Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ասում է, որ ադրբեջանցիները, իրենց ավագ եղբայրների՝ թուրքերի նման, ինչ-ինչ խորհրդանշանական օրեր են գտնում, ու իրենց սին երազանքները փորձում այդ օրերի հետ կապել:
«Իրատեսի» հետ զրույցում մանրամասնում է. դեռևս սեպտեմբերի 29-ին ադրբեջանցի պատգամավոր Թուրալ Գանջալիևը Facebook-ով հանրային միջոցառման հրավեր էր ուղարկել, որտեղ նշվում էր, թե հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի անկախության օրը, հավաքվելու են Ստեփանակերտում: Սիմվոլիկ այդ օրերը գալիս-գնում են, բայց հաղթանակի օրն այդպես էլ չի գալիս ու չի գալու, վստահեցնում է մեր զրուցակիցն ու ավելացնում՝ այս պատերազմը մեզ համար գոյութենական կռիվ է, մեկ տարբերակ կա միայն՝ ապրել, իսկ ապրել նշանակում է հաղթանակ տանել:
«Ադրբեջանական հասարակության ներսի տրամադրությունները տարբեր են: Օրինակ, երբ նախագահ Ալիևն օրերս հայտարարել էր Զանգելանի շրջանի մի շարք գյուղերի «ազատագրման» մասին, սոցիալական ցանցերի օգտատերերը հարցնում էին՝ ներկայացված գյուղերի անուններն արդեն մի անգամ բարձրաձայնվել են որպես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, ինչու՞ են դրանք որպես նոր ազատագրումներ ներկայացվում: Բացի Ալիևից՝ այս օրերին ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ ու հասարակական գործիչներ, որոնք մշտապես խոսել են հնարավոր համակեցության մասին, անհեթեթ հայտարարությունների շքերթ են կազմակերպել: Սոցիալական ցանցերում գրում են, թե ադրբեջանական բանակը կարողացել է այնպիսի հաջողություններ գրանցել, որ հայերը ստիպված պետք է հանձնվեն: Իրենց մոտ հաղթանակի տպավորություն է, գաղափար չունեն ձախողված բանակի, բազմաթիվ կորուստների, հաջողությունների ժամանակավոր լինելու ու այլ հանգամանքների մասին: Իսկ մենք ընդհակառակը՝ հասել ենք մի կետի, որն ընդհանրապես հետքայլի հնարավորություն չի տալիս: Նույն Շուշին անառիկ ամրոց է, որտեղից մեր պաշտպանվելն ու հակառակորդին ջախջախելը շատ ավելի նպատակահարմար է»,- նշում է պատգամավորը:
Տաթևիկ Հայրապետյանը դրական է համարում ռազմաճակատում տիրող իրավիճակը քարտեզի միջոցով հանրությանը ներկայացնելու գործելաոճը: Ինչքան բաց ես լինում հասարակության հետ, ասում է, մարդիկ այնքան լավ են հասկանում՝ ինչ է պետք ու ինչ կարող են անել: Շատերը, ավելացնում է մեր զրուցակիցը, հենց միայն այդ քարտեզին նայելով են որոշել առաջնագիծ մեկնել, կամավորական խմբեր են կազմվել, թիկունքում աշխատանքներն էլ ավելի համակարգված են դարձել և այլն: Մինչդեռ ադրբեջանցի այն հասարակական գործիչները նույնիսկ, որ մշտապես փորձել են օբյեկտիվ լինել, ըստ պատգամավորի դիտարկումների, ժամանակից շուտ հաղթանակի էյֆորիայով են տարվել:
Հայրապետյանը զուգահեռներ է անցկացնում այսօրվա իրողությունների և 1992-ի հետ, երբ Ադրբեջանում իշխանության եկավ պանթուրքական գաղափարների տեր Աբուլֆազ Էլչիբեյը, որի գործունեությունն ու վարած քաղաքականությունը Ալիևը միշտ է քննադատել: Հիմա, փաստորեն, նույն ճանապարհով է գնում ու առաջ տանում պանթուրքական գիծը: Իհարկե, հավելում է իշխանության ներկայացուցիչը, Ադրբեջանի բռնապետը փորձում է շատ ավելի զգուշավոր լինել ու չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նրա գործողությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում: Ավելին. պանթուրքական գաղափարախոսության առաջմղումը վտանգավոր հետևանքներ է ունենալու Ադրբեջանի համար: ՈՒ թեև Ալիևն ասում է, թե Հայաստանի տարածքների նկատմամբ որևէ նկրտում չունի, մեկնաբանում է ադրբեջանագետը, բայց հունիսի 3-ի ելույթի ժամանակ խոսել է Զանգեզուրի ու Երևանի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին:
Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի՝ Իլհամ Ալիևը լավ է հասկանում՝ ինչ վտանգներով ու հետևանքներով է հղի Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշտում: Թեև Ալիևը փորձում է տպավորություն ստեղծել, թե իրավիճակի տերն ինքն է, բայց նա սոսկ խամաճիկ է Թուրքայի հրամանատարության ձեռքին: «Ադրբեջանի բռնապետը կարո՞ղ է արդյոք դադարեցնել պատերազմը, երբ իր ժողովրդի մոտ հաղթանակի հստակ ակնկալիքներ է ձևավորել, իսկ հայկական կողմը չի պատրաստվում ու չի ընդունում նահանջի տարբերակը: Իր հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում է այն գիծը, թե ինչու հայերը չեն հանձնվում: Իսկ ի՞նչ է եղել անդառնալի, որ հանձնվենք, ինչու՞ հանձնվենք: Մեր հանձնվելը նշանակում է սեփական հայրենիքում գոյության դադարեցում: Դա անհնարին բան է, ու մենք երբեք էլ տարածքի խնդիր չենք լուծել, մեր պայքարը գոյության պաշտպանության համար է: Ալիևն այժմ տարաբնույթ հարցազրույցների միջոցով փորձում է կոծկել այն հայատյացությունը, որ սերմանել է տասնամյակներ շարունակ: Օրինակ, ասում է, թե Լեռնային Ղարաբաղը, երբ Ադրբեջանի կազմում գտնվի, հայերը կարող են խաղաղ ու հանգիստ ապրել այդտեղ: Բայց դա ուղղակի աբսուրդ է, համակեցության մասին միֆ: Անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով հակամարտության պատմությանը, երկու անգամ ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հիմքում էթնիկ ատելությունն է, ու հայերը ստիպված են զենք վերցրել պաշտպանելու իրենց գոյությունը, որ սկսվում է Արցախից ու ավարտվում Երևանում: Ալիևն իր գործողություններով այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ աշխարհում որևէ մեկին չի կարող ապացուցել, թե հայերը, լինելով Ադրբեջանի կազմում, կարող են անվտանգ ապրել: Սեփական հասարակության մեջ սաֆարովներ դաստիարակողը, այս օրերին խաղաղ բնակիչներին, դպրոցներն ու հիվանդանոցները հրթիռակոծողը, մանկապարտեզից սկսած հայերին ատել սովորեցնողն ինչպե՞ս է համակեցության մասին խոսում: Եվ երբ ասում էինք անվտանգության գոտի, որ մեզ հնարավորություն կտար պաշտպանվելու կրակից, այսօրվա համար էինք ասում նաև, հակառակ դեպքում ուղղակի չեմ ուզում պատկերացնել՝ ինչ կարող էր պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ: Մեկ այլ աբսուրդն էլ այն է, թե Ադրբեջանում մոտ 30 հազար հայ է բնակվում: Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ Արցախում մասնագիտական պարտականություններն իրականացնող արտասահմանցի լրագրողներն անգամ Ադրբեջանի «սև ցուցակում» են հայտնվում, սպառնալից նամակներ ստանում: Եվրոպական տարբեր քաղաքներում հայերի ու հայկականության դեմ իրականացվող բռնության ու վանդալիզմի մասին էլ դեռ չեմ խոսում: Եթե այդքան հայ կա, ինչու՞ նրանց գոյության մասին երբևէ չի խոսվել: Եթե այդքան անվտանգ երկիր է, ինչու՞ էին ասում, թե Հենրիկ Մխիթարյանի անվտանգությունը չեն կարող ապահովել: Նրանց համար հայ լինելը վիրավորանք է, ու բոլոր այն պաշտոնյաները, որ հայ ծնողներ կամ նախնիներ ունեն, հանրային պարսավանքի են արժանանում»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ