Ոստիկանության ցանկացած հավաստիացում, թե համակարգը դրականորեն փոխվել է, անարժեք է, քանի դեռ երկրում հանցագործությունների նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքն ընտրողական է: Հերթական վառ օրինակը Արաբկիրի քննչական բաժնի` անցյալ տարի դեկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցած միջադեպի առիթով ընթացող քննությունն է: Դեկտեմբերի 27-ին սիրիահայերին պատկանող ավտոտեխսպասարկման կետում ծեծի են ենթարկվել սեփականատերեր հայրը և երկու որդիները` իրենց ծառայության գինը չիջեցնելու համար: 30 հոգանոց տականքների խումբը եկել և հաշվեհարդար է տեսել «հանդուգն» սիրիահայերի հետ, նրանք երկաթյա ձողերով ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել Բրուտյաններին: Այդ 30-ից ոչ մեկը չի կալանավորվել, նրանց բոլորին ազատ են արձակել` իբր քաղաքից չհեռանալու ստորագրությամբ: Բրուտյանները դատաբժշկական փորձաքննության են ուղարկվել միայն հունվարի 10-ին, երբ արդեն վերքերը թարմությունը կորցրել են ու հետքերի մի մասը վերացել է: Բրուտյանները Հայաստան են եկել 2005-ին ու սեփական գործը բացել հայրենիքում: Կայքերից մեկին նրանք ասել են, որ ուզում են հեռանալ Հայաստանից, քանի որ դժգոհ են իրավապահ մարմինների աշխատանքից:
Երկրում, փաստորեն, ամենաթողությունը հասել է այնտեղ, որ 30 հոգով 2 հազար դրամի սակարկությունը մերժելու համար կարող են մարդ ծեծել` առանց մտածելու հետևանքների մասին: Այսինքն` այդ խուժանը իրեն օրենքից դուրս է համարել, «հաբռգածների» այդ խումբը մտածել է, որ իրեն ներվելու է հանցագործությունը, սադիստների այդ ոհմակն իրեն արտոնյալ է համարել: Սա առաջին դեպքը չէ, ոչ էլ, համոզված եմ, վերջինը: Ու հարցը օրենքները չեն: Հայաստանում բավականին լավ օրենքներ կան: Հարցն այն է, թե դրանք ում համար են գրվել ընդհանրապես և որքանով են գործում: Հարցը մարդկային որակն է, որը չի փոխվում: Հասարակության մի որոշակի շերտ երկրում իրեն արտոնյալ է համարում` բավական չէ, դեռ ունակ է արյուն թափելու: Նկատենք, որ ցանկացած հասարակություն բարձրանում կամ իջնում է՝ ըստ քարոզվող արժեքների և օրենքների կիրառման աստիճանի: Ժողովրդավարական ոչ մի երկրում մարդը հենց այնպես օրինապահ չի դարձել: Մարդուն օրինապահ է դարձնում օրենքների գերակայությունը: Մի բան, որից մղոններով հեռու է Հայաստանը:
Դառնալով սիրիահայ Բրուտյանններին՝ հավելենք, որ կախված նրանից, թե ինչ ընթացք կստանա այս գործը, սփյուռքահայերի շրջանում կխորանա Հայաստան պետության նկատմամբ անվստահությունը: Իսկ մեզանում պետություն ասվածը ասոցացվում է իշխանության հետ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ