Նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մարդատար ավտոբուսները անվճար Արցախ տեղափոխեցին պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած քաղաքացիներին։ Այնուհետև ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացրեց, որ հետագա փոխադրումներն իրականացվելու են Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից, արդեն առանց նախապես գրանցվելու, 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում:
Օպերատիվ շտաբը գործում է հոկտեմբերի 25-ից Երևանում, Գարեգին Նժդեհի 23/1 հասցում։ Աշխատանքները համակարգում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրեց, որ այս ժամակահատվածում կարողացել են լուծել մի շարք խնդիրներ՝ թե՛ սոցիալական, թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ իրավական ծառայություների մատուցման։ Օպերատիվ շտաբի ընդունարանն օրական սպասարկում է մոտ 300 մարդու, ստանում հազարավոր զանգեր։ Թեժ գծի հեռախոսահամարները տեղակայված են օպերատիվ շտաբի կայքէջում։ ԱՀ քաղաքացիները դիմում են ամենատարբեր խնդիրներով՝ կեցություն, սնունդ, տաք հագուստ, փաստաթղթերի ձևակերպում։ Կա որոշում, որ փաստաթղթերի բացակայության դեպքում բուհերում, դպրոցներում արցախցիները կարող են շարունակել կրթությունը։ Համապատասխան փաստաթղթերի ձևակերպման խնդիրների կարգավորմամբ զբաղվում է Վարդանանց 16/1 հասցեում գործող իրավական ծառայությունների մատուցման գրասենյակը։ Եվ այդ ամենը կատարվում է պարզեցված համակարգով։ Միքայել Վիրաբյանը վստահեցնում է՝ արդեն 2-րդ ամիսն է ՀՀ տարածքում վճարվում են արցախցիների կենսական բոլոր տեսակի թոշակներն ու նպաստները։ Իր խնդրանքով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ եկել են պայմանավորվածության, որ ՀՀ ամբողջ տարածքում սոցիալական ապահովության տարածքային բաժինները սպասարկեն նաև Արցախի քաղաքացիներին։
Ըստ կարգի՝ արցախցիների կեցության խնդիրները կարգավորում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Սակայն Միքայել Վիրաբյանն ասում է, որ իրենք իրենց հերթին օրվա ցանկացած ժամին կապի մեջ են, ահազանգերը տեղ են հասցնում ու միասնական լուծում են տալիս խնդիրներին։ Վիրաբյանը խնդրում է արցախցիներին՝ պայման չդնել Երևանում կամ խոշոր քաղաքներում բնակվելու, հավելում, որ այս պահի դրությամբ անօթևան քաղաքացի չունեն։ Կոմունալ վճարումներն անում է պետությունը, հյուրընկալող քաղաքացիների մասով շուտով կհրապարակվի ՀՀ կառավարության համապատասխան որոշումը։
Ի՞նչ աշխատանք է նախատեսված ռազմական գործողությունների դադարից հետո։
Մ. Վիրաբյանը վստահեցնում է, որ շուտով բոլորը կհամոզվեն՝ Արցախը հաճելի տեղ է լինելու և՛ բնակվելու, և՛ խնդիրների լուծման առումով։ Համապատասխան ենթակառուցվածքներն արագացրած տեմպերով վերականգնվում են, փրկարարները զբաղվում են չպայթած հրթիռների վնասազերծմամբ։ 15-20 օրվա ընթացքում այդ խնդիրը մայրաքաղաքում ու հարակից տարածքներում լուծված կլինի։ Բնակարանային խնդիրները առաջնահերթորեն պիտի լուծվեն Արցախի Հանրապետության տարածքում, նոր միայն անհատական դիմումներով կփորձեն հասկանալ` ՀՀ-ում անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ։
Սույն խնդրին անդրադարձել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նշելով, որ պատերազմի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիները հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ իրադարձությունների բնականոն ու հուսադրող ընթացքն ապահովված է։ Արցախցիների ժամանակավոր կեցության և այլ կարիքներն ապահովող կամավորական-բարեգործական շարժումների պակաս նույնպես չունենք։ Սակայն պաշտոնական լրահոսին վայրկյան առ վայրկյան հետևող հանրությունը պատերազմի 44 օրերից հետո հայտնվել է մի ուրիշ իրականության մեջ։ Իրադարձությունները անկանխատեսելի են, արագընթաց, զգացողությունները՝ հակասական։ Արցախցիների մի մասը վերադառնում է տուն, մյուս մասը լքում է տունը։ Դադիվանքի կորստին չհամակերպվող մեր հայրենակիցները վերջին հրաժեշտն են տալիս վանքին։ Դադիվանքը թշնամուն չհանձնելու լուրը հաստատվում է։ Արցախի իշխանությունները հորդորում են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից: Հստակեցումներ են արվելու։ Քարվաճառացիները բեռնատարներով, մարդատար մեքենաներով Հայաստան են տեղափոխում իրենց ունեցվածքը, ոմանք, դուռը կողպելուց հետո, այրում են տունը։ Հադրութցիները ակցիաներ են անում Երևանում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների մոտ՝ պահանջելով թույլ չտալ հանձնել Հադրութը։ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը տեղեկացնում է՝ Քարվաճառի ճանապարհը ամսի 15-ին դեռ չի փակվելու և կաշխատի որոշ ժամանակ։ Իսկ Բերձոր քաղաքը մնում է հայկական, Բերձորով կապը պահպանվելու է մայր Հայաստանի հետ։ Զինադադարից հետո մեքենայով Արցախ գնացող մեր հայրենակցի գերի ընկնելու լուրը նոր հարցեր ու մտագոհություններ է առաջ բերում։ Ռուս խաղաղապահները հաստատվում են Արցախում։ Համացանցում տարածվում են նոր բնույթի տեսանյութեր ու հոդվածներ։ «Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին»,- գրում է «Հետքը»՝ հրապարակելով ռուս խաղաղապահի ու խանութի վաճառողուհու զրույցը։ Այս օրերին բոլոր զրույցները հանձնվող-չհանձնվող տարածքների մասին են, մեղավորների ու ավելի մեղավորների, վերադարձող ու չվերադարձող՝ անմահացող մեր տղաների, դեպի տուն տանող ու նոր տուն տանող ճանապարհների։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ