Նվիրվում է ազգային նվիրյալ բարերար
ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆԻ հիշատակին
Ազգային գործարար և նվիրյալ մեծ բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանը կյանքից հեռացավ, ցավոք, կառուցված չտեսնելով «Կասկադում»` «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» իր երազած կառույցը։ Այսօր այդ կառույցի շինհրապարակի հսկայածավալ փոսում առկա կիսակառույց նկուղի վեր ցցված, ժանգոտող արմատուրաներն են դարձել նախատեսված մասշտաբային թանգարանի շատ տխուր վկաները:
Մեզ թույլ տանք այդ տխուր փաստը զուգակցել մեկ այլ խնդրի հետ:
Հեռու չէ այն օրը, երբ ազգովին լուռ խոնարհումով կնշենք Եղեռնի 100-ամյա տարելիցը` թերևս պահանջատիրական նոր գաղափարներով։ Այդ առումով, կարծում ենք, իմաստավորված կլիներ, եթե քաղաքապետարանը նպատակահարմար գտներ ուղիներ փնտրելու` «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ համագործակցելու և համատեղ ջանքերի ու ներդրումների շնորհիվ մնայուն մի հուշարձան-կոթող նվիրաբերելու Երևանին «Կասկադի» տարածքում:
Մեր խնդիրն ենք համարում մասնագետների ու հանրության քննարկմանը ներկայացնել մի գաղափար ու այդ գաղափարի հայեցակարգային նախագիծը, որտեղ փորձ է արվելու «Կասկադում» համադրել կառուցվելիք «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանը» և Երևանին նվիրաբերելու ցանկալի հուշարձան-կոթողը։
ՑԱՆԿԱԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԿՈԹՈՂԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ՄԱՍԻՆ
Երևանի թերի կառույցների հետ կապված մասնագիտական կարծիք էր հայտնել Երևանի գլխավոր ճարտարապետ, այսօրվա քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, նշելով նաև, որ «Կասկադի» հետագա կառուցապատումն անհրաժեշտ է, և այն պետք է վերականգնվի նախկին նախագծին համապատասխան: Համաձայն «Կասկադի» նախկին նախագծի ¥ճարտարապետներ` Ասլան Մխիթարյան, Ջիմ Թորոսյան, Սարգիս Գյուրզադյան), «Կասկադի» աստիճանաշարը պետք է նույն ռիթմով շարունակվեր ևս մեկ բակ-հարթակ կազմավորելով՝ հասներ դիտահրապարակին` ապահովելով «Կասկադի» ճարտարապետության դեպի վեր ընթացքը որպես ամբողջական ոգեղեն կուռ կառույց… Ցավոք, այդ նախագիծը կյանքի չկոչվեց:
Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավանությանն արժանացած վերջին նախագծի համար հատկացված շատ մեծ ¥25 մլն ԱՄՆ դոլար) գումարն էլ ինչ-ինչ պատճառներով չբավարարեց անգամ նկուղային հարկն ավարտելուն: Մոտ 6 տարի է, ինչ շինարարներն իրենց մեխանիզմներով հեռացել են շինհրապարակից։
Նկատի ունենալով «Կասկադի» վերին հատվածի շինհրապարակի այսօրվա բարձիթողի ճնշող վիճակը, և հաշվի առնելով քաղաքաշինության այսօրվա նախարարի մասնագիտական կարծիքը, նպատակահարմար գտանք կրկին վերադառնալ տարիներ առաջ «Կասկադի», նրա շարունակությունը կազմող դիտահրապարակի և «Կենաց ծառ» հուշակոթողի հենքի վրա կազմված գաղափարի իրականացման հայեցակարգային նախագծին: Այդ նախագծի որոշ հատվածներ հարկ ենք համարել ներկայացնել հանրության ուշադրությանը տարբեր օրաթերթերի միջոցով և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին (հոդվածներ` 1.«Կասկադի» խորին խորհուրդը...», 2.«Երկրորդ դիտահրապարակ», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 1 օգոստոսի 1997 թ. և 8 հունիսի 2002 թ., 3. «Ոգեղեն Հայաստան», «Ազգ» օրաթերթ, 31 հուլիսի 2004 թ):
«Կասկադի» համալիրի հայեցակարգային այդ նախագիծը նախ և առաջ ապահովելու էր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» անհրաժեշտ, դեպի Արարատ նայող սրահները և այլ ծավալները, միաժամանակ գաղափարական-դաստիարակչական իմաստ էր հաղորդելու համալիրին: Այսօր, կարծում ենք, նպատակահարմար կլինի այդ նախագիծը նոր մշակումներով ու նորովի իմաստավորումով ամբողջությամբ ներկայացնել հանրության և մասնագետների ուշադրությանը:
«ԿԱՍԿԱԴԻ» ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԵՆՔԸ
«Կասկադի» համալիրի անգամ այսօվա տեսքը հուշում է, որ այն դիմացից դիտելիս տպավորություն է թողնում մասշտաբային թերի խաչի և, միաժամանակ, սրի, չնայած խաչ-սուրը կազմավորող «Կասկադը», դիտահրապարակը և ուղղահայաց «Կենաց ծառ» հուշակոթողը գտնվում են տարբեր հարթությունների վրա: Առաջարկվող նախագծի նպատակն է` ամբողջացնել խաչի-սրի արտաքին տեսքը և այն իրականացնող անհրաժեշտ լրակառույցների ծավալները ծառայեցնել «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» կազմավորմանը (նկ.1):
«Կասկադում» առաջարկվող նախագծի գաղափարի կայացման հիմքում ընկած է մարդու կողմից շրջակա միջավայրում գտնվող առարկաների, շինությունների և այլնի միջև ընկած հեռավորության տարածական-ծավալային ընկալման ունակության նվազումը ¥և վերացումը)` կախված դիտելու հեռավորությունից:
Բնության կողմից մարդուն (կենդանական աշխարհին) տրված զույգ աչքը` շնորհիվ իրարից ունեցած որոշակի հեռավորության, նպաստում է, որ շրջապատում գտնվող առարկաները դիտվեն տարբեր անկյունների տակ, որի արդյունքում այդ ամենը մարդու կողմից ընկալվում է որպես ամբողջական տարածական-ծավալային (ստերեո) պատկեր(այդ բանում համոզվելու համար, շրջապատը դիտելիս, բավական է այն դիտել մեկ աչքով` փակելով մյուսը, և դիտվող ծավալային պատկերը վերածվում է հարթ պատկերի` վերանում է խորության ընկալումն առարկաների միջև): Այդ առումով` թեք լանջի վրա գտնվող «Կասկադը», հորիզոնական հարթության մեջ գտնվող դիտահրապարակն իր ճակատային մասի ուղղահայաց բազրիքով, և դրանց շարունակությունը կազմող ուղղահայաց հարթության մեջ գտնվող «Կենաց Ծառ» հուշակոթողը` դիմացից որոշ հեռավորությունից դիտելիս (ասենք, Խաչատրյանի արձանի մոտից…), կարող են ընկալվել որպես թեք հարթության վրա գտնվող և իրար շարունակություն կազմող կառույցներ:
Այս բնական ընկալման արդյունք է դառնալու «Կասկադի», դիտահրապարակի ճակատային բազրիքի և «Կենաց ծառ» հուշակոթողի հենքի վրա առաջարկվող մասշտաբային նպատակասլաց լրամշակումների արդյունքում ձևավորվող նոր համալիրի հայեցակարգային նախագծի գաղափարը: Այն նպաստելու է, որ այդ համալիր կառույցը հեռվից, առավել ևս` Արարատի լանջերից, ընկալվի որպես ամբողջական-մասշտաբային «Խաչ և Սուր»: Այդ համալիրի ծավալներում ձևավորվելու են «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» անհրաժեշտ սրահները` համադրվելով ցանկալի հուշարձան-կոթողի հետ ¥այն կարող է ընկալվել որպես ամենամեծ «Թևավոր խաչքար» և «Սուր):
Նշենք նաև, որ «Կասկադում» կառուցվելիք «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» նախագծի ընտրության նպատակով Ջերարդ Լ. Գաֆէսճեանը կազմակերպել էր միջազգային մրցույթ: 2003 թ. հուլիսին «Կասկադի» երկրորդ ցուցասրահում ներկայացվել էին միջազգային մրցույթում հաղթած համբավավոր երեք ճարտարապետական ընկերությունների հայեցակարգային նախագծերը: Այդ ընկերություններից միայն «Բեռնարդ Շումի ճարտարապետների» նախագիծն էր, որն առավելագույնս ավարտին էր հասցնելու «Կասկադ» համալիրի նախագծային գաղափարը: Նախագծի հեղինակները բարձր էին գնահատում և ողջունում տեղական ճարտարապետների հետ համատեղ աշխատանքը, հատկապես ընդարձակ և բարդ ծրագրեր իրականացնելիս, ինչպիսին կլիներ «Կասկադի» և համադրվող «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» ճարտարապետությունը: Առաջարկվում էր` համադրելու միջոցով նոր ծավալներ ապահովելու համար օգտագործել «Կասկադի» վերին մասում նախկինում անավարտ վիճակում գտնվող հատվածը։
Նախագծերը հանրությանը ներկայացնելու օրերին ուշադրության էր ներկայացվում նաև «Արմենիա» հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմ` նվիրված գործարար և մեծ բարերար պրն Ջերարդ Լ. Գաֆէսճեանի կյանքին ու գործունեությանը: Ջերարդ Լ. Գաֆէսճեանը մեզ ուղղված իր խոսքով նախ հիշեցնում էր ու զգուշացնում, որ 1993 թ. Թուրքիան ¥ղարաբաղյան ազատագրական պայքարի օրերին) որոշել էր նվաճել Հայաստանը, բայց հզոր պետությունները, հատկապես Ռուսաստանը, կանխեցին այդ ագրեսիան: Մենք պարտավոր ենք միացյալ ուժերով կերտել հզոր Հայաստան, որի նախապայմանը Հայաստանի տնտեսության զարգացումն է, ինչպես նաև մշակույթի և հոգևոր արժեքների կարևորումը նոր սերնդի կողմից: Չկա հայ ընտանիք, որ առնչված չլինի ցեղասպանության արհավիրքին, սակայն «Պետք է ձերբազատվել ցեղասպանության ողբերգական հուշերից և շարունակել մարդկության առաջխաղացմանն ու զարգացմանն ուղղված մեր ջանքերի գործադրումը»։ Արժանահիշատակ այդ ֆիլմում Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ասած մտքերը կապվում են նաև մեր նախագծի գաղափարի հենքի հետ, այն է` «Կասկադ» համալիրը որպես արվեստի ստեղծագործություն պետք է նույնպես ծառայի նվիրյալ քաղաքացի, հավատով լի մարտունակ նոր սերունդ դաստիարակելու նվիրական գործին:
Հզոր Հայաստան կարող են կերտել ազգային ինքնագիտակցությամբ և արժանապատվությամբ առլեցուն հայերը` իրենց անմնացորդ աշխատանքով և նոր սերնդի հայրենանվեր-հոգևոր դաստիարակությամբ: Այդ կարևոր` հայի հոգու և ոգու հզորացման գաղափարին կարող է ծառայել նաև մասշտաբային «Կասկադ» համալիրը, եթե ճարտարապետական նոր լուծումներով կերտվեն «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» կառույցն ու դրա հետ համադրվող հուշարձան-կոթողը: Այդ դեպքում գաղափարակիր այդ նոր համալիրը արժանի կդառնա մեր կորցրած տարածքների գաղափարը կրող Արարատին հպարտորեն ներկայանալուն և կխորհրդանշի հայ մշակույթի վերածնունդը:
Ամեն մի արժանավոր հայ հիմնավոր կերպով հպարտանում է իր դարավոր մշակույթով, հատկապես հազարամյա հայ ճարտարապետությամբ (ու Եվրոպայի ճարտարապետության վրա նրա թողած ազդեցությամբ):
Վերը նշված նախագծերի միջազգային մրցույթում հաղթած երեք նախագծերից և ոչ մեկը վերջնական հավանության չարժանացավ։ Նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսընը ընտրվել էր «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից որպես այդ մրցույթի խորհրդատու: Հետագայում Ջերարդ Լ. Գաֆէսճեանը նրան հանձնարարել էր դառնալ կառուցվելիք «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» նախագծող հեղինակ (այդ նախնական նախագծի արտաքին տեսքը տպագրվել էր «Կասկադ» ամսաթերթի 2005 թ. նոյեմբերի համարում): Ասուլիսի ժամանակ նա համոզմունք էր հայտնել, որ դարի ամենանշանակալի կառույցներից մեկն է նախագծվում, ինչը նշանակում է, որ այս կառույցը կունենա պատմական կարևոր նշանակություն: «Մենք նախատեսում ենք համագործակցել Հայաստանի ինժեներների և ճարտարապետների հետ, ովքեր կաշխատեն արտասահմանում և Հայաստան կբերեն հնարավորինս շատ գիտելիքներ և փորձ»։
Շատ երկար ձգձգումից հետո սկսվեցին ճարտարապետ Դեյվիդ Հոթսընի նախագծի մասշտաբային թանգարանի կառուցման հողային և տարիներ անց` շինարարական աշխատանքները: Այդ նոր նախագծով նկուղային առաջին հարկը դեռ չավարտված` ինչ-ինչ պատճառներով աշխատանքները դադարեցվեցին, և դժվար թե այդ նոր նախագծով շինարարությունը շարունակվի… Այսօրվա իրավիճակից ելնելով, կարծում ենք, գնահատելի կլիներ նաև, եթե «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» վերջին նախագծով սկսված ու կիսատ թողնված նկուղային հարկը վերանախագծվեր, ու կառուցումը հետագայում շարունակվեր «Կասկադի» նախկին նախագծով… Իսկ լրացուցիչ ծավալների ապահովման համար նպատակահարմար գտնեին հաշվի առնել 2003 թվականին ներկայացված նախագծերի մրցույթում «Բեռնարդ Շումի ճարտարապետների» նախնական հայեցակարգային նախագիծը: Այն, ցավոք, գաղափարական խնդիրներ չէր լուծում, սակայն հնարավորինս համադրվում էր «Կասկադի» նախնական նախագծին:
«ՀՈԳԵՎՈՐ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽԱՉՆ ՈՒ ՍՈՒՐԸ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Ստորև հանգամանալիորեն կներկայացվի մեր կողմից առաջարկվող «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» և հուշարձան-կոթողի գաղափարի իրականացման անհրաժեշտ լրացուցիչ կառուցումները:
«Կասկադի», դիտահրապարակի ու «Կենաց ծառ» հուշակոթողի հենքի վրա առաջարկվող հայեցակարգային նախագծի նպատակն է լրացուցիչ կառուցումների համադրության արդյունքում ձևավորել մի այնպիսի համալիր կառույց, որ դիտողը, ինչպես նշվեց վերևում, ասենք` Խաչատրյանի արձանի մոտից դիտելիս, այն ընկալի որպես մեր հավատի խորհրդանիշ` «Խաչ» և, միաժամանակ, պայքարի խորհրդանիշ` «Սուր» ¥նկ.1): Այդ խորհրդանշանների համամասնություններն ապահովելու և, միաժամանակ, զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմաններ ապահովելու համար առաջարկվում են գործող դիտահրապարակի և «Կենաց ծառ» հուշակոթողի համար լրացուցիչ նպատակային կառուցումներ: Այդ առումով նշենք, որ «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» գործունեությունը նպաստելու է տուրիստների հոսքերի էական աճին: Դրան նախապատրաստվելու համար հարկ կլինի` 1. «Կասկադի» դիտահրապարակի պարագիծը հնարավորինս երկարացնել, որ մեծ թվով զբոսաշրջիկներ կարողանան միաժամանակ դիտել Երևանի համայնապատկերը, Բիբլիական Արարատը ¥որի ճակատային հատվածը միաժամանակ նպաստելու է խաչի հորիզոնական թևի ու սրի դաստապանի կազմավորմանը, նկ.1): 2. Առաջին դիտահրապարակի վրա ավելացնել երկրորդ դիտահրապարակը, որ առաջին դիտահրապարակում գտնվող զբոսաշրջիկները կարողանան պաշտպանվել կիզիչ արևից, անձրևից ու քամուց, իսկ դիտահրապարակների միջև ձևավորվող ծավալում կազմակերպել նրանց ակտիվ հանգիստը ¥դեպի Արարատ նայող երկրորդ բաց դիտահրապարակը կարող է ծառայել որպես նորապսակների համար Երդման արարողության վայր, որի ճակատային հատվածը նույնպես նպաստելու է խաչի հորիզոնական թևի ու սրի դաստապանի կազմավորմանը, նկ.1 և 2): 3. Արդյունավետ կերպով պաշտպանել «Կենաց ծառ» հուշակոթողը բնակլիմայական քայքայիչ ազդեցություններից, որ կասեցվի երեսպատող սալիկների պոկվելու ընթացքը: «Կենաց ծառ» հուշակոթողի պահպանմանը նպաստող մեկ զույգ խաչվող բարձրադիր կամարների կառուցումը լուծում է նաև այլ կարևոր խնդիրներ. ա) զբոսաշրջիկները կարող են այդ խաչվող կամարների վրա կառուցվող երրորդ` պանորամային բարձրադիր դիտահրապարակի օգնությամբ դիտել Երևանի շուրջբոլորը գտնվող գեղեցիկ համայնապատկերն իր լեռնագագաթներով ու լեռնաշղթաներով ¥այն ունի նաև դանդաղ պտտվող սրճարան և այնտեղ հասնելու համար վերելակ), բ) աննկատ դարձնել «Կենաց ծառ» հուշակոթողի ու «Կասկադի» առանցքների շեղված լինելը, գ) ուղղահայաց վեր բարձրացող խաչվող կամարները նպաստելու են խաչի ուղղահայաց վերին թևի ու սրի կոթի կազմավորմանը, դ) խաչվող կամարների ներքո, հնարավորության դեպքում, տեղադրվելու են նաև երգեհոնի փողեր կամ զանգեր` որոշակի օրերին կոչնակ-հնչյուններ սփռելու շուրջբոլորը ¥նկ.1,2,3):
Այդ լրացուցիչ կառույցները կարելի է նպատակաուղղված այնպես իրականացնել, որ ապահովեն` 1. «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» անհրաժեշտ` դեպի Արարատ նայող սրահների կազմավորումը և, միաժամանակ, 2. Եղեռնի 100-ամյա տարելիցը խորհրդանշող` «Հոգևոր պայքարի ու հաղթանակների Խաչն ու Սուրը» հուշարձան-կոթողի արարումը «Կասկադում»:
Ռոբերտ ԴԱՇՏՈՅԱՆ
«Գոյապահպանություն»
համագործակցության ծրագրերի
համակարգող