38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բարերարի վախճանը

Բարերարի վախճանը
28.02.2014 | 11:01

Երբեմն հանդիպում ես երևույթների, որոնք առտնին տրամաբանության շրջանակներից դուրս են ու դժվար բացատրելի: Այդ դեպքում հայտնվում ես միստիկայի, ճակատագրապաշտության ծիրում, և այլ բան չի մնում անել, քան ամեն ինչ բարդել վերերկրային նախախնամության վրա:
Սա պատմություն է այդպիսի մի երևույթի մասին:

1859 թ. ականավոր հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը «Հյուսիսափայլում» տպագրեց «Հայերի կոչումն մարդկութեան մէջ» հոդվածը, որով առաջարկում էր ստեղծել մի բարեգործական ընկերություն՝ լուսավորություն տարածելու համար, քանզի կրթությունը մշտապես եղել էր ազգային առաջնահերթություն, տարբեր ժողովուրդների հետ մրցունակ լինելու, հետևաբար և՝ հաջողության հասնելու, ինքնապահպանվելու լավագույն երաշխիք:
Այս հոդվածը հաստատ ընթերցել էր Բաքվում աշխատող թիֆլիսցի բժիշկ Դավիթ Ռոստոմյանը (1820-1869), որը ձեռնամուխ եղավ գաղափարի իրականացմանը: 1862 թվականից նա կարողացավ բարեգործականի գաղափարով տոգորել 12 համախոհների, որոնք էին թիֆլիսցի գեներալ Արշակ Տեր-Ղուկասյանը, բաքվեցի Սարգիս Այվազյանը, շամախեցի Գևորգ Լալայանը, շուշեցիներ Մովսես Զոհրաբյանը, Ներսես Կրասիլնիկյանը, Գրիգոր Թումայանը, Մուսայել Շահգեդանյանը, Սարգիս Տեր-Գրիգորյանը, Հակոբ Ապրեսյանը, Դավիթ Ադամյանը, Օհանջան Հախումյանը և Սարգիս Գրիգորյանը: Մարդիկ, ովքեր գերազանցապես զբաղվում էին տնտեսական գործունեությամբ` նավթարդյունաբերությամբ, առևտրով, արտադրությամբ, և որոնք ներդրեցին ու ձևավորեցին 12650 ռ. անձեռնմխելի դրամագլուխ: Շուրջ երկու տարի կատարվեց նախապատրաստական դժվարին աշխատանք, և 1864 թ. մայիսի 21-ին կայսերական թույլտվությամբ հաստատվեց Բաքվի «Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան հայոց մարդասիրական ընկերության» (Армянское человеколюбивое общество во имя Св. Григория Просветителя) կանոնադրությունը: Նշանաբանն էր «Սեր առ մարդիկ», նպատակը` ռուսահպատակ հայերին նյութապես աջակցելը և կրթություն տարածելը: Այդպես մեր ժողովրդի բազմադարյա բարերարության ոսկե մատյանում գրվեց փառահեղ մի կազմակերպության 56-ամյա պատմության առաջին տողը: Պատմություն, որտեղ անթեղված են հայոց լավագույն հավաքական հատկությունները, պարփակված են հայի հանդեպ հայի բարիք գործելու, միմյանց սատարելու հոգեկան պոռթկումը, մտավոր ձգտումը և անթելադիր կամքը:
Մարդասիրականը դարձավ բաքվահայոց ինքնակազմակերպման, եթե կուզեք` ազգային ինքնավարության մի յուրատեսակ մարմին, և այս պատմությունը 13 հիմնադիրներից Գրիգոր Թումայանի մասին է:
Երբ Բաքվի նավթարդյունաբերությունը դեռևս գտնվում էր սաղմնային վիճակում, և ռուսական կառավարությունը ենթադրաբար նավթաբեր տարածքները տրամադրում էր կապալով, Անդրկովկասի հազարավոր հայեր նետվեցին Ապշերոնյան թերակղզի: Նրանց մի մասը՝ անուս ու պարզ մշակները, դարձավ սևագործ բանվոր, բայց բարձր աշխատավարձերի շնորհիվ կարողացավ ընտանիք պահել: Իսկ մեծ մասը՝ առևտրատնտեսական գործունեությամբ զբաղվելու գենետիկական ձիրքի, աչքաբացության, արագ կողմնորոշվելու շնորհիվ, գերիշխող դիրք գրավեց: Սրանց մեջ առաջնությունը պատկանում էր ղարաբաղցիներին, և շուշեցի Գրիգոր Թումայանի օրինակը տիպական է:
Նախ, նա զբաղվեց նավթարդյունաբերությամբ, որն ինքնին բավականին նենգ ու ռիսկային բնույթ ուներ: Բանն այն է, որ սկզբնական շրջանում պարզապես գոյություն չունեին գիտական հետազոտություններ, երկրաբանական-հետախուզական տվյալներ, և կապալառությամբ նավթատարածքներ վարձակալելը վերածվում էր բախտի քմահաճույքի. եթե նավթ հայտնաբերվեր, ապա կապալառուն կշահեր, եթե ոչ, նրա ծախսերը ոչ ոք չէր հատուցի: Գ. Թումայանն ընտրեց այլ ճանապարհ. իր նավթարդյունաբերական ընկերությունը վաճառեց անգլիացիներին ու սկսեց Կասպից ծովով նավթի շոգենավային բեռնափոխադրումներ իրականացնել: Լինելով վերին աստիճանի պարկեշտ և օրինավոր անձնավորություն, դարձավ բազմաթիվ քաղաքներում բնակվող հայ վաճառականների հանձնակատարը: Այդ գործառույթից նրա տարեկան շահույթը կազմում էր ընդամենը 800-1000 ռ., որն ամբողջությամբ հանձնում էր Մարդասիրականին՝ հայկական դպրոցներին տրամադրելու համար: Բացի այդ, առանձին հոգածություն էր ցուցաբերում Նիժ և Վարդաշեն գյուղերի ուտիախոս հայերի նկատմամբ:
1882-1885 թթ. զբաղեցնելով Մարդասիրականի վարչության նախագահի պաշտոնը, նա կառուցեց և ընկերությանը նվիրեց իր անունը կրող երկհարկանի մի շենք, որտեղ բացվեցին մանկամսուր, կարի արհեստանոց և լվացքատուն:
1889 թ. Գ. Թումայանը Կասպից ծովում ուներ հինգ շոգենավ՝ «Սերյոժա», «Արշակ», «Լազար», «Կոնստանտին» և «Ադմիրալ»: Բացի վերջինից, մյուսները կրում էին նրա որդիների անունները (ի դեպ, Արշակ Թումայանը հետագայում դարձավ 1902 թ. Բաքվում հիմնված Քաղաքային վարկային ընկերության դիտորդական հանձնախմբի անդամ): Իսկ նրա տարեկան զուտ շահույթը 400 հազար ռուբլի էր:
Ահա այս հաջողակ ձեռնարկատերը, ընտանիքի երջանիկ հայրը, ազգանվեր բարերարը 1894 թ. ամռանը որոշեց ընտանիքի անդամների հետ հանգստանալու մեկնել գերմանական Կառլսբադ: Դրանից մեկ շաբաթ առաջ նա ջուրն իջեցրեց վեցերորդ, իր անունը կրող «Գրիգոր» շոգենավը և այդ գործի հաջող ավարտից հետո հունիսին ճանապարհվեց Բաթում: Նրա հետ էին կինը՝ Թագուհին, երկու դուստրերը և մանկահասակ կրտսեր որդի Կոնստանտինը:
Ճանապարհը բավական երկար էր ու հոգնեցուցիչ: Թումայանները նախ Բաքվից գնացքով հասան Բաթում, ապա հունիսի 13-ին շոգենավով ճանապարհվեցին Նովոռոսիյսկ, Կերչ ու Սևաստոպոլ, այստեղից էլ մեկ այլ շոգենավով պիտի մեկնեին Օդեսա և արդեն ցամաքով ուղևորվեին Կառլսբադ:
Հունիսի 26-ին Թումայան ընտանիքը բարձրացավ «Վլադիմիր» շոգենավ: Դա պատմական հարուստ անցյալ ունեցող ապրանքաուղևորատար նավ էր: Ռուսական շոգենավային և առևտրի ընկերության (ՌՇԱԸ) պատվերով կառուցվել էր Գլազգոյի «R. Napier & Sons» ֆիրմայի նավաշինարանում, ապա 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ձևափոխվել մարտականի, հանձնվել Սևծովյան նավատորմին ու եռանդուն մասնակցություն ունեցել ռազմական գործողություններին: Պատերազմից հետո վերադարձվել էր ՌՇԱԸ-ին, և Սև ծովով իրականացնում էր ուղևորափոխադրումներ:
Թումայանների հետ մեկտեղ շոգենավի վրա կար 250 ուղևոր: Հունիսի 26-ի գիշերը «Վլադիմիրը» դուրս եկավ Սևաստոպոլի նավահանգստից: ՈՒղևորներն ընթրեցին ու պառկեցին քնելու: Ծովը խաղաղ էր, և անհանգստանալու առիթ չկար:
Ողբերգությունը տեղի ունեցավ հունիսի 27-ի գիշերվա ժամը 1-ին: Թարխանկուտ հրվանդանից 32 մղոն հեռավորության վրա իտալական «Columbia» շոգենավն ամբողջ թափով հարվածեց «Վլադիմիրի» առաջնամասի աջ կողին: Ջուրը սրընթաց հորդաց: Քնաթաթախ մարդիկ գիշերազգեստներով դուրս թռան նավախցերից: Սկսվեց խուճապ: Ընդ որում, լիակատար անհոգություն և անճարություն դրսևորեցին թե «Վլադիմիրի», թե «Columbia»-ի անձնակազմերը:
Ջրասույզ եղան 70 ուղևոր, 2 նավաստի և 4 հոգի սպասարկող անձնակազմից, փրկվեց 103 հոգի:
Խեղդվածների մեջ էին Գրիգոր Թումայանը, նրա կինը և Բաքվի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի դուստրը: Փրկվեցին մյուս դուստր Եղիսաբեթը և մանչուկ Կոնստանտինը, որոնց կիսացնորված վիճակում հասցրին Օդեսա։ Գ. Թումայանի դին գտան, տեղափոխեցին Բաքու և հողին հանձնեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Նրա տիկնոջ ու դստեր դիերը այդպես էլ չգտան:
Ի դեպ, խեղդվածների մեջ էին նաև թիֆլիսցի հայտնի արդյունաբերող Ալեքսանդր Թայիրյանի դուստր Աննա Ղորղանյանը և Աստվածատրյան ամուսինները:
…Ողբերգությունից հետո մեղադրանք առաջադրվեց «Վլադիմիրի» նավապետ Կրուինին և «Columbia»-ի նավապետ Պեշեին՝ ծովային անվտանգության կանոնները խախտելու և սխալ մանևրներ կատարելու համար, ինչը հանգեցրել էր մարդկային զոհերի: Դատարանում Կրուինի շահերը պաշտպանեց քրեական իրավունքի լավագույն մասնագետ, հանրահայտ փաստաբան Ն. Կարաբչևսկին, որի փայլուն ճառի շնորհիվ «Վլադիմիրի» նավապետը դատապարտվեց ընդամենը 4-ամսյա բանտարկության ու եկեղեցական ապաշխարանքի:
…Կհարցնեք՝ այս պատմության մեջ ի՞նչն է միստիկական: Բանն այն է, որ երբ Սև ծովում խեղդվում էր Գրիգոր Թումայանը, ճիշտ այդ նույն ժամանակ Կասպից ծովում նրա նոփզնոր «Գրիգոր» շոգենավին հարվածեց մեկ այլ նավ: Բայց «Գրիգորը» չխորտակվեց:
Չմոռացվեց նաև ազգային բարերար Գրիգոր Թումայանը։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ