«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՎԵՐԱԲԵՌՆՄԱՆ» ՍԵԹԵՎԵԹԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ»

«ՎԵՐԱԲԵՌՆՄԱՆ» ՍԵԹԵՎԵԹԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ»
09.12.2011 | 00:00

Մի առիթով բրիտանական «Գարդիան» թերթը, մեկնաբանելով Կրեմլի աշխարհաքաղաքական հավակնությունները, կոշտ, բայց պատկերավոր նկատել է. «Ռուսաստանը հիշեցնում է մի խուլիգանի, որը դանակը ձեռքին թաքնվել է անկյունում և դեռ հարգանք էլ է պահանջում»։ Համենայն դեպս, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղաբաշխման վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի վերջին բոլոր հայտարարությունները դժվար է այլ կերպ բնութագրել։ Չէ՞ որ հենց սկզբից էլ հասկանալի էր, որ այդ նախագիծն ամերիկացիները կանցկացնեն ամեն գնով, իսկ անվտանգության ամերիկյան համակարգի վերջնական որոշումն ի զորու չէ փոխելու ոչ ոք` ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ, անգամ, Ամերիկայի նախագահը։ Ավելին, այդ ծրագիրն ընդունվել էր ոչ թե ներկա վարչակազմի օրոք, այլ շատ ավելի վաղ, դեռ 2000-ականների սկզբին։ Այնպես որ, եթե ինչ-որ տեղ ամերիկացիներն ինչ-որ բան վերանայում են դրանում, ապա զուտ տեխնիկական կամ քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառներով, միևնույն ժամանակ դույզն-ինչ չհրաժարվելով իրենց ռազմավարական ծրագրերից։ Բացի այդ, հասկանալի է, որ Բարաք Օբաման հազիվ թե ավելորդ անգամ «ջիջիլ գցի» սագերին` ի դեմս հանրապետականների, հատկապես հիմա, երբ արդեն սկսել է նախագահական իր երկրորդ ընտրարշավը։
Բայց այս ակնհայտ հանգամանքների պայմաններում անգամ ավելի ու ավելի է տպավորություն ստեղծվում, թե Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխման ձգձգված պատմությունը, իրականում, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լավ «սարքած խաղ» էր, որտեղ կողմերից յուրաքանչյուրին հատկացված է «պատասխանատու դեր», ինչը համապատասխանում է ժամանակի պահանջներին ու քաղաքական իրավիճակին։ Այսպես, սկզբում հիացմունք առաջացրեց Մեդվեդևի «անձնական վաստակն» առ այն, որ նա կարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել «բարեկամ Օբամայի» հետ` իբր հրաժարվելով Չեխիայում և Լեհաստանում ՀՀՊ երրորդ դիրքային շրջանի ստեղծումից։ Այն ժամանակ ռուս փորձագետների ու լրատվամիջոցների գնահատականն այսպես կարելի էր ձևակերպել. «Մենք նրանց «քթին հասցրինք» ու նրանք վախեցան մեզնից»։ Հետո հիասթափության մեկ այլ փուլ եղավ` երկար բանակցություններ, Ռուսաստանի դեմ «պաշտպանության» չօգտագործման գրավոր երաշխիքների պահանջներ և, վերջապես, հիասթափություն «դավաճանության» առիթով ու տարատեսակ սպառնալիքների մի փարթամ փունջ։
Եվ ահա նոր փուլ. օրերս Դմիտրի Մեդվեդևն Արևմուտքի հասցեին սպառնալիքների հեղեղ թափեց։ Ռուսաստանը, նախ, անհապաղ մարտական տեսքի կբերի հրթիռային հարվածի մասին նախազգուշացնող Կալինինգրադի ռադիոտեղորոշիչ համակարգը, երկրորդ, իր բալիստիկ հրթիռները կհանդերձավորի հակառակորդի ՀՀՊ-ի հաղթահարման համալիրներով և նոր «բարձրարդյունավետ մարտական բլոկներով», երրորդ, այսուհետև, ըստ անհրաժեշտության, կխարխլի ՀՀՊ համակարգի տեղեկատվական և կառավարման միջոցները, չորրորդ, երկրի արևմուտքում և հարավում կտեղաբաշխի «Իսկանդեր» տիպի հարվածային համակարգեր, որոնք կապահովեն ՀՀՊ եվրոպական բաղադրիչի «համընդհանուր ոչնչացումը», վերջապես, հինգերորդ, դուրս կգա ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագրից և կհրաժարվի զինաթափման բնագավառի քայլերից, եթե ԱՄՆ-ը շարունակի ՀՀՊ շինարարությունը Եվրոպայում։ Այնպես որ, նախագահի խոսքերը հնչեցին լիովին «սառը պատերազմի» ոգով և, կարծես, ընդմիշտ դեն նետեցին «վերաբեռնման» սեթևեթանքները։ Ապա և նշվեց, որ Ռուսաստանի սպառազինությունների պետական ծրագրի հիմքում, որը հաստատված է մինչև 2020 թիվը, և որի համար հատկացված է 20 տրիլիոն ռուբլի, ընկած է հենց այդ միջոցների ստեղծման մտադրությունը։ Արևմուտքում խորիմաստ կերպով նկատեցին, որ դա մոտեցումների այնքան էլ հաճելի փոփոխություն չէ, թեև ռազմական տեսակետից որևէ էական վտանգ չի պարունակում։ Ընդ որում, մերձբալթյան երկրները, ինչպես և սպասվում էր, բավական նյարդայնորեն արձագանքեցին Մոսկվայի քայլերին։ Ամերիկացիները մեկ անգամ ևս կրկնեցին, որ ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, իսկ Եվրոպան հակադարձեց, թե Կալինինգրադի բնակիչները, թերևս, կարող են մոռանալ Եվրամիության երկրներ անհրավեր այցեկարգի մասին, ինչպես, ի դեպ, բոլոր ռուսաստանցիները։
Արևմտյան լրատվամիջոցները նկատեցին, որ Ռուսաստանի նախագահի հռչակած պատասխան քայլերի շարքում առավել խիստը ՌՀՍ նոր պայմանագրից Մոսկվայի հնարավոր դուրս գալն է (մեկ տարի էլ չկա, որ այն ուժի մեջ է մտել)։ Ինչ վերաբերում է «խնդրի կարգավորման շուրջ» Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա բանակցությունների վերաբերյալ Մեդվեդևի կոչերին, ապա, նրանց կարծիքով, «նման բանակցությունների հեռանկարը խիստ մշուշոտ է` հաշվի առնելով երկու կողմերի դիրքորոշման անսասանությունը»։
Ի դեպ, նշենք, որ վաղուց արդեն (դեռ 70-80-ականներից) հակահրթիռային պաշտպանության հարցն ավելի շուտ միջազգային քաղաքականության ոլորտին է պատկանում, քան ռազմական ուժի։ Մենք լավ ենք հիշում, դեռ ԽՍՀՄ ժամանակներից, ամերիկյան «ռազմավարական պաշտպանական նախաձեռնության», «աստղային պատերազմներ» ծրագրերը, դրանց հետևած սպառազինությունների մրցավազքը, «արժանի պատասխանի» վրա կատարված մեծ ծախսերը, այդ մրցակցությունում «սովետների» պարտությունը ու, որպես հետևանք` երկրի փլուզումը։ Այնպես որ, այս անգամ էլ չի կարելի բացառել, որ ԵվրոՀՀՊ ծրագրի հիմքում անցածի կրկնության մի նպատակ է ընկած, առավել ևս, որ հենց ռուս-վրացական պատերազմից հետո (Արևմուտքում այն գնահատեցին որպես «ռուսական մարտահրավեր»), նախագահ Բուշը վերհիշեց սառը պատերազմի ժամանակների «սարսափները» և տեղնուտեղը որոշեց հրթիռներից ու ռադարներից բաղկացած համալիր ստեղծել (ինչո՞վ նախկին «տիեզերական պատերազմները» չեն)։ Հիմա, կարծես, Կրեմլն ընդունել է մարտահրավերը, և «սպառազինությունների մրցավազքը» վերստին իրեն հիշել կտա, առավել ևս, որ դրան վաղուց ձգտողներ կան, և դրա հետ են կապում տնտեսության ու ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) վերածնության հույսերը թե՛ որոշ փորձագիտական շրջանակներում, թե՛ զինվորական վերնախավում։ Իսկ այն, որ Ռուսաստանն սկսել է ԱՄՆ-ին տանուլ տալ նույնիսկ տիեզերքում («Ֆոբուսի» արձակման պատմությունը դրա վառ օրինակն է), և առաջվա նման «հասնել և անցնել» հազիվ թե ստացվի, նրանց, կարծես, չի անհանգստացնում։ Սակայն, ինչպես հայտարարեց Դմիտրի Ռոգոզինը, «մենք ընթացք չենք տա այդ սպառազինությունների մրցավազքին», և, ի դեպ, միաժամանակ նկատեց, թե «ԱՄՆ-ը պետք է հստակորեն հասկանար, որ ընդլայնելով ռազմավարական պաշտպանական համակարգերը, նա ինքն է սպառազինությունների մրցավազք հրահրում»։
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք։ Փաստորեն բոլորը, այդ թվում` ռուս զինվորական մասնագետները, միաձայն պնդում են, որ SM-3 տիպի հակահրթիռները` համակարգի գլխավոր բաղադրիչները, ընդունակ են կալանելու միայն փոքր և միջին հեռահարության հրթիռները, իսկ Ռուսաստանն այդպիսիք չունի։ ՈՒրեմն, վերանում է սպառնալիքի մասին բուն հարցադրումը, և մնում է փաստել, որ ՀՀՊ-ն ուղղված է զուտ իրանական սպառնալիքի դեմ։ Բացի այդ, շատերը տարակուսում են` ՌԴ նախագահի ինչի՞ն էր պետք կոշտ տոնով խոսել «Կալինինգրադի ռադիոլոկացիոն կայանն անհապաղ մարտավիճակի բերելու մասին», երբ այն առանց այդ էլ մտադիր էին մարտական հերթապահության դնել 2011-ի վերջին, ընդ որում, այն ԵվրոՀՀՊ-ի հարցի հետ առնչություն չունի։ Փորձագետների կարծիքով` ոչ մի գործուն ռազմական դեր չունեն նաև «Իսկանդեր» հարվածային հրթիռային համալիրները, որոնք ունեն ընդամենը 500 կմ հեռահարություն և ՀՀՊ-ին «պարզապես չեն հասնի»։ Բացի այդ, ինչպես գրում են լրատվամիջոցները, «դուրս գալով հեռուստախցիկների առջև, նախագահ Մեդվեդևը բացահայտորեն մոռացել էր ճշտել, թե ինչ վիճակում է ռուսական ՌԱՀ-ը»։ Միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը կարծում է, որ «պաշտպանությանը հատկացվող տրիլիոնավոր ռուբլիները բաղձալի վերազինում չեն երաշխավորում»։ Ըստ էության, վերազինում պետք է, ու երկիրը կարող էր քաշել այդ ծախսերը, սակայն ռազմական հզորությունը չափվում է ոչ թե ծախսերով, այլ նրանով, թե ինչ արդյունք է ստացվում, ի վերջո, իսկ վստահեցնել, թե այդ փողերը կծառայեն իրենց նպատակին, ոչ ոք այսօր չի կարող։ Ընթացիկ տարվա աղմուկը` կապված ռազմական տեխնիկայի աներևակայելի թանկացման, որակի անկման, պաշտպանության նախարարության` որպես պատվիրատուի, և ՌԱՀ` որպես կապալառուի միջև անվերջանալի գզվռտոցի հետ վկայում է, որ «այդ ոլորտում մեծ քաոս է թե՛ «պլանավորման», թե՛ պայմանագրերի, թե՛ իրացման հարցերում»։ Այնպես որ, շատերի կարծիքով, եթե նախագահի հայտարարությունների դիվանագիտական տրամաբանությունը դեռ կարելի է հասկանալ, ապա ռազմական բաղադրիչի տրամաբանությունը լուրջ հարցեր է ծնում։ Հետևաբար, ռազմական վերլուծաբանների մեծ մասը համակարծիք է, որ Մեդվեդևի ագրեսիվ ոճն անհնար է բացատրել իրական արտքաղաքական մարտահրավերներով և հիմնված չէ երկրի ռազմատեխնիկական հնարավորությունների ճիշտ հաշվարկի վրա։ Ավելին, ՀՀՊ համալիրի տեղակայումը Ռումինիայում, իսկ ավելի ուշ նաև Թուրքիայում, հուշում է, որ, մեծ հաշվով, ոչ ոք ուշադրություն չի դարձնի Մոսկվայի բողոքներին, առավել ևս, որ իրականում ռուսների համար խուսավարման հնարավորությունն անշեղորեն նվազում է։ Չէ՞ որ Ռուսաստանը, միևնույն է, համաշխարհային պատերազմ չի սկսելու, առավել ևս` միջուկային։ Այդ դեպքում, ինչո՞ւ ռուսներն շտապեցին, ինչպես իրենք են ասում, անցկացնելու ներկա «կանխարգելիչ միջոցառումը»։ Օրինաչափ հարց է առաջանում` ունի՞, արդյոք, գոնե որևէ տրամաբանական բացատրություն Կրեմլի բռնած դիրքը։ Ինչո՞ւ Մեդվեդևը, ինչպես պայմանավորվել էին, չսպասեց ՆԱՏՕ-ի մայիսյան գագաթնաժողովին և բանակցությունների ավարտին։
Թերևս, այն պարզ պատճառով, որ անհրաժեշտ էր ապագա ընտրողներին ցույց տալ, թե իշխանության ղեկին մարդիկ են, ովքեր զօր ու գիշեր հոգ են տանում երկրի անվտանգության մասին։ Փորձագետները նշում են, թե նախագահի հայտարարությունը պատահականորեն չի համընկել Ռուսաստանի նախընտրական շրջանին, երբ ավանդաբար ուժեղանում է հակաարևմտյան հռետորաբանությունը, և ռուսական քաղաքականությունը սովորականի պես ազգայնական երանգներ է ստանում։ ՈՒ Մեդվեդևը, որ գլխավորում է «Միասնական Ռուսաստանի» նախընտրական ցուցակը, ձգտում է քաղաքական միավորներ հավաքել իր և իր կուսակցության համար։
Չմոռանանք, որ անգամ «սառը պատերազմի» ավարտից 20 տարի անց շատ ռուսաստանցիներ ԱՄՆ-ը դեռևս իրենց կատաղի թշնամին են համարում։ Պետք չէ մոռանալ նաև օրախնդրությունը չկորցնող չարաբաստիկ «քաղաքական սակարկությունները»` առաջին հերթին նախկին խորհրդային տարածությունում և էներգահաղորդուղիներում Մոսկվայի հայտարարած գերակա շահերի ոլորտի» շուրջ։ Չէ որ հարցադրման ամբողջ սրությամբ հանդերձ, շատ դիտորդներ շարունակում են նկատել, որ, չնայած Ռուսաստանի կոշտ հարձակումներին, այնուամենայնիվ, գոյություն ունի աշխարհաքաղաքական հզոր տրամաբանություն հօգուտ այն բանի, որ հակահրթիռային վահանը փոխանակվի այլ վայրերում ռուսների առավելության հետ։ Եվրոպայի և Ամերիկայի կակղամարմին ազատականները դեռևս վախ ունեն «ռուսական խելացնորությունից» և անկանխատեսելի արձագանքներից։ Ամենայն հավանականությամբ, պատահական չէ, որ «դառը հաբը», որը Դմիտրի Մեդվեդևն աշխատում է հրամցնել Արևմուտքին, մեջտեղ հանվեց հիմա, երբ նրա հեռանալուն մնացել է մի երկու ամիս։ Այսինքն, ՆԱՏՕ-ի մայիսյան գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն արդեն Վյադիմիր Պուտինը կլինի, որի համեմատ Մեդվեդևն Արևմուտքի աչքին «խաղաղության աղավնի» է։ Իսկ Պուտինն արդեն հայտարարել է իր գլխավոր նպատակը` «իրար վրա ժողովել Եվրասիայի հողերը»։ Եվ այստեղ ինչպե՞ս չհիշես Կրեմլի արձագանքը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը մերձենալու նախկին ԽՍՀՄ երկրների փորձերի առնչությամբ։ Այնպես որ, չի կարելի բացառել, որ առայժմ գործող նախագահը հող է նախապատրաստում շատ ավելի կոշտ արտքաղաքական կուրսի համար, և ներկա «մկանախաղը» սոսկ նախավարժանք է` գալիք մարտերի և հակառակորդի արձագանքը շոշափելու համար։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ