Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ԽՓՎԱԾ ԽԱՂԱՔԱՐՏ»

«ԽՓՎԱԾ ԽԱՂԱՔԱՐՏ»
29.07.2011 | 00:00

Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների պայմաններում հետաքրքրություն են ներկայացնում ֆրանսիական ու եվրոպական փորձագետների կարծիքն ու գնահատականներն այն հիմնական խնդիրների առնչությամբ, որոնց բախվում են Ֆրանսիան ու Եվրոպան` Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության արդյունքում։ Մերձավոր Արևելքը երկար ժամանակ Եվրոպայի պատշաճ ուշադրությունից դուրս է եղել, իսկ վերջին ժամանակներս ԱՄՆ-ի քաղաքականությունը հանգեցրել է Արևմտյան ընկերակցությունից Մերձավոր Արևելքի երկրների առավելագույն անջրպետմանը։ Միաժամանակ, երբ Իրանը, օգտվելով այդ իրավիճակից, իրեն սկսեց կարծել արաբական աշխարհի «առաջատար» և Իրաքում ԱՄՆ-ի գործողությունների ընթացքում ուժեղացրեց իր դիրքերը, տարածաշրջանային խոշոր պետության ցանկացած նախաձեռնություն պետք է ընդունվեր հաճույքով ու որոշակի հույսով։ Արաբական պետությունները, նախ և առաջ Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև Իրաքի և Լիբանանի սուննիական քաղաքական համայնքներն ու խմբավորումները զգուշանում են Իրանից, նրան համարում նվաճողամետ պետություն, որը ձգտում է իր քաղաքականությունն ու գաղափարախոսությունը պարտադրել արաբներին։ Թուրքիայի նախաձեռնությունները, որը համարվում է հակաիսրայելական և հակաիրանական տրամադրություններով համակված պետություն, միանգամայն ընդունելի դարձան արաբական երկրների համար։
Մերձավոր Արևելքում Թուրքիայի արմատավորման առաջին փորձն արձանագրվեց Սիրիայում, որի կարծիքով` բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի հետ կհանգեցնեն իր դիրքերի ամրապնդմանը ոչ միայն Իսրայելի, այլև Արևմտյան ընկերակցության հետ առճակատման պայմաններում։ Լիբանանի և Իրաքի սուննիական համայնքները, որոնք առճակատման մեջ են շիաների հետ, Թուրքիային ընդունում են որպես կարևոր գործընկերոջ։ Որոշ փորձագետներ ու քաղգործիչներ Եվրոպայում որևէ սպառնալիք չեն տեսնում Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի ուժեղացման հետևանքով, և արդեն այժմ ակնհայտ է, որ հռչակելով տնտեսական համագործակցության գոտու ստեղծումը, Թուրքիան, անտարակույս, ձգտում է քաղաքականացնել այդ նախագիծն ու առհասարակ տնտեսական հարաբերությունները։ Այդ նախաձեռնությունների տնտեսական արդյունքները չեն կարող էական լինել։ Թուրքիան չունի տնտեսական և տեխնոլոգիական պատշաճ կարողություն, որն անհրաժեշտ է իրական զարգացման համար, այլ ընդամենը շուկաներ է նվաճում իր ապրանքների իրացման համար, որոնք հիմնականում թեթև ու սննդի արդյունաբերության արտադրանք են։ Զարգացման նպատակով ոչ մի ներդրման մասին խոսք չի կարող լինել, քանի որ Թուրքիան ինքը ներդրումների ու վարկավորման կարիք ունի։ Սիրիան արդեն հասցրել է համոզվել, որ Թուրքիան չի կարող խոշոր ներդրող լինել, հատկապես խոշոր ենթակառուցվածքներում և արդյունաբերական նախագծերում։ Սիրիայի հետ ռազմական պայմանագիրը կրում է խիստ սահմանափակ բնույթ և վերաբերում է միայն զինված ուժերի վարժեցման հարցերին։ Թուրքիան մտադիր չէ Սիրիային արդիական սպառազինություններ մատակարարել, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերել ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Թուրքիան պարզապես նման ռեսուրսներ չունի։ Ներկայումս Ֆրանսիան հասկացել է, որ Սիրիայի հանդեպ նախկին քաղաքականությունը սխալ է և նրան առաջարկել է սպառազինությունների նորացման, խոշոր ներդրումների իրականացման, ենթակառուցվածքների ու էներգետիկայի զարգացման ծրագիր, որի իրագործմանը կմասնակցի նաև Գերմանիան։ Ֆրանսիայում շատերը կարծում են, որ Բաշար Ասադի վարչակազմը միանգամայն ի վիճակի է բարեփոխվելու, բայց երկրի մեկուսացումը միայն խորացնում է նրա դժվարությունները և ստիպում աջակցություն ակնկալել մե՛կ Թուրքիայից, մե՛կ Իրանից։
Լիբանանի առնչությամբ փորձագետները կարծում են, որ Թուրքիան այն երկիրը չէ, որը կարող է լուրջ միջնորդ դառնալ այս երկրի համայնքների ու քաղաքական խմբավորումների միջև, և նրա փորձերն ունեն միայն մակերեսային, ավելի ճիշտ` ցուցադրական բնույթ։ Բնական է այն, որ Լիբանանի սուննիական համայնքը միակողմանի աջակցություն է ակնկալում Թուրքիայից, բայց դա արդեն առաջ է բերել իրանամետ շիական «Հըզբոլլահ» կուսակցության դժգոհությունը, որը, փաստորեն, իր անհամաձայնությունն ու անվստահությունն է հայտնել թուրքական միջնորդական գործողությունների առնչությամբ։ Փորձագետների կարծիքով, արտաքին և ներքին քաղաքականության մեջ այնպիսի զուսպ արաբական երկիր, ինչպիսին Հորդանանն է, որը միշտ ձգտել է Թուրքիայի համար «բաց թողնել» արաբական աշխարհի դուռը, նույնպես երկյուղ է կրում Մերձավոր Արևելք Թուրքիայի համառ և «անհամամասնական» քաղաքական ներխուժման հեռանկարից։ Արաբ փորձագետների կարծիքով, Սիրիան և Լիբանանը դարձան Մերձավոր Արևելքում Թուրքիայի արմատավորման առաջին փուլը, բայց շատ հեշտորեն կարող են նրա համար «արգելափակոց» դառնալ այդ տարածաշրջանում հիմնավորապես հաստատվելու ճանապարհին։ Իրանը շարունակում է բարյացակամորեն պատասխանել, մասնավորապես, համագործակցության տարածաշրջանային տնտեսական գոտու ստեղծման հարցում Թուրքիայի հանդես բերած նախաձեռնություններին, բայց արդեն նկատելի են Իրանի երկյուղները Թուրքիայի ակտիվության առթիվ, նախ և առաջ, «շիական գոտում»` Սիրիայում, Լիբանանում և Իրաքում։ Առաջատար արաբական պետությունները` Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան, որոնք իրենց պատասխանատու են համարում ամբողջ արաբական աշխարհի ճակատագրի համար, Թուրքիայի զորեղացումն ԱՄՆ-ի նման գնահատում են որպես ուժերի հավասարակշռության լծակ` Իրանի ուժեղ ազդեցությանը հակընդդեմ, բայց դա երկար չշարունակվեց, և արաբական երկու առաջատար պետություններն էլ արդեն ճնշում են գործադրել Սիրիայի և Լիբանանի վրա, ինչպես նաև ակտիվորեն աշխատում են Իրաքում, ուր վարում են «կանխիչ» քաղաքականություն, որը, ակներևաբար, ինչ-որ չափով համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ։ Ֆրանսիան և Գերմանիան Իրաքը, ինչպես նաև արևելաարաբական տարածաշրջանը, ներառյալ Պարսից ծոցի արաբական պետությունները, համարում են տնտեսական ազդեցության նպաստավոր գոտի։ Ֆրանսիան առաջին անգամ իր ռազմաօդային բազան է ստեղծել Արաբական Էմիրություններում, ինչը վկայում է իր տարածաշրջանային քաղաքականությանը ռազմավարական բովանդակություն հաղորդելու նրա մտադրությունների մասին։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ եվրոպական պետություններ Մերձավոր Արևելքին սպառազինությունների խոշոր մատակարարներ են։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան զենքի որակով միանգամայն կարող են մրցակցել ամերիկյան և ռուսական սպառազինությունների հետ։ Եգիպտոսի զինված ուժերը կանոնավորապես մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Թուրքիայի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում աննշան է եղել, բայց այն կարող է ընդլայնվել։ Միանգամայն հնարավոր է, որ հետագայում տարածաշրջանում հայտնվեն նաև թուրք զորահրահանգիչներ և ռազմական գործի այլ մասնագետներ։ Դա ամենևին չի համապատասխանում եվրոպական պետությունների շահերին, չնայած ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ համագործակցությանը։
Թուրքիայի նոր քաղաքական կուրսի հեռանկարները դեռևս վատ են հաշվարկված, չնայած այդ թեմայի կարևորությանը, Եվրոպայում պատշաճ ուշադրություն չի նվիրվում նրա արտաքին, հատկապես տարածաշրջանային քաղաքականությանը։ Ավելի ճիշտ` դիտարկումներն ու տեղեկությունները բավարար են, բայց վերլուծություններն առայժմ այնքան էլ խոր չեն։ Շատ փորձագետներ նախընտրում են հետևել հին «կարծրատիպերին», և քաղաքական գրականության մեջ գերիշխում է ինչ-որ խաղաղ ոճ։ Փորձագետների գնահատմամբ, թուրքական արտաքին քաղաքականության տարածաշրջանային բոլոր ուղղություններում կծագեն նոր հակամարտություններ։ Արդեն այժմ, թուրքական արտաքին քաղաքականության ամբողջ ձևականությամբ հանդերձ (իբր ձգտում են լուծել տարածաշրջանային խնդիրներ, բացառել լարվածության ու բռնության աճը), տեղի են ունենում տհաճ իրադարձություններ` կապված ոչ միայն պետություններին, այլև ազգային ու կրոնական համայնքներին առնչվող խնդիրների հետ։ Փորձագետները կանխատեսում են լարվածության աճ հենց այն ուղղություններով, ուր Թուրքիան արդեն հասցրել է ինչ-որ չափով հաստատվել. դա Սիրիան ու Լիբանանն են։ Հեռանկարում առճակատում կլինի Թուրքիայի և Իրանի միջև, որոնք մինչև հիմա այդպես էլ հարաբերությունները չեն կարողացել պարզել մի ամբողջ շարք հարցերում։ Այդ երկրների փոխհարաբերություններում չլուծված շատ խնդիրներ կան, այդ թվում` Հարավային Կովկասի և Իրաքի թեմայով, երկուսն էլ խանդով են վերաբերվում Սիրիայի և Լիբանանի հանդեպ միմյանց գործողություններին։ Դժգոհության որոշ նշաններ կան Պարսից ծոցի գոտում և Սուդանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների առնչությամբ։
Փորձենք առանձնացնել դրական հանգամանքները Թուրքիայի ներկա քաղաքականության մեջ։ Երկրում տիրող իրավիճակը հեռու է կայուն լինելուց, ինչը պայմանավորված է կառավարող կուսակցության ներսում «չորս» խմբավորումների պայքարով, ինչպես նաև բավականին ուժեղ ընդդիմության գործունեությամբ։ Քաղաքագետները Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը համարում են ընտրողների և կառավարող քաղաքական գործիչների ժողովրդավարության աճի վրա ճնշում գործադրելու միջոց։ Քրդական գործոնն ակտիվորեն օգտագործվում է կառավարող վարչակազմի կողմից և համարվում է թուրք հանրության համախմբման կարևոր հանգամանք` ազգային ու կրոնական փոքրամասնությունների այլ խնդիրներին զուգընթաց։ Փորձագետների կարծիքով, չարժե ժամանակից շուտ զինված ուժերը համարել սոցիալ-քաղաքական մի խմբավորում, որը զրկվել է իշխանությունից։ Խոսքը, ավելի շուտ, զինված ուժերում կադրերի շրջափոխության, բարձրաստիճան զինվորականների մի խումբը մեկ ուրիշով փոխարինելու մասին է։ Ներկա կառավարող խումբը շահագրգռված է զինված ուժերի որոշակի ազդեցության ու հեղինակության պահպանմամբ, որոնք հսկայական դեր են խաղում ԱՄՆ-ի, հատկապես Պենտագոնի, ինչպես նաև այլ պետությունների հետ քաղաքական կապերի պահպանման գործում։ Թուրքիայի ներկա քաղաքական ղեկավարները հասկանում են, որ զինված ուժերը երկրի նեսում անվտանգության ու հավասարակշռության կարևոր երաշխիք են, և բանակին չեն զրկի իր դիրքերից երկրի ներսում և արտաքին քաղաքականության ասպարեզում, ավելի շուտ կձգտեն զինվորականներին իրենց ենթարկել։ Ներկայումս Թուրքիայի գլխավոր շտաբը շարունակում է սերտ կապեր պահպանել Պենտագոնի ու ՆԱՏՕ-ի հետ, ներկայացնել և պաշտպանել երկրի շահերը և «փափուկ բարձի» դեր կատարել Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարների հարաբերություններում։ Անհնար է հերքել խնդիրների առկայությունը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կամ չափազանցել դրանք, քանի որ այդքան նշանակալի խնդիրների պայմաններում ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիան համարել կարևոր ռազմավարական գործընկեր ու ռազմավարական պլանավորում իրականացնել Մերձավոր Արևելքում և Եվրասիայում, հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական գործոնը։ Ամերիկյան վերլուծաբանները լուրջ հիմքեր ունեն ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներն ու երկրի հավակնությունները համարելու նոր ու կայուն միտում, և հասկանում են, որ թուրքական հավակնությունները հարկ կլինի զսպել։ Բայց դա չի նշանակում, որ ամերիկացիները Թուրքիան համարում են «խփված խաղաքարտ», և շարունակում են նպատակասլաց քաղաքականությունը երկրի ներքաղաքական դրությունը շտկելու ուղղությամբ։ ԱՄՆ-ը տարբեր միջոցներ է գործի դնում, այդ թվում` չի նպաստում տնտեսական զարգացմանը, աջակցում է աջ և ազատական քաղաքական ուժերին, հնարավորություն ունի օգտվելու նաև իսլամական շրջանակներից։ Ամերիկացիները շատ լուրջ են վերաբերվում Թուրքիայում տիրող ներքաղաքական, տնտեսական և հասարակական իրավիճակի վերլուծությանը և կարծում են, որ ներքին լծակները, ամեն դեպքում, ավելի արդյունավետ են, քան արտաքին, քանի որ արտաքին ճնշումը սովորաբար հանգեցնում է լրացուցիչ առճակատման։ Միաժամանակ, ֆրանսիացի փորձագետները համաձայն են Թուրքիայի «զսպման» ամերիկյան քաղաքականության հետ, ինչը ներառում է նաև առճակատային լուծումներ։ ԱՄՆ-ը բացահայտորեն գոհ չէ Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականությունից և երբեք չի համաձայնի տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման իրական սպառնալիքին։ Տարակույս լինել չի կարող, որ ԱՄՆ-ը վարում է Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքական և տնտեսական նվաճողամտությանը խոչընդոտելու քաղաքականություն։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիան այնքան զորեղ չէ, որ նույնպիսի բազմակողմանի քաղաքականություն վարի։ Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի ազդեցությունն ու շահերն ավելի համեստ են, քան ամերիկյանը։ Ֆրանսիան ձգտում է զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ` որպես ֆրանսիական քաղաքացիական ու ռազմական տեխնոլոգիաների սպառողների, որպես էներգետիկ ոլորտի և սոցիալական ու մարդասիրական ծրագրերի գծով գործընկերների։ Չի կարելի ժխտել, որ Ֆրանսիան Թուրքիային համարում է ագրեսիվ կամ ապակառուցողական պետություն։ Դա անհնար է չնկատել, և պետք է ավելի զգուշորեն գնահատականներ տալ Թուրքիայի քաղաքականությանը։ Խնդիրն այն չէ, որ Թուրքիան ձգտում է ընդլայնել և ուժեղացնել իր ազդեցությունն ու նշանակությունը տարածաշրջանում և աշխարհում, եթե դա կրի առավելապես տնտեսական բնույթ։ Փորձագետները նշում են, որ Թուրքիայի քաղաքականությունն ու մտադրությունները, հատկապես Մերձավոր Արևելքում, ավելի ու ավելի բուռն բնույթ են կրում, և տնտեսական խնդիրները քաղաքականացվում են։ Ֆրանսիան փոքր-ինչ վախենում է, որ Թուրքիայի քաղաքականությունը կհանգեցնի քաղաքական մրցակցության միտումի ուժեղացման, տարածաշրջանի երկրներին դեպի այլ արժեքներ ու առաջնայնությունները վերակողմնորոշելու փորձերի։ Ֆրանսիայի համար դժվար է այդ թեմայի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել ԱՄՆ-ի հետ, քանի որ Թուրքիային Եվրամիություն ընդունելու մասին Վաշինգտոնի հայտարարությունների առիթով Փարիզի նյարդայնությունը հնարավորություն չի տալիս «թուրքական թեման» քննարկելու երկու պետությունների երկխոսության ժամանակ։ Դրա հետ մեկտեղ, փորձագետները չեն ժխտում, որ Ֆրանսիան չի կարող ըմբռնումով չմոտենալ ԱՄՆ-ի քաղաքականությանը, այն է` փորձել «զսպել» թուրքական հավակնությունները, հատկապես տարածաշրջաններում։ Այսպիսով, ֆրանսիացի քաղաքագետները և Թուրքիայի գծով խոշոր մասնագետները, ովքեր սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, շատ զգուշորեն, բայց, այնուամենայնիվ, չեն բացառում այն սպառնալիքները, որ թուրքական քաղաքականության հետևանքով կախված են Մերձավոր Արևելքի գլխին։
2011-ի փետրվարին որպես «մեծ քսանյակի» պարագլուխ, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցը Թուրքիա լավագույնս ցուցադրեց ոչ միայն պաշտոնական Փարիզի դիրքորոշումը Եվրամիություն ընդունվելու Թուրքիայի ձգտման, այլև Թուրքիայի տարածաշրջանային դերի ձևաչափի առնչությամբ, այսինքն` մի պետության, որի գերակա շահերը գտնվում են Մերձավոր Արևելքի շրջանակներում։ Սա շատ է հիշեցնում այն, ինչի վերաբերյալ կասկածներ կային մերձավորարևելյան երկրներում` Թուրքիային Մերձավոր Արևելքի շրջանակներում «զսպելու» Եվրոպայի առաջատար պետությունների հնարավոր ռազմավարության առնչությամբ, ինչը ենթադրում է, տարածաշրջանում նրան որոշակի արտոնություններ տալով, նրա խնդիրները «բարդել» Եվրոպայի ուսերին։ Այս վարկածը, անկասկած, գոյության իրավունք ունի, և անհիմն կլիներ ուշադրության չառնել Թուրքիայի տեղի ու դերի վերաբերյալ ֆրանսիական վերլուծական մտքի այդ ուղղությունը։ Եվ, իհարկե, հեռանկարում պետք է ուշադրությամբ քննության առնել Ֆրանսիայի ու Եվրոպայի այդ դիրքորոշումը։ Միաժամանակ, դա չի ժխտում այն, որ Ֆրանսիան ու նրա եվրոպական գործընկերները, առաջին հերթին Գերմանիան, մտահոգված են Մերձավոր Արևելքում Թուրքիայի ծրագրերով և ջանքեր չեն գործադրի նրան տարածաշրջանի շրջանակներում «զսպելու» ուղղությամբ։ Ընդհակառակը, Սարկոզիի փարիզյան հայտարարությունը չի ենթադրում մեկուսացում Մերձավոր Արևելքից և ոչ էլ խնդիրները «բարդելու» մարտավարություն, այլ տարածաշրջանի նկատմամբ Ֆրանսիայի ու Եվրոպայի քաղաքականության ուժեղացում` հաշվի առնելով նաև թուրքական գործոնն ու համապատասխան սպառնալիքները։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ