Արտաքին քաղաքական կողմնորոշման կամ, այլ կերպ ասած, վեկտորի փոփոխման դիսկուրսը հասել է գագաթնակետին: Թունդ արևմտամետ-հակառուսները հավաքվել ու բարձրաձայնում են, որ այլևս սպասելու ժամանակ չկա, վեկտորը փոխենք՝ փրկվենք, քանի որ Վրաստանը կողմնորոշվել է Արևմուտք, Ադրբեջանը՝ Թուրքիա-Ռուսաստան դաշինք, մնում է Հայաստանը, որն այլևս այլընտրանք չունի, և միակ ճանապարհը՝ դեպի ԱՄՆ-ԵՄ: Ռուսամետները զգուշացնում են այն տնտեսական և անվտանգային կոլապսից, որն սպառնում է Հայաստանին, եթե նա վերջնականապես գնա դեպի Արևմուտք, որովհետև նրա հետ կյանքի ու մահու առճակատման մեջ մտած Ռուսասատանը չի ների և հերթական անգամ կպատժի: Որ կողմն է ճիշտ, մոտակա վեց-յոթ ամսվա իրադարձությունները ցույց կտան, հստակություն չկա, պետական ղեկավար այրերը, որոնք տիրապետում են շատ ավելի մեծ ինֆորմացիայի, իրենք էլ չգիտեն, դա զգացվում է նրանց խոսքից և հռետորաբանությունից:
Ես մի բանում համոզված եմ, որ հյուսիսից եկող պատիժը խիստ է լինելու, խիստ և վտանգավոր: Համոզված եմ նաև, որ ժողովրդավարության և ինքնիշխանության մասին դասախոսությունների ու հուզական-հայրենասիրական-պաթոսախառն ելույթների փոխարեն ճիշտ կլինի մտածել այդ պատժից խուսափելու մասին: Համոզված եմ նաև, որ 44-օրյա պատերազմում Մոսկվայի և Թեհրանի իներտ դիրքորոշումն ինչ-որ տեղ արևմտյան կողմնորոշման համար հասցված ապտակ էր, որը կրկնվեց, ընդհուպ մինչև Արցախի հայաթափում: Կարո՞ղ է արդյոք հավաքական Արևմուտքը կայուն անվտանգային երաշխիքներ տալ և ապահովել հերթական պատժից: Բացի անզեն եվրադիտորդների քաղաքացիական առաքելությունից և զենք վաճառելու մասին հրապարակումներից դեռևս ոչինչ պարզ չէ: Запад нам поможет՝ ասում են արևմտամետները և հավելում, որ ռուսները մեր թշնամիներն են: Եթե Արևմուտքը մեր թիկունքին է, այդ դեպքում ինչու՞ է վարչապետը խոսում մի քանի գյուղի համար անխուսափելի պատերազմի մասին: Նույնպես անհասկանալի է, նշանակում է, որ վստահ չէ արևմտյան արագ օգնության առումով, եթե Ալիևն օգտագործի իր համար այս ոսկե պահը և Հայաստանը հասցնի Ալեքսանդրապոլի պայմանագրին. Արևմտյան Ադրբեջան նարատիվը՝ դրա ապացույց: Ադրբեջանը պահանջված և հուսալի գործընկեր է, ըստ Ֆոն դեր Լայենի, նաև Պուտինի համար, իսկ թուրք-ադրբեջանական միաձուլումը ռազմաքաղաքական հենքով, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն չի տրորի իր հարավային հենարանի ոտքը: Իրանի գործոնը ևս անտեսելը անթույլատրելի, Թեհրանը դեմ է հարավկովկասյան տարածաշրջանում արևմտյան ազդեցության տարածմանը:
Թերևս, շատ երկար վերլուծություններով կարելի է շարունակել այս դիսկուրսը, բայց մի բան պարզ է՝ ո՛ր կողմ էլ գնանք, հավասարաչափ կունենանք անվտանգության որոշակի չափաբաժնով սպառնալիքներ: Ե՞լքը՝ կհարցնեն շատերը: Իմ կարծիքով՝ առայժմ կանգնել եղած իրադրության վրա և խուսափել արտաքին քաղաքական կտրուկ տեղաշարժերից: Կանխել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը և փորձել կարգավորման գնալ երկկողմանի՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, որովհետև և՛ ռուսական, և՛ արևմտյան մոդերատորությունը կարող է հավասարապես հանգեցնել իրավիճակի բարդացման: Հայաստանին անհրաժեշտ են միաժամանակ և՛ արևմտյան, և՛ ռուսական, և՛ իրանական բարեկամական դիրքորոշումներ: Այս կամ այն բևեռ նետվելը երկիրը կարող է տանել ուկրաինական կամ սիրիական սցենարի: Անհնար է իրագործել ձեր առաջարկը՝ կարձագանքեն շատերը: Ես կպատասխանեմ՝ հնարավոր է, բայց շատ դժվար: Այստեղ է, որ դիվանագիտությունն իր խոսքը պետք է ասի:
Գարիկ Քեռյան