ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Աքրամ Այլիսլիի չընթերցված ելույթը Վենետիկի միջազգային գրական փառատոնում

Աքրամ Այլիսլիի չընթերցված ելույթը Վենետիկի միջազգային գրական փառատոնում
02.04.2016 | 00:12

MeydanTV-ն ներկայացրել է գրող Աքրամ Այլիսլիի ենթադրյալ ելույթի տեքստը, որը պետք է հնչեր մարտի 31-ին Վենետիկի «Քաղաքակրթությունների հատում» միջազգային գրական փառատոնում, ուր նա չի կարողացել հասնել Ադրբեջանի իշխանությունների արգելքի պատճառով: «Դեռ Բաքվում, երբ սկսեցի մտածել, թե ինչից սկսեմ ելույթս, անմիջապես միտքս եկան հետևյալ տագնապահարույց բառերը. «Ձեր առջև կանգնած է կատարելապես անպաշտպան մարդ»։ Եվ միանգամից լսվեց իմ ներքին վրդովված ձայնը: «Մի բողոքիր, մի տրտնջա։ Միայն դու չես այդպիսին այս աշխարհում. կան մարդիկ, որոնք շատ ավելի անպաշտպան են»,- ասաց նա։ Դժբախտաբար, հենց այդպես է, իմ թանկագին գործընկերներ։ Այժմ մենք բոլորս անպաշտպան ենք անհավատալի դաժան ժամանակներում։ Պատմության մեջ լինում են ժամանակաշրջաններ, երբ ոչինչ չի կարող լցնել մարդկության սրտերում դատարկությունը. ոչ գրականությունը, ոչ կրոնը, ոչ գիտությունը։ Հոգևոր ու գեղարվեստական հեղինակությունները կարծես թե անվերադարձ մնացել են անցյալում։
Ամենազարգացած երկրների պետական ինստիտուտները անկարող են առաջարկել քիչ թե շատ ընդունելի գաղափար՝ դուրս գալու համար ստեղծված հոգևոր ու բարոյական փակուղուց։ Ժամանակին հավատի գծով իմ հայրենակիցները նզովում էին խորհրդային իշխանությանը, որ նա մեր առաջ փակել է մեր կրոնական տաճարների դռները։
Այժմ իմ երկրում մզկիթների քանակը շուտով կհավասարվի դպրոցների քանակին, սակայն իմ հայրենակիցներից ոչ մեկն էլ ավելի մոտ չի կանգնել Աստծուն։ Մզկիթներում ու եկեղեցիներում ճնշող վիճակ է, գլուխներում՝ նույնպես։ Մարդիկ արդեն չունեն հոգևոր ուժ, որ հույսով նայեն ապագային, և մարդը չունի ժամանակ, որ հայացք նետի իր հոգուն։
Համայն աշխարհում նվազել է մշակութային նշաձողը։ Մարդիկ հասկացել են, որ մշակույթի մեջ նույնպես չկա փրկություն։
Աստված իմ, ես սառել եմ այս աշխարհում,
Ներիր, որ հիմնարկում քայլում եմ վերարկուով,
Այստեղ քո ամեն ինչն արդեն ջախջախել են,
Իսկ մեզանից չի ջերմանում ոչինչ։
Հազիվ թե հնարավոր է ավելի լավ արտահայտել մեր սրտերի ցավը, քան այս քառատողով արել է ռուս երիտասարդ բանաստեղծը։ Մենք բոլորս այժմ հայտնվել ենք անօգնական վիճակում։ Անպաշտպան վիճակում հայտնվել է ոչ միայն մարդը, այլև ամբողջական ազգեր ու ժողովուրդներ։
Ոչ ոք չի պատրաստվում պատասխանատվությունը կրել հարյուր հազարավոր մարդկանց կյանքը խլած և միլիոնավոր մարդկային ճակատագրեր խեղած քաղաքական հանցավոր արկածախնդրությունների համար, որոնք իրականացվել են Չեչնիայում, Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Եմենում, Դոնբասում։ Եթե այսպես շարունակվի, մոտ ժամանակներս աշխարհը կհեղեղվի ամենասարսափելի հանցագործությունների ծովով, որոնք այդպես էլ հավերժ կմնան անպատիժ։ Ինչպես ասել է Սոլժենիցինը, բռնությունն ու կեղծիքը երկու իրեր են, որոնք մշտապես եղել են միմյանց կողքին։ Բռնությունը չի ապրում միայնակ և ունակ չէ ապրել միայնակ, անընդմեջ համեմված է կեղծիքով։ Բռնությունը չի քողարկվում ոչնչով, բացառությամբ կեղծիքի։ Բռնությունը միայն ահաբեկչական ակտերը չեն, որոնք ներկայումս աշխարհում իրականացվում են չտեսնված մասշտաբներով և յուրաքանչյուրի մեջ տագնապ են առաջացնում մեր կյանքի ու մեր հարազատների ու մերձավորների ճակատագրերի համար։
Այն ոչ պակաս սարսափելի է նաև նրանով, որ գաղտնի մուտք է գործում գիտակցության մեջ, փչացնում է մեր սրտերը, սպանում է բարու և արդարության հանդեպ մեր հավատը, մեզ դարձնում է անօգնական տգիտության ու խավարամտության առջև։ Անխղճաբար բարին շփոթում է չարի հետ։
Վիթխարի քանակությամբ մարդիկ, որոնք իրենց հոգու հետևում չունեն ոչինչ կամ հոգում ունեն չարամիտ դատարկություն, քողարկվելով ազգային գաղափարների ներքո, անպատիժ ատելության սերմեր են սերմանում ժողովուրդների ու ազգերի միջև, որոնք դեռ երեկ խաղաղ ապրում էին կողք կողքի։
Ազգայնամոլը սարսափելի է, որովհետև անսիրտ լավատես է, որը մերժում է կյանքի աղետալի ընկալումը, ինչն արմատականորեն հակացուցված է իրականությանը։ Դա բանականության ու մարդասիրության դեմ խռովություն է։ Դա ստոր կեղծիք է, որը մատուցվում է հրեշավոր դաժանությամբ մարդկանց կողմից, որոնք իրենց թույլ են տալիս մեծ հանդգնությամբ իրենց հռչակել միակ ճիշտ գաղափարների կրողներ և ժողովրդական երջանկության համար պայքարի իսկական մարտիկներ»։ Վերևից պարտադրվող հայրենասիրությունը նման ֆաշիստական սրիկաներին մեծ հնարավորություններ է տալիս ժողովրդին վերածելու անուղեղ ամբոխի։ Սակայն մենք գիտենք, որ ամբոխին ամենամոտ կանգնածն էլ հենց ամենածախուն է։ Եվ ժողովրդին զանգվածների նման դիմելը նրան տևական ու չար խավարամտության դրդում է։
Երբ ապրում ես մեղավորների շրջանում, մեղքն առնչվում է նաև քեզ։ Սակայն գրողն այդպիսով է գրող, որ անգամ ամենաէքստրեմալ պայմաններում կարողանում է պահպանել հանգիստ գիտակցությունը՝ ի դեմս իրական իրողության։
«Ճշմարտությունը վեր է Նեկրասովից, վեր է Պուշկինից, վեր է ժողովրդից, վեր է Ռուսաստանից»,- իր ժամանակին գրել է Դոստոևսկին։ Մեկ այլ ռուս գրող՝ մեր ժամանակակից Անդրեյ Բիտովն ասում էր. «Զգուշացեք իրենց ժողովրդի ձայն հռչակած գրողներից»։ Զանգվածների սիրելին դառնալու համար կարելի է գրել ինչպես հարմար է և ինչ հարմար է։ Սակայն իր ընթերցողի համար հարազատ մարդ դառնալը տրված է միայն ոչ մեծաթիվ գրողների։ Ողջ իրական գրականությունը գրողի կողմից անցած ազնիվ ուղի է, նրա վերապրած զգացմունքների ու մտքերի ուղին։ Գրողը նրա համար չէ գրող, որ նրան սիրում է ընթերցող հանրության զանգվածը։ Նա բարոյական տարաժամ արժեքների իրական արտահայտող է, որին ժողովուրդը վստահում է իր ցավը։ Եվ երբ ժողովուրդը սկսում է կորցնել դեմքը, դրանից ամենաշատը տառապում են գրողները։ Գրողը ժողովրդի սրտից բխող ուսուցիչ է, և նա ոչնչով մեղավոր չէ, որ քաղաքական գործիչներին տրված չէ հասկանալ այդ կախարդական հատկությունը։
Իշխանությունների հոգեբանությունը չի հանդուրժում գրողներին, որոնք հասարակության կյանքում ընթացող ճակատագրական իրադարձությունների հանդեպ ունեն իրենց հայացքը։ Իշխանությունները նման գրողներին պատժում են դաժանորեն ու սարսափելի։ Իմ դեպքում նույնպես նա վարվել է դաժանորեն ու անխղճաբար։ Սակայն չեմ ծավալվի, չեմ ցանկանում օտար լսարանի առջև խայտառակել իմ փոքրիկ երկրին, որին ես չեմ սկսել ավելի քիչ սիրել՝ անկախ ինձ հետ ինչ արեցին նրա իրական տիրակալները։
Իմ պատմության մեջ ցավալի պահեր շատ կան, սակայն եղել են նաև ոչ քիչ օգտակար ու ուսուցողական պահեր: Ինձ թվում է, որ ներկայումս նաև իտալերենով հրատարակված իմ ոչ մեծ շարադրանքով ինձ հաջողվեց հասնել իմ գլխավոր նպատակին՝ ես շատ հայերի փրկեցի իմ ժողովրդի հանդեպ ատելությունից։
Եվ հասկացա, որ այս արյունալի հակամարտությունում մեղավոր չեն ոչ հայերը, ոչ մենք. ժողովուրդները երբեք չէին պատերազմի, եթե քաղաքականությունը չմիջամտեր նրանց կյանքին։ ՈՒ ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովուրդներից յուրաքանչյուրը լավն է յուրովի, սակայն միասին պարզապես հիասքանչ են։
Ես մշտապես իմացել եմ, որ անտեսանելիից մինչև տեսանելի կարելի է հասնել միայն տառապանքների միջով։ Այժմ ես հասարակական քայլերով անցել եմ այդ ուղին՝ ձգտելով չսայթաքել ու չընկնել։ Կարծես թե իմ հոգին պետք է տառապեր վերջնականապես, որ ինձ վերստին գիտակցեմ ու ճանաչեմ շատ մարդկանց շրջանում, որոնք հակված են այսրոպեական ծախվածության ու սեզոնային դավաճանության։ Կյանքում լինում են դրվագներ, որոնք արժեն շատ կյանքեր։ Իմ կյանքի այս դրվագում ես որևէ մեկի համար եղել եմ հերոս, մեկ ուրիշի համար՝ դավաճան։ Իսկ ես անձամբ ոչ մի րոպե չեմ կասկածել, որ ես ոչ հերոս եմ, ոչ դավաճան, ես պարզապես նորմալ գրող ու հումանիստ եմ, որն ունակ է կարեկցելու օտարի ցավին։
Ես հայտնվել եմ Գալիլեյի վիճակում, որը ոչ մի վայրկյան չի կասկածել իր իրավացիության մեջ, սակայն իր համար անվիճելի այդ ճշմարտության հետ չի կարողացել համոզել մինչև հոգու խորքը համընդհանուր դոգմաներով շարժվող խնամակալներին։
Ես զրկվել եմ հանգստից ու բարօրությունից հանուն երկու ազգակից ժողովուրդներին միմյանց մերձեցնելու փոքր քայլի, որոնք միմյանց կապված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլև պատմական բազմադարյա ճակատագրով։ Ես չունեմ ավելի ցանկալի երազանք, քան նրանց վերստին միասին տեսնելն է։ Եվ ես շատ եմ ցանկանում ապրել մինչև այդ լուսավոր օրը:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ