Այս պահին մտածում եմ միայն ընտրությունները պատշաճ կազմակերպելու մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե շարունակելու՞ է զբաղեցնել ԿԸՀ նախագահի պաշտոնը նաև խորհրդարանական ընտրություններից հետո։
«Հանձնաժողովը ձևավորվում է որոշակի ժամկետով, մեր թիվ մեկ խնդիրն է ընտրությունները նորմալ կազմակերպել։ Այսօր մի իրավիճակում ենք, երբ անհամեմատ կարճ ժամկետում իրականացնելու ենք ահռելի ծավալի աշխատանք։ Եթե նախկինում կազմակերպելու համար ունենում էինք 70 օր ժամանակ, այժմ 40 օրում պետք է անենք նույնքան ծավալի աշխատանքը», - ասաց Տիգրան Մուկուչյանը։
Հարցին, թե իրեն ու ԿԸՀ-ին հաճախ մեղադրում են նախորդ ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Քվեարկության արդյունքները նյութականացվում են տեղամասերում և մինչ օրս ես չեմ հիշում դեպք, երբ ԿԸՀ-ին ներկայացված լինի այլ տվյալներով արձանագրություն և ԿԸՀ-ում որևէ բան փոփոխված լինի։ Այս պարագայում՝ ո՞րն է համարվում կեղծիքը պետք է հարցնել այդ տեսակետը հայտնողներին»: