ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ԻՐ ԱՐԺԵՔԸ ԿՈՐՑՐԵԼ Է»

«ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ԻՐ ԱՐԺԵՔԸ ԿՈՐՑՐԵԼ Է»
15.06.2010 | 00:00

Երեկ գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստերի մասնագիտական քննարկումը։ Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ մասնավորապես նշեց. «Թեստային համակարգով քննություններ կազմակերպելու ամենաշատ փորձն ունի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան։ Այս տարի արդեն բոլոր առարկաների գծով ունենք փորձ և կարող ենք մեզ թույլ տալ դատողություններ անելու, թե որքանով ենք յուրացրել թեստային համակարգով քննությունների մեթոդաբանությունը, նրբությունները, տեխնիկան։ Շատ պարզեցված պատկերացում կա մասնագետների, հանրության շրջանում, թե թեստ կազմելը սովորական տեխնիկայի հարց է։ Թեստեր կազմելը, թեստաբանական նրբությունները յուրացնելը շատ բարդ գործ է, հատուկ մասնագիտություն, և մենք աստիճանաբար սկսում ենք յուրացնել այն։ Մենք ունենք մասնագետներ, որոնք կարող են համարվել նաև Հայաստանի տվյալ առարկայի թեստաբաններ։ Այսօրվա վիճակով, կարելի է ասել, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ի վերջո կարողացանք որակյալ թեստեր կազմել, և ունենք շատ լավ մասնագետներ։ Այս առարկայից արդեն թեստաբանական նրբություններով քննություններ անցկացնելը մեզ համար յուրացված է։ Համեմատաբար հաջողված են բնագիտական առարկաների և մաթեմատիկայի թեստերը։ Մենք դեռ խնդիրներ ունենք հումանիտար առարկաների, օտար լեզուների, պատմության գծով։ Այսինքն՝ դեռ չենք գտել այդ առարկաների թեստերի այն մոդելները, որոնք կլինեն որակյալ, օգտակար և կգնահատվեն լավ կամ գերազանց։ Հատուկ ուզում եմ մատնանշել մի «հիվանդության» մասին, որը գալիս է հանրակրթության ոլորտից, տարածվել է նաև բուհերում և տարօրինակ ձևով մտել է մարդկանց հոգեբանության մեջ։ Չգիտես ինչու, մարդիկ կարծում են՝ քննություն հանձնելիս շատ բարձր գնահատականներ պետք է ստանան։ Գնահատականն իր արժեքը կորցրել է։ Ես կարող եմ համարձակորեն ասել՝ որոշ առարկաների գծով եթե որոշ դպրոցներում կամ դասարաններում արձանագրվում է 90 տոկոսանոց առաջադիմություն, խոսում է այն մասին, որ գնահատականները հավաստի չեն։ Այստեղ նույնիսկ ապացուցելու խնդիր չկա։ Երբ գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացրեց ընթացիկ գնահատում, պարզվեց, որ ընթացիկ գնահատման և մատյանում ամփոփված արդյունքները չեն համապատասխանում։ Ավելին, մատյանում գնահատականները կրկնակի բարձր են։ Անցած տարի հայոց լեզվի և գրականության թեստերը բավականին որակյալ էին, և գնահատականները շատ օբյեկտիվ արտացոլում էին իրավիճակը։ Բոլորս հիշում ենք անցած տարվա թոհուբոհը, բանավեճերը, բովանդակային քննարկումներն ու անձնական կոնֆլիկտները, բայց, ի վերջո, հասարակությունը համոզվեց, որ երեխայի ընդունվելու համար դա նշանակություն չունի։ Եթե թեստը բարդ է, բարդ է բոլորի համար։ Եվ ընդունելության շեմի հարցն ավելի օբյեկտիվ է ու ճշմարտանման։ Այս տարի նույնպես «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ունենք համանման դեպք։ Քննությունների արդյունքները վերլուծելով՝ ստացել ենք սիմետրիկ գրաֆիկ։ Եվ այդ պատկերը տվել է մաթեմատիկական տեսությունը։ Մինչդեռ օտար լեզուների արդյունքներից ստացված պատկերը հուշում է, որ այնտեղ դեռ կատարելագործելու կարիք կա։ Հաստատ հասարակությունը շատ գոհ է օտար լեզուների քննություններից, որովհետև շատ բարձր գնահատականներ ստացողներ կան»։
Կրթության և գիտության փոխնախարարը դրական գնահատեց մասնագետների ակտիվությունը։ Նա նաև նշեց, որ այս տարի որոշակի փոփոխություններ են եղել թեստերը կազմելու գործընթացում։ Այս տարի ընտրվել են թեստեր կազմող մասնագետների երկու տարբեր զույգեր, որոնք աշխատել են իրարից անկախ։ Երկու խմբերն էլ պայմանագիր են ստորագրել ազգային անվտանգության ծառայության աշխատակցի ներկայությամբ, որտեղ կան հատուկ կետեր գաղտնապահության վերաբերյալ։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ վիճակահանությամբ ընտրվել են զույգերից մեկի թեստերը։ Արդյունքում Անգլիայում հայտնվել են Փառանձեմ Մեյթիխանյանի և Աշխեն Ջրբաշյանի հեղինակած թեստերը։ Մյուս խումբը ղեկավարել է Դավիթ Գյուրջինյանը։
Մանուկ Մկրտչյանը, անդրադառնալով թեստերի շուրջ բարձրացված աղմուկին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն մասնագետներին, ովքեր առաջնություն էին տվել հիմնավորված բովանդակային քննադատություններին և ոչ թե զգացմունքներին։ «ՈՒզում եմ՝ անպայման բոլորն իմանան, հատկապես նրանք, ովքեր թեստեր գրողներին համարում են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիներ. թեստեր գրողներն ունեն իրենց պատասխանատվությունը, գնահատման և թեստավորման կենտրոնը՝ իր պատասխանատվությունը։ ԳԹԿ-ի պատասխանատվությունն է հեղինակներին ընտրելը, ամբողջ աշխատանքը որակյալ կազմակերպելն ու գաղտնապահությունն ապահովելը։ ԳԹԿ-ի խնդիրն է նաև քաղաքականության սկզբունքները հանձնարարել ներկայացնել թեստեր կազմողներին։ Թեստերը դժվար չեն, թեստերը նաև հեշտ չեն. այն, որ թեստերն այս որակի, այս մակարդակի են, և միջին գնահատականներն այս սահմաններում են, հանձնարարություն է։ Դա պետական քաղաքականություն է։ Թեստ գրողը պարտավոր է այդ հանձնարարությունը կատարել։ Թեստ կազմողները պարտավոր են բացահայտել միջին և բարձր մակարդակի գիտելիքներ ունեցող դիմորդներին։ Որպես կանոն, թեստ կազմողներին տրվում է նաև միջին գնահատականի շրջանակը։ Եվ այսօր առկա թեստերը, կազմող մասնագետների ընկալմամբ, իրենց տրված հանձնարարության կատարումն է»,- նշեց ԿԳ փոխնախարարը։
Թերևս քննարկման ամենախաղաղ պահը պարոն Մկրտչյանի ներածական խոսքն էր։ Մասնագիտական քննարկումը շատ բուռն էր, հաճախ՝ անձնական վիրավորանքներով։ Ընդ որում, հրավիրված էին բավականին հեղինակավոր մասնագետներ, դասագրքերի հեղինակներ, վաստակաշատ մանկավարժներ։ Թեստերի ընդդիմախոսներն իրենց տեսակետները հայտնել էին մամուլում, և վիճելի հարցերի շրջանակն արդեն իսկ պարզ էր։ Որոշ վիճելի հարցեր ընդունեցին թեստերի հեղինակները, սակայն պնդումների մեծ մասի հետ նրանք համաձայն չէին։
Դավիթ Գյուրջինյանը, անդրադառնալով թեստերի մասնագիտական որակին, նշեց. «Ես համարում եմ սա տապալում, ձախողում և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ այս թեստի միջոցով վարկաբեկվեցին հայ դպրոցը, ուսուցիչները, թեստային համակարգը, հայոց լեզուն։ Գործը հասել է նրան, որ հայոց լեզուն դարձել է ծաղրի առարկա։ Թեստերը բարդ չեն, դրանք խրթին են, անորակ, առաջադրանքները սխալ ձևակերպումներով են, շատ հաճախ պատասխանները միակը չեն։ Այս թեստում երեք տասնյակից ավելի առաջադրանքներ չեն համապատասխանում դասագրքին, ուղեցույցի պահանջներին, դուրս են ծրագրից և ուղղակի սխալ են։ Մեթոդական, մանկավարժական ճիշտ, առողջ մոտեցում ցուցաբերված չէ... Եկեք մենք համարձակ լինենք, և եթե պետք է, եթե ճիշտ է, տանք երեխային այն միավորները, որոնք պիտի ինքը ստանար ու չի ստացել։ Խնդրում եմ՝ համարձակ լինենք և չանենք այնպես, որ վարկաբեկվի մեր մասնագիտությունը»։
Վիճելի բոլոր կետերը չենք ուզում մեկ առ մեկ մեջբերել այս հոդվածում՝ կրքերը ևս մեկ անգամ չբորբոքելու համար։ Դրանք քննարկվեցին, և տեսակետներն ընդունվեցին ի գիտություն։ Նշված վիճահարույց հարցերը դպրոցական ծրագրից դուրս լինելու հարցը կպարզի կրթության ազգային ինստիտուտը։ Ըստ պետական բուհերի ընդունելության կարգի՝ «...բողոքարկման հանձնաժողովի ընդունված որոշման հիման վրա հիմնական փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության (այս դեպքում՝ հունիսի 23-ին- խմբ.) ավարտից հետո եռօրյա ժամկետում»։
Քննարկման ավարտին մենք զրուցեցինք թեստերի հեղինակ ՓԱՌԱՆՁԵՄ ՄԵՅԹԻԽԱՆՅԱՆԻ հետ։ Նա այս քննարկումը մեկնաբանեց որպես անձնական նկրտումների դրսևորում. «Իմ դեմ այսօր հիմնականում արտահայտվում ու կարծիք էին հայտնում մարդիկ, ովքեր նախորդ տարիների թեստերի հեղինակներն էին։ Նախորդները հիվանդագին են ընդունում հաջորդների կատարած աշխատանքը։ Դուք նկատեցիք, որ քննարկվող յուրաքանչյուր հարցի դեպքում ես բերում էի դասագրքի, ծրագրային հղումներ։ Եթե մարդը ցանկանում է որևէ հարց չընդունել, ապա հնարավոր ու անհնարին ամեն քայլ կգտնի այդ հարցերին պատասխանելու և դրանք մերժելու համար։ Ես կարծում եմ, որ իմ կազմած թեստերը համապատասխանում են դպրոցական ծրագրերին, դասագրքերին, և յուրաքանչյուր հարց մտածված է, շարժում է երեխայի վերլուծական մտածողությունը, տրամաբանությունը, թարմություն է բերում։ Իսկ դուք չեզոք կարդացեք այդ թեստերը։ Ինձ տասնյակ ուսուցիչներ, մասնագետներ են զանգահարել, ովքեր նշում էին, որ իմ կազմած թեստերն անթերի են։ Պարզապես տարիների փորձը ցույց է տվել, որ եթե դու առաջին պլանում ես, այնքան թշնամիներ ունես, որոնք չեն մարսում դա։ Ես խնդրել էի, որ այս քննարկմանը ներկա լիներ նաև հոգեբան Կարինե Նալչաջյանը, որը հեռուստաեթերում եզրահանգել էր, թե մենք թեստեր գրելով՝ ինքնահաստատման նպատակ ենք ունեցել։ Ինձ հետ հեռախոսազրույցում նա խոստացավ գալ։ Եվ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր հեռախոսազրույցի ընթացքում նա ինձնից ներողություն խնդրեց։ Մենք ինքնահաստատման նպատակ չունենք։ Տիկին Մեյթիխանյանն իր գրքերով, իր մանկավարժական փորձով ուսանողների մեջ վայելում է ամենաբարձր գնահատականը։ Մեյթիխանյանի գիտական աշխատությունները նախագահի մրցանակի են արժանացել, վարչապետի շնորհակալագրի։ Թեստերով չէր, որ ես պետք է ինքնահաստատվեի։ ՈՒղղակի ամեն մի նոր բան սվիններով է ընդունվում։ Ինչքան էլ ինձ քննադատեցին, ես համոզված եմ, որ մեր հարգարժան ուսուցիչներն այս թեստերով ուղղորդվելու են։ Ես վերլուծել եմ վերջին տարիների հայոց լեզվի և գրականության քննության վիճակագրությունը. 2008-ին դիմորդները 19 հարցի դեպքում 50 տոկոսի շեմը չեն հաղթահարել, 2009-ին՝ 32 հարցի դեպքում 50 տոկոսը չեն հաղթահարել, այս տարի՝ ընդամենը 20 հարցի։ Ես հիվանդագին չեմ նայում այս ամենին։ Համաձայն եմ՝ եթե մասնագիտական խորհրդում կա վեճ, և ես տեսնում եմ՝ իսկապես այդ վեճի մեջ նյութ կա, երկու ձեռքով համաձայն եմ վերանայել, քանի որ չեմ կարծում, թե իմ կազմած թեստերն անխոցելի են։ Անպայմանորեն դրանք ունեն թերություններ, բայց այդ թերություններն այն աստիճան չեն, որ թերթում այլ ստորագրությամբ հոդված հրապարակվի և ակնարկ արվի՝ չեղյալ հայտարարել այս տարվա քննությունները և անցյալ տարվա թեստերով նորից քննություն կազմակերպել»։
Թեստերի որոշ կետեր վերանայվելու են, իսկ արդյունքները պարզ կդառնան առաջիկայում։
Ի դեպ, նշենք, որ «Ֆիզիկա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել շրջանավարտ-դիմորդների մոտ 27,49 տոկոսը («Հայոց լեզու, հայ գրականությունից»՝ 10,98 տոկոսը), սակայն այդ արդյունքները հանրության շրջանում չեն վիճարկվում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ