38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընտրական զավեշտներ

Ընտրական զավեշտներ
19.02.2013 | 00:03

Աբովյան քաղաքի թիվ 28/19, թիվ 28/20, թիվ 28/18, թիվ 28/15 ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրությունների օրը նույն պատկերն էր: Ամենուր վստահված անձինք ուներ միայն Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ նախագահի մյուս թեկնածուները` ոչ: Միայն թիվ 28/20-ում վստահված անձինք ունեին նաև Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք, սակայն, առավոտյան ընտրատեղամաս ժամանելուց կարճ ժամանակ անց լքել էին այն: Ավելի ուշ Հրանտ Բագրատյանն իր շտաբում մեզ հետ ունեցած զրույցում պարզաբանեց, որ այն տեղամասերում, որտեղ ինքը չի առաջադրել վստահված անձինք, իր համախոհներն հանձնաժողովի անդամներ են:

«Հույս» համատիրության նախագահ Մարիետա Նազարեթյանն ընտրություն կատարելուց հետո բողոքում էր, որ բավականին փնթի են կազմված ցուցակները. շատ բնակիչներ չգիտեին, թե որ ընտրատեղամասում են քվեարկելու, ցուցակներում եղել են նաև արտերկիր մեկնած մարդկանց անուններ: Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, նախորդ ընտրությունների ժամանակ նման դեպքեր չեն եղել, մարդիկ նախապես տեղեկացված են եղել, թե որ ընտրատեղամասում են քվեարկելու:
Թիվ 28/20 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների հետ վեճի բռնվեց Մայրանուշ Մեսրոպյանը: Ընտրատեղամաս այցելելով` նա ցուցակում հայտնաբերել էր 2001թ. մահացած ամուսնու անուն-ազգանունը և 1995-ից Հայաստանը լքած երկու դուստրերի տվյալները: Հանձնաժողովի նախագահին նա վստահեցնում էր, որ շուրջ տասնութ տարի է, ինչ իր դուստրերից մեկն ապրում է Հունաստանում, մյուսը` Կանադայում, իսկ նախորդ ընտրությունների ժամանակ ամուսնու անունը չի եղել ցուցակներում: Նրան հանձնաժողովի անդամներն ուղարկեցին ոստիկանության Կոտայքի բաժանմունք:
Ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն էին իրականացնում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները: Թիվ 28/15 ընտրատեղամասում էլ հանդիպեցինք մի երիտասարդ աղջկա, որը հեգելով հազիվ կարդաց իր ներկայացրած կազմակերպության անվանումը` «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպություն:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի հասարակության հետ կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը նշեց, թե առավոտվանից ահազանգեր են ստացել, որ որոշ ընտրատեղամասերում քաղաքացիները կասկածելի ակտիվություն են ցուցաբերում: Օրինակ` 04/02-ում, ժամը 10-ի դրությամբ, եղել է 185 ընտրող, իսկ 04/01-ում` 9.50-ի դրությամբ եղել է 150 ընտրող: Նա կասկածելի է համարում, որ առավոտյան ժամերին այդքան ընտրողներ են այցելել ընտրատեղամաս:
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 84 դպրոցում, որտեղ տեղակայված է թիվ 03/03 տեղամասը, դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը, որն ունի դիտորդի վկայական, սակայն լիազորված չէ որևէ հասարակական կազմակերպության կողմից, իր աշխատասենյակում ընդունել է ԱՊՀ դիտորդներին` Կոնստանտին Բաննիկովին և Վիկտոր Կրիվոպուսկովին, կազմակերպել հյուրասիրություն, որից հետո վերջինս իր գիրքն է նվիրել տնօրենին: Հրանտ Բագրատյանի վստահված անձինք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ կնիքի թանաքը մաքրվում է խոնավ անձեռոցիկով:
15/08 ընտրատեղամասում էլ Հրանտ Բագրատյանի վստահված անձը հայտնաբերել է, թե ինչպես են քաղաքացիներին ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանց, ովքեր չգիտեն քվեարկելու ձևը, այդ տեղամասում ցույց են տալիս վեցերորդ համարը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ