական տեղ գրավել։ Հերթական անգամ համաշխարհային փորձագիտական ընկերակցությունը չկարողացավ ըստ արժանվույն գնահատել բրիտանական և գերմանական աշխարհաքաղաքական հավակնությունները։ Մեծ Բրիտանիան խնդիր էր առաջադրել թույլ չտալ Գերմանիային վերահսկողություն հաստատելու աշխարհատնտեսական կարևորագույն ուղղությունների նկատմամբ։ Գերմանիան, որը ճեղքում կատարելով, ճանաչելով Հորվաթիան ու Սլովենիան, հանդես էր գալիս Վատիկանի հետ համատեղ, կարողացավ որոշ չափով ընդլայնել ազդեցությունը Կենտրոնական Եվրոպայում, սակայն այդպես էլ մնաց տարածաշրջանային մակրոտերություն, բայց ոչ երբեք` համաշխարհային։ Ֆրանսիան իր հերթին չկարողացավ հստակորեն սահմանել սեփական շահերն ու ռազմավարությունը Բալկաններում, բավարարվելով իր գլխավոր գործընկեր Գերմանիայի «չափավոր հաջողությամբ»։ Հենց այդ ռազմավարությունների զարգացման հիմքի վրա էլ տեղի էր ունենում հակամարտության սրումը Բոսնիայում, Կոսովոյում ու Մակեդոնիայում։
Ալբանական Կոսովոյի անկախացումը տարածաշրջանում բրիտանա-ամերիկյան ռազմավարության հաստատման կարևոր տարր է։ Կոսովոն դարձել է բրիտանական քաղգործիչների դեմ մայրցամաքային Եվրոպայի ամբողջ ընկերակցության պայքարի, ինչպես նաև այդ տարածաշրջանի առաջատար պետությունների միջև բավականին կոշտ, քողարկված քաղաքական պայքարի ասպարեզ։ Ընդ որում, աշխարհաքաղաքական այդ պայքարը զուգակցվում է գաղափարախոսական պայքարի հետ` ազատական և կաթոլիկ Եվրոպան հակադրված է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության և ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության աջ-պահպանողական գաղափարախոսությանը։ Իհարկե, այսքան ընդհանրական գնահատականը պատկերացում չի տալիս քաղաքական այդ գործընթացի իրական մասնակիցների մասին, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում ազատականներ-պահպանողականներ սխեմայի մեջ, բայց գաղափարախոսական բովանդակությունը, այնուամենայնիվ, տեղ ունի։ Եթե պայմանականորեն ձևակերպենք` Կոսովոյի անկախացման «հովանավորուհին» նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրետ Թետչերն է։
Ռուսաստանը բալկանյան ճգնաժամը դիմավորեց կիսափլուզված վիճակում և Չեչնիայի հետ պատերազմի պայմաններում, իսկ եթե հաշվի առնենք, որ «բալկանյան» և «կովկասյան» նախագծերի հեղինակները նույն քաղաքական գործիչներն էին, կարելի է պատկերացնել, թե այդ և մյուս զուգընթաց ճգնաժամերն ինչ դրդապատճառ և ինչ հերթականություն են ունեցել։ Բայց բալկանյան ճգնաժամի ծավալման շրջանում Ռուսաստանի գլխավոր դժվարությունն արտաքին քաղաքականության նախագծման ոլորտում գրագետ քաղգործիչների բացակայությունն էր։ Հայրենասիրական վերելքի գագաթնակետը եղավ ինքնաթիռի վերադարձը Ատլանտիկայի երկնքից, բայց կրկեսային այդ հնարքները պետք չէ վերագրել անցյալին. քանի դեռ ողջ է Եվգենի Պրիմակովը, հնարավոր է Ռուսաստանի ցանկացած դաշնակցի հանձնում։
Ռուսաստանը, որ փորձում է հարձակման անցնել արտքաղաքական ամբողջ ճակատով, Կոսովոյի հարցում, ըստ էության, ավարտին է հասցնում արդեն տանուլ տվածը։ Անհնար էր մտածել ավելի «պրիմակովյան» բան, քան Ռուսաստանի արտահայտած դիրքորոշումը։ Կոսովյան խնդիրն ունի իր առանձնահատուկ քաղաքական տրամաբանությունը և նախագծային ապահովումը, ինչը Ռուսաստանին թույլ չի տա օգտվել համաշխարհային քաղաքականության այդ կցույթից։ Ալբանական Կոսովոն, որպես անկախ պետություն, կճանաչվի, և Ռուսաստանը նորից կհայտնվի երկիմաստ կացության մեջ։ Մատնանշելով իր դիրքորոշումը Կոսովոյի առնչությամբ, Ռուսաստանը ձգտում է համախմբվել մայրցամաքային Եվրոպայի պետությունների հետ, որոնք անսքող կերպով կասկածի են ենթարկում այդ նախագծի նպատակահարմարությունը։ Եվրոպացիները խիստ զգուշանում են իրադարձությունների նման զարգացումից, ենթադրելով, որ ապագայում կարող են խնդիրներ առաջանալ։ Դժվար չէ հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում ԵԽԽՎ կանոնավոր բանաձևերը ղարաբաղյան խնդրի առնչությամբ։ Դրանք շատ են հիշեցնում ԽՄԿԿ կենտկոմի ու քաղբյուրոյի որոշումները Ղարաբաղի վերաբերյալ։ Բայց թե ինչ վախճան ունեցան այդ մարմինները, քաջ հայտնի է։ Եվրոպացիներն ամեն գնով ուզում են պահպանել տարածքային ամբողջականության գաղութային անհույս «սկզբունքը»։ Հետաքրքրություն է ներկայացնում Եվրախորհրդարանի վերջին որոշումը ղարաբաղյան խնդրի առնչությամբ, որը ներառում է թե՛ «տարածքային ամբողջականություն», թե՛ «ազգային փոքրամասնությունների իրավունքներ» ձևակերպումները։
Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը։ Իրենց սվիններով Կոսովոյի ալբանացիներին ազատություն շնորհած ամերիկացիները երկիմաստ վիճակի մեջ են։ Նրանք հասկանում են, որ եթե Կոսովոյին անկախություն չտրվեր, ապա իրենք ստիպված պիտի լինեին մի ամբողջ հավերժություն զբաղվելու տարածաշրջանի անվտանգության ապահովմամբ։ Եվրոպացիները գոհունակությամբ կընդունեին հերթական հակամարտությունը, միայն թե ատելի անկախացման որոշում չկայացվեր։ ԱՄՆ-ը հարկադրված է խուսավարելու «իրական քաղաքականության» և եվրոպական ատելության սկզբունքների միջև։ ԱՄՆ-ը վաղուց էր պատրաստ ճանաչելու ոչ միայն Կոսովոյի, այլև Հյուսիսային Կիպրոսի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, եթե եվրոպական քաղաքական գիտակցության կաթվածահարումը չլիներ։ Տվյալ պայմաններում Ռուսաստանը, վճռելով դիմակայել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը, առաջադրեց չճանաչված պետությունների անկախության ճանաչման տարամոտեցում (ունիվերսալ) սկզբունքը։
Ռուսաստանը Սերբիան համարում է դաշնակից պետություն, բայց նման դաշնակից չունի. դաշնակիցների թվում չէ նաև Բուլղարիան։ Սերբերի դաշնակցային բոլոր պատրանքները ի դերև ելան դարերի սահմանակցույթում։ Ինձ վիճակվել է Սերբիայում և Կոսովոյում լինել այդ երկրների ժողովուրդների համար ամենածանր օրերին և կարող եմ գնահատել Ռուսաստանի հանդեպ եղած տրամադրություններն ու հայացքները։ Պետք է ասել, որ սերբական համայնքում միշտ էլ ուժեղ են եղել ոչ միայն ռուսամետ, այլև ֆրանսամետ, բրիտանամետ տրամադրությունները։ Այս և մոսկովյան «սալոնի» համար այնքան արտասովոր ուրիշ շատ բաներ է նշել ականավոր քաղաքագետ և Կոստանդնուպոլսում լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Լեոնտևը 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ռուսաստանը 19-րդ դարում շատ թանկ վճարեց Բալկաններում ու Կովկասում դաշնակիցներ ձեռք բերելու համար, բայց, ինչպես երևում է, նա ստիպված է դաշնակիցների նոր բլոկ կազմելու, ինչը 20-րդ դարում բոլշևիզմի կեղծ ունիվերսալիզմի վճարը կլինի։ Ամենացնցողն այն է, որ Ռուսաստանը որոշել է վերակենդանացնել իր քաղաքական ներկայությունը Բալկաններում և կայունացնել դիրքերը նախկին խորհրդային տարածաշրջանում` Եվրոպայի հետ ալյանս կազմելու միջոցով, ընդ որում` ԱՄՆ-ի դեմ ուղղված ալյանս։ Այստեղ կարող է շփոթ առաջանալ ամերիկյան ու բրիտանական քաղաքականությունը որպես միասնական բլոկի քաղաքականություն դիտարկելու առումով։ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը մի առանձնահատուկ բան է. այն ևս կարող է Ռուսաստանի գործընկերը դառնալ, եթե վերջինս հաստատակամություն հանդես բերի։ Բայց ԱՄՆ-ի քաղաքականությունը տարբերվում է բրիտանականից, այդ թվում` պետական սահմանների և աշխարհաքաղաքական կառուցվածքի հնարավոր ճշգրտման առումով։ Ռուսաստանը չի կարող Արևմուտքում դաշնակիցներ ու գործընկերներ գտնելու հույսեր փայփայել` լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ, բայց եթե դիտարկենք շատ թե քիչ շահագրգիռ տերությունները, ապա եվրոպական պետություններն ու առհասարակ եվրոպական ընկերակցությունը պետք է լիովին բացառել։
Իրականում Ռուսաստանը բախվել է իր համար սկզբունքային ու առանցքային մի խնդրի` արտաքին քաղաքականության մեջ զուգակշռության սկզբունքի և գերակայության միջև ընտրություն կատարելու խնդրին։ Անգամ ԽՍՀՄ-ը չէր կարող միանգամայն ունիվերսալ կարգով զուգակշռության քաղաքականություն վարել տարածաշրջանային հակամարտությունների պարագայում։ Ռուսաստանի համար զուգակշռության սկզբունքն ուղղակի ուժերից վեր է։ Անգամ ԱՄՆ-ն է հրաժարվել այդ սկզբունքից և դրանից միայն շահում է։ Մեծ Բրիտանիան միշտ «առանձնակի համակրանք» է ունեցել որոշ պետությունների նկատմամբ, իսկ «մշտական դաշնակիցների ու շահերի» վերաբերյալ լորդ Պալմերսթոնի սկզբունքը պարզապես բրիտանացի ազնվականի կատակ է։ Եթե Ռուսաստանը ձգտում է վերադարձնել իր դիրքերը գոնե նախկին խորհրդային տարածությունում, ապա նա պետք է հրաժեշտ տա զուգակշռության սկզբունքին և շեշտը դնի համակարգող կողմերից որևէ մեկի վրա` որպես նախապատվելի գործընկերոջ։ Ծայրահեղ դեպքում, կարելի է վարել հակամարտող բոլոր կողմերի հետ հարաբերությունները չփչացնելու քաղաքականություն, սակայն մնալով կողմերից որևէ մեկի հետ առանձնակի հարաբերությունների շրջանակներում։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի արդի քաղաքական վերնախավը, ինչպես երբեք, մոտ է արտաքին քաղաքականության մեջ այդ մոտեցման ըմբռնմանը։ Բայց ինչ-որ մեկը, մի ինչ-որ ամենահաս ձեռք Ռուսաստանը տանում է կեղծ մեծատերության ուղիով, որը սնանկացման կհասցնի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։ Կոսովոյի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ռուսական քաղաքականության մեջ առկա հենց այդ մոտեցմանն է պատկանում։ ՈՒնիվերսալիզմին ապավինելը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը չի կարողանա նոր դաշնակիցներ ձեռք բերել, հներին էլ կկորցնի։
Ռուսաստանը երբեք միայն ռուսներինը չի եղել, և պատահական չէ, որ պատմության տարբեր ժամանակահատվածներում շատ ժողովուրդների ներկայացուցիչներ են ոտքի ելել փրկելու Ռուսաստանը։ Հիմա Ռուսաստանի քաղաքականությունը հայտնվել է թե՛ Արևելքից, թե՛ Արևմուտքից ողորմություն մուրացող ապաշնորհ մարդկանց ձեռքին։ Եթե ռուսական քաղաքական խավը հավակնում է, որ իր երկիրը խնամակալի դեր ստանձնի նախկին խորհրդային տարածությունում, ապա այդ պետությունների ներկայացուցիչները պետք է իրավունք ունենան ակտիվորեն մասնակցելու Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը։ Սակայն այդ իրավունքը պետք է նվաճել և այդ մասնակցությունը դարձնել ավանդույթ։
Եվրամիությունն ու աշխարհամասի առաջատար պետություններ Ֆրանսիան և Գերմանիան ավելի ու ավելի են վերաիմաստավորում իրենց արտաքին քաղաքականությունը, նրանց հաջողվում է իրենց քաղաքականության մեջ և իրենց շահերի ոլորտ ներքաշել եվրոպական պետությունների մեծ մասը և անգամ Մեծ Բրիտանիան։ Այդ միտումն արտահայտվում է եվրոպական աշխարհաքաղաքականության մեջ, որը տասնամյակներ շարունակ գոյություն չի ունեցել։ Գերմանիան, վերջապես, հաղթահարել է վեհերոտությունն ու քաղաքական ախտանիշերը և նետվել է ձևավորելու իր եվրոպական ու ընդհանրական քաղաքականությունը։ Ֆրանսիան ու Գերմանիան սկսել են նոր դիրքերի հավակնել ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում։ Հարաբերություններ են կառուցվում Չինաստանի հետ։ Հեռանկարում միանգամայն հնարավոր կարելի է համարել, որ Եվրամիությունը զբաղվի աշխարհաքաղաքականությամբ։ Սա, բացի մնացյալ շատ բաներից, կնշանակի ձգտել տարբեր տարածաշրջաններում վերաձևելու պետական սահմանները, քանի որ արդի աշխարհակառուցվածքը վնասաբեր է համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության տեսակետից։
Բավական համոզիչ ազդանշաններ կան այն բանի, որ Գերմանիան արդեն ձեռնամուխ է եղել արևելյան և հարավարևելյան Եվրոպայի ակտիվ աշխարհաքաղաքական նախագծմանը, ինչն առնչվում է ոչ միայն Բոսնիային ու Կոսովոյին, այլև Բուլղարիային` կապված Թուրքիայի մուտքը Եվրամիություն փակելու հետ, և ՈՒկրաինայի նախագծմանը, որտեղ Գերմանիան ունի երկարաժամկետ աշխարհատնտեսական և քաղաքական շահեր։ Գերմանիային լիովին կբավարարեր ՈՒկրաինայի մասնատման, Եվրոպայում նրա ներկա դիրքի փոփոխման և առհասարակ ամբողջ Արևելյան Եվրոպայում նոր ուրվապատկերի ստեղծման հարցի շուրջ Ռուսաստանի հետ ինչ-որ ռազմավարական համաձայնագիր։ Նոր ուրվապատկերի նպատակը պետք է լինի առավելագույնս սահմանափակել ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ԱՄՆ-ի ազդեցությունն այդ ընդարձակ տարածաշրջանում։ Ֆրանսիան, անշուշտ, կպաշտպանի այդ նախագիծը, թեև նրա շահերն էլ Արևելյան Եվրոպայում դեռևս բավականաչափ որոշակիացված չեն։ Ռուսաստանում ձևավորվել է Արևելյան Եվրոպայում Գերմանիայի ապագա դերի վերաբերյալ երկու տեսակետ։ Քաղաքագետների մի մասը, գուցե, որոշ չափով ժամանակավրեպ դիրքորոշում ունի այն առումով, թե հնարավոր է եվրասիական ռուս-գերմանական ռազմավարական դաշինք` նաև այլ տերությունների հնարավոր ներգրավմամբ, նկատի առնելով Ֆրանսիան ու Ճապոնիան։ ՈՒրիշ քաղաքագետներ ոչ միայն երկյուղներ են արտահայտում, այլև ուղղակի սպառնալիք են տեսնում Ռուսաստանի շահերին ու անվտանգությանը։ Համենայն դեպս, ներկայումս տեղի է ունենում Ռուսաստանի ու Գերմանիայի այս կամ այն շահերի բացահայտ զուգորդում, բայց, միաժամանակ, երկու տերություններն աշխատում են պարզել, թե ինչ վտանգներ ու սպառնալիքներ կարող են ծագել Եվրոպայում Գերմանիայի և Ռուսաստանի դիրքերի ամրապնդման պարագայում։ Սա Եվրոպայում շահերի վրա հիմնված ալյանսի ստեղծման միայն մեկ, բայց բավական հիմնարար սյուժեներից է, որը կարող է հանգեցնել Եվրոպայում, մասամբ նաև Մերձավոր Արևելքում առկա աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխման։ Միանգամայն հնարավոր կարելի է համարել, որ վերակենդանացվի Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի նախագծերից մեկը Թուրքիայի մասնատման վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, այդ պակտի ծրարներից մեկը ենթադրում էր մասնատել Թուրքիան և Անատոլիայի տարածքում ստեղծել վեց պետություն։
Արդի եվրոպական աշխարհաքաղաքականությունը դիտարկելով որպես եվրասիական և ատլանտյան ալյանսների մրցակցություն, որոնք վերջին երկու տասնամյակում կորցրել են իրենց այս կամ այն պրոֆիլը, պետք է նկատի ունենալ, որ երկու ալյանսները զուգորդվող շահեր ունեն մի շարք տարածաշրջաններում։ Այդ զուգորդումները հեռու են ավարտուն ձևավորումից, բայց, ըստ էության, երկու լայնընդգրկուն «բևեռներն» ավելի ու ավելի շահագրգիռ են դառնում համաշխարհային նոր ուրվապատկերի ձևավորմամբ, քանի որ ուժերի ներկա հավասարակշռությունը փոխվում է բացահայտորեն ոչ հօգուտ ԱՄՆ-ի, Եվրամիության կամ Ռուսաստանի։ Ինչ էլ մտադրվում են ամերիկացիները, եվրոպացիներն ու ռուսները համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ, անպայման անհրաժեշտություն է առաջանում արմատապես փոխելու պետական սահմաններն ու ուժերի ձևավորված հարաբերակցությունը, իսկ ավելի ճիշտ այն, ինչն անկասելիորեն վրա է հասնում։ Ընդ որում, այդ քաղաքականությունը միշտ չէ, որ հնարավոր կլինի իրականացնել, քանի որ սպառնալիքներն ահագնանում ու մոտենում են, և թանկարժեք ժամանակը կարող է կորսվել։ Ժամանակի գործոնը վճռորոշ նշանակություն է ստանում համաշխարհային քաղաքականության մեջ։
Այսպիսով, առաջին փուլում, համենայն դեպս, տեսանելի հեռանկարում, Ռուսաստանը չի կարող չներքաշվել Եվրոպայի աշխարհաքաղաքական հավակնությունների ոլորտ, և նրա դերը եվրոպական աշխարհաքաղաքականության ձևավորման գործում կարող է դառնալ ոչ միայն նշանակալի ու վճռորոշ։ Առանց Ռուսաստանի դժվար է պատկերացնել գերմանա-ֆրանսիական աշխարհաքաղաքականության հաջողվածությունը, համենայն դեպս, Արևելյան Եվրոպայում, Սև և Կասպից ծովերի ավազանում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում։ Այդ վիթխարածավալ նախագծին կմասնակցի՞, արդյոք, ԱՄՆ-ը, մեծապես կախված կլինի Մեծ Բրիտանիայի դերից ու հավակնություններից։ Ռուսաստանի դերը ինքնուրո՞ւյն կլինի, թե՞ ստորադիր` որոշակիորեն կախված կլինի այն բանից, թե որքանով նա կհասկանա` իր տնտեսության, մշակույթի, քաղաքականության համար ինչ են նշանակում բնական-տնտեսական պաշարները։
Աշխարհը պետք է վերակազմակերպել հետմոդեռնիստական սկզբունքով, և սահմանների վերանայումն այդ հեռանկարում կնշանակի մոդեռնի ժխտում, ինչը հանգեցրել է ժամանակակից վնասաբեր աշխարհակառուցվածքի ստեղծմանը։

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ