Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Հայաստանը ՄԱԿ-ին կոչ է անում մերժել Ադրբեջանի փորձերը

Հայաստանը ՄԱԿ-ին կոչ է անում մերժել Ադրբեջանի փորձերը
20.01.2016 | 17:38

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել հունվարի 19-ին «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը: Դեսպան Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կիսում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մտահոգությունը` քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրում, որի արդիականությունը հակամարտությունների գոտիներում չի նվազել: «Խնդրի մարդասիրական հարթությունից զատ, քաղաքացիական բնակչությանը սպառնում է ֆիզիկական գոյության և անպաշտպանվածության վտանգը: Թեպետ Անվտանգության խորհուրդը զգալի ջանքեր է գործադրում խնդրո առարկայի շուրջ առաջընթաց արձանագրելու ուղղությամբ, այնուհանդերձ, անհրաժեշտ է ավելի վճռական գործելակերպ: Այս իմաստով կարևորվում է կանխարգելման դերը»,- նկատել է ՀՀ դեսպանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ, նախ և առաջ անհրաժեշտ է կրկնապատկել պատասխանատվության գործոնը հակամարտությունների այն կողմերի համար, որոնք մերժում են խոցելի խմբերի տարրական անվտանգության ապահովումը և մարդասիրական օգնության ցուցաբերումը: Առանձնահատուկ կարևորվում է ՄԱԿ-ի մասնակցությունը քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող ֆիզիկական բռնության կանխարգելման, պաշտպանության և մարտավարության մշակման ոլորտներում: Կազմակերպության հեղինակությունը պետք է գնահատվի ոչ թե հնչեցված` դատապարտման խոսքերով, այլ խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շոշափելի գործություններով: Այս իմաստով հարկավոր է առանձնահատուկ ընդգծել ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների դաշտային առաքելությունների դերը` տեղերում իրավիճակի գնահատման հարցում, ընդունելով, որ կանխարգելումը քաղաքացիական բնակչության պաշտպանության լավագույն միջոցն է: «Ավելին, հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ուղղակի կապված է զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանություն հանցատեսակի հետ»,- ընդգծել է դեսպան Մնացականյանը: ՀՀ դեսպանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում` շեշտելով, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից 1994 թ. զինադադարի անտեսման և խախտման դեպքերի արդյունքում Հայաստանի և ԼՂ քաղաքացիական բնակչությունն առերեսվում է անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներին: Աճում են ԼՂ հետ շփման և Հայաստանի հետ սահմանային գծով խաղաղ բնակչության հրետակոծումները, որ հասել է աննախադեպ չափերի. կիրառվում է խոշոր տրամաչափի և ծանր հրետանի` խլելով սահմանային գյուղերի բնակիչների կյանքը: Միայն 2015 թ. սեպտեմբերին զոհվեց երեք կին։ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի միտումնավոր և նպատակային խախտումները` զուգորդված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների խաթարմամբ: «ՈՒստի, Հայաստանը կրկին կոչ է անում Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին` ձևավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ և հետ քաշել դիպուկահարներին: Այլապես, Ադրբեջանը ստանձնում է բռնության և լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը»,- նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտությունների կարգավորման խնդրում տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների կիրառման լավագույն օրինակներից է: «Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության, ՄԱԿ-ի և նրա գլխավոր քարտուղարի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ու կոչ է անում մերժել ՄԽ համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը»,- ամփոփել է Զոհրաբ Մնացականյանը:
Անվտանգության խորհրդի բաց քննարկումը նախագահել է ՈՒրուգվայի ԱԳ փոխնախարար Խ. Լ. Կանսելան, իսկ ութ տասնյակ պետությունների ներկայացուցիչների թվում ելույթներ են ունեցել Իսպանիայի և ՈՒկրաինայի փոխարտգործնախարարները, Կարմիր խաչի փոխնախագահ Ք. Բիրլին, ՄԱԿ-ի ԳՔ-ի տեղակալ Յ. Էլիասոնը և այլ պաշտոնյաներ:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ