Լրանում է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 100-ամյակը: Այդ առթիվ ՌԴ կոմունիստական կուսակցությունը գնահատում է իր այն կուսակիցներին, ովքեր այս տարիներին իրենց ներդրումն են ունեցել կուսակցական գաղափարները տարածելու գործում: Հայաստանի կոմկուսի նախկին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ևս պարգևատրվել է հեղափոխության 100-ամյակի մեդալով: Նրան այդ պատվին արժանացրել է ՌԴ ԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը:
«Իրատեսի» հետ զրույցում ընկեր Թովմասյանը նախ շնորհակալություն հայտնեց իր բոլոր ընկերներին, ովքեր շարունակում են պաշտպանել սոցիալիստական գաղափարախոսությունը և իրեն արժանացրել են այդ բարձր պարգևին: Ի դեպ, արդեն 4 տարի է` Ռուբեն Թովմասյանը հեռացել է կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն վստահեցնում է, որ ինքը երբեք չի բաժանվում կոմունիստական գաղափարներից: «Ահավասիկ, այդ մասին է վկայում նաև ինձ տրված պարգևը: Սկսել եմ բանվորի աշխատանքից, ու այդ պահից սկսած կուսակցությունն իմ ձեռքից բռնած, կուսակցական պատասխանատու համարյա բոլոր պոստերով բարձրացրել, հասցրել է մինչև քարտուղարի պաշտոնին»,- նշեց կոմկուսի նախկին առաջնորդը:
«Իրատեսը» ևս միանում է շնորհավորանքներին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ