Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո
08.12.2015 | 12:43

Նախագահ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, իր նստավայրում հյուրընկալել է պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների: Հանրապետության նախագահը ելույթի սկզբում առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:


«Երեկ մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ, որի առաջ կանգնած էինք վերջին երկու տարիների ընթացքում: Խոհեմության, հեռատեսության և հավատի լույսը ցրեց անորոշության, կասկածների ու մտահոգությունների մառախուղը: Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ: «Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք: Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է: Ավելին, այս փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ երկրի ներսում ճակատ ճակատի դուրս գալու ու կռիվ տալու կարիքը չլինի:
Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է: Դա նշանակում է ուժեղ իշխանության և ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում: Դա նշանակում է նաև զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն նախապայմաններից մեկն է: Անցումը խորհրդարանական համակարգին ժողովրդի համար կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունեության առավել մեծ թափանցիկություն: Այսուհետ հստակեցվում է գործադիր իշխանության պատասխանատվությունը և բարձրանում է նրա հաշվետվողականությունը, իսկ դրա գործունեությունը խորհրդարանի և ժողովրդի համար դառնում է ավելի կանխատեսելի:
Ի վերջո, այս փոփոխությունները թույլ են տալիս ավելի վստահ լինել մեր պետության անվտանգության ապահովման հարցում: Զինված ուժերի ղեկավարումը և օպերատիվ կառավարումն ապահովող սահմանադրական լուծումները թույլ են տալիս արագ և արդյունավետ որոշումներ կայացնել թե մեզ համար արդեն սովորական դարձած իրավիճակում, և թե ճգնաժամային իրավիճակներում:
Շատ շատերիս հիմնական մտահոգություններից մեկը եղել է ազգային անվտանգության ու պաշտպանության խնդիրների վրա այս փոփոխությունների ազդեցությունը: Հավատացեք, որ այստեղ միլիմետրի ճշգրտությամբ ամեն ինչ հաշվարկել ենք: Հակառակ պարագայում՝ նվազագույն իսկ վտանգի դեպքում, ես ինքս կկասեցնեի այս գործընթացը:
Շատ կարևոր էր, որ քարոզարշավի ընթացքում «Այո» էին քարոզում ինչպես ՀՀԿ-ն, այդպես էլ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, մի շարք այլ կուսակցություններ: Այդ «Այո»-ն չէր նշանակում, որ մեր մեջ տարաձայնություններ, բանավեճեր և սուր քննարկումներ չեն եղել: Թե որքան ենք ունեցել, միայն մենք գիտենք: Այնուամենայնիվ, մենք մշտապես ուժ էինք գտնում մեր մեջ փոխզիջումների գնալու, փոխադարձ ընդունելի տարբերակներ մշակելու:
Վստահ եմ, որ համագործակցության այս շրջանակը շարունակելու է ընդլայնվել՝ հանուն մեր ազգային պետության, հանուն Հայաստանի Հանրապետության:
Այս բարեփոխումը շատ կարևոր ու նոր հանգրվան է Հայաստանի պետության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ճանապարհին: Արդիականացված մեր Սահմանադրությանը այժմ պետք է տանք նոր ուժ, նոր միս ու արյուն: Մեր բռնած ճանապարհը դեռ ավարտված չէ: Ընդհակառակը, մենք այսօր իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս:
Սահմանադրության բարեփոխումը պետք է համարժեքորեն արտացոլվի ՀՀ ողջ իրավական համակարգի մեջ: Պետք է ընդունվեն մի շարք սահմանադրական օրենքներ, փոփոխություններ պետք է կատարվեն հարյուրավոր օրենքներում:
Այսօր ևեթ պետք է լծվենք աշխատանքի, որ պատրաստենք նոր Ընտրական օրենսգիրք: Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչև 2016-ի հունիսի 1-ը, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որ ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մեջ:
Մենք պատրաստ ենք ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում, որ ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին:
Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել, որ նոր Ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: Մենք քաջ գիտակցում ենք, որ առաջիկա ընտրությունների որակով է առավելապես պայմանավորված մեր պետության, մեր ժողովրդի վաղվա օրը: ՈՒստի և, աշխատելու ենք բաց և թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը և դրա ամրապնդումը:
Անկեղծ երկխոսությունը, երկրում հանրային կյանքի կարգավորման ոլորտում առկա խնդիրների լուծումը մեր երկրի զարգացման նախապայմաններն են:
Այսօր մեզ անհրաժեշտ է վստահություն ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլև հանրության մեծ վստահություն քաղաքական ուժերի հանդեպ: Միայն այդ կերպ քաղաքական ուժերը կկարողանան կայանալ՝ որպես փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչներ: Ազգային ժողովը պետք է դառնա գաղափարական բանավեճերի, երկրի համար կարևորագույն լուծումներ գտնելու թիվ մեկ հարթակը: Ընտրությունների արդյունքում չպետք է լինեն ամեն ինչ ստացողներ, և ամեն ինչ կորցնողներ:
Եվ այսօր, երբ մենք միասին կանգնած ենք նոր ճանապարհի սկզբին, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում իրենց ջանքերով և նվիրվածությամբ նպաստել են գործընթացին: Ես շնորհակալություն եմ հայտնում մասնագիտական հանձնաժողովի նախագահին, անդամներին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և սկզբունքայնության համար: Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերի ղեկավարներին և ներկայացուցիչներին, անհատ քաղաքացիներին, ովքեր հավատացին ու սատարեցին այս նախաձեռնությանը: Շնորհակալություն հանրաքվեի գործընթացի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցած բոլոր անձանց: Սա մեծ ու ընդգրկուն աշխատանք էր, որը մենք անցանք ուս ուսի:
Այս ընթացքում ես մեկ անգամ չեմ խոսել արդար և թափանցիկ հանրաքվե անցկացնելու կարևորության մասին: Մի բանում առավել քան վստահ եմ. իրավապահ մարմիններն ամեն ինչ արեցին, որ այս համապետական միջոցառումն անցնի բնականոն հունով: Այժմ արդեն իրավասու մարմինները պետք է պատշաճ ընթացակարգերի շրջանակներում օրենքի տառին և ոգուն համապատասխան գնահատականներ տան խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին: Սա իսկապես կարևոր է վաղվա համար:
Այսօր արդեն մենք շատ ավելի պատրաստ ենք արդյունավետ պետության կայացման ճանապարհի հաջորդ քայլերն իրապես ամուր դնելու համար: Վստահ եմ, որ կարողանալու ենք արդեն քառորդդարյա պետականության փորձով իմաստնացած՝ տարբերակել մնայունը անցողիկից, կարևորը՝ երկրորդականից: Եվ, ամենակարևորը, վստահ եմ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ կարողանալու ենք իշխանությունը դարձնել ոչ թե ունակ ուժերն իրարից բաժանելու, այլ իրար միացնելու գործոն: Պետության ամրությունը պայմանավորված է ոչ թե սոսկ իշխանությունների մտադրություններով, անկեղծ ցանկություններով ու խոստումներով, այլ դրանք իրականություն դարձնելու կայուն համակարգի գոյությամբ: Մենք գործուն և տրամաբանական համակարգի կայացման առաջին, բայց կարևոր քայլն արդեն արեցինք: Մյուս բոլոր քայլերն էլ ենք միասին անելու ու միասին ենք մեր սերունդներին թողնելու արդյունավետ պետություն:
Շնորհակալություն բոլորին դրա համար»:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ