ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Կողմնորոշվել զուգահեռների հարթության մեջ

Կողմնորոշվել զուգահեռների հարթության մեջ
11.03.2016 | 10:41

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական զարգացումների համատեքստում» թեման էր մարտի 9-ին «Կոնգրես» հյուրանոցում քննարկվում տնտեսական լրագրողների ակումբի երկրորդ ասուլիսում, որին հրավիրված էին իրանագետ-փորձագետ Գոհար Իսկանդարյանը և ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, փորձագետ Ատոմ Մարգարյանը:

Ակումբի գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական մարտահրավերների շարքում հայ-իրանական տնտեսական հարաբերությունները առանձնացնելու և քննարկման թեմա դարձնելու պատճառները բազում են, և հույս հայտնեց, որ քննարկման ընթացքում ամբողջությամբ կպարզաբանվեն: Իրանագետ-փորձագետ Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց հայ-իրանական տնտեսական համագործակցության իրական հնարավորությունները: Նա նշեց, որ Իրանի նկատմամբ հետաքրքրությունն աճեց պատժամիջոցները չեղարկելու որոշումից հետո: «Հայաստանի համար բացվել է հնարավորությունների դաշտ, ինչպես կօգտագործենք՝ այլ հարց է: ԻԻՀ-ն միշտ իրականացրել է պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականություն՝ դրսի ապրանքները դժվարությամբ են մտել իրանական շուկա: Երբ Իրանի առաջ բացվում է աշխարհը, Իրանը ևս պիտի աշխարհի առաջ բացվի: Իրանի շուկա է մտնում հարյուր հայկական ապրանք, իսկ Իրանից Հայաստան` վեց հարյուր, առևտրաշրջանառության ծավալը այնքան էլ բարձր չէ, որը նշվել է ամենաբարձր մակարդակով: Ես կարծում եմ, որ հիմա երկուստեք ուսումնասիրվում են շուկաները, ճշտվում են արտահանման հնարավորությունները: Մի քանի տարի առաջ ակտիվ քննարկվում էր «Արաս» ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, որը թույլ կտար գործարար շրջանակներին ավելի ակտիվ աշխատել»,- նշեց նա: Գոհար Իսկանդարյանն անդրադարձավ Մեղրու ՀԷԿ-ին, հիշեցրեց, որ մի քանի անգամ բարձր մակարդակով հայտարարվել է՝ կառուցման հետ կապված որևէ խնդիր չկա, բայց հիմնարկեքից հետո ոչինչ չի արվում: Պատճառը համարվեց ֆինանսական: Փորձագետը շեշտեց, որ պատժամիջոցների չեղարկումից հետո էլ Իրանի տնտեսությունը, նավթարդյունաբերության ոլորտ մտնելով հանդերձ, թռիչքային զարգացում չի արձանագրել և ԱՄՀ-ի տվյալներով՝ եկող տարի միայն Իրանը կարող է հասնել զրոյական տոկոսի, որից հետո աճ գրանցել: Իրանը տնտեսական ներդրումների կարիք ունի: Եվրոպական երկրները հերթ են կանգնած Իրանում ներդրումների համար, որոնք շահավետ են երկուստեք:
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, փորձագետ Ատոմ Մարգարյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերություններին՝ տարածաշրջանային տնտեսական զարգացումների համատեքստում: Իրանի բացվելն աշխարհի առաջ նա որակեց աշխարհաքաղաքական գործոն և կարևորեց ճշտելը հնարավորությունների այն դաշտը, որտեղ համագործակցությունը հաջողություն կունենա: Նա հիշեցրեց, որ պատժամիջոցները խնդիրներ էին ստեղծում ոչ միայն Իրանի, այլև հարևան երկրների համար, իսկ հիմա սկսվել են հետադարձ գործընթացներ՝ մասշտաբային ծրագրերի ու լոկալ նախագծերի իրականացման տեսանկյունից: Իրանի տնտեսության կառավարման մոդելը նա օրինակելի համարեց՝ ինչպես երկուսուկես տասնամյակում, լինելով փակ երկիր, պատժամիջոցների պայմաններում զարգացնել ու դիվերսիֆիկացնել տնտեսությունը ու անգամ արբանյակներ ուղարկել տիեզերք:
Գիտատեխնիկական, ինովացիոն զարգացումների իրանյան փորձը ուսանելի է՝ ասաց Ատոմ Մարգարյանը և ընթացիկ գործընթացները քննարկելիս անհրաժեշտ համարեց ինստիտուցիոնալ կողմը հաշվի առնել: Անդրադառնալով փետրվարյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ փորձագետն ընդգծեց, որ Իրանը ինստիտուցիոնալ տուրբուլենտության փուլում է՝ բարեփոխականների և պահպանողականների վերջին տասնամյակների պայքարն արտացոլում է Իրանի քաղաքական ու տնտեսական կյանքի իրողությունները: Ռեալ չէ, որ Իրանը շատ արագ կարող է ինստիտուցիոնալ, սեփականության համակարգի բարեփոխումներ անել: Տնտեսության մեծ մասը պետական է. մահմեդական կրոնապետությունում դա յուրահատուկ պաշտպանական դեր ունի, որ մեկուսացման պայմաններում թույլ է տվել ոչ միայն գոյատևել, այլև զարգանալ: Նրա գնահատականով` նախագահ Հասան Ռոհանիի բարեփոխումները դաժան դիմակայության են հանդիպում, երկրի տնտեսական ապագան կախված է քաղաքական ուժերի հաշվեկշռից: Էներգակիրների պաշարով աշխարհի երկրորդ երկիրը լինելով՝ Իրանը հավակնոտ և աշխարհիկ պահանջներ ունի և որևէ ուշադրություն չի դարձնում նավթ արտադրող երկրների քայլերին: Նրանք սահմանափակում են նավթի հանույթը, իսկ Իրանի համար նման թեմա չկա՝ դա է թելադրում տնտեսական վիճակը՝ Թեհրանն իրեն արժանի տեղն է որոնում էներգակիրների շուկայում: Պատժամիջոցներից առաջ օրական 2,5-3 միլիոն բարել արտահանումը Իրանի համար բնական վիճակ էր, այսօր Իրանը հասել է մեկ միլիոնին և կշարունակի նույն տեմպերով՝ դառնալու ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ խաղացող այդ շուկայում: Փորձագետի գնահատականով՝ ոչ միայն եվրոպական, առաջիկայում նաև ամերիկյան ընկերությունները տեղից կշարժվեն՝ իրանական շուկա մտնելու համար: Նա հիշեցրեց, որ պատժամիջոցների ժամանակ էլ Չինաստանը չէր դադարեցրել Իրանի հետ համագործակցությունը, իսկ առաջիկայում ավելի է խորացնելու: Հնարավոր է, որ ոչ միայն խորհրդարանում, այլև փորձագետների խորհրդում նախագահ Հասան Ռոհանին բարեփոխումների աջակիցներ ունենա:
Հարցուպատասխանի ընթացքում պարզվեց, որ նախընտրելի է՝ Հայաստանն ավելի ակտիվ ու դրական առումով ագրեսիվ լինի Իրանի հետ հարաբերություններում, ինչպես Գոհար Իսկանդարյանը նշեց և հույս հայտնեց, որ նախագահի նախաձեռնած տնտեսական հանդիպումների շարքում առաջինը Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին ընդունելն ու կոնկրետ հանձնարարականներ տալը արդյունքներ կունենա: Նախընտրելով տարբեր երկրների հետ համագործակցությունը՝ Իրանը ցամաքային ճանապարհը պետք է որ Հայաստանով անցկացնի՝ համոզված է փորձագետը: Նա նշեց, որ դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով մի ճանապարհ Իրանն արդեն ունի, բայց այդ ճանապարհը խնդրահարույց է՝ կա քրդական գործոնը, Իրան-Թուրքիա հարաբերություններում պարբերաբար հայտնվող լարումը Թեհրանին պիտի թելադրի դեպի Եվրոպա ևս մեկ ցամաքային ճանապարհ ունենալ: Երբ Իրանի ու Թուրքիայի միջև խնդիրներ ծագեն, Ադրբեջանով անցնող երկաթուղին Իրանի համար հուսալի չէ, որովհետև ակնհայտ է՝ ընտրության պարագայում Թուրքիայից ու Իրանից ո՞ր երկիրը Բաքուն կընտրի:
Հայաստանի վարքագիծը «չափավոր զսպվածություն» որակեց Ատոմ Մարգարյանը՝ հետախուզում, անդամակցությունը ԵԱՏՄ-ին թույլ չի տա Հայաստանին արտաքին առևտրային հարաբերությունների հարթակում դուրս գալ պայմանավորվածություններից, բայց իրանական վեկտորը կարող է այլընտրանք դիտարկվել: Նշվեց, որ Հայաստանից Իրան արտահանումը ավելացել է, և հնարավորությունները մեծ են: Ատոմ Մարգարյանը իրատեսական է համարում իրանական գազն Ադրբեջանի տարածքով Եվրոպա փոխադրելու ծրագիրը՝ նկատի ունենալով, որ Թեհրանը պիտի փորձի իր ազդեցությունն ունենալ Բաքվի վրա, իսկ Հայաստանը, նրա գնահատմամբ, Իրանի համար բնական ռազմավարական դաշնակից է և շատ հնարավոր է Իրան-Հայաստան գազատարի թողունակության ավելացում, և աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության պարագայում՝ երկրորդ գազատարի կառուցումը: Նավթագազային վաճառքով զբաղված երկրները պետք է երկարաժամկետ կոնսենսուսի գան, որովհետև այլընտրանք չկա: «Իրան-Ադրբեջան նավթային գործարքին մենք խանդով չպետք է նայենք, դա բնականոն ընթացք է, հավերժ չէ ղարաբաղյան կոնֆլիկտը, տնտեսական զարգացումները մեզ համար ընդունելի լուծումներ կարող են բերել: Իրանը կարող է զսպող, հավասարակշռող դեր ունենալ տարածաշրջանում և ղարաբաղյան հարցում»՝ ըստ Ատոմ Մարգարյանի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒշադիր լսելով երկու փորձագետների տեսակետները, տնտեսական ու քաղաքական գնահատականները տարածաշրջանի արագ փոփոխվող քաղաքական ու տնտեսական իրավիճակին և Հայաստանի հնարավորություններին ու անելիքներին, հարցրի երկուսին էլ.
-Եթե Իրանն ընտրության հնարավորություն ունենա, նախապատվությունը կտա Բաքու-Թեհրան-Մոսկվա՞, թե՞ Երևան-Թեհրան-Մոսկվա առանցքին: Ի՞նչ դեր ունի այդ հարցում Անկարան՝ ելնելով նաև սուննի-շիա հակամարտությունից:

ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ.
-Գլոբալ ու խորքային հարց է՝ հատկապես սուննի-շիա հակամարտության ենթատեքստով: Թե ում կտա նախապատվությունը հարցին պատասխանենք զուտ հուզական առումով, վստահաբար՝ Հայաստանին: Ֆինանսական առումով՝ Հայաստանն էլ պետք է ներդրումներ անի տնտեսական գործընթացներ իրականացնելու համար: Մենք հիմա այդ հնարավորությունը չունենք, հայ-իրանական տնտեսական հարաբերություններում գործող ծրագրերը հիմնականում իրականացվում են Իրանի ֆինանսներով: Նույնիսկ այս պահին, երբ Իրանը նավթ է արտահանում միջազգային շուկա, մոտ երկու տոկոս մինուս ունի և միայն հաջորդ տարի զրոյի է հասնելու, իսկ դա նշանակում է, որ Թեհրանը հավելյալ գումարներ չունի Հայաստանի տնտեսությունում ներդնելու համար: Ադրբեջանն ունի այդ գումարները և կարող է ներդրումներ անել: Հիշեք երկաթուղին՝ Իրանը բազմիցս ասել է՝ կառուցեք ձեր հատվածը, մենք էլ մեր մասը կկառուցենք, բայց Հայաստանը երկաթգիծը կառուցելու գումար չի կարողանում գտնել, մինչդեռ Ադրբեջանը նման խնդիր չունի: Կան կոնկրետ ֆինանսական ու տեխնիկական հաշվարկներ, որոնք վկայում են, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը շատ ավելի ձեռնտու է: Իրանն ու Ադրբեջանը երկուսն էլ շիադավան երկրներ են, և Թեհրանը միշտ էլ ցանկություն է ունեցել ավելի ակտիվ քաղաքականություն իրականացնել Ադրբեջանում, ինչը վերջին տասնամյակում լարում էր բերում Բաքվի հետ հարաբերություններում, և Իրանը ավելի սերտ հարաբերություններ ուներ Անկարայի հետ, որտեղ ավելի աշխարհիկ արտաքին քաղաքական կողմնորոշումներ կային: Սակայն այսօրվա Թուրքիայում իսլամի արտահանման միտումներն ուժեղացել են:

ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ.
-Եթե զուտ իրանական տեսանկյունից նայենք, անորոշություններն ու ռիսկերը շատ են: Առանցքների մյուս ծայրում Մոսկվան է, և հարցը հանգում է նրան, թե Թեհրանն ու Մոսկվան ինչի շուրջ կսակարկեն և ինչի կհանգեն: Իրանը բազմաֆունկցիոնալ, դիվերսիֆիկացված հզոր երկիր է, Հայաստանը և Ադրբեջանն ունեն յուրօրինակ մրցակցային առավելություններ: Ադրբեջանը վերջին տասնամյակներում իր տնտեսությունը կառուցել է բացառապես նավթի վրա և մեծ խնդիրներ ունի: Եթե տիրաժավորում ենք Ադրբեջանի հզորությունը, պիտի հաշվի առնենք լուրջ խնդիրները՝ մոնոտնտեսության, հաղորդակցուղիների, կենսամակարդակի: Հայաստանը ևս ունի նման խնդիրներ, բայց գիտական, տեխնոլոգիական, արդյունաբերական, մշակութային զարգացումների տեսանկյունից ուրույն առավելություններ ունի և ՀՆԱ-ի մեծության խնդիրը չէ միայն վճռորոշ: Ո՞ր երկիրը կարող է գեներացնել բարձր տեխնոլոգիաներ և դրանց հիման վրա մրցունակ տեխնոլոգիաներ ստեղծել: Այսօր Ադրբեջանը դա չի կարող անել: Իրանի համար այս բաղադրիչն առաջին պլանի վրա է լինելու, երբ քննարկվի Երևան-Մոսկվա առանցքին միանալը: Իրանն ակնհայտ շահագրգռություններ ունի այս հարցում: Թեհրան-Բաքու հարաբերություններում լուրջ գործոն են Իրանի քաղաքացի քսան միլիոն ադրբեջանցիները, որ Իրանին մղում են կառուցելու երկկողմ դիվերսիֆիկացված հարաբերություններ, և այդ տեսանկյունից նախապատվությունը կտա Բաքու-Մոսկվա առանցքին: Մենք պետք է քաղաքական ճիշտ հավասարակշռությունը գտնենք և կարողանանք մեր մրցակցային առավելություններն օգտագործել: Շիա-սուննի հարցում ամեն ինչ կախված է Սիրիայի զարգացումներից և Մերձավոր Արևելքի եռացող կաթսայում ձևավորվող հարաբերություններից: Կան և՛ երկրների ներսում լոկալ հարցեր, և՛ միջպետական հարցեր երկրների միջև, այդ թվում՝ Թուրքիա-Իրան:

Այսպես, այսինքն՝ առանցքները զուգահեռվելու են՝ ինչպես քաղաքական զարգացումներն ամբողջ աշխարհում: Եվ գուցե մեր բոլոր հապաղումները, սխալները, ձախողումները, կորուստները ունեն մեկ ելակետ՝ մենք հարցերի լուծումներ կարողանում ենք գտնել ստատիկ վիճակներում, իսկ դա որպես կանոն վերաբերում է երեկվա օրվան, ոչինչ անշարժ չէ ոչ բնության, ոչ հասարակության, ոչ քաղաքականության մեջ: Զուգահեռների դինամիկան մենք դեռ չենք սովորել: Ոչ ընկալել, ոչ զարգացնել, ոչ էլ առավել ևս մեզ ծառայեցնել:

Դիտվել է՝ 1471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ