Մոտենում է հայ ժողովրդի պատմության ամոթալի և ողբերգական էջերից մեկի՝ հոկտեմբերի 27-ի հիշատակման օրը։ Այս էլ որերորդ անգամ ձեռքս առա Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գիրքը՝ նվիրված ոչ միայն մեր ժամանակների, այլև ընդհանրապես հայ ժողովրդի բացառիկ զավակի և ղեկավարի՝ Կարեն Սերոբի Դեմիրճյանի հիշատակին։
Այն սոսկ գիրք չէ անհատի մասին, տարեգրություն չէ, ոչ էլ հուշագրություն, յուրօրինակ մի արբանյակ՝ Կարեն Դեմիրճյան որդու, հոր, ամուսնու, ընկերոջ, պապիկի, քաղաքացու՝ հասարակությանն անհայտ, անտեսանելի և աներևույթ հոգեկան շերտերի, ներքին դիմանկարի բացահայտման համար։ Սա մի կյանքի անհատնում ընթացք է - դրամատիկ ծնունդից մինչև ողբերգական մահ ձգվող, և այնուհետ՝ անմահության անտես ճամփով հավերժական երթ։ Ծնունդ, որ կարող էր ողբերգական ավարտ ունենալ, մանկություն, որը նույնպես կարող էր երկու անգամ ողբերգությամբ ավարտվել, սակայն նախախնամության խաղերն անիմանալի են. գուցե այսպե՞ս է թրծում իր ընտրյալներին։ Հետո՝ դպրոցական եռանդուն, երաժշտաթաթախ տարիներ, ուսանողական վառվռուն տարիներ, երբ բնատուր կազմակերպչական ձիրքն ունեցավ իր պրակտիկ ընթացքը՝ ձևավորելով ապագա փայլուն ղեկավարին։ Կուսդպրոց, ընտանիք և հաստատուն վերելք՝ վերուստ նախանշված, սահմանված միայն ի՛ր համար։
Հիրավի, տիտանային, շնորհակալ գործ է արել տիկին Ռիման՝ հուշերի և փաստերի անհամար մասնիկներից վարպետորեն և ճաշակով ամբողջացնելով փառահեղ մի կյանք, փառահեղ կերպար, որի միայն արտաքին փայլն ու շուքն էին տեսանելի մեզ, իսկ թե ինչ գանձեր, հրաբուխներ, անկոտրում կամք, եռանդ և համառություն, սեր և նվիրում կային ներսում,՝ միայն տիկին Ռիմային էր հայտնի, և այն էլ՝ ոչ ամբողջությամբ, որի պակասը լրացվում է Կարեն Դեմիրճյանի օրագրային գրառումներով։
Կես ճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան բացարձակ սուտը։ Բացարձակ ստի աչքն էլ կարող ես հանել, լեզուն էլ, վրան առած գունագեղ լաթն էլ։ Բարդ է կիսասուտը հերքելը։ Հիմա շատերն են անցյալի աջ ու ձախից փետուրներ հավաքում՝ իրենց քաղաքական, մարդկային և հոգեկան մերկությունը ոչ միայն ծածկելու, այլև զարդարելու համար։ Այս գործընթացն է մեր օրերում - կողոպտել անցյալն ինչպես կարող են։ Եվ արդար, շնորհակալ գործ է լույս սփռել շատ ու շատ փաստերի վրա, որոնք, կողոպտելուց զատ, նաև փորձում են մոռացության փոշով պարել։ Սակայն արդարության սերմն անմեռ է. այն «դատապարտված» է ծլելու նույնիսկ ստի քարերի մեջ և չկամության անապատում։
Օրերս սիրված ռեժիսոր, 7 «Էրեբունի-Երևան» կազմակերպած և բեմադրած Հրաչյա Աշուղյանը մեկ անգամ ևս հաստատեց, չիմացողներին տեղեկացրեց, «մոռացողներին» հիշեցրեց, որ «Էրեբունի-Երևանը» ամենամյա տոնակատարություն դարձավ 1983-ից՝ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ։ Մի առիթով արվեստաբան, հրաշալի հայ և մարդ Էմանվել Մանուկյանը փաստեց, որ եթե Կարեն Դեմիրճյանը չխրախուսեր, չհրահանգեր և չհովանավորեր, Ստեփան Պողոսյանը չէր կարող հեռուստառադիոպետկոմում այդքան ազգային գործունեություն ծավալել՝ հիմնելով ազգային երգ ու պարի բազմաթիվ խմբեր։
Տիկին Ռիման գրքում բացում է նաև մետրոպոլիտենի կառուցման ողջ տառապանքի և Կարեն Դեմիրճյանի խորամանկ-հայտնագործության շղարշը (ստորգետնյա տրամվայ որպես), այնինչ, այդ ժամանակվա քաղաքապետը (թե՞ ժառանգներից մեկը), Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրով փորձեց առանց Կարեն Դեմիրճյանի անունը տալու դափնեվորվել մետրոյի փառքով։ Նման դեպքերը շատ են, և, կրկնում եմ, մեծ է տիկին Ռիմայի դերը՝ կատարյալ ճշմարտություն հաստատելու հարցում։
Չեմ հիշում ով է ասել. «Երջանիկ է այն պետությունը, որի թագավորը բանաստեղծ է»։ Կարելի է և՛ համաձայնել, և՛ ոչ (Ներոնը, օրինակ), բայց որ երջանիկ էր 70-80-ականների Հայաստանը՝ փաստ էր, քանի որ ղեկավարն արվեստով ապրում, նորարարության շնչով աշխատում էր։ Մշակույթը հասավ իր բարձրության գագաթին՝ բոլոր բնագավառներում, քանի որ երջանիկ բարեբախտությամբ մեծությունների աստղաբույլ էր փայլում այդ ասպարեզում, նաև՝ երկրի առաջին դեմքն էր բազմագիտակ արվեստասեր։ Բոլոր տաղանդավոր քանդակագործների, գրողների, երաժիշտ-երգիչ-կոմպոզիտորների, դերասանների, ռեժիսորների բարեկամն ու խորհրդատուն էր նա։
Համոզվելու համար միայն պետք է ընթերցել այն ժամանակվա մեծերի հուշերն ու խոսքը՝ ուղղված Կարեն Դեմիրճյանին։ Իսկ դասական երաժշտության իր իմացությամբ նա զարմացրել է Գոհար Գասպարյանին, Արամ Խաչատրյանին և... Բեթհովենի մեծամիտ և գոռոզ հայրենակիցներին, իսկ հումորով՝ հիացրել Իրանի շահի... զոքանչին։
Կարեն Դեմիրճյան, այսինքն՝ ճակատագրի մեծագույն նվեր հայ ժողովրդին՝ 1915-ի ահասարսուռ սպանդից փրկված երկու որբուկների՝ վանեցի Լուսնթագի և էրզրումցի Սերոբի կողմից։ Այո, ճակատագիրը ազգերի և ժողովուրդների հարցում որքան էլ իր հավասարակշռությունը կորցնի, անհատների ձեռքով, ընտրյալների շնորհիվ ուղղում է խախտված նժարը։
Անհնար է առանց հուզմունքի և զայրույթի վերապրել հոկտեմբերի 27-ի ողջ դժոխքը, հատկապես երբ, համազգային ամոթից և ցավից բացի, խորանում ես տիկին Ռիմայի կրած տառապանքի և կորստի մեջ. քեզ տիրում է բառային ամնեզիան, երբ մայրենի լեզվիդ ողջ բառապաշարը մոռանում ես՝ բնորոշելու համար այդ անհեթեթ և նենգ սադիզմը։ Այո, մեր ժողովուրդը միաժամանակ կարող է ծնել նախանձից, մաղձից կուրացած Կայեն և Դեմիրճյան Կարեն...
Համաժողովրդական ինքնաբուխ սերը սրով չես նվաճի - սա աներկբա է, իսկ ժողովուրդը ոչ թե սիրում, այլ պաշտում էր նրան, որի կրկնակի ապացույցը եղավ 1998-ի նրա վերադարձը։ Մի դիպված չեմ կարող չնշել, հատկապես, երբ կարդացի Սիփան Շիրազի հուշը՝ Հովհ. Շիրազի և Կարեն Դեմիրճյանի հեռախոսազրույցը Երևանի մետրոյի բացման օրը, երբ Շիրազն այն հայրենանվեր գործ որակելով, ցանկություն էր հայտնել մետրոյով գնալու... «Գյումրի, Անի, Վան, Կարս ու Էրզրում, էնտեղից Անդրանիկի Շապին-Գարահիսար, ու էնտեղից էլ՝ Սիփանա սար։ Ըշտը, էրթանք Մասիս ու ետ գանք, Վանա լիճ ու ետ գանք, էրթանք ու գանք, էրթանք ու գանք, էրթանք ու...»։ «Չգանք, մնանք էնտեղ»՝ լսափողի մեջ Դեմիրճյանի ծիծաղն էր։
Ահա վերը նշածս դիպվածը, որի «մեղավորը» ես եմ եղել. 1980-ականների կեսերին էր։ Հազիվ 13-14 տարեկան աղջնակ, տատիկիս հետ հյուր էի գնում։ Արագ տեղ հասնելու համար առաջարկեցի մետրո նստել։ Տատիկս մի պահ տատանվեց (առաջին անգամ էր նստելու), և, քանի որ քաղաքի կին չէր՝ Ջավախքից ինչպես պարզ ու միամիտ եկել էր, այդպիսին էլ մնաց մինչև վերջ, չփոխելով նույնիսկ բարբառը։ Ինչևէ, նստեցինք, զգուշորեն ուղղորդեցի որտեղ ինչ անի, և երբ վերջին՝ «Սուրեն Սպանդարյան» (հիմա՝ «Գարեգին Նժդեհ») կայարանում ելանք վագոնից և ժողովրդի հետ շտապեցինք դեպի ելք, տատիկս, որ Կարեն Դեմիրճյանի հանդեպ անթաքույց սեր և պատկառանք ուներ, իր ջավախքյան բարբառով և բարձր առոգանությամբ մի իսկական ընթացիկ «միտինգ» արեց՝ փառաբանելով և՛ մետրոն, և՛ Երևանը, և՛ Հայաստանը կառուցող, շենացնող Կարեն Դեմիրճյանին, շնորհակալության, սիրո և փայփայանքի կոչ անելով բոլորին։
Ժողովրդի ինքնաբուխ սիրո մի դրվագ էր սա։
Կյանքն էլ բազմահատոր գրադարան է. ոմանք մի քանի բառ են գրում ժողովրդի պատմության գրքում՝ մի քանի էջ, ոմանք... ոչինչ, ոմանք էլ՝ մի ողջ հատոր։ Կարեն Դեմիրճյանն իր հատորը գրեց, իսկ տիկին Ռիման՝ հրաշալի հայուհին, անմնացորդ նվիրված կինը, իր «Հիշատակ» արժեքավոր գրքով, բազում փաստերով և հուշերով ոչ միայն ամբողջացրեց Կարեն Դեմիրճյան Մեծ Հայի լուսավոր կերպարը, այլև հարստացնելով է՛լ ավելի փառավոր դարձրեց նրա հայրենանվեր կյանքի և գործունեության հատորը։
Գայանե ԱԹԱՆՅԱՆ