Տարածաշրջանն սպասում է 120 ժամը լրանալուն: Հասկանալի է` Փենս-Պոմպեո «դեսանտը», Թրամփի քվանտային նամակը, էրդողանի «անտաղանդ» արձագանքը, կրկին Պուտինի գիրկը նետվելու «պրոցեդուրաները» արձանագրում են` պայմանավորվածությունը Էրդողանը ստպված եղավ պահել. ստեղծվեց «անվտանգության գոտի» Սիրիայի ու Թուրքիայի միջև։ Ասել է` ԱՄՆ-ն այս էտապում մեկ քայլ ևս մոտեցավ Իրանին նշանակետի տակ պահելու իդեա-ֆիքսին, այդ թվում և Թուրքիայի օգնությամբ, սակայն դեռ չի շտապում և փորձում է Լիբանանի ու Մերձավոր Արևելքի այն երկրներում, ուր մեծ է իրանական ազդեցությունը, Սիրիայից իր կոնտինգենտը տեղափոխել այդ երկրներ, նոր տուրբուլենտության օջախներ ստեղծել` թուլացնել Իրանի ազդեցությունը:
Հայաստանն այդ իրադարձություններին հետևում է պիկնիկից` գինու շշի ուղեկցությամբ, բավականին ռոմանտիկ` աշնան դեղին-կանաչի մեջ, «պոետորեն» փնթի «ադեալին» քնած` ժողովրդի սրտի վարչապետի և կտուրներ բարձրացող հայրենական ԱԱԾ-ի միջոցով, որը հմտանում է երեխաներ, հարս ու աղջիկներ հարցաքննելու գործում:
Այլ անելիք` չի՛ք: Իշխանությունը, որն ի սկզբանե էլ բանկրոտ էր` բոլոր առումներով, այսօր անելանելի պատային վիճակում է: Ընդ որում, Փաշինյանն ընդհանրապես էլ զորու չէ իր մեկ դերասանի թատրոնն առաջ տանելու. «ադեալի» վրա պառկած մարդն այնքան կոդեր էր բացում, որոնց վերծանումն իսկ սարսափելի կարող է լինել ցանկացած, էլ առավել կիսապատերազմական իրավիճակում գտնվող պետության համար, քանի դեռ այդ պերսոնն է իշխանության գլխին:
Իսկ պատային է իրավիճակը բոլոր առումներով։ Առաջին հերթին՝ պառլամենտական երկրում, պառլամենտական մեծամասնությամբ: Մի կողմ թողնենք մնացյալ ամեն ինչը, անկեղծ արձանագրենք. այնպիսի անգրագետ, ծիծաղելի նախագիծ, ինչպիսին «նախագծել» ու ՍԴ էր ուղարկել իշխող մեծամասնությունը, պառլամենտարիզմի պատմության մեջ ամեն բան տեսած ցանկացած մեկիս համար ուղղակի շվեյկային էր նույնքան, որքան անվերջ «հոգեհանգստի» մասնակցողի կոստյումով ու աուրայով աչքի ընկնող Վահե Գրիգորյանի զավեշտալի հայտարարությունը, թե ինքը ՍԴ նախագահ է։
Ակնհայտ է՝ «աշնան ադեալին քնած» (ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, եթե չլինեն կինն ու գինին) պերսոնը «արթուն-անգինի» պահերին հասկանում է, որ ՍԴ-ն իր համար «փոսի» է վերածվում։ Այդ թնջուկից դուրս գալու միակ ելքը Հրայր Թովմասյանի՝ սեփական նախաձեռնությամբ հրաժարականն է` հոգեբանական անթույլատրելի տեռորի արդյունքում, որովհետև դատարանները փակելու, իրավական համակարգի նկատմամբ անթույլատրելի քայլերի, երկրորդ նախագահին անհասկանալի պատճառներով բանտելու, դատարանները շրջափակելու, շվեյկյան օրինագծեր երկնելու «թրենդի» վրա միջազգային հանրությունը չի կարող երկար աչք փակել, որքան էլ միջազգային կառույցները ստեղծված են հատկապես դրա համար:
Ի դեպ, միջազգային կառույցների համար «բաքոսի սիրահարի» այդ վիճակն ամենանախընտրելին, ցանկալին, սիրելին է. պատային այդ վիճակը ամենալավագույն «պոզան» է, որպեսզի պահանջվի այն, ինչի համար տեղի ունեցավ հայաստանյան գունավոր հեղափոխությունը` արցախյան հարցում ստատուս-քվոյի փոփոխության հեռահար նպատակի հետապնդմամբ: Ինչպիսի՞ փոփոխության՝ բարդ է ասել, որովհետև գլոբալ խաղացողներն այս պահին հետ-առաջի կոնֆիգուրացիաներով իրավիճակը զերծ են պահում մեծ խառնաշփոթից, այնուհանդերձ, 5-օրյա ժամկետը դեռ չի ավարտվել, Շտայնմայերի նախագիծն ՈՒկրաինայում կյանքի չի կոչվել, բրեքզիտը տորպեդահարվում է կրկին, Ռուսաստանը փորձում է վայրկյան առաջ մտնել Հարավային Աֆրիկա, որը վաղուց ԱՄՆ-ի հետաքրքրության գոտի է, իսկ ահա Հարավային Կովկասում, չնայած Վրաստանի «վարդացմանն» ու Հայաստանի «գանդիացմանը», հարցերի մեծ տեղաշարժ դեռ չկա (Վրաստանից Օսիայի և Աբխազիայի անջատումից հետո):
Ի դեպ, պետք է նաև արձանագրել՝ գունավոր հեղափոխությունների մեքենան մեծ թափով սկսել է աշխատել Ադրբեջանում. արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության այն դոզան, որի ներքո հայտնվել է հարևան երկիրը, գալիս է ապացուցելու, որ դիկտատուրան այնքան էլ շենշող չէ նաև այնտեղ։ Ընդ որում, որքան էլ պարադոքսալ, այնտեղ արևմտյան «սիրելի» թեկնածուներից մեկը սուննի «գեղեցկուհի», Սաակաշվիլիից «կմշտված», որոշ չար լեզուների շշնջոցով՝ Բատկայի «սիրելի» (իրականում Մեհրիբան խանումը Թուրքիայում ունի սիրելի, պլաստիկ վիրահատություններից մումիայի վերածված Մեհրիբանն է:
Ասում եք` Նիկոլի «Պիկնիկ» կտավը ո՞վ էր գցել սոցցանցեր. Ստրուգացկի եղբայրնե՞րը:
Ո՞չ: Հայկական «ստալկե՞րը»... տիկին Աննան և ընտանի՞քը, ուր անգամ դուստրն է ցանկանում վարչապետ դառնալ:
Ի՜նչ եք ասում, չի՛ կարող պատահել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ