Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Եվրասիական փորձագիտական ակումբը ամփոփեց իր տարին

Եվրասիական փորձագիտական ակումբը ամփոփեց իր տարին
27.12.2015 | 10:46

Բոլորն ամփոփում են տարին: Եվ ինչո՞ւ են ասում, թե ճտերն աշնանն են հաշվում, երբ հիմնականում ուտում են ձմռանը, հատկապես տարեմուտին: ՈՒ ոչ միայն ճտերին: Սեղանային նոր տարվա վազվզոցից կտրված՝ «Մետրոպոլ» հյուրանոցում դեկտեմբերի 26-ին Եվրասիական փորձագիտական ակումբը ամփոփում էր իր անցկացրած տարին: Առաջին անգամ նիստին մասնակցում էին Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները, թեպետ ելույթներ չունեցան, բայց խոսուն ներկայություն էր: Բացի ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի դիվանագետներից, տարեկան նիստին ներկա էին և արտաքին գործերի ու սփյուռքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մայրաքաղաքի բուհերի դասախոսներ ու ուսանողներ: Բացելով «ԵԱՏՄ առաջին տարին. փորձ, նվաճումներ, հիմնական խնդիրներ»՝ թեմայով նիստը՝ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ ՍԱՖԱՐՅԱՆՆ ասաց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը ամբողջ տարին իր նիստերում քննարկել է կյանքը եվրասիական տնտեսական տարածքում՝ ընդհանուր տեղեկատվական տարածք ստեղծելու ցանկությամբ: Հրավիրվել են գիտնականներ, քննարկվել են ամենասուր խնդիրները և առաջարկված լուծումները միշտ եղել են հրատապ ու հետաքրքիր:
Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր ՆԱԶԱՐՈՒԿԸ նշեց, որ Բելառուսը եղել է ԵԱՏՄ ստեղծման առաջնագծում և զարգացրել է համագործակցությունը հարգանքի ու անդամ երկրների անկախության հիմքի վրա՝ ելնելով այն դրույթից, որ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը առանցքային գործոն է ազգային տնտեսության կայունության համար՝ գլոբալացման և համաշխարհային տնտեսության անկայունության միջավայրում: Այս տարեսկզբից գործունեությունը սկսած կառույցը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման նոր մեկնարկ դարձավ, որ միջազգային իրավասուբյեկտություն ունի: Դեսպանը թվարկեց ԵԱՏՄ գործառնությունները և նշեց, որ առաջին տարում կառույցը գլխավորելու առաքելությունը ստանձնած Բելառուսը կարողացավ լուծել այն խնդիրները, որ առաջադրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում, երբ ստանձնել էր ԵԱՏՄ ղեկավարությունը: Նա կարծում է, որ համաձայնեցված տնտեսական քաղաքականություն է վարվում ԵԱՏՄ-ում, ազատականացված է տրանսպորտային ծառայությունների շուկան, ստեղծված է դեղամիջոցների ընդհանուր շուկա: Ակտիվ է զարգացել միջազգային համագործակցությունը՝ ստորագրվել է փոխադարձ առևտրի պայմանագիր Վիետնամի հետ, ավելի վաղ մշակվել է ազատ առևտրի համաձայնագիր Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ, որին անդամակցում են Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Շվեյցարիան, պայմանավորվածություններ կան Նոր Զելանդիայի հետ: Բայց քաղաքական գործիչները այս համաձայնությունները կասեցրել են, թեպետ բիզնեսը այդ որոշումից առանձնապես չի ուրախացել: Աշխատանքներ են սկսվել Չինաստանի հետ՝ փորձագիտական քննարկումներ ԵԱՏՄ-ի և Մետաքսի մեծ ճանապարհի նախագծի ինտեգրման շուրջ: Եվրահանձնաժողովին է համագործակցության առաջարկ ուղղվել: ԵԱՏՄ-ով հետաքրքրվել են Եգիպտոսը, Իրանը, ԱՍԵԱՆ-ի, ՄԵՐԿԱՍՈՒՐ-ի երկրները, որ դեսպանը համարում է ԵԱՏՄ-ի հեղինակության աճի հետևանք միջազգային ասպարեզում: Նա ծայրահեղ բարդ անվանեց անցնող տարին, միասնականության փորձությունների շրջան, որը ներառում էր էներգակիրների գնանկումը, արժույթների արժեզրկումը, Արևմուտքի պատժամիջոցային ճնշումները: Այդ ամենը արտացոլվել է ապրանքաշրջանառության բացասական ցուցանիշներում: «Մենք մեծ աշխատանք ենք արել այդ ռիսկերը նվազեցնելու համար և լարված աշխատանք է սպասվում հետագա տարիներին: Մենք ձեռքբերումների վրա կանգ չենք առնելու և շարունակելու ենք խոչընդոտները նվազեցնելու քաղաքականությունը ԵԱՏՄ-ի ներսում»՝ ասաց Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Օրակարգում է մնում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը, փետրվարից կաշխատի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, որը ղեկավարելու է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փորձառու քաղաքական գործիչ և հմուտ տնտեսագետ՝ ըստ դեսպանի: Բելառուսը հանդես է գալիս բաց, իրավահավասար երկխոսության օգտին և կողմ է ԵԱՏՄ-ի և այլ կառույցների ինտեգրմանը՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ:
ՌԴ դեսպանատան խորհրդական Անդրեյ ԻՎԱՆՈՎԸ ներկայացրեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքը: Նա նշեց, որ անցնող տարում փոխգործակցությունը նոր մակարդակի է հասել՝ կառուցվելով վստահության ու հարգանքի հիմքի վրա, խորհրդականն ընդգծեց եվրասիական փորձագիտական ակումբի քննարկումների դրական ուղղվածությունը և շնորհակալություն հայտնեց ակումբի անդամներին: Անդրեյ Իվանովը ամբողջ ԵԱՏՄ-ի համար անցնող տարին բարդ որակեց՝ նոր ձեռքբերումների և լուրջ փորձությունների տարի՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքով: «Մենք շարունակում ենք վստահությամբ առաջ նայել և կարծում ենք, որ միայն միասին կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, որ կյանքն է բերում»՝ հավաստիացրեց ՌԴ դեսպանատան խորհրդականը: Նա ևս անդրադարձավ անցնող տարվա դժվարություններին՝ մասնավորեցնելով Ռուսաստանի ու Հայաստանի օրինակով: Նշվեց, որ բազմակի աճել են քաղաքական շփումները, պաշտոնական հանդիպումները՝ հինգ անգամ նախագահներն են հանդիպել, կրկնակի՝ վարչապետները, արտգործնախարարներն արդեն չեն հիշում՝ քանի անգամ են հանդիպել: Հայաստանի տնտեսությունը որոշ ցուցանիշներով տպավորիչ աճ է գրանցել, նոր մակարդակի է հասել ռազմաքաղաքական համագործակցությունը: Հայաստանի համար անցնող տարվա առանցքային իրադարձություն պարոն Իվանովը որակեց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակը: Նոր տարվա նախօրեին նա շնորհավորեց եվրասիական փորձագիտական ակումբի անդամներին ու շնորհակալություն հայտնեց բեղմավոր աշխատանքի համար, որը կշարունակվի նաև հաջորդ տարի: Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ ԽԱՍԵՆՈՎԸ անցնող տարին համարեց հետաքրքիր իրադարձություններով հագեցած: Չնայած աշխարհաքաղաքական խոչընդոտներին՝ ԵԱՏՄ-ի առաջին տարին նրա գնահատմամբ արդյունավետ և ներմիութենական հարաբերությունների կայացման տարի էր: «Մենք շահագրգռված ենք համագործակցությամբ, մեր ավանդույթների պահպանությամբ և շարունակմամբ, մեր ժողովուրդների մշակութային փոխհարստացմամբ: Մեր միությունը 21-րդ դարի կառույց է, որ ձևավորվել է շնորհիվ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Գլխավոր սկզբունքը իրավահավասարությունն է, փոխշահավետությունը և բոլոր կողմերի շահերի հաշվառումը: Ղազախստանը ելնում է սեփական շահերից՝ պրագմատիզմ, տնտեսական շահեր: Մենք վստահության ու բարեկամության հարաբերություններ ենք կառուցում բոլոր երկրների հետ՝ սա է մեր հիմնական ուղերձը»՝ ասաց Կանատ Խասենովը: Նա ևս, ինչպես նախորդ դիվանագետները, անդրադարձավ անցնող տարվա օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններին և արձանագրեց, որ միջազգային ֆինանսական շուկաների տուրբուլենտության, համաշխարհային տնտեսության դժվարությունների պարագայում եվրասիական ինտեգրման ռազմավարությունը ճիշտ է:
Եվրասիական փորձագիտական ակումբը շաբաթօրյա նիստում ձեռք բերեց երկու նոր անդամներ՝ Աղասի Թավադյանին և Սուրեն Վարդումյանին: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը շնորհավորեց և նրանց հանձնեց հավաստագրերը:
Ամփոփիչ նիստի պաշտոնական մասի ավարտից հետո սկսվեցին բուն ելույթները՝ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի ելույթի թեման էր տարվա ամփոփումը և նոր կանխատեսումները: Երկու տնտեսագետներ՝ Աշոտ Թավադյանը և Թաթուլ Մանասերյանը, անդրադարձան ԵԱՏՄ տարածքի տնտեսական խնդիրներին՝ Աշոտ Թավադյանը խոսեց միության մարտահրավերների մասին, Թաթուլ Մանասերյանը՝ ԵԱՏՄ-ի կայացման և հեռանկարների: Եվրասիական փորձագիտական ակումբի նոր անդամ Սուրեն Վարդումյանը խոսեց երրորդ հազարամյակի շեմին գտնվող հայ հասարակության մասին: Նրանց և մյուս ելույթներին կարող եք ծանոթանալ soyuzinfo.am կայքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքիր է, թե Եվրասիական փորձագիտական ակումբի նիստում ինչպես են ամփոփելու եկող տարին, մի՞թե բոլորը խոսելու են նույն թեմաներից: Բելառուսը՝ իր հաջողություններից, Ղազախստանը, որ ինքն է ստեղծել ԵԱՏՄ-ն, Ռուսաստանը՝ իր դժվարություններից, իսկ Չինաստանի ներկայացուցիչները, եթե գան, լսելու են ու լռեն: Ի՞նչ ենք ասելու հայերս: Նորի՞ց տեսական դատողություններ հեռանկարների մասին ու հիմնավորումներ, թե ինչքան ամեն ինչ վատ էր լինելու մեզ համար առա՞նց ԵԱՏՄ-ի:


Դիտվել է՝ 1568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ