Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Մեդալի տարբեր կողմերը՝ ինչպես մարդունը

Մեդալի տարբեր կողմերը՝ ինչպես մարդունը
18.01.2016 | 18:58

Հունվարի 17-ի կիրակիի լրահոսում գրիպի ու նրա հետևանքների, Իրանի պատժամիջոցների հանման տեղեկություններին զուգահեռ շրջանառվում էր Երևանում մեծ հրդեհի տեղեկատվությունը՝ այրվում էր «Ֆլեշ» ընկերության բենզապահեստը ԱրինԲերդ փողոցի 4/2 հասցեում: Պարզվեց, որ այրվել է բենզինի մեկ ռեզերվուար, մի քանի ժամ պահանջվեց՝ հրդեհը ամբողջությամբ մարելու համար: Վնասը կարող էր ավելի մեծ լինել, եթե տաքությունից ինքնաբռնկվեր կողքի ռեզերվուարը, որը հրշեջները սառեցնում էին:

Հրդեհի բռնկման պատճառը փորձաքննությունը պիտի պարզի: ՏԿԱԻՆ Շենգավիթի բաժնի պետ, կապիտան Ահարոն Գևորգյանը վկայում է՝ տասը մարտական հաշվարկ Հարավկովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքով եւ մեկ ավտոսանդուղքի օգնությամբ հրդեհը բարեհաջող մարեցին: Նախնական տեղեկություններով՝ այրված ռեզերվուարում եղել է մոտ 700 տոննա բենզին, սակայն կոնկրետ չափը հայտնի չէ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին: «Այս վիճակում շատ դժվար է ասել վնասի չափը, ամենակարևորը, որ մեր տղաներից տուժողներ չեն եղել»,- ասել է պահեստի տնօրեն ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Ինչո՞ւ է բռնկվել բենզինով լի ցիստեռնը, որ քսան տարի հանգիստ պահեստ էր ծառայել: Հարց է, որ միայն ուսումնասիրությունը կարող է պարզել: Իսկապես, հրշեջներին հաջողվել է ոչ միայն մարել հրդեհը, այլև շատ ավելի ծանր հետևանքները կանխել, որովհետև եթե տաքությունից բռնկվեր կամ պայթեր կողքին գտնվող ռեզերվուարը, ոչ միայն տարածքը կավերվեր, այլև մարդիկ կարող էին զոհվել: Ֆինանսական կորուստները ճշտվում են, բայց առավել կարևոր է պարզել հրդեհի պատճառները՝ տեխնիկակա՞ն են, թե՞ կա մարդկային գործոն, որը ևս կարող է տեխնիկական լինել, կամ՝ քրեական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանը կատարվածին արձագանքեց մի քանի բառով միայն. «Փառք Աստծո, որ մարդկային կյանքեր չենք կորցրել, մնացած կորուստները ժամանակի մեջ վերականգնվող են, ամենակարևորը մարդու կյանքն է»: Մի քանի օրից կպարզվեն թե վնասի չափերը, թե հրդեհի պատճառները: Ժամանակի մեջ՝ նաև բառի բուն իմաստով այրված փողերը կվերականգնվեն, լրահոսը նոր իրադարձություններով կծածկի թե կիրակնօրյա հրդեհը, թե տարածքի ավերածությունը: Պարզապես նման իրադարձությունները մարդու լավագույն ու վատագույն որակները միանգամից ի ցույց են դնում: Մի մասը պրոֆեսիոնալ աշխատում է՝ հրդեհն ու հնարավոր հետևանքները կանխելու համար, մի մասը «պրոֆեսիոնալ» աշխատում է լրատվական դաշտում՝ տարատեսակ մեկնությունների ու «բացատրությունների» ուղղությամբ: Նաև՝ զուտ մարդկային կարեկցանքի ու չարախոսության: Իրավիճակները փոփոխական են, մարդիկ՝ ոչ:

Դիտվել է՝ 1543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ