2011 թվականին ասֆալտապատվեց Արագածոտնի մարզի Կայք-Չքնաղ միջհամայնքային 9 կմ երկարությամբ ճանապարհը, այդ հատվածում եղած գյուղերն էլ գազաֆիկացվեցին: Բայց Չքնաղից հետո դեռ երկու գյուղ էլ կար՝ Թթուջուրն ու Ձորագլուխը: Այս գյուղերի 5 կմ երկարությամբ ճանապարհը մինչ օրս՝ 8 տարի անց, անմխիթար վիճակում է, բնական գազ, բնականաբար, չկա, չնայած այդ գյուղերում էլ են մարդիկ ապրում, երեխաներ, ծերեր, ովքեր արդեն հոգնել են մարդաբոյ փոսերից ու գազի ավտոյի ուշանալուց: Դե, երևի, գյուղերն այս վիճակում են, որովհետև չունեին դատախազ, բայց ունեին պատգամավոր, դատախազն ու պատգամավորն էլ խնդիր ունեին միմյանց հետ, ու այդ խնդրի պատճառով դատախազը չթողեց, որ ասֆալտն ու գազը իր գյուղից՝ Չքնաղից, անցնեն պատգամավորի գյուղ՝ Թթուջուր ու մինչև Ձորագլուխ, փոխարենը ասֆալտը հասավ մինչև դատախազի դուռը: Այդ ժամանակի Արագածոտնի մարզպետի մասին չեմ էլ խոսում, որովհետև իմաստ չկա, Ապարանի համայնքապետարանի մասին` ևս: Համայնքապետարանը հավերժ բյուջե չունի:
Գանք Հայաստանի Հանրապետության «փառապանծ» օրեր՝ թավշյա օրեր:
Գիտեք` ինչ է փոխվել ժամանակի ընթացքում. միայն մարզպետները: Բոլորն էլ եկել, խոստացել, խաբել ու գնացել են:
Արագածոտնի մարզի ներկայիս իմքայլական մարզպետ Դավիթ Գևորգյանը ասել է, որ այդ ճանապարհահատվածը համարում է մարզի ճանապարհային թիվ 1 խնդիրը: Ողջունելի է, չէ՞: Հետոն կարդացեք:
2019 թ, հունիսի 16-ին ՀՀ համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացրած ծրագրերից 15-ը հավանության են արժանացել, որով Աշտարակի մի քանի համայնքներում իրականացվելու են միջհամայնքային ասֆալտապատման, փողոցների լուսավորության, խաղահրապարակների կառուցման, խմելու ջրագծի նորոգման, ցանկապատի կառուցման աշխատանքներ:
Պարոն մարզպետ, իսկ ու՞ր մնաց մարզի ճանապարհային թիվ 1 խնդիրը:
Մենք Ձեզ դեռ ուզում ենք հավատալ:
Իսկ Ապարանի համայնքապետարանի բյուջեն սիմպոզիումի վրա է ծախսվում: Օտարերկրյա քանդակագործներին Ապարանի բարեկեցիկ վայրերով են հիացնում, իսկ եթե բերեք Թթուջուր կամ Ձորագլու՞խ: Ի՞նչ կասեք:
Իշխան ԹՈՎՄԱՍՅԱՆ