ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

«Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»
16.03.2016 | 19:10

Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարտի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Սերժ Սարգսյանը Կիպրոս է ժամանել մարտի 15-ի երեկոյան: Կիպրոսի նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր՝ ՀՀ-ի և ԿՀ-ի մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018 թթ. համագործակցության մասին ծրագիրը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿՀ կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության գործնական ծրագիրը, ՀՀ և ԿՀ կառավարությունների միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը: Երկու նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարություններով:
Կիպրոսի նախագահը ողջունել է ՀՀ նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը և վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները:
Նիկոս Անաստասիադիսը նշել է. «Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և վերահաստատեցինք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, Կիպրոսի և Հայաստանի գերազանց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Մենք հանձնառություն ենք ստանձնել է՜լ ավելի ամրապնդելու և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Այդ փոխադարձ հանձնառության վկայությունն են այն երեք պայմանագրերը, որոնք ստորագրվեցին կրթության և մշակույթի ոլորտներում: Երկու երկրների միջև մինչ այժմ ստորագրվել է տասնհինգ պայմանագիր, որոնք ցույց են տալիս Կիպրոսի և Հայաստանի սերտ կապերը: Մեր եղբայրական հարաբերությունների վկայությունն է Կիպրոսում հայկական համայնքի ակտիվ ներկայությունը, որը ներդաշնակ ինտեգրվել է Կիպրոսի մշակույթին, միևնույն ժամանակ` հպարտությամբ պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը: Մեր հայ հայրենակիցները երկու երկրները շաղկապող շատ կարևոր օղակ են, և նրանց հաջողվում է Հայաստանը մշտապես պահել կիպրոսցիներիս սրտում: Այսօր, հաշվի առնելով մեր պատմական, մշակութային և կրոնական կապերը, վերահաստատում ենք պատրաստակամությունը շարունակելու և ակտիվացնելու համագործակցությունը թե երկկողմ, թե միջազգային կազմակերպությունների շրջանակներում` մշտապես հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքներին փոխադարձ հարգանքը: Ասածներիս ապացույցը միաձայն որոշումն էր, որ 2015 թ. ապրիլի 2-ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը: Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982 թ. ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը: Մեր հնարավորության շրջանակներում և սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը և դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Բանակցությունների ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մեկս մյուսին տեղեկացնելու թե կիպրական հարցի, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Տեղեկացնեմ այն ջանքերի մասին, որոնցով փորձում ենք լուծում գտնել վերամիավորելու Կիպրոսն ու ձերբազատվելու բռնազավթողներից` երկգոտի, երկհամայնքային դաշնության շրջանակներում: Մենք մշտապես ջանում ենք, որ լուծումը հիմնված լինի եվրոպական արժեքների, սկզբունքների վրա` ամբողջովին պահպանելով մարդու իրավունքները կղզու ամբողջ բնակչության` թե հույն, թե թուրք կիպրոսցիների համար: Եվ այն, ինչին մենք ձգտում ենք հասնել, այնպիսի լուծում չէ, որ պետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ: Դա մի լուծում է, որ ունի հեռանկար այս կղզու բոլոր քաղաքացիների համար: Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալու իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որ խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը: Իմ ընկերոջ` ՀՀ նախագահի հետ մենք նաև քննարկեցինք ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր, և ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև: Կիպրոսը սատարում է Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում, որովհետև ձեր երկիրը, պարոն նախագահ, շատ կարևոր և գնահատելի գործընկեր է և բանակցող: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները և ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ավարտելով խոսքս` ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և վստահեցնել, որ այսուհետ է՜լ ավելի կխորանան և կամրապնդվեն մեր եղբայրական հարաբերությունները»։

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ