38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Գնում են խոպան, շատ դեպքերում չեն վերադառնում, ընտանիքներ են քանդվում»

«Գնում են խոպան, շատ դեպքերում չեն վերադառնում, ընտանիքներ են քանդվում»
14.03.2013 | 17:34

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթողների թիվն աճել է շուրջ 2,5 անգամ: Գյուղական բնակավայրերում աշխատանքային միգրացիան առավել բարձր ցուցանիշ է կազմում: 2010-ին Հայաստանից արտագաղթել է 46.000 մարդ, 2011-ին` 43.000, 2012-ին՝ 42.000, արդյունքում՝ 3 տարվա կտրվածքով Հայաստանից արտագաղթել է 130.000 մարդ: Այս և առհասարակ արտագաղթի, դրա սոցիալ-հոգեբանական պատճառների ու սոցիալ-մշակութային հետևանքների մասին այսօր «Հենարան» ակումբում խոսեցին Էթնոսոցիոլոգ Միհրան ԳԱԼՍՏՅԱՆՆ ու հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԸ:
Միհրան Գալստյանը նշեց, որ արտագաղթը Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից է, ու պատահական չէ, որ նախընտրական ծրագրերում նախագահի բոլոր թեկնածուները թեժ էին պահում այն:
Արտագաղթի խնդիրը, ըստ Էթնոսոցիոլոգի, նոր չէ հայ հասարակության համար: Այն եղել է դարերի ընթացքում, խորհրդային շրջանում ևս. «Միշտ էլ հայերը գնացել են արտերկիր, հատկապես խոշոր արդյունաբերական կենտրոններ` աշխատանք գտելու, աղքատությունը թոթափելու համար»:
Հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով արտագաղթի սոցիալ-հոգեբանական կողմին, նշեց, որ այսօր շատերը, որոնք գնում են արտագնա աշխատանքի, կամ նրանք, ովքեր խրախուսում են արտագաղթողներին, համարվում են ազգի դավաճաններ: «Բայց արտագաղթի դիմում են իրենց օջախը պահելու համար: Ճիշտ է, շատ դեպքերում չեն վերադառնում, ընտանիքներ են քանդվում, կամ ամբողջ ընտանիքով են մեկնում, շատերն էլ վերադառնում են իրենց քաղաքը շենացնելու, ինչպես, օրինակ Մարտունիում: Բոլորը գնում են խոպան, բայց ձմռանը պարտադիր վերադառնում են ու լիքը գրպաններով... Ինչ է, այդ մարդիկ պետք է համարվեն ազգի դավաճաննե՞ր»,-տարակուսեց հոգեբանը, նշելով, որ արտագաղթի հիմնական պատճառը երկրում տիրող անօրինականության, անարդարության և կեղծիքի մթնոլորտն է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ