Առանց օրակարգի
26.09.2019 | 22:52
Ո՞վ հասկացավ, թե Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի բյուջեի վրա 165 մլն դրամ արժեցող ամերիկյան այցի նպատակը որն էր։ Եթե այնտեղից նորից հաթաթաներ տալ նախկին ռեժիմին, բոլորին, այդ թվում հոգևորականներին ծնկի բերելու սպառնալիքներ տեղալը, խոսել իր աննախադեպ «հեղափոխության» մասին ու մի անգամ էլ անդրադառնալ Արթուր Վանեցյանին, այս անգամ ուսադիրները աղբաման նետելու հրովարտակով, ի՞նչ եք կարծում, արժե՞ր այդքան գումար ծախսել մեր հաշվին։ Է՜, այստեղ էլ մենք ամեն օր ճաշակում ենք Փաշինյանի բառուբանի ողջ հմայքն ու թշվառությունը։ Այսքան կիլոմետրեր կտրել, հասնել աշխարհի գերհզոր պետություններից մեկը ու ընդամենը տեղի հայերի առաջ հերոսանալ, հանրահավաքներ անել, ստանալ Հայաստանում արդեն խամրած «հու-հայի» ոգևորության ալիքը ու հայ-ամերիկյան դափ-դատարկ օրակարգով վերադառնալ Հայաստան։ Եվ եթե Հայաստանի վարչապետին թվում է, թե այնտեղի հայերին հետաքրքիր են մեր ներսի խնդիրները, չարաչար սխալվում է, քանի որ նրանք իրենց տեղում «տաքուկ» նստած անհաղորդ են, թե ինչպես է հայաստանցին իր առտնին հոգսերը դժվարությամբ հաղթահարում։
Իսկ ի՞նչ է տալու Հայաստանին այս այցը, ի՞նչ նոր շեշտադրումներ է բերելու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Անգամ այս մասին զավեշտալի է խոսել, քանի որ հանդիպումները նահանգի ղեկավարի մակարդակից այն կողմ չանցան, այսինքն՝ ԱՄՆ-ում Հայաստանի վարչապետը, կոպիտ ասած, ձգում է ընդամենը նահանգապետի մակարդակին։ Ընդ որում, Փաշինյանի ԱՄՆ կատարած այցից դժգոհություն են հայտնում ոչ միայն նախկին ռեժիմի ներկայացուցիչները, այլև նրան սատարող շրջանակները՝ ԱՄՆ-Հայաստան օրակարգի իսպառ բացակայությունը շեշտելով։ Նոր-նոր իշխանության եկած Փաշինյանը, երբ նախկիններին մեղադրում էր «ծուռ վիզ» արտաքին քաղաքականություն վարելու մեջ, հիմա ի՞նչ է անում ինքը։ Չգիտեմ՝ ԱՄՆ-ում որքան էր «ծուռ վիզ» նրա քաղաքականությունը, բայց հաստատ նսեմացած կարգավիճակով է Հայաստանի վարչապետը վերադառնալու հայրենիք՝ չարժանանալով ԱՄՆ-ի ոչ մի ծանրակշիռ պաշտոնյանի ընդունելությանը։
Արևմուտքից քոռ ու փոշման վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանին սպասվում է հերթական փորձությունը, այս անգամ Հյուսիսից։ Երևանում կայանալու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին հավանաբար ներկա է լինելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ մամուլի, նա մի քանի ժամով է Հայաստան ժամանում։ Նախատեսվու՞մ է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Եթե ոչ, ուրեմն այս կողմից էլ Հայաստանի ղեկավարը հերթական քաղաքական հարվածն է ստանալու։ Սա նշանակում է, որ արտաքին քաղաքական օրակարգ մեր իշխանությունները չեն կարող ձևակերպել ու մնացել են նախկին ռեժիմից մնացած օրակագի տիրույթում, բայց իրենց անպատասխանատու հայտարարություններով ու քայլերով անգամ եղածն են մսխում։
Ի վերջո, արտաքին հարաբերությունների սուբյեկտները նախկին ռեժիմի ներկայացուցիչները չեն, որ հաթաթաներով խոսես, իսկ նրանք էլ դա կուլ տան։ Սա նուրբ ոլորտ է, որտեղ չմտածված յուրաքանչյուր բառ իր հետևանքն է ունենում։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ