ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստորագրվեց համատեղ հռչակագիր
26.06.2016 | 23:02

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Գարեգին Երկրորդի և Հռոմի պապի համատեղ հռչակագիրը Սուրբ Էջմիածնում.
«Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը, ընծայում ենք մեր մտքերը և սրտերը որպես շնորհակալության տուրք Ամենակարողին` պայքարով քայքայված և սփոփանքի ու հույսի ծարավով լեցուն աշխարհում շարունակելու և մեծացնելու հավատի ու սիրո սերտ կապերը Հայոց Եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու միջև՝ փրկության ավետարանական ուղերձի իրենց համընդհանուր վկայությամբ:

Մենք փառաբանում ենք ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ընձեռնելու համար մեզ հնարավորությունը մեկտեղվելու բիբլիական Արարատի երկրում, որը կանգուն է որպես վկայություն, որ Աստված է միշտ մեր պաշտպանությունն ու փրկությունը:

Գոհունակությամբ ու հոգևոր ուրախությամբ ենք անդրադառնում, որ 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ Հովհաննես-Պողոս Բ Պապը՝ որպես Հայ և Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների պատմության նոր էջի վկայություն: Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015թ, ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն» (Համատեղ հայտարարություն, Գարեգին Բ և Հովհաննես-Պողոս Բ, 27 սեպտեմբերի, 2001 թ.):

Փառք Բարձրյալին, որ այսօր քրիստոնեական հավատը կենսունակ իրականություն է Հայաստանում, և Հայոց եկեղեցին իր լիարժեք առաքելությունն է իրականացնում՝ եկեղեցիների միջև տիրող համագործակցության եղբայրական ոգով նեցուկ լինելով հավատացյալներին՝ զորակից, արդար և խաղաղ աշխարհի կերտման գործում: Ցավոք, մենք վկաներ ենք մեր աչքերի առաջ տեղի ունեցող մի մեծ ողբերգության՝ անթիվ անհամար անմեղ մարդկանց սպանությունների, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ ծագերում էթնիկ, տնտեսական, քաղաքական և կրոնական հիմքերի վրա զարգացող շարունակական բնույթի հակամարտություններով թելադրված տեղահանումների կամ պարտադրված ցավալի ու անորոշ աքսորների: Այդ ամենի արդյունքում կրոնական և էթնիկ փոքրամասնությունները դարձել են հալածանքների և դաժան վերաբերմունքի թիրախ, այն առումով, որ սեփական կրոնական համոզմունքի համար տառապելը դարձել է ամենօրյա իրականություն:

Նահատակները պատկանում են բոլոր եկեղեցիներին և նրանց տառապանքը «արյան էկումենիզմ» է, որը անդրանցնում է քրիստոնյաների միջև առկա պատմական բաժանումները՝ մեզ բոլորիս կոչելով նպաստել Քրիստոսի առաքյալների տեսանելի միասնականությանը: Մենք, Սուրբ Առաքյալների` Պետրոսի և Պողոսի, Թադեոսի և Բարդուղիմեոսի բարեխոսությամբ, միասնաբար աղոթում ենք, որպեսզի սրտերի փոփոխություն տեղի ունենա բոլորի մեջ, նրանց, ովքեր գործում են այսպիսի հանցանքներ և նրանց, ովքեր իրենց դիրքի շնորհիվ կարող են կանգնեցնել բռնությունները: Մենք հորդորում ենք ազգերի առաջնորդներին՝ ունկնդրելու միլիոնավոր մարդկային արարածների կոչին, ովքեր խաղաղություն և արդարություն են տենչում աշխարհում, ովքեր հարգանք են պահանջում իրենց աստվածատուր իրավունքների նկատմամբ, ովքեր անհապաղ կարիք ունեն հացի, այլ ոչ թե զենքերի:

Ցավոք, մենք ականատես ենք կրոնի և կրոնական արժեքների արմատական դրսևորումների, որոնք կիրառվում են՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար: Նմանատիպ հանցանքների՝ կրոնական գաղափարներով արդարացումն անընդունելի է, քանի որ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ խաղաղության» (Ա Կոր. 14:33): Ավելին, կրոնական տարբերությունների հանդեպ հարգանքն անհրաժեշտ պայման է էթնիկ ու կրոնական տարբեր համայնքների խաղաղ համակեցության համար: Եւ հենց քրիստոնյա լինելով է, որ մենք կոչված ենք խաղաղության ու հաշտության ուղիներ փնտրելու և իրագործելու: Այս իմաստով մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում:

Հիշելով այն ամենը, ինչ Հիսուս սովորեցրեց Իր աշակերտներին, երբ Նա ասաց. «Ես սոված էի, և դուք ինձ հաց տվեցիք, ես ծարավ էի և դուք ինձ խմելու մի բան տվեցիք, ես օտարական էի, և դուք ինձ ընդունեցիք, ես մերկ էի, և դուք ինձ հագցրեցիք, ես հիվանդ էի, դուք ինձ այցելեցիք, ես բանտում էի, և դուք եկաք ինձ տեսության» (Մատթ. 25:35-36), մենք խնդրում ենք մեր եկեղեցիների հավատացյալներին բացելու իրենց սրտերն ու ձեռքերը` օգնելու պատերազմի և ահաբեկչության զոհերին, փախստականներին և նրանց ընտանիքներին: Կարևորվում է մեր մարդասիրության զգացումը, մեր զորակցությունը, կարեկցանքը և մեծահոգությունը, որոնք կարող են ճիշտ արտահայտվել միայն առկա նյութական պաշարների անհապաղ և գործնական նվիրատվությամբ:

Մենք ընդունում ենք այն, ինչն արդեն իսկ արվում է, բայց պնդում ենք, որ ավելին պետք է արվի քաղաքական առաջնորդների և միջազգային կառույցների կողմից, որպեսզի ապահովված լինի բոլորի՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը, պաշտպանված լինի օրենքի գերակայությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, կանխված լինեն մարդկային թրաֆիքինգը և մաքսանենգությունը:

Հասարակության ստվար հատվածների աշխարհիկացումը, օտարումը հոգևորից ու աստվածայինից, անխուսափելիորեն հանգեցնում են մարդու և մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նյութապաշտական ընկալմանը: Այս առումով մենք մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կյանքի ճգնաժամով: Հայ և Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու և կնոջ ամուսնության վրա:

Մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ չնայած քրիստոնյաների միջև առկա բաժանումներին, այն, ինչ մեզ միավորում է, ավելին է, քան այն, ինչ մեզ բաժանում է, որի վրա էլ պետք է կառուցել Քրիստոսի եկեղեցու միությունը, ըստ Տիրոջ խոսքի, որ բոլորը մեկ լինեն (Հովհ. ԺԷ 21) : Վերջին տասնամյակներում մեր եկեղեցիների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ՝ ամրապնդված լինելով համատեղ աղոթքներով և ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու միասնական ջանքերով: Մենք այսօր համոզված ենք այս հարաբերությունների շարունակականության խիստ կարևորության մեջ՝ երկուստեք առավել խորը և վճռական հանձնառությամբ ոչ միայն աստվածաբանական մարզում, այլև աղոթական և գործնական համագործակցությամբ տեղական համայնքներում՝ լիարժեք հաղորդակցություն և միության հստակ արտահայտություններ կիսելու տեսլականով: Մենք հորդորում ենք մեր հավատացյալներին ներդաշնակ կերպով աշխատելու հասարակության մեջ քրիստոնեական արժեքների զորացման համար, որոնք արդյունավոր կերպով նպաստում են արդարության, խաղաղության և մարդկային համերաշխության քաղաքակրթության կառուցմանը: Հաշտության և եղբայրության ուղին բաց է մեր առաջ: Թող Սուրբ Հոգին, ով առաջնորդում է մեզ ամենայն ճշմարտության /հմմտ. Հովհ. ԺԶ 13/, զորացնի ամեն ազնիվ ջանք, որ ուղղված է մեր մեջ սիրո և հաղորդության կամուրջների կառուցմանը:

Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հավատացյալներին միանալու մեզ աղոթքով, Սուրբ Ներսես Շնորհալու խոսքերով. «Փառավորյալ Տեր, ընդունիր ծառաներիդ աղաչանքները և ի բարին կատարիր մեր խնդրանքները՝ բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի, և Հովհաննես Մկրտչի, և Սուրբ Ստեփանոս Նախավկայի, և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի և Քո բոլոր երկնային ու երկրային սրբերի:


Եվ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փառք և երկրպագություն, հավիտյանս հավիտենից, ամեն»:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ