«Մշակույթների երկխոսություն. Հայաստանը և համաշխարհային մշակույթը» խորագրով միջազգային տասներորդ գիտաժողովը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Գիտաժողովի նպատակն է համաշխարհային մշակույթի զարգացման արդի միտումների համատեքստում վեր հանել և գիտական գնահատականներ տալ ժամանակակից արժեքային համակարգում տեղի ունեցող գործընթացներին, հրատապ լուծումներ պահանջող հարցերին ու խնդիրներին և դրանք քննել միջմշակութային առնչությունների շրջանակներում:
Գիտական այս ֆորումը շարունակելու և զարգացնելու է Հայաստանի և արտերկրի գիտական, կրթական և մշակութային կենտրոնների միջև մասնագիտական կապերը:
Թեմատիկ ուղղությունների մեջ ներառվելու են այնպիսիք, որոնցում դիտարկվելու և նորովի արժևորվելու են այն ականավոր կոմպոզիտորների, բանաստեղծների, նկարիչների գործունեությանն առնչվող նոր փաստերն ու նյութերը, որոնց հոբելյանները նշվում են 2016-ին:
Հայտեր են ստացվել Հայաստանի Հանրապետության և արտերկրի (Ռուսաստան, ՈՒկրաինա, Բելառուս, Տաջիկստան, Չինաստան, Էստոնիա) հեղինակավոր բուհերից և գիտական կենտրոններից. Երևանի և Մոսկվայի պետ. կոնսերվատորիաներից, Գնեսինների անվ. երաժշտության ակադեմիայից, Բելառուսի պետ. երաժշտական ակադեմիայից, Գյումրու և Վանաձորի մանկավարժական համալսարաններից և այլ հաստատություններից: Արծարծվելու են ինչպես երաժշտական արվեստին, այնպես էլ մշակութաբանության, լեզվի և գրականության, կինոարվեստի և հեռուստատեսության, մանկավարժությանն առնչվող կարևոր հարցեր:
Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուում: