ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Վկայակոչելով հասարակության, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայաստանյան և միջազգային, մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների համընդհանուր կարծիքը, կուսակցությունները թվարկել են հայաստանյան ընտրությունների գլխավոր արատները։ «Հայաստանից բացակայող քաղաքացիների և այլ անձանց փոխարեն բազմակի քվեարկությունը, ընտրակաշառքը, լցոնումները, ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը, վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը, անպատժելիությունը (ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը), բողոքարկման համակարգի անկատարությունն ու փաստացի չգործելը»,- ասված է հաղորդագրությունում։
ՀԱԿ-ը հայտարարում է, որ քննարկման ներկայացված փաստաթղթով լուծումներ չեն տրվել Հայաստանի ընտրական համակարգի` վերը թվարկված արատներից և ոչ մեկին, հաշվի չեն առնվել այդ ուղղությամբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արած առաջարկությունները: «Նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք ակնհայտ նահանջ են ժողովրդավարությունից, նույնիսկ գործող օրենսգրքի համեմատությամբ։ Ռեժիմի մտադրությունների մասին սույն հռչակագիրը վկայում է, որ հասարակությունը գործ ունի ոչ թե Ընտրական օրենսգրքի, այլ՝ ընտրակեղծարարության մեքենան կատարելագործելու և օրենսդրորեն ամրապնդելու, խորհրդարանական համակարգի շղարշով պարուրված՝ երկրում միակուսակցական համակարգ կամ միահեծան իշխանություն հաստատելու՝ Սերժ Սարգսյանի հանցավոր ծրագրի հետ: Այս ծրագրի սկիզբը դրվեց կեղծ «սահմանադրական փոփոխություններով» և ավարտին պետք է հասցվի 2017-ի խորհրդարանական ընտրություններով: Այն սպառնում է խարխլել երկրի անվտանգությունը, ներքին կայունությունը և փակում է զարգացման հեռանկարը»,- ասված է հայտարարությունում:
ՀԱԿ-ը մերժում է «հանցավոր նպատակներ հետապնդող» նախագիծը, անընդունելի է համարում «հակաժողովրդավարական» նոր դրույթների ներմուծումը և պնդել է, որ «Հայաստանում իրական ընտրական համակարգ հաստատելու նպատակով անհրաժեշտ է նախ և առաջ՝ մաքրել ընտրացուցակները»:
«Այդ նպատակով ընտրողների ռեգիստրում (հետևաբար՝ նաև ընտրացուցակներում) սահմանել առանձնացված հաշվառում Հայաստանում մշտապես բնակվող և հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելի) բացակայող քաղաքացիների համար: Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքի իրացման համար նախատեսել առանձին ընթացակարգ։ Հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ստորագրած ցուցակները, դրանք հասանելի դարձնել ստուգումների համար` որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր, քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետևել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին: Տեսանկարահանված նյութերը պետք է դառնան ընտրական փաստաթուղթ, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման հուսալի մեխանիզմ»,- ասված է հայտարարությունում։
ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն կոչ են արել ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը՝ «մերժել Սերժ Սարգսյանի հանցավոր ծրագիրը և միավորվել Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելու նպատակի շուրջ»: