Այսօր շատերը զարմանում են, թե ինչու Արցախը հանձնելու փաստը շատ մարդու ոտքի չի հանել, հանրահավաքներին սպասվածից քիչ մարդ է գալիս։ Շատ բազմաշերտ է այս հարցի պատասխանը։ Նախ այսօրվա տրամադրություններին հասնելու համար երկար տարիներ աշխատանք է տարվել, հենց այնպես չէ, որ մարդկանց զգայարանները բթացել են։ Տարիներ շարունակ դրսի գումարներով Հայաստանում ծրագրեր են իրականացվել, որոնք այդ պահին թվացել են մանր-մունր, բայց կաթիլ-կաթիլ մի մեծ օվկիանոս են դարձել, որտեղ հիմա բոլորս ենք խեղդվում։ Դեռևս նախորդ իշխանությունների տարիներից սկսած, այսպես կոչված, եվրոպական արժեքներին համապատասխանելու համար ի՜նչ «մարդասիրական», «ժողովրդավար» սեմինարներ ու քննարկումներ են գրանտներով իրականացվել, որոնք ունեցել են մի քանի հիմնական շեշտադրումներ՝ հարված ազգային արժեքներին, ընտանիքի գաղափարին և միտված են եղել հայրենասիրությունը կեղծ կատեգորիա համարելուն, գենդերային հավասարություն հաստատելուն։ Ի վերջո, հայից աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ) կերտելու «վեհ» մղումներն են դարձել այդ ամենի քողածածկույթը։ Սրան էլ գումարեք «խաղաղասիրական», թուրքի հետ հաշտ ու համերաշխ ապրելու բոլոր ազգակործան գաղափարներն ու սեմինարները, ու պատկերն ամբողջական կդառնա։ Այս ամենի արդյունքում հիմա ունենք այնպիսի հասարակություն, որին հետաքրքիր չեն ազգային հարցերը, որովհետև աշխարհն է նրա տունն ու հայրենիքը։
Ի դեպ, ուշագրավ է, որ շատ հաճախ այդ ծրագրերի թիրախ կամ շահառու են համարվել սոցիալական, հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց մանիպուլացնելը, նրանց գիտակցության վրա ազդելը շատ հեշտ է։ Այս քաղաքականությանն օգնեցին ժամանակակից տեխնոլոգիաները, սոցցանցային իրողությունները, ու մարդիկ սկսեցին և՛ հեշտ կառավարվել, և՛ հեշտ մարսվող տեղեկության սպառող դառնալ, և չմտածել, քանի որ իրենց փոխարեն վաղուց մտածել էին։ Վերջին 2,5 տարիները այսպիսի հանրություն կերտելու հարցում վճռորոշ եղան, որովհետև ողջ պետական ապարատն այս գործին լծվեց։ Եթե նախկինում դրսի գրանտներով էին այս ամենն իրականացնում, այս ընթացքում դրանց գումարվեցին պետության գումարները, պետական լծակները։ Ավելին, ծրագրերի իրականացնողները հենց պաշտոնյաներն էին, ինչն ավելի վստահելի և արդյունավետ էր դարձնում նման գաղափարների տարածումը։ Մարդկանց բերեցին մի վիճակի, որ նրանք այդ քաոսի մեջ այլևս չհասկանան, թե ինչ ծագում, նկարագիր, առաքելություն, բարոյական, արժեքային չափորոշիչներ ունեն։ Որքան էլ ցավալի է, ունեցանք ամորֆ հասարակություն, որտեղ սթափ գնահատողներին հոշոտում էին, իսկ մանիպուլյատորներին՝ երկրպագում։ Այլ խոսքով, վտանգներ զգալու մեր զգայարաններն ամբողջովին բթացրին, մենք դարձանք մի հասարակություն, որտեղ միշտ մեղավոր էին բոլորը, բացի մեզանից։ Սկսեցինք մեր սխալները չհասկանալ, քանի որ միշտ մեկ այլ մեղավոր կար։
Այս իրավիճակը նկարագրող շատ տիպիկ ու թարմ օրինակ կա։ Երբ կորոնավիրուսը մեր տան դռանն էր, իսկ մենք հերթական «ծրագրի» գլուխբերման շեմին, պետական ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, թե կորոնավիրուսն ու՞մ շունն է, օղիով կախտահանենք, պինցետով էլ դուրս կշպրտենք։ Հասարակությունն այս ազդակն անմիջապես վերցրեց ու անտարբեր դարձավ այդ վտանգի հանդեպ։ Հետո, որքան էլ փորձեցին հակառակն ապացուցել, արդեն անիմաստ էր, մարդկանց զգայարանները բթացել էին. հասարակությունը դարձավ վարակակիր, ու այսօր առողջապահական աղետի առջև ենք կանգնած։
Նույն վիճակն է նաև մյուս բոլոր սպառնալիքների և վտանգների պարագայում։ Եթե վիրուսի դեպքում անձամբ մարդու առողջության հարցը նրան քիչ է հուզում, ինչու՞ եք մտածում, թե ազգային հարցերը կարող են ոտքի հանել հասարակության զգալի հատվածին։ Նրանց վաղուց, շատ վաղուց կաթիլ-կաթիլ ներարկել են, թե ի՞նչ ազգ ու ազգային, հող ու հայրենիք, դրանք կեղծ կատեգորիաներ են, իսկ դուք ասում եք՝ Արցախը հանձնեցին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ