«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ԲԱԽՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՔԻՉ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ԲԱԽՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՔԻՉ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
01.11.2011 | 00:00

Երբ Ղազախստանի ծովային մայրաքաղաք Աքթաուում անխոնջ «խաղաղության աղավնին» ընդունում էր «Կասպից ծովը` բարեկամության ծով» շա՜տ հավակնոտ անվանումով հերթական փառատոնում մերձկասպյան պետությունները ներկայացնող բազմաթիվ հյուրերին, տարածաշրջանում նրա մերձավոր հարևան Թուրքմենստանի նախագահը եղավ երկրի ռազմածովային ուժերի զորամիավորումներից մեկի ծովային նավամատույցում, ուր ջրարկվում էր «Մոլնիա» տիպի երկու նոր արդիական ռազմական կատեր` սպառազինված հակառազմանավային հրթիռներով, փոխադրովի զենիթահրթիռային համալիրներով և հրետանային կայանքներով։ Սակայն պետք է նկատել, որ այժմ միայն Թուրքմենստանը չէ, որ զբաղված է իր ջրատարածքի ռազմականացմամբ։ Ռուսաստանն իր հերթին ծրագրում է Կասպից ծովում տեղաբաշխել նորագույն սպառազինություն և արագ արձագանքման ուժեր, իսկ Իրանի քաղաքական վերնախավը պարբերաբար վերադառնում է այդ խնդրին և ամենուր նորանոր նախազգուշացումներ ու սպառնալիքներ է տեղում։ Իսկ ինչ վերաբերում է Բաքվին, ապա, ինչպես վկայում են վերջերս WikiLeaks-ի հրապարակած դիվանագիտական զեկույցները, Բաքուն, ինչպես միշտ, լալագին բողոքում է, որ երկիրը ռազմական կարողություն չունի ծովից սպառնացող վտանգը հետ մղելու համար. «Ադրբեջանը կարձագանքի իր հնարավորությունների ներածին չափ, բայց ի վիճակի չէ լուրջ հակահարված տալու ռազմական միջոցներով»։ Եվ շտապում է խորհուրդ մուրալ ԱՄՆ-ից` «բավարար կարողություն չունենք, ռազմական օգնության կարիք ունենք»։ Մենք բերում ենք միայն մի քանի բնորոշ կտորներ ադրբեջանցի պաշտոնյաների զրույցներից, իսկ ընդհանուր առմամբ փաստաթղթերը եզակի նյութեր են և պատկերացում են տալիս Կասպից ծովում հակամարտության հնարավոր սպառնալիքի կապակցությամբ ադրբեջանական և ամերիկյան կառավարությունների ռազմավարական մտածողության մասին։ Դրանցից երևում է, որ Ադրբեջանը վախ ունի թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի կողմից իր նավթի-գազի ենթակառուցվածքին սպառնացող վտանգից։ Համապատասխանաբար, ամերիկացիները դեռ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Դ. Ռամսֆելդի ժամանակներից բանակցություններ են վարել Ադրբեջանի ջրային սահմանների ամրապնդման, ահաբեկիչների և թշնամական ուժերի կողմից երկրի նավթի-գազի հանքավայրերի պաշտպանության շուրջ (թե որտեղից կարող են լինել ահաբեկիչները, չի ճշտվում)։ Ի դեպ, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդն ընդգծել է, որ ծովային իրավունքի շրջանակներում կան խնդիրների խաղաղ կարգավորման բազմաթիվ մեխանիզմներ։ Հասկանալի է, որ տվյալ դեպքում ամերիկացիները երկյուղում են տնտեսական լուրջ կորուստներից, առավել ևս, որ (դարձյալ հին ավանդույթի համաձայն) ադրբեջանցիները չեն խորշում շանտաժից` «եթե նույնիսկ աննշան հակամարտություն ծագի տարածաշրջանում, ապա Կասպից ծովում մեր բոլոր աշխատանքները կդադարեցվեն», և հիշեցնում են, որ 2001 թ. Ադրբեջանի և Իրանի միջև «Ալով» կոչվող վիճելի տեղամասի պատճառով տեղի ունեցած ռազմական առճակատման ժամանակ արևմտյան ընկերությունները հրաժարվեցին նրա յուրացման աշխատանքներից։ Եվ տասը տարի անց էլ «Ալով»-ի շահագործումն այդպես էլ մեռյալ կետից չի շարժվել։ ՈՒշադրություն դարձնենք նաև զրույցների այդ ձայնագրություններում առկա «արևելյան նուրբ խորամանկություններին»։ Նախ, ազերները համոզված են, որ իրենք իրենց պիտի գովաբանեն, և համապատասխանաբար առանց երկմտության ստվերի անգամ պնդում են. «Առճակատման խորացումը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին, իսկ զենքը պետությանը պետք է, որ ուրիշները որևէ գործողություն իրականացնելուց առաջ մի լավ ծանրութեթև անեն»։ Հետո էլ, իրենց սիրած մեթոդով, հարկավոր է մնացած բոլորին «փչացնել»։ Ռուսաստանը, ադրբեջանցիների ասելով, շրջափակել է Ղազախստանն ու Թուրքմենստանը և ձգտում է ադրբեջանա-թուրքմենական հարաբերությունների ջերմացում թույլ չտալ։ Նա «մեծացնում է իր ռազմական բռունցքը Կասպից ծովում, կտրելով անդրկասպյան խողովակաշարի նախագծի ճանապարհը»։ Մոտավորապես նույն խնդիրներն է լուծում նաև Իրանը, տրտնջում են Բաքվում։ Այնպես որ, Պենտագոնի բարի քեռիներ, «փրկեցեք գառնուկներին»։ Եվ դա չնայած այն բանին, որ Թեհրանի և Բաքվի գագաթնաժողովների որոշումներով մերձկասպյան երկրները պարտավորվել են զինված ուժեր չօգտագործել ծովի հետ կապված խնդիրների լուծման համար և իրենց տարածքը չտրամադրել մերձկասպյան մյուս երկրների դեմ ագրեսիայի համար։
Ինչպես և պետք էր սպասել, Ռուսաստանի դիրքորոշումը հիմա միարժեք է և անսասան. «Քանի որ Կասպից ծովն առափնյա երկրների ներքին ծով է, ուրեմն ծովային սահմանների պահպանության խնդիրը հենց այդ պետությունների առանձնաշնորհն է, որոնք երրորդ երկրների ծառայությունների կարիքը չունեն»,- նշել է Ադրբեջանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչը։ Թեհրանը նույնպես անուշադրության չմատնեց ստեղծված իրավիճակը։ Իրանի արտգործնախարարը վերջերս մեկնաբանեց Կասպից ծովում օտարերկրյա ռազմանավերի ու մասնագետների ներկայություն ենթադրող իրավիճակը։ Նա հայտարարեց, որ Կասպից ծովը պատկանում է միայն հինգ պետության, որ ցանկացած օտար երկրի ռազմական ներկայությունն անընդունելի է, ընդգծեց, որ Կասպից ծովի վերաբերյալ բոլոր որոշումները պետք է ընդունվեն բոլոր մերձկասպյան պետությունների համաձայնությամբ, առանց որևէ արտաքին միջամտության։
Սակայն, նկատենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր մերձկասպյան բոլոր երկրներն այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ և պայմանագիր ստորագրել ծովի բաժանման վերաբերյալ` խուսափելու համար նրա ռազմականացումից։ Նոյեմբերի սկզբին Աստանայում տեղի կունենա Կասպից ծովի խնդրով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը։ Մինչդեռ, դիտորդների կարծիքով, դեռևս լավատեսության հիմքեր չկան, քանի որ հնգյակի հանդիպումների ու խորհրդակցությունների փորձը ցույց է տվել, որ համաձայնեցումն ընթանում է մեծ դժվարությամբ։ Այնինչ վերջին ժամանակներս առանձնահատուկ լարվածություն է նկատվում ծովում և նրա հետ կապված հարցերի առնչությամբ։ Այսպես, մի քանի օր առաջ նախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհրդակցություն անցկացրեց ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ` նվիրված Եվրամիության հետ փոխգործակցության և Անդրկասպյան գազամուղին հակազդելու հարցերին (գազամուղը Բրյուսելն ուզում է կառուցել թուրքմենական գազի գնման համար` շրջանցելով Մոսկվան)։ Նկատենք, միջոցառումն անցավ գազի հետ կապված այլ հարցերում ԵՄ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրման պայմաններում։ Խոսելով գազամուղի մասին, Մեդվեդևն ընդգծեց, որ Ռուսաստանը պետք է ձևակերպի իր դիրքորոշումը և «այն իրազեկի մեր կասպյան գործընկերներին` նրանց կողմից այս կամ այն որոշման ընդունման դեպքում»։ Դա հնչեց առնվազն որպես նախազգուշացում, եթե ոչ սպառնալիք։
Հիշեցնենք, Եվրահանձնաժողովը մեծ հույսեր է կապում Անդրկասպյան նախագծի հետ, իսկ Բրյուսելը Եվրամիության երկրների ղեկավարությունից մանդատ է ստացել բանակցելու Բաքվի ու Աշգաբադի հետ` եռակողմ համաձայնագրի հարցի շուրջ։ Կողմերն արդեն ստեղծել են փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքային խումբ։ Աշգաբադը պատրաստ է Եվրոպային մատակարարելու տարեկան մինչև 40 մլրդ խմ գազ, Ադրբեջանը ևս ծրագրում է զգալի ծավալներ մատակարարել Եվրամիության երկրներին, և հիմա նրանք համատեղ հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ խողովակաշարի գցումը իրենց ներքին գործն է։ Օրերս Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը հայտարարեց, որ իրենք «ձեռնամուխ են լինում թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու պայմանագրային և իրավական բազայի ստեղծմանը»։ Նշենք, որ Աշգաբադում անկախության հանդիսություններին կարող է ներկա լինել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։ Առայժմ Աստանան չեզոք դիրք է բռնել, սակայն (ինչը ծայրաստիճան կարևոր է, և ինչը կարող է արմատապես փոխել իրավիճակը) նա խիստ շահագրգռված է Անդրկասպյան նավթամուղի կառուցմամբ, որով պետք է ղազախական նավթը հասցվի եվրոպական շուկա։ Այդ հարցը սեպտեմբերի վերջին քննարկվել է Բաքվում, ուր խոսվել է Կասպից ծովի հատակով խողովակաշարի անցկացման հեռանկարների մասին։ Եվ էլի մի բան... Հոկտեմբերի սկզբին Եվրամիությունը Ղազախստանին առաջարկեց մասնակցել Անդրկասպյան գազամուղի շինարարությանը։ Թենգիզ (Ղազախստան)-Թուրքմենբաշի (Թուրքմենստան) խողովակաշարը պետք է միանա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին։ Այնպես որ ակնհայտ է` Մոսկվայում հուզվելու և սպառնալիքներ տեղալու պատճառները շա՜տ են։
Իր հերթին, Վաշինգտոնն Ադրբեջանում իր դեսպան Մեթյու Բրայզայի շուրթերով հասկանալ տվեց, որ բանակցություններին այդպիսի միջամտությունն անթույլատրելի է. «Այդ նախագիծը կախված է միայն Եվրամիությունից, Թուրքմենստանից և Ադրբեջանից։ Թե Ադրբեջանն ու Թուրքմենստանն ինչպես կհամագործակցեն Եվրոպայի հետ, այլևս ոչ ոքի չի վերաբերում։ ՈՒրիշ ոչ ոք չի կարող միջամտել այդ գործին»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։ Ի պատասխան ռուսների, էներգիայի գծով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը նույնպես Ռուսաստանին մեծ խնդիրներ խոստացավ Եվրոպայի հետ գազի բիզնեսում։ Նախ, եթե Մոսկվան խանգարի «Անդրկասպյանի» կառուցմանը, ապա նրան չեն թողնի կառուցել «Հարավային հոսքը»։ Երկրորդ, Եվրահանձնաժողովն ամեն ինչ կանի, որ փոքրացնի ԵՄ-ի գազի շուկան։ Այսինքն, մեծ հաշվով, Մոսկվան Անդրկասպյան նախագծին հակազդելու ուրիշ լծակներ չունի, բացի ռազմական ուժի ցուցադրումից և Իրանի հետ ջանքերի համատեղումից։
Եվ այս ամենից հետևում է, որ Կասպից ծովում բախման վտանգը թեև քիչ է հավանական, սակայն, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Ընդ որում, թեև Կասպից ծովը հայտարարվել է խաղաղության ծով, բայց դա, ավելի շուտ, անիրական է, սոսկ մոլորություն։ Իրականում տարածաշրջանային անվտանգության գործուն համակարգի ստեղծման քայլեր դեռևս չեն ձեռնարկվել։ ՈՒստի փորձագետները չեն բացառում այդտեղ իրադարձությունների բացասական զարգացումը, երբ մերձկասպյան երկրներից մեկը կարող է թույլ տալ որևէ ոչ տարածաշրջանային երկրի ռազմական ներկայությունը։ Դա կդառնա ներկայիս անվստահ, փխրուն, բայց այնուամենայնիվ, կայունության վերջը։ Մի շարք փորձագետներ ենթադրում են, որ Թուրքմենստանի ու Ադրբեջանի կողմից Անդրկասպյան խողովակաշարերի շինարարությունը կարող է հանգեցնել իրանական, միգուցե և ռուսական զինված ուժերի ակտիվացմանը։ Հնարավոր են դիվերսիաներ, իսկ դրանից հետո այդ ամենը կարող է վերաճել լիամասշտաբ պատերազմի, որը կճարակի ամբողջ Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան։
Ի վերջո, պարզ է մի բան. եթե 200-կիլոմետրանոց ստորջրյա խողովակաշար գցեն Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև, ապա այն սկզբունքորեն կփոխի «Հարավային միջանցքը» պաշարներով ապահովելու վիճակը (այդ միջանցքով ծրագրվում է գազը Կասպյան տարածաշրջանից Վրաստանով և Թուրքիայով հասցնել Եվրոպա) և համապատասխանաբար կթելադրի ազդեցության ուժերի նոր հարաբերակցություն։ Սակայն, փորձագետների կարծիքով, խողովակաշարային նախագծերի մեծ քանակությունն արդեն մեծապես գերազանցում է դրանք լցնելու` մերձկասպյան երկրների հնարավորությունները։ Չէ որ հիմա խողովակաշարային տարբեր կոնսորցիումների հնարավոր մասնակիցները պայքարում են նույն պաշարի համար։ Դրա պատճառով ածխաջրածնային պաշարների փոխադրման ուղիների համար մերձկասպյան երկրների աշխարհաքաղաքական մրցակցությունը մեծացնում է տարածաշրջանային լարվածությունը։ Եվ վերջին հաշվով, այս ամենը գալիս է հաստատելու այն փաստը, որ ապագա նախագծերի մեծ մասը քաղաքական լուծումներ ենթադրող նախագծեր են։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ