Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ճապոնիայի Միջազգային քրիստոնեական համալսարանի տարածքում տեղադրել է Խաղաղության խաչքար։ Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ելույթ ունեցան Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Միջազգային քրիստոնեական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կակուտարո Կիտաշիրոն և համալսարանի ռեկտոր Ջունկո Հիբիյան, ներկա էին Ճապոնիայի հասարակական ու մշակութային կառույցների ներկայացուցիչներ, համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հայ համայնքի անդամներ։ Ելույթներում, մասնավորապես, նշվեց, որ Ճապոնիայում հայկական առաջին խաչքարի տեղադրումը կարևոր և խորհրդանշական քայլ է, հաշվի առնելով, որ այն իրականացվել է քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի կողմից և խաղաղության ու բարեկամության պատգամ է հանդիսանում ժողովուրդներին և գալիք սերունդներին։ Նշվեց նաև, որ խաղաղության խաչքարի տեղադրումը հայ-ճապոնական բարեկամության շարունակության և ամրապնդման վկայությունն է։