Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Սանկտ Պետերբուրգից առաջ

Սանկտ Պետերբուրգից առաջ
16.06.2016 | 13:26

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նրա կարծիքով՝ բանակցությունների վերսկսումը շփման գծում միջադեպերի կանխման հնարավորություն կստեղծի: Անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որի մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Հերմինե Նաղդալյանը նշեց.

-Մայիսին Վիեննայի հանդիպման ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, ձեռք են բերվել կարևոր համաձայնություններ, որոնց իրականացումը հիմք կստեղծի բանակցությունները շարունակելու համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախքան Վիեննայի հանդիպումը կարևորել էր կրակի դադարեցումը, ԼՂ անվտանգության երաշխիքների առկայությունը, հասցեական հայտարարությունները և շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողության մեխանիզմների տեղակայումը: Ես համոզված եմ, որ նա նույն հաստատակամությամբ պաշտպանելու է ԼՂՀ խնդրի լուծման համար կարևորագույն վստահության մթնոլորտի ստեղծումը, որ այսօր պահանջում է վճռական գործողություններ: Հունիսի սկզբին համանախագահները կողմերին ներկայացրել են վերահսկողության մեխանիզմների տեղակայման նախագծերը: Ես չեմ կարող հստակ ասել Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման օրակարգն ու բանակցությունների կոնկրետ թեման, բայց հայկական կողմը միշտ էլ հայտարարել է, որ կողմնակից է ԼՂ հարցի լուծման քաղաքական ճանապարհին՝ բանակցությունների միջոցով: Ապրիլյան քառօրյա պատերազմը ամբողջ աշխարհի համար ակնհայտ դարձրեց՝ ո՞վ է փորձում ստատուս քվոյի փոփոխության հասնել ռազմական ճանապարհով, ո՞ւմ են ձեռնտու հրադադարի խախտումները և ո՞վ է նախաձեռնում: Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը նորից փորձեց հրաժարվել բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններից, բայց, կարծում եմ, ինչպես ձախողվեց քառօրյա պատերազմի իր նպատակների մեջ, այնպես էլ ձախողվելու է բանակցությունների արդյունքները խեղաթյուրելու կամ մերժելու փորձերի մեջ: Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, հավասարաչափ տնտեսական զարգացումը բխում է բոլոր երկրների շահերից, բացի՝ Ադրբեջանը: Ակնհայտ է, որ Բաքուն, մեխվելով իր կոշտ դիրքորոշման մեջ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի, չի կարող հաջողության հասնել՝ որքան էլ հզորացնի իր բանակն ու ռազմական տեխնիկան: Աշխարհում կան օբյեկտիվ իրողություններ, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել: ԼՂՀ-ի կարգավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել՝ Արցախը կայացած պետություն է, որ իր ապագան տեսնում է ազատ ու անկախ, ինչ էլ Բաքուն հայտարարի: Ժամանակն է, որ Ադրբեջանը սկսի գնահատել ռեալ իրավիճակը և իր գործողությունների հիմքում դնի ոչ թե ցանկություններն ու հավակնությունները, այլ՝ իրավիճակից բխող հնարավորությունները: Կարծում եմ՝ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կնպաստի դրան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ