Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանին։ Նալբանդյանը ելույթ է ունեցել կոնֆերանսի լիագումար նիստում. «Հայաստանը շարունակաբար հրավիրել է այս բարձր մարմնի ուշադրությունը հարևան Ադրբեջանում գտնվող հայկական մշակութային ժառանգության ողբալի իրավիճակի վրա: Միայն Նախիջևանի շրջանում հազարավոր միջնադարյան խաչքարեր, հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր և այլ սրբավայրեր ամբողջությամբ ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակվել է այս շրջանում և ովքեր այն կոչել են «Նախիջևան», ինչը հայերեն տառացիորեն նշանակում է «առաջին իջևան»՝ նկատի ունենալով աստվածաշնչյան Նոյի իջևանած առաջին վայրը»: Նա հիշեցրել է, որ վերջերս Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը 2015-ի զեկույցում «խոսելով Նախիջևանում վանդալիզմի ենթարկված հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Բաքվում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործվում է որպես նախագահի աշխատակազմի արխիվ, և բռնագրավված Լյութերական եկեղեցին, որը վերածվել է համերգասրահի»: Եթե մենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային այլ կազմակերպություններ, քայլեր չձեռնարկենք այսօր, ինչպիսի՞ ապագա է վաղը սպասում այս և բազմաթիվ այլ վտանգված հուշարձաններին», - ասել է Նալբանդյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ ահաբեկիչների կողմից բազմաթիվ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինավուրց Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են: «Դրանք հիշեցնում են նմանատիպ բարբարոսությունները՝ Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժվեցին՝ ճանապարհ հարթելով նոր հանցագործությունների համար: Պատմությունը վկայում է, որ անպատժելիությունը նոր ոճրագործություններ է ծնում»,- հայտարարել է Նալբանդյանը: Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը և բյուջեն։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։