Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի Հայաստան պատմական այցին անդրադարձել են գերմանական և ավստրիական լրատվամիջոցները:
Deutsche Welle հեռուստառադիոընկերության կայքն անդրադարձել է շաբաթ օրը Հանրապետության հրապարակում Էկումենիկ արարողությանն ու Խաղաղության աղոթքին, որին մասնակցել են տասնյակ հազարավոր հավատացյալներ։ Լրատվամիջոցը նշում է, որ Ֆրանցիսկոսը երկրորդ Հռոմի պապն է, որ այցելում է Հայաստան՝ «աշխարհի ամենահին քրիստոնյա երկիր»։
Ավստրիական Die Salzburger Nachrichten լրատվամիջոցը նույնպես անդրադարձել է Հանրապետության հրապարակի արարողությանն ու աղոթքին ու նշել, որ «արարողությունն անց է կացվել Երևանի տոնականորեն զարդարված գեղեցիկ կենտրոնում՝ իր շուրջը հավաքելով Հայաստանի տարբեր քաղաքներից ու այլ երկրներից ժամանած բազմաթիվ հավատացյալների ու պարզապես զբոսաշրջիկների, որոնց բախտ է վիճակվել այս օրերին գտնվել Հայաստանում»։
Bild.de-ն անդրադարձել է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսքերին ու Թուրքիայի վրդովմունքին։ «Պապը միշտ խաղաղության ու երկխոսության տեսանկյունից է խոսում», - մեջբերվում են Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքերը։ Նա նշել է, որ Պապի ուղերձը միայն խաղաղասիրական է և կողմերին հաշտության կոչ է անում։
Հռոմի պապի այցին է անդրադարձել նաև Deutschlandfunk ռադիոընկերության կայքն ու այցը Վատիկանի համար դիվանագիտորեն վտանգավոր քայլ անվանել, Պապը պլանավորում է սեպտեմբերին այցելել Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող մուսուլմանական Ադրբեջան, այնուհետև՝ Վրաստան։
Mindener Tageblatt-ը նշում է, որ Հռոմի պապի հայաստանյան այցը գրավել է միջազգային կարևորագույն լրատվամիջոցների ուշադրությունն ու մեջբերել է Պապի՝ հայ ժողովրդին ուղղված բարեմաղթական խոսքը։
Domradio.de կրոնական ուղղվածությամբ հեռուստառադիոընկերության կայքն անդրադառնում է Հանրապետության հրապարակում Էկումենիկ արարողությանն ու Խաղաղության աղոթքին ու նշում, որ Հռոմի պապի հայաստանյան այցն ավարտվելու է կիրակի օրը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարության ստորագրմամբ ու Խոր Վիրապի վանքում առ Աստված աղոթք հնչեցնելով։