ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ նոր վարկային պայմանագիր է ստորագրել
11.10.2019 | 00:56
Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բազմարժութային վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով։ Պայմանագիրը ստորագրվել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում, որտեղ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նաև հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ազգային արժույթով ֆինանսավորման կարևորությունն ու ազդեցությունը։
Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ հերթական համագործակցությունը հնարավորություն կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ միկրո և փոքր ձեռնարկություններին առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտներ՝ դրանով իսկ խթանելով Հայաստանում այս կարևոր հատվածի զարգացումը և ստեղծելով նոր աշխատատեղեր:
2010-ից ի վեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կարևոր գործընկեր։ Բանկի կայուն դիրքը, լայն մասնաճյուղային ցանցը և ռազմավարական կողմնորոշումը դեպի փոքր բիզնեսի շուկա հնարավորություն են տվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ և EFSE-ին հայաստանյան միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համար մինչ օրս գեներացնել ավելի քան 58 միլիոն եվրո: Նոր ներդրումը կշարունակի այդ տեմպը՝ իր մեջ ներառելով ինչպես ԱՄՆ դոլար, այնպես էլ ազգային արժույթ։ Վարկավորման այս տեսակը բանկին հնարավորություն կտա ավելի ճկուն սպասարկել ձեռնարկատերերի ֆինանսավորման կարիքները` չեզոքացնելով արժութային ռիսկի ուղղակի ազդեցությունը:
EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նման գործընկերներն անհրաժեշտ են EFSE-ին՝ օգնելու իրականացնել տեղական բիզնեսների համար կայուն ֆինանսների հասանելիության ընդլայնման իրենց առաքելությունը: «Նպաստելով ազգային արժույթով վարկերի տրամադրմանը՝ մենք միասին ներդրում ենք կատարում փոքր բիզնեսների կայունության և ապահով աճի մեջ, որոնք երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից են»,- ընդգծել է նա։
Իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը փաստել է, որ համագործակցության ինը տարիների ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսավորել է 1500-ից ավելի բիզնես ծրագրեր տարբեր ոլորտներում՝ ստեղծելով հավելյալ արժեք ինչպես վարկառուների, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։ Նրա խոսքերով՝ նոր պայմանագրի կնքումը ծրագրի շահառուներին զերծ կպահի արտարժութային ռիսկերից, ինչն իր հերթին կբարձրացնի ընկերությունների շահութաբերությունը և մրցունակությունը տեղական շուկայում։ «Ես ուրախ եմ այս պայմանագրի ստորագրման առիթով, ինչը կրկին հավաստում է մեր փոխվստահության և շարունակական համագործակցության մասին»,- ասել է Ա. Օսիպյանը։
EFSE-Ի ՄԱՍԻՆ
2005-ին հիմնադրված սոցիալական ներդրումների հիմնադրամը՝ Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), նպատակ ունի խթանել Հարավարևելյան Եվրոպայում և արևելյան հարևանության տարածաշրջանում տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը` ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողության, ինչպես նաև տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավման մեջ: Քանի որ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը կարևոր է այս հատվածի զարգացման համար, ՀԵԵՀ-ի նպատակն է աջակցել տեղական ֆինանսական ոլորտներին՝ ամրապնդելու այդ թիրախային խմբին պատասխանտու ֆինանսավորում տրամադրելու իրենց կարողությունը։ Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեության հետ մեկտեղ՝ ՀԵԵՀ-ը իր ազդեցությունն ավելացնում է ՀԵԵՀ-ի Զարգացման դեպարտամենտի միջոցով, որը ձեռնարկատերերին և հաստատություններին ապահովում է տեխնիկական աջակցություն, ուսուցում և այլ ոչ ֆինանսական աջակցություն:
ՀԵԵՀ-ը հիմնադրվել է Գերմանական զարգացման բանկի (ԳԶԲ, KfW) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ։ Որպես իր տեսակի մեջ առաջին հանրային-մասնավոր համագործակցություն՝ ՀԵԵՀ-ը ներգրավում է իր կապիտալը դոնոր գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից: Գերմանիայում տեղակայված «Finance in Motion›› սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գործում է որպես ՀԵԵՀ-ի խորհրդատու, իսկ Լյուքսեմբուրգում տեղակայված «Hauck & Aufha..user Fund Services S.A›› ընկերությունը գործում է որպես ղեկավար։
Հարավ-Արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ այցելեք www.efse.lu։ «Finance in Motion›› սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ այցելեք finance-in-motion.com։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, որը մատուցում է նորագույն, բարձրագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ բանկային համակարգի զարգացման համար կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և բանկ-հաճախորդ հարաբերություններում ստեղծելով յուրօրինակ բիզնես մշակույթ: Ունենալով բանկային լավագույն նորարարական տեխնոլոգիաներ և դրանցում ներդրված կորպորատիվ կառավարման լավագույն փորձ՝ բանկի 61 մասնաճյուղ տեղակայված են երկրի ողջ տարածքում: Լինելով ՀՀ բանկային համակարգի առավել դինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով իր մասնաճյուղային ցանցը և իր բանկային ծառայությունների շրջանակը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ակտիվորեն մասնակցում է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համագործակցում է 14 հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ:
Մեկնաբանություններ