Վերջին ժամանակահատվածում անակնկալ զարգացումների, այցերի, հայտարարությունների պակաս չունենք, սակայն Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «մասնավոր» այցը Միացյալ Թագավորություն հետաքրքիր է ուղղակի ուշքը գնալու չափ:
ԱՅՑԻ ՖՈՆԸ
Քիչ հետո կմեկնենք Մերձավոր Արևելքի կողմերը, առայժմ` Հայաստանի մասով:
Այն, որ աշխարհում խաղը փոխվում է, և այդ խաղում Հարավային Կովկասին ու տարածաշրջանին անչափ էական դեր է հատկացվում, ակնառու է նույնիսկ մեր պաշտոնյաների շարժից. Սերժ Սարգսյանը Բրիտանիայում է, Հովիկ Աբրահամյանը` Գերմանիայում, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոչ ավել, ոչ պակաս, կլինի Իսրայելում` փետրվարի 14-ին:
Այս այցերի հմայքը հատկապես նրանում է, որ բոլորն էլ «մասնավոր» են»: ՈՒ հենց էն դեպքն են, որոնց մասին ասվում է` ավելին, քան պաշտոնական:
Հովիկ Աբրահամյանի` «այնս-ցվայ-պոլիցայ», իմա` այցը Գերմանիա, իսկապես, մասնավոր է. գնացել է առողջապես հետազոտվելու: Տիգրան Սարգսյանը Երուսաղեմ է մեկնում ուխտագնացության` Վեհափառ հոր հետ (ոմանք պնդում են, թե այնտեղ հանդիպելու է գլխավոր ռաբբիի հետ): ՈՒ թե հիշենք, որ Վեհափառ հայրն ուղեկցելու է նաև Սերժ Սարգսյանին` դեպ «Բրիթըն», ապա համակարգ փոխող աշխարհակարգի տեսակետից բավականին հետաքրքիր պատկեր ենք ունենում նաև մեզանում:
Սերժ Սարգսյանի բրիտանական այցի ֆոնը գունեղ է ստացվում ո՛չ միայն միստիկ, այլև քաղաքական առումներով. Ամերիկայի «գլխավոր հետախույզ» Բլերի` պատերազմի մասին բարձրաձայնումը, ռուսական «գլխավոր հետախույզ» Պուտինի, իսկ իրականում Մեդվեդևի` ռազմական դոկտրինի առաջքաշումը (Ռուսաստանն իրեն սպառնացող վտանգի դեպքում առաջինը միջուկային հարված կհասցնի. սա միտներդ պահեք Իրանի հաշվով) հետաքրքիր է դարձնում գլոբալ ֆոնը:
Հա, ի դեպ, մայիսին Մեդվեդևը կգնա Թուրքիա, Պուտինը` Իսրայել. սա` ի միջի այլոց։
Շեշտենք, որ Մերձավոր Արևելքում` Աֆղանստանում ու Իրաքում, կոալիցիան (հասկանալ` անգլոսաքսոնական գործոնը) շատ լուրջ է խրվել, և Իրաքից կոալիցիոն զորքերի դուրսբերումից հետո այնքան մեծ անորոշություններ կառաջանան առանց այն էլ, այսպես կոչված` «300-ի կառավարությանը» հրաժեշտ տվող, նոր փոխարինողի առնչությամբ «ձգձգատվող» գլոբալ աշխարհի համար, որ շատերին թվում է` խաղը կարող է և ընդհանուր վերահսկողությունից դուրս գալ: Դառնալով մեր տարածաշրջանին` ասենք, որ էստեղ էլ Թուրքիան է համառում ամերիկա-անգլիական պահանջին` հայ-թուրքականի մասով, Ադրբեջանին էլ նետում է Ռուսաստանի գիրկը, ինչը, գումարվելով Թուրքիայի օրեցօր հզորացող ամբիցիաներին, չի կարող դուր գալ Բրիտանիային, ուր «ապաշխարանքի» ձայներ են հնչում առ այն, որ Անգլիան 15 թվին կոծկել է իրական փաստերը, պաշտպանել է հայերի նկատմամբ իսկապես ցեղասպանություն իրականացրած Թուրքիային: Ավելին, այդ ապաշխարությունը կոնկրետ գործողության վերածվեց և բրիտանական պառլամենտում` ի դեմս ՈՒելսի և Շոտլանդիայի ներկայացուցիչների, որոնք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:
Վերջի համար էլ հիշենք, որ մայիսին Անգլիայում տեղի կունենան ընտրություններ, և Գորդոն Բրաունը, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա իր պաշտոնին (երևի ա՞յդ պատճառով հանդիպում չի նախատեսված. Սերժ Սարգսյանը հո Քոչարյանը չէ՞, որ գնացողների« իմա` Քլինթոնի, հետ հանդիպի ու չիմանա ինչ խոսի: Չէ՛, այցի մեսիջները խիստ կոնկրետ և հասցեական են):
Սա է ֆոնը:
ՈՐՈ՞Ւ ՆԱՄԱԿՆԵՐՆ Է ԿԱՐԴԱԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՆՏԵՂ
Այցն անսովոր, եթե չասենք եզակի է (Եղիսաբեթ թագուհուն է հանդիպելու. հուսանք` Սերժ Սարգսյանը Դիանայի սկեսրոջը չի դարձնի մի քանի հարյուր տարեկան, ինչպես վարվեց պարոն Բուշը Բուքինգհեմյան պալատ կատարած իր այցի ժամանակ, ԱԳ նախարար Միլիբենդին է տեսնելու, ճաշելու է Երևանին նվիրված ճաշում և այդպես շարունակ)։
Իսկ եզակի է այցը նախ և առաջ այն պատճառով, որ Հայաստանի և Բրիտանիայի միջև, որպես այդպիսիք, ջերմ շփումներ չեն եղել: Հարավային Կովկասը բաժանված է եղել եվրոպական հետաքրքրությունների «միջև». Վրաստանում «կուրացիա» էր անում Գերմանիան, Հայաստանում` Ֆրանսիան, Ադրբեջանում` Բրիտանիան։
Ասել, որ խաղը փոխվել է, որովհետև Գերմանիան անչափ հիասթափված է Սաակաշվիլու վարչակազմից, իսկ Ադրբեջանն էլ իր «պետրոլիումը»` գազը, վաճառում է ոչ «Բրիթիշին», այլ Ռուսաստանին, ճիշտ չի լինի: Խաղը պահպանվում է, պարզապես նրբացող աշխարհում նոր երագներ են ի հայտ գալիս:
Այո՛, Սերժ Սարգսյանը փորձում է, ի դեմս Անգլիայի, Հայաստան նոր խաղացողի բերել, համապատասխանաբար էլ` դառնալ խաղացող Անգլիայի համար (անգլո-սաքսոնական վեկտորը մեզանում ուժեղացնելու գործը վաղուց է սկսվել` ի դեմս ոչ անհայտ Արմեն Սարգսյանի, ապա և` Տիգրան Սարգսյանի, Միշա Մինասյանի, անգլիական շրջանավարտների, ՄԻԱԿ-ի և այդպես շարունակ): Ինչը խաղի տեսանկյունից վատ չէ` թե՛ արտաքաղաքական վեկտորների, թե՛ Հայաստանում նոր քաղաքական էլիտայի ձևավորման տեսանկյունից:
Սերժ Սարգսյանի այցն ունի երկու շերտ: Արտաքին քաղաքական: Նաև` ներքաղաքական:
Դիտարկենք առաջինը: Եռօրյա հանդիպումների թվարկումն իսկ արձանագրում է այն «շուքը», որ այցի կազմակերպիչները փորձել են հաղորդել դրան: Թագուհուն` Եղիսաբեթին ասինք, Բուքինգհեմն էլ ասինք, այնուհանդերձ, շատ հետաքրքիր է արքայազն Չառլզի հետ ընթրիքը: Վինձորի պալատում: ՈՒ թե հաշվի առնենք, որ արքայազնը չերևացող, բայց և միևնույն ժամանակ խոշոր դերակատարություն ունի անգլո-սաքսոնական վեկտորում, ապա կարելի է հասկանալ, որ Հայաստանի դերը փոփոխվող աշխարհում եթե ոչ առանցքային, ապա, բոլոր դեպքերում, անհրաժեշտ է դառնում:
Բրիտանական «մասնավոր» այս այցի հաջորդ հմայքն էլ այն է, որ դրանք մասամբ էլ «ռեժիմով» են անցնելու, ինչն այցի նկատմամբ հետաքրքրությունն է՛լ ավելի է մեծացնում:
Սերժ Սարգսյանի այցի մեխերից մեկն է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում «Չատըմ հաուզ» ձևաչափով հանդիպումը, ուր Սերժ Սարգսյանը հանդես է գալու զեկույցով: Հանդիպումը խիստ ներկայացուցչական է, այնտեղ է լինելու բրիտանական փորձագիտական-քաղաքագիտական ողջ էլիտան. նման հանդիպում մինչ այս հայ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի ունեցել:
Ամա «հաուզը» փակ է, և հանդիպման որևէ մանրամասն որևէ մեկին հայտնի չի դառնա (որչա՜փ ափսոս), այնտեղ ստացած ինֆորմացիան կարող են օգտագործել, սակայն երբեք անուններ չտալով, «ծագումնաբանությունը» չբացահայտելով:
Այդ ձևաչափով հանդիպումը կազմակերպվում է «պահանջարկ-առաջարկ» սկզբունքով, և դա արվում է, հայորեն ասած, բրիտանական ամենաբարձր մակարդակների «դաբրոյով»:
Ի դեպ, այդ «հաուզը, «էպեջա» հետաքրքիր «տուն» է նաև մի շարք այլ առումներով.
ա) անցած տարի կարծես «հաուզում» էր նաև Իլհամ Ալիևը:
բ) Այդ ձևաչափով վերջին հանդիպումներից մեկում լսվել են Ղազախստանին և նրա ֆինանսական խնդիրներին վերաբերող հարցեր (սա ուժեղ պահեք մտքներումդ, որովհետև Արմեն Սարգսյանի «պարագայի» ժամանակ մի քիչ դիտելու ենք այս խնդիրը)։
գ) «Հաուզը» ուշի ուշով է դիտում Ռուսաստանի, ինչպես նաև միջինասիական երկրների ծրագրերը: Այն առանձին ծրագիր ունի Թուրքիային և քրդական խնդրին վերաբերող:
Չնայած հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկման ընթացքում տող կա նաև ղարաբաղյան խնդրին վերաբերող, այնուհանդերձ, Անգլիան մեծ խաղացող չէ այս հարցում, և ղարաբաղյան խնդիրն այդ այցի և հանդիպման ընթացքում տեղից «կշարժվի» այնքանով, որքանով:
Անշուշտ, էականը կլինեն հայ-թուրքական զարգացումները: Ճիշտ է, Ահմադինեժադն Արևմուտքին «հետ-առաջ, հետ-առաջ» սկզբունքով «ֆռռացնում», ժամանակ է շահում, այնուհանդերձ, փոփոխվող աշխարհում պետք է ճշգրտումները շատ չուշանան:
Անգլիայի համար Հայաստանի դերն էական է հատկապես այս առումով: Հայաստանի ողջ հմայքը մեր հին ազգ, վաղ քրիստոնեական արժեհամակարգ լինելը չէ միայն, կա նաև խիստ պրագմատիկ պատճառ. Հայաստանը «տրանզիտ» ուղի է դեպ Մերձավոր Արևելք, ուր, ինչպես հիշում եք, խրվել է անգլոսաքսոնական «գործոնը»:
ՈՒ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում ահավոր կմեծանա` շնորհիվ Իրանի հետ ճշգրիտ հարաբերությունների (էն ի՞նչ էր «մասնավոր» անում Քոչարյանը պարսկական «մութաքիների» վրա` պարոն Մոթաքիի և Ահմադինեժադի հետ), և Հայաստանը կդառնա «մետաքսի ճանապարհ»` Իրանով դեպի Աֆղանստան: Դառնալով իրական և, ինչո՞ւ ոչ, նորմալ խաչմերուկ` գաղափարախոսությունների երկխոսության, ինչպես նաև աշխարհագրական առումներով բավականին հետաքրքիր վայր:
Այցը նաև ուրույն մեսիջ է` ուղղված Թուրքիային, ուղղված Ադրբեջանին` Հայաստանի նոր դերակատարությանը, խաղի լուրջ կողմ դառնալու առումով:
Անցանք առաջ. Սերժ Սարգսյանը, ասինք, Բրիտանիա է մեկնում Վեհափառի հետ: Անգլիայում կա ևս մեկ «հաուզ»` «Հայոց տունը», ուր տեղի կունենա հայ համայնքի հետ հանդիպումը, ընդ որում` այլ երկրներից նույնպես հայեր կգան:
Էստեղ արդեն ընդհանրապես հաճելին համակցվել է օգտակարի հետ: Հասկանալի է, այդ հանդիպման թիվ մեկ նպատակն ազգի վիճակը սրտներին ծանրացնելն է: Սակայն կա ևս մեկ տրիվիալ պատճառ. որոշվել է Անգլիայում ՀՀ դեսպանատունը վերանորոգել (որ Արման Կիրակոսյանի նորանշանակ սիրտը չնեղվի), Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, իսկ առավել ստույգ` «համայնքային» հանդիպման ամեն աթոռն արժե 25 հազար ֆունտ ստեռլինգ, այդ գումարները, ըստ ամենայնի, կծառայեն հենց վերը նշված նպատակին:
Հետաքրքիր է «մասնավոր» այս այցի ներքաղաքական շերտը ևս:
ա) Հասկանալի է, այն կլինի PR խոշոր ակցիա` Սերժ Սարգսյանի համար թե՛ արտաքաղաքական, թե՛ ներքաղաքական տեսանկյունից, որովհետև «թամամ աշխարհ պտուտ» գալու նրա «նախաձեռնողականությունը» միայն «Բրիթընի» դռներով չէր անցել: Ահա անցնում է: Ինչն էլ նշանակում է` նրա իշխանության ամրակայում (էսօր թողնում ենք «նախագահականների» համար լրիվ տոն լինի ու չենք անդրադառնում, թե Ռուսաստան-«պապան» ոնց է մոտենում այս այցին, չնայած կարծում ենք, որ Սերժ Սարգսյանն առանց համաձայնեցնելու իր «մասնավոր վիզիտը» Ռուսիո հետ, ոտը ոտից առաջ չէր դնի):
Հաջորդ «դիվիդին», որ կշահվի այս այցից, ըստ ամենայնի, Հայաստանում նոր-երիտասարդ քաղաքական էլիտայի ձևավորման խնդիրը տեղից շարժելն է: Տեղյակները պնդում են, որ այցից հետո ՄԻԱԿ-ը կրկին կակտիվացվի (ի դեպ, ՄԻԱԿ-ի միակ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը թե՛ ի պաշտոնե, թե՛ ՄԻԱԿ-աբար, կուղեկցի Սերժ Սարգսյանին... Կարծես թե միշտ չէ, որ «մասնավոր» այցի ժամանակ խոսնակ է տարվում, օրինակ` Վիկտոր Սողոմոնյանն Իրան չէր տարվել): Հաշվի առնենք հանգամանքը, որ Հայաստանը գնում է դեպ խորհրդարանական, որից հետո էլ` նախագահական ընտրություններ:
Եվ վերջում. հասկանալի է, չէ՞, որ այս «մասնավոր» այցի մեջ անչափ էական է ոչ անհայտ Արմեն Սարգսյանի դերակատարությունը: Ի դեպ, Ամանորին նա այստեղ էր, և մենք նրան հանդիպեցինք այն պահին, երբ մուտք էր գործում նախագահական նստավայր (այցն էր «պատրաստում» երևի. ահավոր չէր ուզում, որ իրեն տեսած լինենք):
Հիշենք, Արմեն Սարգսյանը շատ մեծ դերակատարություն է ունեցել նաև Սերժ Սարգսյանի առաջին` պաշտպանության նախարար եղած ժամանակ ուղիղ Պենտագոնում հայտնվելու գործում (ինչը նույնպես եզակի էր հայոց բազմաչարչար պատմության մեջ), նաև` Սերժ Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ` Քոնդիի և այլոց հետ ամերիկյան «տուռնեի» ժամանակ:
Ինչևէ, «գորշ կարդինալի» մունդիրում զգեցած երբեմնի վարչապետի հաշվով փորձագետները կրկին ասում են` չի բացառվում, որ նա էլի վերադառնա Հայաստան։ Հիշենք, որ Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի «Եվրասիայի» կենտրոնի տնօրեն, միևնույն ժամանակ «Night Bridge» հոլդինգի տնօրեն է, «Բրիթիշ պետրոլիում» և «ԱլկաՏել» հանրահայտ ընկերությունների խորհրդական, Հարվարդի և Օքսֆորդի «կապերն» էլ քեզ փեշքեշ: Տպավորի՞չ էր: Ահավոր:
Եվ ուրեմն` փորձագետները մասնակիորեն չեն բացառում, որ Արմեն Սարգսյանը «կրկին փորձի» վերադառնալ Հայաստան` վարչապետի կարգավիճակով: «Չար լեզուներն» ասում են` Ղազախստանում Նազարբաևը «պետրոլիումի» հետ կապված լուրջ խնդիրներ ունի, որը կարող է առնչվել նաև Արմեն Սարգսյանին: Մե՜զ ինչ` Արմեն Սարգսյանին թողնենք իր «պետրոլիումական» դարդերի մեջ, մենք վերադառնանք Հայաստան բրիտանական այս այցի հաշվով ասելու`
«Ժե՜-լե՜զ-նո՛»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ