Մի՛ գնացեք մեր մանուկների, դեռահասների, հասարակության նկատմամբ այդ ահավոր ոճրագործությանը
01.05.2020 | 00:46
Նիկոլ Փաշինյանի գլխավորած, «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկած կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը շուտով քննարկելու է Լանզարոտի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելու հարցը, և կասկածից դուրս է, որ ԱԺ-ի իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցության ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովը նշված կոնվենցիան վավերացնելու է, եթե հիշյալ խմբակցության պատգամավորները ժամանակին համապատասխան հետևություններ չանեն, ինչի հույսը չափազանց չնչին է:
Այդուհետ մեր ծնողները, որոնք այսօր դպրոցներում երեխաներ ունեն, և նրանք, որոնց երեխաները հետագայում պետք է դպրոց գնան, մոտ ապագայում ականատես են լինելու մի մղձավանջի, որը նույնիսկ իրենց ամենավատ երազում չէին կարող պատկերացնել: Այս զգուշացումը կամ կանխատեսումը ոմանց միգուցե չափազանցված թվա, բայց երանի այդպես լիներ…
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքում զետեղված լրատվությունից, 2020 թ. ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, գումարել է իր հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկել ու դրական եզրակացություն են տվել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցին: «Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի տեղեկացմամբ` Կոնվենցիան ստորագրվել է 47, ուժի մեջ մտել 45 պետության համար: Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և սեռական բնույթի չարաշահումից` հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ: Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը և միջազգային համագործակցությանը:
Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ-ն կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ` երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից պաշտպանելու համար»:
Հիմա հասկանանք, թե խոսքը երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից պաշտպանելու համար կոնվենցիայում անհրաժեշտ համարված ինչ իրազեկման մասին է նաև, որը Հայաստանի Հանրապետությունում, մեր հանրակրթական դպրոցներում, թերևս նաև հեռուստատեսությամբ և այլ կերպ անխուսափելիորեն իրականացվելու է, քանի որ, ինչպես նշված է ԱԺ-ի վերոնշյալ պաշտոնական տեղեկատվության մեջ, «Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ-ն կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ…»:
Լանզարոտում 2007 թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվեցիան (հակիրճ` Լանզարոտի կոնվենցիա) իր անվանումով այնքան անմեղ, անվտանգ, մինչև իսկ օգտակար և անհրաժեշտ է թվում, որ անտեղյակ մարդկանց Հայաստանում այս կոնվենցիայի ու դրա վավերացման դեմ ընդդիմացող, պայքարող, կոնվենցիայի վավերացումն անթույլատրելի համարող անձինք նույնիսկ կարող են թվալ երեխաների սեռական շահագործման և սեռական բռնությունների կողմնակիցներ: Իհարկե, դա բնավ այդպես չէ, որևէ նորմալ մարդ, առավել ևս` հայը, չի կարող կողմ լինել այդ աններելի հանցագործություններին: Բնականաբար, հարց կառաջանա` բա այդ դեպքում ինչու՞ են ոմանք, այդ թվում նաև` մենք, դեմ հիշյալ կոնվենցիային ու դրա վավերացմանը: Բացատրենք…
Կոնվենցիայի պաշտոնական խայտառակ թարգմանության 6-րդ հոդվածի («Երեխաների ուսուցումը») համաձայն, «Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:
Սա նշանակում է, որ կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանը պարտավորված է լինելու ձեռնարկել և ձեռնարկելու է օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Ընդգծում ենք` նաև տարրական կրթություն ստանալու ժամանակ…
Հանրակրթական դպրոցներում «Սեռական դաստիարակություն» կամ, այսպես կոչված, «Մշակութային մարդաբանություն» առարկայի դասավանդմամբ (առարկայի կամ միջոցի անվանումն այս դեպքում կարևոր չէ) մեր երեխաներին, նրանց թվում նաև` 6-12 տարեկաններին, մինչև 8-րդ դասարանում «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկայի դասավանդումը, տեղեկացնելու, բացատրելու, սովորեցնելու են (հնարավոր է նաև` պատկերներով, տեսանյութերով), թե իրենցից ինչ են ներկայացնում սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունը և սեռական բռնությունը, ինչ է կատարվում դրանից հետո, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը, դրանց հետ կապված ինչ վտանգներ կան, ինչպես պետք է պաշտպանեն իրենց՝ համաձայն իրենց կարողությունների, այսինքն` պաշտպանության ինչ միջոցներ կան: Ինչի՞ է հանգեցնելու սա, ո՞րն է սրա հետ կապված վտանգը…
Խնդիրն այն է, որ տարրական դասարանների աշակերտներին և մինչև 8-րդ դասարանի աշակերտներին վերոնշյալ տեղեկությունները տալով, նրանց շրջանում արթնացվելու կամ առաջացվելու է վաղաժամ (իրենց տարիքին չհամապատասխանող) և, բնականաբար, անառողջ հետաքրքրություն իրենց սեռական օրգանների, սեռականության, ինչպես նաև հետաքրքրություն ու ձգտում սեռական հարաբերությունների նկատմամբ, ինչն ինքնին գայթակղիչ է: Այդպիսով խթանվելու են սեռական հարաբերություններ (հիմնականում կամավոր, առանց բռնության) իբրև բարի նպատակներով հենց այդ տեղեկությունները ստացած շատ դեռահասների, ներառյալ` նույնասեռ անձանց միջև, ինչը Լանզարոտի կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ, ինչպես նաև երեխաներին սեռական վաղաժամ և անթույլատրելի տեղեկություններ տվող արևմտյան բազմաթիվ երկրներում արդեն իսկ զանգվածային դրսևորում ունի: Ինչպես Սատանայի, այնպես էլ նրա երկրային կամակատարների, ծառաների ձեռագիրը նույնն է` գայթակղելու միջոցով…
Տարրական դասարանների աշակերտները, նրանցից ավելի բարձր տարիքի աշակերտները վերոնշյալ տեղեկությունները ստանալով, կորցնելու են իրենց տարիքին բնորոշ անմեղությունը, ինչպես նաև սեռականի առնչությամբ ամոթի զգացումն առնվազն իրենց հասակակիցների և իրենց տարիքին մոտ գտնվող անձանց շրջանում, իսկ ամոթն այն գլխավոր տարբերակիչ հատկանիշներից մեկն է, թերևս ամենագլխավորը, որով մարդը տարբերվում է անասունից, կենդանական աշխարհի բոլոր մյուս ներկայացուցիչներից: Ահա թե ինչին է ձգտում Սատանան` իր երկրային կամակատարների, վեցանոցների բանակի հետ միասին:
Երեխաներին վաղաժամ սեռական բնույթի տեղեկություններ տված բազմաթիվ երկրներում դեռահասների միջև սեռական հարաբերություններն այնպիսի զանգվածային բնույթ են ստացել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նոր կորոնավիրուսի համավարակի վտանգավոր հետևանքների առնչությամբ մոտ երկու շաբաթ առաջ զգուշացրեց «Կա նաև վտանգը նրա, որ աղջիկները թողնեն դպրոցը, ինչը կհանգեցնի դեռահասների շրջանում հղիության դեպքերի աճի»: Ստացվում է, որ դպրոցն է նրանց ինչ-որ չափով զբաղեցնում, իսկ առանց դպրոցի, նրանք իրենց ուշադրությունը, հետաքրքրությունը տալու են, ժամանակը հատկացնելու են սեռական հարաբերություններին, ինչը հանգեցնելու է դեռահասների շրջանում հղիության դեպքերի աճի: Կարո՞ղ եք նման իրավիճակ պատկերացնել Հայաստանում հիմա, երբ դեռահաս զավակներ ունեցողներիդ երեխաները նույնպես դպրոց չեն գնում… Իհարկե՛ ոչ: Իսկ գիտե՞ք ինչու… Որովհետև նրանց միտքն ու հոգին բարի նպատակներ պատրվակելով, դեռ չեն հասցրել զանգվածաբար պղտորել ու պղծել:
Պատահական չէ, որ «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցներում սկսվում է ոչ թե, ասենք, 5-րդ, 6-րդ, 7-րդ, այլ 8-րդ դասարանից: Դա ինչ-որ մեկի կամ մի քանիսի կողմից հենց այնպես, քմահաճաբար չի որոշվել, դրա հետևում գիտական լուրջ հիմք կա, փորձառու հոգեբաններ, մանկավարժներ, սոցիոլոգներ են աշխատել, հետազոտել են և որոշել, որ հաշվի առնելով երեխաների հոգեբանական ու մտավոր զարգացման մակարդակը, միայն այդ տարիքից կարելի է նրանց փոխանցել տվյալ առարկայով նախատեսված գիտելիքները, որոնք, ի դեպ, շատ անմեղ մի բան են թվալու այն ամենի հանդեպ, ինչը հիշյալ կոնվենցիայի վավերացումից հետո լցնելու են մեր երեխաների գլուխը:
Ավելին. «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածներից շատերը դեռ մտադիր են հասնել նաև ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, որը լայն իրավունքներ է ապահովում ԼԳԲՏ անձանց, ընդհանրապես, այլասերվածների համար: Ներկայիս իշխանավորների մի մասը մտադիր է նաև հանրակրթական դպրոցներում «Մշակութային մարդաբանություն» առարկայի դասավանդմամբ գենդերային հավասարություն քարոզել, գենդերային խտրականությունից զերծ սեռական դաստիարակություն տալ, սեռական փոքրամասնությունների, նրանց «իրավունքների», մասնավորապես` այլասերման քարոզի «իրավունքի» հանդեպ հանդուրժողականություն ձևավորել աշակերտների շրջանում, նրանց բացատրել բազմազանության կարևորությունը, ներառյալ` հոմոսեքսուալության, ըստ իրենց, կարևոր սեռականություն լինելը, սեռականության պատմություն և, անկախ անձի սեռական կողմնորոշումից, նրա հանդեպ խտրականության բացառում ուսուցանել…
Անդրադառնանք դարձյալ Լանզարոտի կոնվենցիային, մասնավորապես` կոնվենցիայի 18-րդ հոդվածին («Սեռական բռնություն»): Այն մեջբերում ենք ամբողջությամբ.
«1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ քրեական պատասխանատվություն սահմանելու հետևյալ միտումնավոր գործողությունների համար,
ա) սեռական բնույթի գործողություններով զբաղվելը երեխայի հետ, որը, համաձայն ազգային օրենսդրության համապատասխան դրույթների, դեռևս չի հասել օրենքով սահմանված տարիքի նման գործողություններով զբաղվելու համար,
բ) երեխայի հետ սեռական բնույթի գործողություններով զբաղվելը, երբ`
-կիրառվում են հարկադրանք, ուժ կամ սպառնալիքներ, կամ
-տեղ է գտնում երեխայի նկատմամբ ունեցած վստահության, իշխանության կամ ազդեցության չարաշահում, այդ թվում և ընտանիքի ներսում, կամ
-չարաշահվում է երեխայի առանձնապես անպաշտպան վիճակը, մասնավորապես սահմանափակ մտավոր կամ ֆիզիկական ունակությունների կամ կախվածության մեջ գտնվելու հանգամանքներում:
2. Վերը նշված 1-ին կետի նպատակներից ելնելով յուրաքանչյուր Կողմ պետք է սահմանի այն տարիքը, մինչև որը արգելվում է երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարել:
3. 1ա) կետի դրույթները չեն տարածվում անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ կատարվող սեռական բնույթի գործողությունների վրա»:
Ստացվում է, որ ըստ կոնվենցիայի 18-րդ հոդվածի, քրեական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտություն չկա, երբ անչափահաս անձը, ասենք, 17 տարեկան, սեռական բնույթի գործողություններով է զբաղվել երեխայի հետ, որը, համաձայն ազգային օրենսդրության համապատասխան դրույթների, դեռևս չի հասել օրենքով սահմանված տարիքի` նման գործողություններով զբաղվելու համար (կարող է լինել նույնիսկ, ասենք, 6 տարեկան), միայն թե քրեական պատասխանատվություն չսահմանելու համար նախապայման է անչափահասների միջև սեռական բնույթի գործողությունների` փոխադարձ համաձայնությամբ կատարված լինելու հանգամանքը: Ահա սա է Լանզարոտի կոնվենցիայի հեղինակների ու նրանց հետևում կանգնածների բարոյականությունը:
Լանզարոտի կոնվենցիան կոչված լինելով ապահովելու սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանություն, մյուս կողմից տեղիք է տալիս դեռահասների շրջանում վաղաժամ սեռական հարաբերությունների, և, որքան էլ տարօրինակ թվա, թերևս նաև խթանում երեխաների սեռական շահագործում և նրանց հանդեպ սեռական բնույթի բռնություններ:
Հարց է առաջանում` Լանզարոտի կոնվենցիան ընդհանրապես մեզ անհրաժե՞շտ է, եթե մի պահ համարենք, թե կոնվենցիայի վտանգավոր, ոչ հեռավոր ապագայում մեր մանուկների և դեռահասների հոգեբանությունը խեղող, մեր հասարակության մեջ լուրջ խնդիրների հանգեցնող դրույթները գոյություն չունեն: Ո՛չ: Որովհետև առանց այդ կոնվենցիայի վավերացման, ընդունման էլ, Հայաստանի Հանրապետությունը երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելման, զոհերի պաշտպանության, պատշաճ քննություն իրականացնելու, համապատասխան տարիքի աշակերտների իրազեկման և միջազգային համագործակցության նպատակով արդեն իսկ ունի անհրաժեշտ օրենսդրությունը (ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներ, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիա, որը ՀՀ-ում ուժի մեջ է դեռ 1993 թ. հուլիսի 22-ից, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք և այլն): Ավելին, եթե կարիքը լինի, Հայաստանի Հանրապետությունը, առանց Լանզարոտի կոնվենցիայի վավերացման, հիմա և առաջիկայում նույնպես, կարող է ձեռնարկել հավելյալ օրենսդրական և այլ միջոցառումներ վերը նշված ուղղություններով:
Ավելին. կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը ՀՀ-ում բացակայում է նաև այն առումով, որ Հայաստանում, ի համեմատ Լանզարոտի կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ շատուշատ պետությունների, երեխաների սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների դեպքերն ուղղակի չնչին են: Չնչին են, որովհետև Հայաստանը դեռ չի վավերացրել, կիրառել Լանզարոտի կոնվենցիան: Ովքեր կառարկեն վերոնշյալ հետևությանը, թող նախ և առաջ պատասխանեն հետևյալ հարցին` Լանզարոտի կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ շատուշատ պետություններում սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների դեպքերն ինչո՞ւ են անհամեմատ ավելի շատ, քան նշված կոնվենցիան չվավերացրած ՀՀ-ում, եթե Լանզարոտի կոնվենցիան իսկապես ծառայում է սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների կանխման նպատակին, և ոչ թե հակառակը:
Հայաստանում Լանզարոտի կոնվենցիայի վավերացման, կիրառման անհրաժեշտության բացակայության պարագայում, ինչը վերը երկու փաստարկով հիմնավորեցինք, ո՞րն է ՀՀ-ում Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը գրեթե ամեն կերպ ձգտող, այդ հարցում շահագրգիռ անձանց և ուժերի իրական նպատակը, եթե ոչ հենց մեր մանուկների և դեռահասների հոգեբանությունը խեղելը, միտքը պղտորելը, նրանց իրենց տարիքին բնորոշ անմեղությունից զրկելը, խոշոր հաշվով և հեռանկարում` մեր հասարակության այլասերումը, քանի որ այսօրվա մանուկները և դեռահասները վաղվա չափահաս քաղաքացիներն են:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-12
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-10
Մեկնաբանություններ