«Ոնց ասես, երբ ասես»,- ասել էր Գագիկ Ծառուկյանը, երբ առաջարկ էր եղել՝ հավաքվելու ավելի մեծ կազմով, նշելու կոալիցիայի հուշագրման ակցիան:
Այսպիսով, «Օջախում» բավականին անկաշկանդ մթնոլորտում կոալիցվածները հիշել էին «զմիմեանս», կենացներ ասել, քաղցրացրել դրանք, կրկին ու մի քանի հազար անգամ, մինչև ինքնամոռացության աստիճանի մաղթել՝ մեր գլխից անպակաս լինես, մեր կողքին լինես, երկիրը օրինականացնես, բարգավաճացնես, հանրապետականացնես:
Հասկացաք՝ ում մասին է խոսքը:
Բայց «ազատ» ծրագրի կողքին եղել է նաև «պարտադիր» ծրագիր: Կենացներն ասելիս յուրովսանն մեսիջներ էլ են հղվել՝ ի ծագս աշխարհի:
Հիմնականում՝ Սերժ Սարգսյանի կողմից:
Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ տանդեմին, նա ասել է, որ միասին բավականին դժվար ուղի են անցել, շատերն են փորձել խանգարել երկու կուսակցությունների նորմալ համագործակցությանը, այնուհանդերձ, նրանց մոտ դա չի ստացվել և չի էլ ստացվելու, որովհետև ԲՀԿ-ն այս անգամ ևս ճիշտ որոշում է կայացրել, դե եթե կայացրած չլիներ, «այստեղ չէր լինի», ուր կլիներ` չի ասվել «ուղերձում» (ասում են՝ Քուշկյանն էդ օրն էլ իներցիայով անհանգիստ է եղել. Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին հարցրել է՝ ինչի է Արտյոմն անհանգիստ, Ծառուկյանը գլուխ թեքել դեպ Քուշկյան, ասել է՝ ամեն ինչ շատ լավ է):
ՀՀԿ-ն ևս անմասն չի մնացել «պրեզենտացիոն» մեսիջներից: Սերժ Սարգսյանը, այս էլ որերորդ անգամ, հարկ է համարել նշել, որ կուսակցությունում կան մարդիկ, ովքեր փորձում են օգտվել իրենց դիրքից և չարաշահելով այդ դիրքը, կուսակցությունը ծառայեցնել իրենց շահադիտական նպատակներին, ինչը խիստ անընդունելի է, և հետ այսու ևս թույլ չի տալու կուսակցականի նման վարքագիծ. «Փառք Աստծո, որ այդպիսիք ՀՀԿ-ում շատ քիչ են, այդպիսիք, ճիշտ է, բոլոր կուսակցություններում կան, բայց մենք պետք է բացառենք նրանց գոյությունը մեր շարքերում»:
Ոնց նկատում եք՝ մենք չենք մեկնաբանում Սերժ Սարգսյանի ասածները. զի «ի տակ յասնո»՝ ինչ է ասվում, երբ և հատկապես «ումով»:
Էլ ավելի հետաքրքիր է եղել Սերժ Սարգսյանի հաջորդ ուղերձը. ըստ այդմ՝ վերջերս քննարկումներ էին գնում, որ ճիշտ կլինի՝ նախագահը լինի անկուսակցական, դուրս գա ՀՀԿ-ից և այդպես մասնակցի ընտրություններին: «Ինչը կնշանակեր թուլացնել թե՛ ՀՀԿ-ն, թե՛ նախագահի ինստիտուտը. չմոռանանք, որ քաղաքակիրթ աշխարհը հենց այդ՝ կուսակցությունների պատասխանատվությունը վերցնելու ճանապարհով է գնում, այն նախագահը, որը չունի իր թիկունքում կուսակցություն, դառնում է դիտորդ»:
Նորից ենք հիշեցնում՝ մենք չենք մեկնաբանում Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին ասել է, որ չի բացառվում առաջիկայում ինքը ղեկավարի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Ինչպես հասկանում եք՝ «դիտորդ» չդառնալու, նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Խելացի մարդիկ սովորում են այլոց սխալների վրա:
Ինչ է ասվում ոչ խելացիների մասին, ոչի՜նչ «չգիտենք»:
Խելո՜ք, ամլիկ գառ, մեզ համար ապրում ենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ