Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ պարոն Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հարգելի պարոն գլխավոր քարտուղար, մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Ձեր հռչակած գերակայությունները վայելում են Հայաստանի աջակցությունը:
2017-ը մեզ համար նշանավորվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձով: 1992-ի մարտի 2-ին ՄԱԿ-ի ընտանիքի այս կենտրոնակայանում ծածանվեց հայոց եռագույնը՝ որպես մեր ժողովրդի կողմից ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման տրամաբանական և բաղձալի արդյունք:
Անցած տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդամ: Մարտահրավերները շատ էին, սակայն մենք պատվով դիմագրավեցինք: Ամենակարևորն ու դժվարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:
Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: ՈՒստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:
Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման: Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը: Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:
1992-1994-ի ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:
2016-ին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը: Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները:
Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը:
Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:
Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա ՄԱԿ-ի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:
Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։
Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:
Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:
Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ:
Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:
Պատվո ու պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից: Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:
Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի ՄԱԿ-ի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը: Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009-ի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առայսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից: Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:
Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018-ի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:
Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:
Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր ԵԱՏՄ ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը: Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը:
Կասկած չունեմ, որ ՄԱԿ-ի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը:
Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավ բնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: Հիրավի, ոչ միայն Հայաստանում, այլև ՄԱԿ-ի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահել մարդուն, պետք է ձգտել խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա:
Շնորհակալ եմ: