Համա թե հարգում է
03.03.2020 | 01:13
2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համընկավ ապրիլյան քառօրյայի զոհերի տարելիցի օրվա հետ։ Այդ գիշեր Երևանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել: Իրողություն, որը խիստ քննադատության ենթարկվեց։ Ակամա մտաբերեցի հիշյալ անցքը, երբ մարտի 1-ի երեկոյան տեսա, թե իրեն Մարտի 1-ի խառնակչության «զոհ» համարողն ինչպես էր «նշում» օրը։ Հավանաբար իրենից լավ ոչ մեկը չէր կարող նկարագրել, թե ինչպես է երկրի վարչապետը հարգում այդ օրը. «Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց Փաշինյանը՝ Ծաղկաձորից լուսանկարներ հրապարակելով։
Փաստորեն, իշխանությունը զոհերի հիշատակը հարգելու հարցում մեկ քայլ առաջ է անցել. եթե նախկինում հրավառություններ էին անում «մանր-մունր» կուսակցականներ, հիմա երկրի առաջին դեմքը տասը զոհերի հիշատակը հարգում է «քյոհնա քեֆչու» հանգով՝ ընտանիքի անդամներով հանդերձ «օբյեկտից օբյեկտ» անցնելով։ Ի՞նչ է եղել, որ... մարդիկ ուտում-խմում՝ ուրախանում են։ Հետո՞ ինչ, որ իր սադրիչ կոչերից հետո 2008-ի մարտի 1-ին մարդիկ զինվեցին քարերով ու մետաղյա ձողերով... Հետո նա փախավ թատերաբեմից, իսկ 10 ջահելներ զոհվեցին։ Զավեշտն այն է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշել էր ողջ ժողովրդին ոտքի հանել, երթ անել ու հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Արեց... Հարգեց... Ինչպես ինքն է խոստովանում՝ «քյոհնա քեֆչու» ազարտով։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ