Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները ծաղր են մեր հասարակության համար: «Մի կողմից ցավ եմ զգում, մյուս կողմից այս ամենը ծաղր է հիշեցնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Գ. Սահակյանի համոզմամբ, քաղաքական դաշտի կայացման միակ գործիքը երկխոսությունն է: «Եթե երկխոսությամբ արդյունքներ չլինեն, ապա արտահերթ նիստը ոչինչ չի տա»,-նշեց նա, հավելելով, որ ներքաղաքական իրավիճակի շուրջ քննարկումները չեն ստացվում, քանի որ առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, և բոլոր քաղաքական ուժերը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը:
«Ժառանգությունը», ըստ բանախոսի, ռեսուրսներ և կադրային բազա չունի, և եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չընդունի երկխոսության առաջարկը, ապա հոգ չէ, ՀՀԿ-ն առանց նրա կշարունակի իր ծրագրերը: «Մենք արդեն սկսել ենք աշխատել և տեսնում ենք առկա խնդիրների լուծման ուղիները: Գնալով երկխոսության՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամրապնդիր իր դիրքերը ընդդիմադիր քաղաքական դաշտում»,-ասաց նա:
Գ.Սահակյանի խոսքով` մեր իրականության մեջ թշնամիներ, հակառակորդներ չպետք է ունենանք, քանզի «բոլորս պայքարում ենք հզոր Հայաստանի համար»:
«Հենց գնացին պաշտոններ տրամադրելուն, ընդդիմադիր դաշտը չի ձևավորվի, որովհետև կդառնան իշխանություն, իսկ եթե ուզում են դա, թող հայտարարեն ժողովրդին՝ ուզում ենք մարզպետ դառնալ, գյուղապետ դառնալ»:
Գալուստ Սահակյանը խնդրեց չմոռանալ, որ հայ հասարակությունն արդեն իսկ ընտրված նախագահ ունի, և Սերժ Սարգսյանի վաստակած 860 հազար ձայնն իր սեփական ձայներն են, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում` Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ-ի ձայներն են:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ